Երևանյան դեղատներից մեկի դեղագործը հերթական անգամ հայացքը հառել է համակարգչի էկրանին՝ հակաբիոտիկ պահանջող հաճախորդին բացատրելով նոր կարգը։ Մարտի 1-ից սա դարձել է նրա աշխատանքային օրվա անբաժանելի մասը։ Գնորդները, ովքեր սովոր են եղել առանց բժշկի միջամտության դեղ գնել, դժվարությամբ են հարմարվում էլեկտրոնային դեղատոմսի պահանջին։ Դեղատան ցուցափեղկին փակցված թղթե հայտարարությունը՝ «ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ԴԵՂԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԹՈՂՆՎՈՒՄ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՄՍՈՎ» վկայում է, որ գործընթացը վերահսկվում է Armed համակարգի թվային եղանակով, որը չի թույլատրում դեղը բաց թողնել առանց թվային նշանակման։
Փետրվարի վերջին շաբաթը դեղատների համար վերածվել էր հաճախորդներին նոր կարգը բացատրելու գործընթացի։ Մարտի 1-ից ուժի մեջ մտած պահանջը ենթադրում է, որ հակաբակտերիալ, հակասնկային և մի շարք այլ դեղամիջոցներ բաց են թողնվելու միայն էլեկտրոնային համակարգով: Ըստ ՀՀ Կառավարության որոշման՝ «Հակաբիոտիկները, հորմոնալ դեղերը և հոգեմետ դեղերը ենթակա են բացթողման բացառապես դեղատոմսով՝ էլեկտրոնային համակարգի միջոցով (շուրջ 55 անուն դեղանյութ)»:
Թվային համակարգի գործելակերպը
Համակարգն աշխատում է պարզ սկզբունքով. բժիշկը հիվանդին զննելուց հետո դեղը նշանակում է Armed համակարգում, ոչ թե թղթի վրա։ Դեղատանը հաճախորդի անձնագիրը կամ սոցքարտի համարը դեղագործը մուտքագրելով համակարգ՝ տեսնում է բժշկի նշանակումը։ Եթե գրառումը առկա չէ, դեղագործը իրավունք չունի դեղը բաց թողնել։ Դեղատան աշխատակից Լիլիթը նշում է, որ հաճախորդները դժվարությամբ են ընդունում փոփոխությունը. «Մարդիկ բողոքում են հերթերից. ասում են՝ մի հատ դեղի համար պետք է գնամ պոլիկլինիկայում ժամերով սպասե՞մ: Բայց մենք էլ տուգանվելու իրավունք չունենք: Հիմա էկրանին միանգամից երևում է՝ հիվանդն ունի՞ նշանակում, թե՞ ոչ»:
Մյուս կողմից, դեղատան մեկ այլ աշխատակից Արմինեն ընդգծեց, որ թեև համակարգը երկարաժամկետում դրական է, այսօր դեղագործները ստիպված են ստանձնել լրացուցիչ բեռ. «Հաճախակի են դեպքերը, երբ համակարգը դանդաղ է աշխատում, ինչը բարկացնում է հաճախորդներին, իսկ դեղագործները ստիպված են լինում պատասխանատվություն կրել տեխնիկական խնդիրների համար»: Հակադրությունը ակնհայտ է. եթե նախկինում դեղագործը ընդամենը հարցնում էր դեղի անունը, ապա հիմա նա դառնում է այս համակարգի մի մասը՝ պարտադրված ստուգելու անձնագրային տվյալներ և սպասելու համակարգի «արձագանքին»:
Խնդրի լրջությունը փաստում են նաև տվյալները. Հայաստանում դեղերի շրջանառության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախկինում դեղատոմսով վաճառվող դեղերի ավելի քան 40-50%-ը բաց է թողնվել առանց համապատասխան փաստաթղթի՝ հիմնվելով միայն հաճախորդի բանավոր խնդրանքի վրա։
Առողջապահության նախարարը ևս ընդգծել է համակարգի կարևորությունը՝ նշելով. «Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի լիարժեք ներդրումը թույլ կտա թափանցիկ դարձնել դեղերի շրջանառությունը և նվազեցնել ինքնաբուժության ռիսկերը»:
Էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկը.
Հակամանրէային դեղեր (Հակաբիոտիկներ).
• Բոլոր տեսակի հակաբակտերիալ դեղերը (օրինակ՝ Ամոքսիցիլին, Ազիթրոմիցին, Ցեֆտրիաքսոն և այլն)։
• Հակասնկային դեղեր
• Հակամիկոբակտերիային և հակավիրուսային դեղեր
Հոգեմետ (ֆսիխոտրոպ) նյութեր պարունակող դեղեր
Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող բոլոր դեղերը.
• Ցանկացած դեղ (նույնիսկ վիտամին կամ ցավազրկող), եթե այն հատկացվում է պետպատվերի շրջանակներում (սոցիալապես անապահով խմբերին, քրոնիկ հիվանդներին և այլն)։
Թմրամիջոցներ պարունակող դեղեր.
• Հատուկ հաշվառման ենթակա դեղամիջոցներ
Էլեկտրոնային դեղատոմսին անցումը Հայաստանի առողջապահական համակարգի կարևոր ռեֆորմներից է։ Այն կոչված է վերացնելու անընթեռնելի ձեռագրերով թղթերը և նվազեցնելու մարդկային գործոնը: Բայց որպեսզի համակարգը գործի, փոփոխությունը պետք է սկսվի ոչ միայն նախարարության սերվերներում, այլև քաղաքացիների գիտակցության մեջ. համակարգի արդյունավետությունը կախված է տեխնիկական կայունությունից և քաղաքացիների իրազեկվածությունից։