Երևանի սրտում ավարտվել և հանրությանն է ներկայացվել «Կարմիր կամուրջ» պատմամշակութային հուշարձանի ամրակայման ու վերականգնման ծրագիրը։
Կամուրջը թվագրվում է 10–13-րդ դարերի։ Կարմիր կամուրջը համարվում է քաղաքի ամենահին պահպանված կամուրջը և գտնվում է Հրազդան գետի կիրճում։ Այն դասվում է հանրապետական նշանակության հուշարձանների շարքին։
Վերականգնման աշխատանքների շրջանակում իրականացվել են կառուցվածքային ամրացումներ, քարային հատվածների վերականգնում, փլուզված ու վնասված շերտերի վերականգնում՝ պահպանողական մոտեցմամբ։
Ծրագիրը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և բարերար Յուրի Աֆրիկյանի համագործակցությամբ։ Կամուրջը, որը միջնադարյան Հայաստանի խոշորագույն ինժեներական կառույցներից մ է, ունի շուրջ 80 մետր երկարություն, 11 մետր բարձրություն և 6,5 մետր լայնություն։ Վերականգնումից հետո այն նախատեսված է ծառայել որպես պատմամշակութային և զբոսաշրջային կառույց։ Հատկանշական է, որ այն նախատեսված միայն հետիոտնների այցելությունների համար։
«Սա կարող է դառնալ շատ լավ ժամանցի և հանգստի վայր մեր բազմաթիվ քաղաքացիների համար։ Մյուս կողմից էլ մեզ հասանելի է դարձնում և ընդգծում է Երևանի պատմամշակութային ժառանգությունը»- իր հարցազրույցում նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա հավելել է նաև, որ այս տարի հայտ է ներկայացվել Երևանի Ուրարտական ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-յի ժառանգության կազմում ներառելու համար։ Արդեն իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի որոշում այն նախնական ցանկում ներառելու համար։
Այն կառուցվել է երկրաշարժից ավերված կամրջի տեղում՝ քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի հովանավորությամբ: Այդ իսկ պատճառով կամուրջը երբեմն անվանում են Խոջա Փիլավի կամուրջ: Իսկ «Կարմիր կամուրջ» կոչվել է կարմիր տուֆից պարաստված լինելու և այդպիսի երանգավորում ունենալու պատճառով:
Երևանցիների շրջանում կա մի տարածված բանահյուսական խոսույթ: Ասում են, թե Կարմիր կամուրջը չի փլվի, քանի դեռ Երևանը կանգուն է։ Այս կերպ ընդգծվում է կամրջի ամրությունն ու պատմականությունը: