Մեր օրերում արագ արդյունք խոստացող դիետաներն ու դեղահաբերը հաճախ ներկայացվում են որպես հեշտ և արդյունավետ լուծում՝ առանց հնարավոր ռիսկերի մասին խոսելու։
Ս. Գ.- «Օգտվել եմ «Մերի դետոքսից», շատ գոհ եմ եղել արդյունքից, մեկ ամսում նիհարել եմ 10 կիլոգրամ»: Նա Մերի դետոքսի մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից և չի նկատել որևէ կողմնակի ազդեցություն: Այսպիսի պատմությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ հատկապես այն մարդկանց վրա, ովքեր երկար ժամանակ դժգոհում են իրենց քաշից և փնտրում են արագ լուծումներ։
Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Անուշ Միրզոյանը նշեց․ «Խնդիրը շատ ավելի տարածված է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Իմ պրակտիկայում պացիենտների մոտ 80 տոկոսը առնվազն մեկ անգամ օգտագործել է նիհարեցնող դեղահաբեր կամ հետևել է «արագ նիհարեցում» խոստացող դիետաների։ Նիհարեցնող դեղերը սովորաբար երկարատև ազդեցություն չեն ապահովում։ Դեղը դադարեցնելուց հետո կորցրած քաշը աստիճանաբար վերադառնում է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև 50–70% մարդկանց մոտ 1–2 տարվա ընթացքում տեղի է ունենում կորցրած քաշի վերականգնում, եթե դեղը դադարեցվում է»։
Լ. Վ.-ն պատմում է, որ այս պահին օգտագործում է լայն տարածում գտած A1 անվամբ բուսական ծագման նիհարեցնող դեղահաբը։ Նրա խոսքով՝ դեղահաբը օգնում է նվազեցնել ախորժակը, ինչի արդյունքում օրվա ընթացքում քիչ է սնվում։
«Օգտագործման առաջին օրը սրտխառնոց էի զգում, ընդհանրապես ախորժակ չունեի, ստիպված էի սնվում: Այժմ քաղցրի նկատմամբ ցանկությունս վերացել է, և 16 օրում նիհարել եմ 6 կիլոգրամ», — ասում է նա։ Լ. Վ.-ն դեղահաբի մասին տեղեկացել է ընկերներից և ծանոթներից, ովքեր նույնպես օգտագործում են այն և գոհ են արդյունքներից։ Անուշ Միրզոյանը նշեց․ «Օնլայն վաճառվող և հանրաճանաչ դեղերի բաղադրիչները հաճախ անհայտ են, և դրանք կարող են պարունակել առողջության համար ռիսկային տարրեր։ Նիհարեցնող դեղերը պետք է օգտագործվեն միայն բժշկի ցուցումով և վերահսկմամբ։ Այդ դեղահաբերի հիմնական ռիսկերը կապված են սիրտ-անոթային համակարգի խնդիրների հետ, ընդհուպ մինչև ինֆարկտ, ինչպես նաև անհանգստություն, տագնապ, անքնություն, սրտխառնոց, փսխում։
Հոգեբան Մարիամ Գրիգորյանի խոսքով՝ նիհարեցնող դեղահաբերի և անառողջ դիետաների կիրառման հետևում հաճախ կան շատ հոգեբանական գործոններ։ «Մարդիկ հաճախ դիմում են արագ նիհարել խոստացող միջոցների ինքնագնահատականի նվազման, սեփական մարմնից դժգոհության, սոցիալական ճնշման կամ շրջապատի սպասելիքներին համապատասխանելու ցանկության համար։ Սոցիալական ցանցերում տարածվող իդեալականացված մարմինների պատկերները և արագ արդյունք խոստացող գովազդը կարող են խորացնել անհանգստությունը և ստեղծել սխալ պատկերացում, թե քաշի նվազեցումը պետք է լինի արագ և առանց ջանքի», - նշում է հոգեբանը։
Կ. Մ.-ն էլ դիետաներից կիրառել է ինտերվալային սովապահությունը, ըստ որի՝ օրվա ընթացքում 8 ժամ կարելի է սնվել, իսկ մնացած 16 ժամվա ընթացքում ոչինչ չպետք է ուտես: Նա էլ է գոհ արդյունքից և շարունակում է կիրառել այս դիետան, քանի որ ունեցել է քաշի նվազեցում՝ մոտ 5կգ:
Բժիշկ Միրզոյանի խոսքով ամենակայուն և առողջ մոտեցումը բալանսավորված, միջերկրածովյան սննդակարգն է, մինչդեռ ինտերվալային սովապահության, կետո դիետայի կամ շատ ցածր կալորիականություն ունեցող սննդակարգերի դեպքում հնարավոր է արագ արդյունք, սակայն ոչ միշտ՝ երկարատև։
Հոգեբանի խոսքով՝ մարդու ուղեղը բնականաբար հակված է ընտրել հեշտ և արագ արդյունք ապահովող ճանապարհներ։ Այդ պատճառով շատերին դժվար է երկար ժամանակ պահպանել առողջ և բալանսավորված սննդակարգ, որը պահանջում է հետևողականություն և ժամանակ։ Բացի այդ, մարդը հաճախ լսում է տարբեր արտահայտություններ արտաքինի և «ցանկալի» տեսքի մասին, որոնք կարող են առաջացնել ինքնավստահության կորուստ և անհարմարություն սեփական մարմնի նկատմամբ։ Արդյունքում, անձը կարող է չլինել զգոն և չգիտակցել, որ նիհարեցնող դեղահաբերը կարող են վնասել առողջությանը։ Տվյալ թեմայի վերաբերյալ կատարել եմ նաև հարցում՝ հասկանալու, թե մարդիկ ինչքան հաճախ են լսել և կիրառել դիետաներ և նիհարեցնող միջոցներ։
Մարդիկ, ովքեր ձեռք են բերել նիհարեցնող միջոցներ, հիմնականում դա արել են օնլայն։ Հարցմանը մասնակցած և նիհարեցնող միջոցներ օգտագործող անձանց շուրջ 70%-ը չի խորհրդակցել որևէ բժշկի հետ, և մեծ մասը չի հանդիպել անցանկալի ազդեցությունների։
Միջազգային փորձ։
Ճապոնական մոտեցում՝ երկար և առողջ կյանք։
Ճապոնիան համարվում է աշխարհի այն քիչ երկրներից, որտեղ բնակչության ընդհանուր առողջությունը և կյանքի տևողության ցուցանիշները շատ բարձր են, իսկ բարձր քաշը և սրտանոթային հիվանդությունները համեմատաբար քիչ տարածված են։ Սա հիմնականում պայմանավորված է ոչ թե «խիստ կամ արագ նիհարեցնող միջոցներով», այլ կենցաղի ու սննդաչափության մշակույթով։ Ճապոնական մշակույթի մի կարևոր օրենք է՝ «ուտել մինչև 80%-ով հագեցած կլինես»։ Սա խթանում է միայն մասամբ կալորիաների ընդունումը՝ առանց սովի կամ ծայրահեղ սահմանափակումների։ Ըստ հետազոտողների՝ այս մոտեցումը կարող է օգնել մետաբոլիզմի կարգավորման, ինսուլինի զգայունության բարելավման և մարմնի ռիսկային գործոնների նվազեցմանը, ինչը նպաստում է ավելի առողջ քաշի պահպանմանը և երկար ու առողջ կյանքին։ Իսկ օրինակ Իտալիայում, Իսպանիայում կողմնակից են «Միջերկրածովյան դիետաներին»։ Նրանք հիմնականում ուտում են բանջարեղեն, մրգեր, ձուկ ծովամթերք և այլն։
Ամփոփելով՝ պետք է ընդգծել, որ արագ նիհարելու միջոցներն ու դեղահաբերը կարող են ի սկզբանե գրավիչ արդյունքներ ապահովել, սակայն դրանք սովորաբար չեն երաշխավորում երկարատև և անվտանգ քաշի կորուստ։ Նիհարեցնող դեղերը և խիստ դիետաները կարող են լինել միայն աջակցող միջոցներ, սակայն դրանցից կախվածություն ստեղծելը՝ առանց մասնագիտական հսկողության, կարող է հանգեցնել առողջական խնդիրների և քաշի արագ հետվերադարձի։ Հետևաբար, նիհարեցման ուղղությամբ ցանկացած քայլ պետք է իրականացվի գիտակցված՝ բժշկի խորհրդով, իսկ սոցիալական ցանցերում տարածվող «արագ արդյունք» խոստացող պատմություններն ու գովազդները արժե դիտարկել զգուշությամբ։ Սեփական առողջության համար պատասխանատվություն կրելը և առողջ ապրելակերպ ընտրելը երկարաժամկետ արդյունքի հասնելու ամենաանվտանգ ճանապարհն է։