Ներառական կրթության արդյունքում ուսումը հասանելի է նաև մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող սովորողներին, որոնց համար ընտրվում և կիրառվում են նրանց կարողություններին մատչելի մեթոդներ։ Մինչև երեխային հանրակրթական դպրոցում ներառական խմբի մեջ ներգրավելը, հատուկ մանկավարժները, սոցիալական աշխատողն ու հոգեբանը գնահատում են երեխայի կարողությունները։
Սակայն լինում են դեպքեր, երբ երեխայի ծնողը չի ցանկանում, որ իր երեխան ընդգրկվի ներառական խմբի մեջ և համաձայն չի լինում հանձնաժողովի գնահատականի հետ:
Թեմայի պարզաբանման նպատակով խոսեցինք Երևանի N1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) տնօրեն Քրիստինա Գևորգյանի հետ՝ պարզելու համար, թե նման դեպքերում ինչպես է կարգավորվում խնդիրը։
«Օրենքով, ծնողը թույլ է տալիս գնահատել երեխային՝ ստորագրելով համաձայնագիր։ Երբ ծնողը համաձայն է, ապա գնահատումն իրականացվում է, որից հետո երեխային տրվում են խելամիտ հարմարեցումներ՝ միջավայրային, առարկայական։ Գնահատման արդյունքում ինչ մասնագետի աջակցության կարիք կունենա երեխան, այդ մասնագիտական աջակցությունն էլ կստանա։ Իսկ եթե ծնողը համաձայն չէ, ապա որևէ գործընթաց չի իրականացվում։ Ծնողը կարող է որոշել, թե որ հարմարեցումներից է ուզում օգտվել»։
Նկատենք, որ ՀՀ-ում կարծրատիպային անվստահություն կա երեխաների հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրման, գնահատման և ուսուցման հատուկ մեթոդների կիրառման նկատմամբ, և սովորելու դժվարություն ունեցող երեխաների քիչ մասն է օգտվում ներառական կրթության առավելություններից։
Ամենից զատ, Երևանում կան աուտիզմ ունեցող մարդկանց խնամքի կենտրոններ, որտեղ իրականացվում են ծառայություններ, նպաստում աուտիզմի խնդիր ունեցող մարդկանց զարգացմանը, ստեղծում հասանելի ժամանցային հնարավորություններ և ներգրավում նրանց իմաստավորված գործունեության մեջ։
Դրանցից մեկը Աուտիզմի ազգային հիմնադրամի կողմից ստեղծված «Իմ ուղին» կենտրոնն է, որի գործունեությունը ապահովվում է բարերարների և դրամաշնորհների շնորհիվ։
Խոսեցինք նաև «Իմ ուղին» կենտրոնի փոխտնօրեն Կարինե Հարությունյանի հետ, ով պատմեց կենտրոնի աշխատանքի մասին․ «Մեր մասնագետները տիրապետում են աուտիկ և այլ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու բոլոր ժամանակակից մեթոդներին։ Իրականացնում ենք տարբեր թերապիաներ՝ վարքային, կավագործություն, նկարչություն, երաժշտաթերապիա, սպորտ-թերապիա, մերսումներ։ Բոլոր թերապիաները, որոնք աշխարհում ընդունված են, ունենք։ Մենք անում ենք սոցիալացում։ Դա նշանակում է, որ երեխաներն իրենց մասնագետների հետ դուրս են գալիս և գնում տարբեր միջոցառումների՝ թատրոն, կինո, զվարճանքի կենտրոններ, գազանանոց։ Գնում են խանութ և սովորում են առևտուր անել։ Այդպիսով՝ իրենք լինում են հասարակության մեջ։ Իրենք ապրում են իրենց ընտանիքներում, ընտանիքից կտրված չեն, և իրենց ծնողներն էլ այդպիսով կարող են աշխատել»։
Կենտրոնում աուտիկ երեխաների հետ աշխատում են համապատասխան կրթություն ունեցող հատուկ մանկավարժներ, հոգեբաններ և լոգոպեդներ: Ինչ վերաբերում է մարզերում բնակվող աուտիկ երեխաներին, նրանք ևս, ըստ Կ․Հարությունյանի, դուրս չեն մնում դասապրոցեսից․ «Այս երեխաների համար դժվար է տրանսպորտ նստելը, իրենք չեն սիրում աղմուկ և շատ մարդ։ Շատ հեռու մարզերից չեն կարող գալ այստեղ, բայց որոշ մարզերում կան այսպիսի ցերեկային կենտրոններ։ Մենք ունենք մի քանի մոտակա շրջաններից եկող երեխաներ, ամենահեռուն Էջմիածնից են»:
Առավել արդյունավետ է, երբ ներառական կրթությունն ու համայնքային աջակցության ծառայությունները միասին են ապահովում այն հնարավորությունները, որոնք թույլ են տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին առավել լիարժեք արժանապատիվ ապրել և զարգանալ: Դա պահանջում է ոչ միայն օրենքների և մասնագիտական ռեսուրսների առկայություն, այլև հասարակական վստահության աճ, ծնողական հետամտություն և դրամաշնորհային ու պետական աջակցության համատեղ ջանքեր, որպեսզի յուրաքանչյուրը ստանա իր կարողություններին համապատասխան առաջխաղացման հնարավորություն։