«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը, որի մասին խոսվում է արդեն մոտ մեկ տասնամյակ, դեռ չի հասել իրականացման փուլին։ Քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ նախագիծը պատրաստ է, սակայն շինարարության մեկնարկը շարունակում է հետաձգվել։
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մասին նախկին քաղաքային իշխանությունները խոսել են դեռևս 2016 թվականից։
Ըստ Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կարեն Գրիգորյանի` Հանրային Հեռուստաենկերությանը հայտնած տեղեկության՝ 2016 թվականին մինչև Աջափնյակ 2 կայարան էր նախատեսվում կառուցել։ Նախնական ուսումնասիրությունները այդ թվականին արդեն ավարտված էին։ Սակայն ֆինանսական մեծ ներդրումներ պահանջելու պատճառով ծրագիրը չիրագործվեց։
Ծրագրի առաջխաղացման հաջորդ փուլը մեկնարկեց 2021 թվականին։ Նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի և «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև կնքվեց «Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների կատարման» պայմանագիր։ Պայմանագրի 1-ին մասում նկարագրված են «Մետրոգիպրոտրանս» ընկերությանը կատարելիք աշխատանքները։ 1 միլիարդ 848 միլիոն դրամով պետք է կազմվեին մետրոյի կայարանի նախագծային փաստաթղթերը։
ՀՀ Ֆինանսների նախարարության գնումների հարթակում հրապարակած է քաղաքապետարանի և նախագծող ընկերության միջև կնքված պայմանագիրը։
2025 թվականի սեպտեմբերի 18-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե որ փուլում է Աջափնյակի մետրոյի ծրագիրը։ Քաղաքապետի խոսքով՝ կայարանի նախագիծն արդեն անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները։ Նա նշել է, որ ծրագիրը բաժանվել է երեք փուլի՝ Բարեկամության կայարանից մինչև կիրճ թունելային հատվածի կառուցում, կամրջի կառուցում և կամրջից մինչև կայարան տանող թունելի ու կայարանի կառուցում։ Ըստ նրա՝ նախատեսվում է հայտարարել մրցույթ երեք առանձին լոտերով, որին մասնակցելու հնարավորություն կունենան խոշոր շինարարական ընկերություններ։ Ավինյանը նաև նշել է, որ աշխատանքները հնարավոր է սկսել արդեն 2026 թվականին։
Ըստ «Ազատության» 2025 թվականի դեկտեմբերի 1-ի հրապարակման, գործադիրը վերջին որոշումներով մետրոյի կառուցման համար նախատեսված բյուջեից մի քանի ուղղությամբ գումար է վերաբաշխել։ Մոտ 300 հազար դոլար հատկացվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը։ Օգոստոսին մոտ 9 միլիոն դոլար ուղղվել է բնակարանների և սեփական տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական ծրագրին, իսկ մեկ ամիս անց ևս մոտ 6 միլիոն դոլար տրամադրվել է մայրաքաղաքում վերելակների փոխարինման և տրոլեյբուսների գնման համար։
2026 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտնել է. «Բոլոր փորձաքննություններն արդեն անցել ենք և, ամենայն հավանականությամբ, եթե ոչ այս տարի, մյուս տարվանից կսկսենք շինարարության մրցույթը։ Փորձաքննության գործընթացը ձգձգվել է, սակայն այժմ առկա են արդյունքները, որոնք թույլ են տալիս գնալ մրցութային ճանապարհով»։
«Այս պահին, գույքի օտարման հետ կապված, գերակա շահ են ճանաչվել տարածքում գտնվող մի քանի գույքեր», այս մասին մեզ հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամլո խոսնակ Աննա Ասլանյանը։ Իսկ այն հարցին՝ թե արդյո՞ք 2026 թվականի օրակարգից Աջափնյակի մետրոյի մասին որոշումը հանելուց հետո 2027 թվականի օրակարգում այն տեղ կգտնի, տիկին Ասլանյանը պատասխանեց, որ այժմ այդ մասին ոչինչ չի կարող ասել։
Այսպիսով, Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծը շուրջ մեկ տասնամյակ գտնվում է քննարկման և նախապատրաստական փուլում։ Չնայած նախագծային փաստաթղթերը պատրաստ են և փորձաքննությունները հիմնականում ավարտված, ծրագրի մեկնարկը շարունակում է պայմանավորված լինել ֆինանսավորման, մրցութային գործընթացների և գույքի օտարման ընթացքով։ Քաղաքային իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ նախագիծը դեռևս օրակարգից լիարժեք դուրս եկած չէ, սակայն դրա իրականացման հստակ ժամկետներ առայժմ չեն նշվում։