03.13.2026
Կատեգորիա
Հասարակություն
կին

Առավոտյան նա մայր է, կին, օրվա ընթացքում՝ մասնագետ, ղեկավար կամ ուսանող, երեկոյան՝ կրկին ընտանիքի մայր։ Ժամանակակից կինը հաճախ կերտում է մի քանի դեր՝ փորձելով հասցնել ամեն ինչ, բայց ներքին պայքարի գնով։ Ընտանիք, կարիերա, անձնական կյանք․ այս երեքի միջև հավասարակշռությունը պահելը շատ կանանց համար դարձել է ամենօրյա մարտահրավեր։ 

Հայաստանում երկար տարիներ կնոջ հիմնական դերը կապվել է ընտանիքի հետ։ Սակայն վերջին տասնամյակներում ավելի ու ավելի շատ կանայք ակտիվ են կրթության, աշխատանքի մեջ և հասարակական կյանքում։ Սա բացել է նոր հնարավորություններ, բայց նաև ստեղծել ներքին կոնֆլիկտներ։

«Երբ ուշ եմ մնում աշխատանքի պատճառով, ինձ մեղավոր եմ զգում որպես մայր։ Երբ ընտրում եմ երեխաներին ու հրաժարվում հնարավորություններից, թվում է՝ կորցնում եմ ինձ որպես մասնագետ»,-պատմում է Նարինե Հովսեփյանը, ով երկու երեխաների մայր է և մասնագիտությամբ բժիշկ։

«Շրջապատից հաճախ լսում եմ՝ կարիերան լավ է, բայց ընտանիքը պիտի առաջնային լինի։ Այդ «բայց»-ը միշտ ցավոտ է հնչում: Ես երկար ժամանակ փորձում էի ապացուցել, որ կարող եմ լինել և՛ լավ մասնագետ, և՛ լավ կին։ Հիմա հասկացել եմ՝ ամեն ինչ միաժամանակ իդեալական անել հնարավոր չէ»,- խոստովանում է Նարինեն՝ մանրամասնելով, որ զգում է մեղքի զգացում, երբ կենտրոնանում է կարիերայի վրա, նաև ներքին անհանգստություն՝ երբ ընտրում է ընտանիքը, կարծես կա մշտական պահանջ՝ «ամեն ինչ հասցնելու»։

Հոգեբան Նելլի Վարդանյանը խնդիրը  տեսնում է ոչ թե կնոջ ընտրության մեջ, այլ նրանում, որ ընտրությունը հաճախ չի ընդունվում որպես հավասար արժեք ունեցող։

«Կանանց ներքին կոնֆլիկտների հիմքում հաճախ հասարակական սպասումներն են։ Նրանցից ակնկալվում է լինել նվիրված մայր, հոգատար կին և միաժամանակ հաջողակ մասնագետ։ Այս հակասական պահանջները բերում են հոգեկան գերլարվածության և ինքնագնահատականի անկման»,-նշում է հոգեբանը։

Սոցիալական ցանցերը ևս վատթարացնում են կնոջ էմոցիոնալ վիճակը՝ ցույց տալով «կատարյալ մայրերի» ու «հաջողակ կանանց» պատկերներ։ Շատ կանայք սկսում են համեմատել իրենց իրական կյանքը իդեալականացված կերպարների հետ: Կինը հաճախ ավելի խիստ է իր նկատմամբ, քան շրջապատը։ Նա իր ներսում փորձում է համապատասխանել մի քանի հակադիր չափանիշների, ինչը կարող է հանգեցնել կնոջ մոտ հուզական վատ վիճակի։

Ըստ Համաշխարհային բանկի 2024 թ. տվյալների` կանայք կազմել են մոտ 50.2 % ընդհանուր աշխատուժի մեջ՝ փաստելով, որ նրանց մասնաբաժինը գրեթե հավասար է տղամարդկանց թվին տնտեսությունում։  

Չնայած դժվարություններին՝ նկատվում է նաև դրական փոփոխություն։ Ավելի շատ ընտանիքներ սկսում են վերանայել դերերի բաշխումը, քննարկել պատասխանատվությունները, իսկ կանայք՝ ավելի բաց խոսել իրենց հոգնածության, սահմանների և ընտրությունների մասին։

Երիտասարդ սերնդի շրջանում կարիերան և ընտանիքը հաճախ չեն դիտարկվում որպես հակադիր հասկացություններ, այլ՝ փոխլրացնող ուղիներ։

Կանանց ներքին կոնֆլիկտը ընտանիքի և կարիերայի միջև ոչ միայն անձնական խնդիր է, այլ հասարակական հայելին։ Այն ցույց է տալիս՝ որքան պատրաստ է հասարակությունը ընդունել կնոջ բազմաշերտ դերը։

Եվ գուցե լուծումը ոչ թե «ճիշտ ընտրություն» անելն է, այլ ընդունել, որ կինը իրավունք ունի ընտրելու, փոխելու և իր ճանապարհը կառուցելու՝ առանց մշտական մեղքի զգացման։

Վիկտորյա Հարությունյան