03.12.2026
Կատեգորիա
Առողջապահություն
ՏՏ
կախվածություն

Վերջին տարիներին Հայաստանում շատ մեծ տարածում է գտել «ՏիկՏոկ» հավելվածը։ Մանկահասակ և դպրոցական երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են այս հավելվածում՝ մոռանալով թե՛ բակային խաղերի, թե՛ իրենց դասերի մասին։ 

Ի՞նչ ազդեցություն է թողնում հավելվածը երեխաների վրա, ի՞նչ վտանգներ կան այդ հավելվածի երկարաժամ դիտումներից։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք հոգեբան, հոգեթերապևտ Միքայել Մինասյանի հետ։

-Պարոն Միքայելյան, եթե երեխան շփման փոխարեն տարված է այդ հարթակով և չունի այլ հետաքրքրություններ, դա վա՞տ է։

-Կարևոր է երեխայի ընկալումն ու օգտագործման ձևը։ Հավ մորթելու հոլովակ տեսնելիս մի երեխան զզվում է և չի ունենում սադիստական հակումներ, մյուսը ցանկանում է ինքը կտրել և ձեռք է բերում այդ հակումները։ Ամեն բան անհատական է։ Եթե «ՏիկՏոկ» նայելը պայմանավորում է երեխայի վարքը, և նա չի սովորում, ձգտումներ չունի, ապա դա պաթոլոգիա է։

-Արդյոք անհրաժշտ է արգելափակումներ կիրառել, որպեսզի որոշակի կոնտենտ երեխաներին հասանելի չլինի։

-Բնականաբար։ Եթե որպես մարդ ասեմ, ապա շատ նեգատիվ կարծիք կհայտնեմ այդ հարթակի մասին։ Հարթակում հանդես են գալիս տարօրինակ վարքով մարդիկ։ Եթե ինձնով լիներ, կփակեի։

-Հնարավո՞ր է՝ երեխաները, տեսնելով բլոգերներին և նրանց աշխատանքը, ցանկանան այդ մասնագիտությունն ընտրել։

-Երեխա կա, որ, տեսնելով ինչ-որ պարող պապիկի, կարող է մտածել՝ ինչի՞ս է պետք սովորելը․ կմեծանամ, իր պես կպարեմ ու կտեղադրեմ։ Երեխա էլ կա, որ չի ուզենա այդպիսի մարդու նմանվել։ Դեգրադացիա, միանշանակ, տեղի է ունենում։ Որպես մարդ՝ ես դա տեսնում եմ։ 

լոգոպեդ

Երեխաների մոտ սոցցանցերից կախվածությունից առաջացած խոսքի հապաղման խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաև ԱՅԳ հոգեբանական ծառայությունների կենտրոնի լոգոպեդ Լիաննա Ղազարյանի հետ:

-Ի՞նչ ազդեցություն ունեն սոցիալական հարթակների հոլովակները երեխաների խոսքի զարգացման վրա։

-Ամերիկյան հետազոտողներն ասում են, որ երեխան պետք է հնարավորինս քիչ հեռախոս տեսնի ու օգտագործի։ Իսկ Հայաստանում դրա հակառակ պատկերն է։ Ծնողները չեն ֆիքսում, թե քանի ժամ տևեց երեխայի հեռախոսով կամ պլանշետով զբաղվելը։ Այս դեպքում երեխան անվերջ կարող է ոչ հայերեն հոլովակներ դիտել։ Դրանք բոլորն ազդում են խոսքի զարգացման վրա։

-Հնարավո՞ր է, որ խոսքի խնդիր չունեցող երեխան հոլովակներ դիտելուց ունենա խոսքի զարգացման հապաղում։

-Հնարավոր է։ Մենք ունենք երեխաներ, որոնց խոսքն ուշացել է՝ ծնողի կողմից հեռախոս տրամադրելու պատճառով։ Երեխան ցանկանում է զբաղվել հեռախոսով և շփման ցանկություն չի ունենում։ Գենետիկ նախատրամադրվածությամբ 100% խոսող երեխան հեռախոսով շատ զբաղվելուց հետո կարող է վերածվել 60% խոսող երեխայի։ Երեխաներին սթրես չպատճառելու համար պետք է աստիճանաբար նվազեցնել հեռախոսի օգտագործման ժամանակը։ Այս դեպքում խոսքի զարգացման խնդիր չի առաջանա:

Տեխնոլոգիաներն ու հավելվածները ոչ ինքնին վնաս են, ոչ էլ ամբողջությամբ անվտանգ: Ամենակարևորը ծնողների ու մասնագետների գիտակից հսկողությունն է և չափավորությունը։ TikTok-ի և նման հարթակների երկարատև և անսկզբունք օգտագործումը կարող է նվազեցնել երեխաների ակտիվությունը, ուսումնատենչությունը, ազդել խոսքի զարգացման վրա և ձևավորել հուզական-վարքային խնդիրներ։

Իռեն Գեդեոնյան