03.17.2026
Կատեգորիա
Գիտություն
Գրիշա Գասպարյան
Գրիշա Գագիկի Գասպարյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան, մեդիա հետազոտող

Ոսումնասիրությունն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ և International Alert կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։

 

Ներածություն 

Խաղաղությունը մարդկության ամենանվիրական և միաժամանակ ամենախոցելի հայեցակարգերից մեկն է։ Դարեր շարունակ ժողովուրդներն ու անհատները ձգտել են հասնել նրան՝ պատերազմներից, բաժանումներից և անարդարությունից տառապելով։ Սակայն ժամանակի ընթացքում ավելի ակնառու է դառնում, որ խաղաղությունը միայն արտաքին իրողություն չէ․ այն նախ և առաջ մարդու ներքին վիճակն է, հոգևոր ու մտավոր ներդաշնակությունը, որն արտացոլվում է նրա վերաբերմունքում՝ սեփական «ես»-ի, շրջապատի և հասարակության նկատմամբ։ Այդ ներքին խաղաղությունը հեշտությամբ կարող է խաթարվել տարբեր պատճառներով՝ սոցիալական անհավասարությամբ, անարդարությամբ, տեղեկատվական ճնշմամբ կամ պարզապես անվերջ լարված առօրյայով։

Ժամանակակից աշխարհում խաղաղության հասնելու և դրա պահպանման վրա նշանակալի ազդեցություն ունի մեդիան։ Լրատվական հոսքերի արագությունը, դրանց բազմազանությունն ու անընդհատ հասանելիությունը ձևավորում են ոչ միայն հանրային գիտակցությունը, այլև անհատի հոգեվիճակը։ Այսօր մեդիան դարձել է այն միջավայրը, որտեղ մարդը ճանաչում է աշխարհը, ընկալում իր տեղն այդ աշխարհում և հաճախ՝ ձևավորում իր վերաբերմունքը մյուսների հանդեպ։ Սակայն մեդիայի ազդեցությունը միշտ չէ, որ խաղաղարար է․ տեղեկատվական գերհագեցվածությունը, սենսացիոն բովանդակությունը, հակադրությունների ու վախերի տարածումը կարող են խաթարել մարդու ներքին հավասարակշռությունը՝ առաջացնելով անվստահություն, դժգոհություն և բևեռացում։

Այս պայմաններում առավել ակնառու է դառնում ոչ բռնի հաղորդակցության և խաղաղության մշակույթի զարգացումը մեդիա դաշտում։ Եթե նախկինում խաղաղաշինությունը դիտարկվում էր որպես քաղաքական կամ դիվանագիտական գործընթաց, ապա այսօր այն ընդգրկում է նաև տեղեկատվական և հաղորդակցական միջավայրը։ Խաղաղությունը պահպանելու և գիտակցված հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է ոչ միայն խաղաղ քաղաքականություն, այլև խաղաղ հաղորդակցություն՝ բառի և պատկերների պատասխանատու օգտագործում, տարբեր կարծիքների հանդեպ հարգալից վերաբերմունք և գիտակցված մեդիա սպառում։

Ուսումնասիրության նպատակն ու խնդիրները

Նպատակ

Սույն աշխատանքը նպատակ ունի ուսումնասիրել ժամանակակից մեդիան խաղաղաշինության և ոչ բռնի հաղորդակցության տեսանկյունից, պարզելու՝ ինչպե՞ս է տեղեկատվական միջավայրը նպաստում կամ հակառակը՝ խոչընդոտում մարդու ներքին և հանրային խաղաղությանը։ Աշխատանքի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղեկատվական դարաշրջանում մեդիայի դերը գերազանցում է սովորական հաղորդակցության սահմանները՝ դառնալով սոցիալական, հոգեբանական և մշակութային ազդեցության կարևորագույն գործոն։ Հետևաբար, գիտակցված մեդիա սպառման և հաղորդակցության մշակույթի ձևավորումը ոչ միայն մասնագիտական, այլև հասարակական անհրաժեշտություն է՝ խաղաղության պահպանման և մարդկանց միջև փոխըմբռնման ամրապնդման համար։

Աշխատանքի խնդիրներն են՝

  1. Վերլուծել խաղաղության և խաղաղաշինության տեսությունները՝ մասնավորապես հաղորդակցական և մեդիա հարթության մեջ։
  2. Նկարագրել ժամանակակից մեդիայի դերը հանրային կարծիքի և սոցիալական վարքագծի ձևավորման գործընթացում։
  3. Հետազոտել մեդիայի ազդեցությունը անհատի ներքին խաղաղության և հոգեբանական կայունության վրա։
  4. Դիտարկել ոչ բռնի հաղորդակցության սկզբունքների կիրառման հնարավորությունները մեդիա դաշտում։
  5. Առաջարկել մեդիա կրթական և հաղորդակցական մոտեցումներ, որոնք կնպաստեն գիտակցված մեդիա սպառման մշակույթի ձևավորմանը։

Աշխատանքի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղեկատվական հասարակության պայմաններում մեդիան դարձել է ոչ միայն իրադարձությունների փոխանցման, այլև սոցիալական իրականություն ձևավորող հզոր գործիք։ Այդ իսկ պատճառով խաղաղության և հաղորդակցության փոխկապակցված ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն մեդիա մասնագետների, այլև հասարակության լայն շրջանակների համար` լրագրողներից մինչև քաղաքական գործիչներ և առօրյա կյանքով ապրող քաղաքացիներ։

Տեսական շրջանակ

Ուսումնասիրության տեսական հիմքում ընկած են հաղորդակցության, մեդիա ազդեցության և խաղաղաշինության ոլորտների մի շարք մոտեցումներ։ Մեդիան դիտարկվում է ոչ միայն որպես տեղեկատվություն փոխանցող համակարգ, այլ որպես սոցիալական և հուզական միջավայր, որը ձևավորում է իրականության ընկալումը։

Agenda-setting և framing տեսությունները բացատրում են, թե ինչպես է մեդիան որոշում, թե ինչ թեմաներ են կարևոր և ինչ շրջանակում պետք է դրանք ընկալվեն։ Այս գործընթացները ուղեկցվում են լեզվական ընտրություններով, հուզական շեշտադրումներով և պատկերային լուծումներով, որոնք կարող են խթանել կամ մեղմել հանրային լարվածությունը։

Ոչ բռնի հաղորդակցությունը, ըստ Մարշալ Ռոզենբերգի, առաջարկում է հաղորդակցության մոդել, որը հիմնված է դիտարկման, զգացմունքի, կարիքի և խնդրանքի հստակ տարանջատման վրա։ Այս մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել դատողությունները, մեղադրանքները և ագրեսիվ լեզուն, ինչը հատկապես կարևոր է մեդիա միջավայրում, որտեղ հաղորդակցությունը հաճախ դառնում է բևեռացնող։

Խաղաղաշինական տեսանկյունից մեդիան կարող է դիտարկվել որպես միջավայր, որտեղ ձևավորվում է խաղաղ կամ հակամարտային լեզու, և որտեղ հուզական գրագիտությունը կարող է դառնալ կայունության կարևոր գործոն։

Մեթոդաբանություն

Սույն ուսումնասիրությունն իրականացվել է «Գիտակցված մեդիա» նախաձեռնության շրջանակում՝ նպատակ ունենալով հասկանալ, թե ինչպես են մեդիա սպառողները հուզականորեն արձագանքում նորություններին, ինչ ազդեցություն է ունենում տեղեկատվական միջավայրը նրանց ներքին հավասարակշռության վրա և արդյոք գիտակցում են իրենց արձագանքների խորքային պատճառները։

Ուսումնասիրությունն իրականացվել է քանակական և որակական մեթոդների համադրությամբ։ Հիմնական հետազոտական գործիքը եղել է առցանց հարցաշարը, որը տարածվել է սոցիալական մեդիա հարթակներում։
Հարցմանը մասնակցել է 67 մարդ (սկզբնական նախատեսված՝ 50)՝ հիմնականում 18–50 տարիքային խմբից՝ ուսանողներ, երիտասարդ մասնագետներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ: Ուսումնասիրության թիրախային տարիքային խումբը սահմանվել է 18–50 տարեկան միջակայքում՝ ելնելով մեդիա սպառման ակտիվության և թվային միջավայրում ներգրավվածության գործոններից։ Այս տարիքային խումբը առավել ինտենսիվ կերպով մասնակցում է սոցիալական մեդիայի և առցանց լրատվական հոսքերի սպառմանը, ենթարկվում է տեղեկատվական գերծանրաբեռնվածության և անմիջապես զգում մեդիայի հուզական ազդեցությունը։ 18 տարեկանը դիտարկվել է որպես մեդիա սպառման իրավական և սոցիալական ինքնուրույնության շեմ, մինչդեռ 50 տարեկանը որպես վերին սահման ընտրվել է այն պատճառով, որ ավելի բարձր տարիքային խմբերի մեդիա վարքագիծը հաճախ ձևավորվել է նախաթվային միջավայրում և պահանջում է առանձին մեթոդաբանական մոտեցում։ Այս ընտրությունը թույլ է տալիս ապահովել ուսումնասիրության ներքին համադրելիությունը և կենտրոնանալ ժամանակակից թվային մեդիայի ազդեցության վրա։ Սա այն սերունդն է, որը մեդիա միջավայրում ծնվել ու հասունացել է՝ ինտերնետային հոսքերի, սոցցանցերի և ինֆորմացիոն արագության պայմաններում։

Այս ուսումնասիրությունը փորձ է՝ ցույց տալու, որ մեդիայի ազդեցությունը չի սահմանափակվում գիտելիքով․ այն ներթափանցում է մարդու հոգեբանական տարածք, ձևավորում նրա վերաբերմունքները, մղումները և նույնիսկ՝ ներքին խաղաղության մակարդակը։

Ուսումնասիրության արդյունքների վերլուծություն

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարցվածների մեծամասնությունը (54.7%) տեղեկությունները ստանում է ոչ թե լրատվական կայքերից, այլ՝ սոցիալական մեդիայի հարթակներից։ Սա փոփոխում է մեդիա սպառման բնույթը․ մարդիկ այլևս չեն սպասում լրատվական թողարկման, այլ ամեն վայրկյան ընդունում են նոր ազդակներ՝ խառը փաստերի և կարծիքների հոսքի մեջ։

Այդ պատճառով նորությունը այլևս պարզապես փաստ չէ․ այն փորձառություն է, որը մարդը ապրում է։ Երբ հաղորդագրությունը հայտնվում է էկրանին՝ բարկացնող վերնագրով կամ ցավալի պատկերով, մարդը դառնում է դրա անմիջական մասնակիցը՝ նախքան այն վերլուծելը։

Հույզերը որպես նորությունների ընկալման առանցք

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ քաղաքական կամ սոցիալական թեմաներով տեղեկությունները հիմնականում առաջացնում են բարկություն, վախ, տխրություն և երբեմն անզորության զգացում։ Սա չի նշանակում, թե մարդիկ հակված են վատատեսության, այլ որ նրանք զգում են իրենց մատուցվող տեղեկատվությունը որպես սեփական իրականություն։ «Ամեն օր», «շատ հաճախ», «ծանրություն եմ զգում»՝ այս արտահայտությունները հաճախ էին կրկնվում պատասխաններում։

Այստեղ է, որ մեդիան դառնում է հուզական դաշտի ձևավորող ուժ։ Լուրերի արագությունը և հուզական բովանդակությունը ստիպում են մարդուն մշտապես ռեակցիայի մեջ լինել՝ չհասցնելով տարբերակել իր զգացմունքը իրադարձությունից։

ՈԲՀ-ի տեսանկյունից սա այն պահն է, երբ մարդիկ մոռանում են դիտարկման և զգացողության տարբերությունը․ նրանք չեն ասում՝ «տեսա մի լուր, որը վախ առաջացրեց իմ մեջ», այլ ասում են՝ «ամեն ինչ վատ է»։ Այս փոքր լեզվական տարբերությունը որոշում է՝ խաղաղության, թե լարվածության ուղով կընթանա հաղորդակցությունը։

Ազդեցություն և ինքնակարգավորում

Երբ նորությունը հուզում է, մասնակիցների մեծ մասը նշում է երկու հիմնական արձագանք․ կիսվել ուրիշների հետ կամ փորձել հասկանալ թեման ավելի խորը։ Սա ցույց է տալիս ինքնակարգավորման երկու առողջ ձև․ սոցիալական կապի միջոցով զգացմունքների թեթևացում և տեղեկության վերահսկման միջոցով հանգստացում։

Բայց նույնքան կարևոր է նաև երկրորդ խումբը՝ նրանք, ովքեր պարզապես փորձում են «չմտածել դրա մասին»։ Այդ խուսափողականությունը խոսում է հոգեբանական հագեցվածության և տեղեկատվական սպառման հոգնածության մասին։ Մարդիկ գիտեն, որ լրատվական հոսքը սպառում է իրենց էներգիան, սակայն կանգնել չեն կարողանում՝ այն դարձել է ինչպես սովորություն, այնպես էլ սոցիալական պատկանելության ձև։

Այս հակադրությունը՝ մասնակցություն և խուսափում, հենց այն դաշտն է, որտեղ մեդիագրագիտությունն ու ՈԲՀ-ի գործիքները կարող են դառնալ ինքնապաշտպանության մշակույթ։

Գիտակցված դիտարկում՝ մեղադրանքից դեպի հասկացում

Շատ հետաքրքիր միտում է արձանագրվել հարցին՝ «երբ կարդում եք նորություն, ինչի՞ վրա եք կենտրոնանում»: Մասնակիցների 40.6 տոկոսը պատասխանել է՝ «զգացմունքների վրա», իսկ մյուս խոշոր խումբը՝ «փորձում եմ հասկանալ՝ ինչ կարիք է կանգնած դրա հետևում»։ Այս պատասխանը հուշում է, որ մեդիա սպառողը սկսում է մտածել կարեկցանքի, ոչ թե մեղադրանքի լեզվով։

Այն նույն սկզբունքն է, որը կանգնած է ՈԲՀ-ի հիմքում՝ չմեղադրել, այլ նկատել կարիքը։ Հենց այստեղ մեդիա կրթությունը և խաղաղ հաղորդակցությունը կարող են միաձուլվել․ երբ մարդիկ սովորում են իրենց մեջ նկատել, թե ինչ են զգում և ինչու են այդպես արձագանքում, նրանց հաղորդակցությունը փոխվում է՝ ավելի կառուցողական է դառնում։

Հոգեբանական կարիքները՝ տեղեկացվածություն, անվտանգություն և հավասարակշռություն

Մասնակիցների մեծ մասը նշել է, որ նորություններին արձագանքելիս զգում է տեղեկացված լինելու և անվտանգության կարիք։ Սա խոսում է ոչ թե տեղեկատվության պակասի, այլ վստահության բացակայության մասին։ Երբ մարդը չի հավատում լսածին, նա կորցնում է վերահսկման զգացումը։

Այստեղ մեդիայի դերը կրկնակի է․ այն կարող է կամ ամրապնդել վստահությունը՝ հավասարակշռված, հստակ հաղորդագրությամբ, կամ՝ խորացնել անվստահությունը՝ սենսացիոն լեզվով։

Այն պատասխանները, որտեղ մարդիկ նշում են «փորձում եմ հասկանալ պատճառները», կամ «խոսում եմ ընկերներիս հետ», վկայում են ներքին անվտանգության և կապի կարիքների գիտակցման մասին։ Իսկ նրանք, ովքեր նշում են «պարզապես փորձում եմ անջատվել», ունեն կարիք՝ վերականգնելու հավասարակշռությունը՝ դադար վերցնելու միջոցով։

Այս պատկերացումները կարևոր են խաղաղ հաղորդակցության տեսանկյունից․ խաղաղությունը չի սկսվում սահմաններից, այն սկսվում է մարդու ներսում՝ իր զգացմունքի ճանաչումից և կարիքի գիտակցումից։

Վստահություն, լեզու և խաղաղ հաղորդակցություն

Հարցման բաց պատասխանում հաճախ է հանդիպում արտահայտությունը՝ «չեմ վստահում ոչ մի լրատվամիջոցի ամբողջությամբ»։ Սա արդեն հասարակական երևույթի վերածվելու հակում ունեցող խոսույթ է․ վստահությունը դարձել է ոչ թե ինստիտուցիոնալ, այլ անձնական։ Մարդիկ վստահում են ոչ թե լրատվամիջոցին, այլ՝ կոնկրետ լրագրողին, հեղինակին, ձայնին։

Սա նշանակում է, որ մեդիայի նկատմամբ վստահությունը վերածվել է հաղորդակցական հարաբերության, ոչ թե ինֆորմացիոն դաշտի։ Եվ հենց այստեղ ՈԲՀ-ն նորից արդիական է․ եթե մեդիան խոսի ոչ թե սպառողի փոխարեն, այլ նրա հետ՝ առանց մեղադրանքի, առանց վախ սերմանելու, այդ վստահությունը հնարավոր է վերականգնել։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեդիան այսօր ազդում է ոչ միայն հասարակական կարծիքի, այլև մարդու ներքին հոգեբանական կայունության վրա։ Նորությունները մեզ ստիպում են զգալ, արձագանքել, երբեմն փակվել կամ հակառակը՝ չափազանց խորը մտնել հույզերի մեջ։ Բայց դրականն այն է, որ մեծամասնությունն արդեն ունի ինքնագիտակցություն՝ հասկանալու, թե ինչու է այդպես արձագանքում։

Սա առաջին քայլն է դեպի խաղաղ հաղորդակցություն․ երբ մարդը գիտի իր հույզը, ճանաչում է իր կարիքը և ընտրում իր արձագանքը։ Եվ հենց այս գիտակցությունն է, որ «Գիտակցված մեդիա»-ի առանցքն է․ մեդիա սպառումը որպես հոգեբանական մշակույթ, որը կարող է միաժամանակ լինել և պաշտպանիչ, և միավորող ուժ։

Վստահության հորիզոնները մեդիայում

Հարցին՝ «Ո՞ր աղբյուրներին առավել շատ եք վստահում և ինչու», պատասխանները ցույց տվեցին ոչ միայն մեդիայի սպառման սովորությունները, այլև մարդկանց ներքին վստահության տրամաբանությունը։ Թեև թվում է, թե մարդիկ խոսում են լրատվականների մասին, իրականում նրանք պատմում են իրենց հիասթափության, որոնման և անձնական վստահության փորձի մասին։

Ավանդական լրատվամիջոցների խամրած հեղինակությունը

Բավականին մեծ մասն արձանագրել է, որ լիովին չի վստահում ոչ մի լրատվամիջոցի։ Պատասխաններ, ինչպիսիք են՝

 «Ավելի շատ նայում եմ, թե ով է գրում, ոչ թե որտեղ»,
 «Չեմ վստահում լրատվամիջոցներին, որովհետև ամեն մեկն ունի իր շահը» ապացուցում են, որ տեղեկատվական վստահությունը Հայաստանում վերածվել է ոչ թե ինստիտուցիոնալ, այլ անձնական վստահության։

Մարդիկ այլևս չեն հավատում լրատվամիջոցի անվանը, այլ՝ այն մարդկանց, ովքեր խոսում են այնտեղից։

Telegram-ը՝ վստահության նոր տարածք

Բավականին շատ մասնակիցներ նշել են Telegram-ը՝ որպես ամենահաճախ այցելվող և երբեմն՝ ամենավստահելի աղբյուր։ Սակայն այդ վստահությունը պայմանական է․ այն չի բխում պաշտոնական կամ փաստարկված հաղորդագրություններից, այլ՝ արագությունից և անմիջականությունից։ Մարդիկ ասում են՝ «Telegram-ում ամեն ինչ արագ է գալիս», կամ «նորությունների մասին առաջինը այնտեղ եմ իմանում»։

Այս դիտարկումը ցույց է տալիս մի նոր երևույթ՝ վստահության փոխարինումը արագությամբ։ Ժամանակակից սպառողի համար «արագ» հաճախ նույնանում է «ճշմարիտ»-ի հետ, որովհետև դա առաջինն է, որին նա հանդիպում է։

Սակայն հենց այս արագության շնորհիվ էլ Telegram-ը հաճախ դառնում է ապատեղեկատվության տարածման միջավայր։ Եվ մարդիկ այդ հակասությունը գիտակցում են՝ միևնույն ժամանակ անվանելով այն և՛ ամենահարմար, և՛ ամենավտանգավոր հարթակ։

Անկախ ու հետաքննող լրատվամիջոցները՝ որպես վստահության նահանջած շերտ

Հաճախ կրկնվող անուններն են՝ Hetq.am, CivilNet.am, Factor.am, Mediamax.am, Infocom։ Հարցումներում այս աղբյուրներն ասոցացվում են մասնակիցների մոտ «հավասարակշռության», «փաստերի» և «կոմպետենտ մասնագետների» հետ։

«Վստահում եմ այն լրատվամիջոցներին, որոնք հստակ ցույց են տալիս աղբյուրը»:

Այսօրինակ պատասխաններն ի ցույց են դնում ոչ միայն մեդիա նախապատվությունը, այլև կարիքը՝ ռացիոնալ, ոչ հուզական հաղորդագրության։ Այստեղ վստահությունը գալիս է հաղորդման ձևից, ոչ թե գաղափարական համակրանքից։

Այդուհանդերձ, այդ լրատվամիջոցների վրա հիմնված վստահությունը սահմանափակ է․ մասնակիցներից շատերը նշում են, որ դրանք «շատ բարդ են ընթերցողի համար» կամ «բավարար լայն հարթակ չեն»։ Այսինքն՝ վստահելի աղբյուրներն այսօր հաճախ չեն հասնում լայն հանրությանը՝ իրենց «էլիտար» ոճի պատճառով։

Միջազգային աղբյուրներ և համեմատական ընկալում

Մի քանի պատասխաններ հղում են անում BBC-ին, CNN-ին, Al Jazeera-ին, Deutsche Welle-ին։ Այս ընտրությունները ոչ այնքան քաղաքական են, որքան՝ փնտրտուքի դրսևորում։

«Կարդում եմ BBC կամ CNN, որովհետև ուզում եմ տեսնել, ինչպես են իրենք ներկայացնում մեզ»։

Այս տեսակետները վկայում են տեղեկատվական ինքնագիտակցության ձևավորման մասին․ մարդիկ սկսում են հասկանալ, որ տեղեկությունը ոչ թե «ինչ է եղել», այլ՝ «ինչպես է ներկայացվել»։

Արտասահմանյան աղբյուրներին վստահող խումբը նաև ավելի հաճախ է նշում քննադատական մոտեցում․ նրանք գիտեն, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունի իր դիտանկյունը, սակայն ընտրում են այն, որտեղ խոսքի մշակույթը հավասարակշռված է։

Անձնական փորձի վրա հիմնված վստահություն

Մի շարք մասնակիցներ խոստովանել են, որ այսօր չեն կարող առանձնացնել որևէ լրատվամիջոց, որովհետև վստահությունը դարձել է «փորձի հարց»։

«Կարդում եմ տարբեր աղբյուրներ, համեմատում եմ, հետո ինքս եմ եզրակացություն անում»։

Այս պատասխանը կրկնվում է տարբեր ձևերով և ցույց է տալիս նոր մտածողության միտում՝ մարդը սկսում է վերադառնալ ինքնուրույն վերլուծությանը, ինչը խաղաղ հաղորդակցության հիմնասյուներից է։

Սակայն այստեղ ևս նկատվում է հոգնածության նոտա․ մարդիկ պատրաստ չեն անվերջ ստուգել, համեմատել, ճշտել։ Նրանք ցանկանում են, որ ինչ-որ տեղ արդեն լինի վստահելի «միջնորդ ձայն», որը կօգնի պահպանել հավասարակշռությունը։

Վստահության բացը՝ որպես հասարակական հոգնածություն

Մոտ մեկ երրորդ մասնակիցներ նշում են, որ առհասարակ չեն վստահում ոչ մի լրատվամիջոցի կամ նույնիսկ դադարել են լուրեր կարդալ։ Այս պատասխանները հաճախ ուղեկցվում են հոգեբանական ձևակերպումներով՝ «ծանր է», «չեմ ուզում լարվել», «չեմ հավատում ոչ մեկին»։

Այս թուլացած վստահությունը արդեն մեդիա խնդիր չէ․ դա հասարակական հոգնածության և պաշտպանական հոգեբանության հետևանք է։ Երբ մարդը չի վստահում ոչ մի ձայնի, նա ընտրում է լռությունը՝ որպես ինքնապաշտպանություն։

Այս դաշտում մեդիագրագիտությունն այլևս միայն տեղեկության ստուգման գործիք չէ․ այն դառնում է հոգեբանական ռեսուրս՝ վերականգնելու հավատը՝ թե՛ ինֆորմացիայի, թե՛ մարդկանց նկատմամբ։ Հարցման այս բաժինը բացահայտում է վստահության բարդ քարտեզ․ մարդիկ տեղաշարժվել են լրատվամիջոցներից դեպի անհատներ, իսկ հետո՝ դեպի ինքնուրույն գնահատականներ։ Սա վկայում է հասարակության մեդիա հասունացման, բայց միևնույն ժամանակ հոգնածության մասին։ Վստահությունը, որն առաջներում հիմնված էր լրատվամիջոցի անվան վրա, այսօր դառնում է մտավոր կապ՝ մարդու և տեղեկության միջև։ Այն պահանջում է ոչ միայն մեդիագրագիտություն, այլև հուզական գրագիտություն՝ տարբերելու, թե երբ է մարդը հավատում, որովհետև ուզում է հավատալ, և երբ՝ որովհետև ստուգել է։

Կրթությունը՝ որպես երկարաժամկետ պատասխան

Գրեթե յուրաքանչյուր երկրորդ պատասխան՝ տարբեր ձևակերպումներով, կրկնում էր նույն միտքը․ «Կրթությունը կարող է փոխել իրավիճակը»։

Մարդիկ խոսում էին թե՛ մեդիա կրթության, թե՛ ընդհանուր կրթական մակարդակի մասին՝ նշելով, որ մեդիա բևեռացումը հնարավոր է հաղթահարել.

«եթե դպրոցներում և համալսարաններում ուսուցանվի մեդիագրագիտություն»,
 «եթե մարդիկ սովորեն տարբերել փաստը կարծիքից»,
 «եթե զարգանա քննադատական մտածողությունը»։

Այս տեսակետները վկայում են, որ հանրության մի հատվածը հստակ գիտակցում է մեդիա դաշտի արմատական խնդիրը, որը ոչ թե միայն մեդիան է, այլ լսարանի պատրաստվածությունը։ Այստեղ կրթությունը ներկայացվում է ոչ միայն որպես գիտելիքի փոխանցում, այլ՝ մտածողության ձևավորման գործիք, որը կարող է մարդուն դարձնել ինքնուրույն մեդիա մեկնաբան՝ ոչ թե պասիվ սպառող։

Մեդիագրագիտությունը՝ որպես պաշտպանական հմտություն

Ամենահաճախ հիշատակվող բառերից մեկը «մեդիագրագիտություն»-ն էր՝ երբեմն ուղիղ, երբեմն անուղղակի ձևով։ Մասնակիցները դա դիտարկում են որպես անձնական զենք ապատեղեկատվության և մանիպուլյացիայի դեմ․

«Մեդիագրագիտությունը կօգնի չընկնել քարոզչության ազդեցության տակ»,
«Եթե մարդիկ մեդիագրագետ լինեն, չեն դառնա բաժանող խոսքի տարածողներ»։

Այս դիտարկումները ցույց են տալիս՝ մեդիագրագիտությունը ընկալվում է ոչ թե որպես ուսումնական առարկա, այլ որպես քաղաքացիական դիմադրության ձև։ Բևեռացված միջավայրում ինֆորմացիայի գիտակցված սպառումը դառնում է ինքնապաշտպանական ռազմավարություն։

Միևնույն ժամանակ, մի քանի պատասխաններում հնչում է հիասթափություն․

«Բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի կիրառում»,
«Մեդիագրագիտությունը կա, բայց մարդկանց մեջ չկա սովորելու ցանկություն»։

Սա վկայում է՝ մեդիա կրթությունը բավարար չէ, եթե այն չի ուղեկցվում հոգեբանական հասունացմամբ և պատասխանատվության մշակույթով։

Զգացմունքային ինտելեկտն ու կարեկցանքը որպես հավասարակշռող ուժ

Բավականին հետաքրքիր էր, որ բազմաթիվ պատասխաններ նշում էին ոչ թե մեդիա կամ տեխնիկական գործիքներ, այլ հոգեբանական հմտություններ՝

«Զգացմունքային ինտելեկտ»,
 «Էմպատիա»,
 «Լսելու կարողություն»,
 «Խաղաղ հաղորդակցություն»։

Այս արձագանքները բացահայտում են հասարակական հոգնածությունը տեղեկատվական պատերազմներից։ Մարդիկ հասկացել են, որ տեղեկատվական բևեռացումը սկսվում է ոչ թե մեդիա հարթակներում, այլ զգացմունքային արձագանքի մակարդակում։

Երբ մարդը սովորում է հասկանալ իր զգացմունքները և չարձագանքել անմիջապես, նա ավելի քիչ է ենթարկվում մանիպուլյացիայի։ Այս իմաստով մեդիագրագիտությունը դառնում է զգացմունքային գրագիտության շարունակություն։

Քննադատական մտածողությունը՝ որպես համախմբող խելք

Շատերը նշել են, որ անհրաժեշտ է զարգացնել քննադատական մտածողություն, որը կօգնի

«տարբերել հույզը փաստից»,
 «հասկանալ, թե ինչ նպատակով է գրվում նյութը»,
 «վերլուծել նախքան կարծիք կազմելը»։

Այս միտքը կրկնվում է գրեթե նույն ձևով տարբեր պատասխաններում, ինչը վկայում է՝ մարդիկ գիտակցում են մեդիա մանիպուլյացիաների մեխանիզմները, սակայն դեռևս չգիտեն՝ ինչպես իրագործել քննադատական մոտեցումը ամենօրյա կյանքում։

Այստեղ կրկին վերադառնում է կրթական հենքը՝ մտածողության մշակույթը դեռ պետք է զարգանա ոչ թե միայն ինֆորմացիոն, այլ՝ էթիկական մակարդակով։

Մեդիայի և լսարանի փոխվստահության վերականգնում

Որոշ պատասխաններ շեշտում էին նաև մեդիայի պատասխանատվությունը՝

«Եթե լրատվամիջոցները լինեն անկողմնակալ, վստահությունը կվերադառնա»,
 «Լրատվամիջոցները պետք է հարգեն լսարանի ինտելեկտը»։

Այս տեսակետները ցույց են տալիս, որ հասարակության մեջ դեռ կա սպասում մեդիայի բարելավման նկատմամբ։
Բևեռացվածության հաղթահարումը չի ընկալվում միայն որպես լսարանի պարտականություն․ մարդիկ նաև պահանջում են պատասխանատու լրագրություն, փաստերի ստուգում, բազմակողմանի լուսաբանում։

Անհատական գործողություններ և հույսի տարրեր

Թեև որոշ պատասխաններ հնչում էին հումորային կամ հուսահատական («չեմ կարող ասել», «միայն կրթությունը կփրկի», «ոչինչ չի օգնի»), ընդհանուր պատկերը մնում է հուսադրող։
Բազմաթիվ մասնակիցներ նշում են՝

«Ես կարող եմ սկսել իմ շրջապատից»,
 «Կփորձեմ չտարածել չստուգված լուրեր»,
 «Կխրախուսեմ բանավեճը, ոչ թե վեճը»։

Այս ինքնագիտակցված մոտեցումը ցույց է տալիս՝ մարդիկ պատրաստ են ոչ միայն քննադատել մեդիան, այլև գործել իրենց իմացած ձևով։

Այս հարցաշարի պատասխանները ցույց են տալիս, որ մեդիա բևեռացման հաղթահարման բանալին ոչ թե միայն տեխնիկական կամ ինստիտուցիոնալ է, այլ՝ մարդկային, կրթական և էմոցիոնալ։

Բևեռացվածությունը չի կարելի չեզոքացնել միայն ֆիլտրերով կամ օրենքներով․ այն հաղթահարվում է քննադատական մտածողությամբ, մեդիա և էմոցիոնալ գրագիտությամբ, կրթությամբ և փոխըմբռնմամբ։
Հասարակությունը պատրաստ է խոսել այս մասին՝ դա արդեն նշան է, որ լռությունը կոտրված է, և բաց հաղորդակցությունը դարձել է արժեք։

Եզրակացություններ

«Գիտակցված մեդիա» ուսումնասիրությունը նպատակ ուներ բացահայտել, թե ինչպես են մեդիա սպառողները և լրագրողները արձագանքում տեղեկատվական միջավայրի հուզական ազդեցությանը և ինչպես կարող են ոչ բռնի հաղորդակցության սկզբունքները դառնալ գիտակցված մեդիա սպառման գործիք։

Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ տեղեկատվական միջավայրում մարդը գործում է ոչ միայն որպես լսարան, այլև որպես հույզեր ապրող և այդ հույզերը հանրային տարածք տեղափոխող մասնակից։ Լուրերի և սոցիալական մեդիայի հոսքերը հաճախ ձևավորում են բարկություն, անզորություն և հոգնածություն, ինչը բարդացնում է վստահության և քննադատական ընկալման պահպանումը։ Միևնույն ժամանակ, զգալի թվով մասնակիցներ ցույց տվեցին ինքնագիտակցման և կարեկցանքի պատրաստակամություն՝ փորձելով հասկանալ ոչ թե միայն ինչ է ասվում, այլ ինչու է ասվում։

Լրագրողների պատասխանները վկայում են մասնագիտական պատասխանատվության խոր գիտակցման մասին, սակայն միևնույն ժամանակ նաև հոգեբանական ճնշում՝ մշտական բևեռացվածության և հանրային անվստահության պայմաններում։ Նրանց արձագանքներում հստակ է մեկ միտում՝ խաղաղ հաղորդակցությունը և հավասարակշռված լեզուն դիտվում են ոչ թե իդեալական, այլ անհրաժեշտ պրոֆեսիոնալ արժեքներ։

Ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ մեդիա դաշտի բարելավման առանցքը ոչ թե միայն ինստիտուցիոնալ կարգավորումն է, այլ հոգեբանական և հաղորդակցական մշակույթի փոփոխությունը։ Մարդկանց մեդիա վարքագիծը չի կարելի հասկանալ առանց դիտարկելու նրանց հուզական դինամիկան, կարիքները և ինքնակարգավորման մեխանիզմները։
Այս համատեքստում ՈԲՀ-ի չորս քայլերը (դիտարկում, զգացում, կարիք, խնդրանք) կարող են կիրառվել որպես մեդիագրագիտության և խաղաղ հաղորդակցության գործնական մոդել՝ օգնելով վերափոխել տեղեկատվական արձագանքները՝ մեղադրանքից դեպի հասկանալը, հուզական կուտակումից՝ գիտակցված արձագանքը։

Հիմնական արդյունքներ

  1. Մեդիա սպառողները հիմնականում արձագանքում են հույզերով, ոչ թե փաստերով, ինչը վկայում է հուզական գրագիտության անհրաժեշտության մասին։
  2. Վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ նվազել է, այն փոխարինվել է անհատական վստահությամբ՝ կոնկրետ լրագրողների կամ անձնական փորձի վրա հիմնված։
  3. Լսարանն ունի կրթական և ինքնագիտակցական պահանջ, մարդիկ ակնկալում են մեդիա կրթության զարգացում և բարոյական պատասխանատվության բարձրացում մեդիա դաշտում։
  4. Լրագրողները զգում են հուզական ծանրաբեռնվածություն, սակայն բարձր են գնահատում էթիկական հավասարակշռության և լեզվական պատասխանատվության կարևորությունը։
  5. Խաղաղ հաղորդակցությունը դիտվում է որպես մեդիա էթիկայի նոր ուղղություն, որը միավորում է լեզվական պատասխանատվությունը, զգացմունքային ինտելեկտը և սոցիալական վստահության վերականգնումը։

Առաջարկություններ և հետագա ուսումնասիրության ուղղություններ

Ուսումնասիրթյան արդյունքում ձևավորել ենք հետևյալ առաջարկային փաթեթը՝ ոլորտի մասնագետներին և հետաքրքրված անձանց լայն շրջանակներին:

1. Մեդիա կրթության ծրագրերում ընդգրկել հուզական գրագիտության և ոչ բռնի հաղորդակցության բաղադրիչներ

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ մեդիա սպառման ընթացքում առաջացող հուզական արձագանքները էականորեն ազդում են տեղեկատվության ընկալման, սոցիալական վարքագծի և հանրային հաղորդակցության վրա։ Այս համատեքստում անհրաժեշտ է, որ մեդիա կրթության ծրագրերը չսահմանափակվեն միայն տեխնիկական կամ տեղեկատվական հմտություններով, այլ ներառեն նաև հուզական գրագիտության և ոչ բռնի հաղորդակցության բաղադրիչներ։

2. Լրագրողների համար մշակել մեդիա բովանդակության հուզական ազդեցության գնահատման ուղեցույցներ

Հաշվի առնելով մեդիայի բարձր ազդեցությունը հանրային տրամադրությունների վրա՝ կարևոր է լրագրողների համար ստեղծել գործնական ուղեցույցներ, որոնք կօգնեն գնահատել հրապարակվող բովանդակության հուզական ազդեցությունը լսարանի վրա։ Նման ուղեցույցները կարող են ներառել հարցեր և չափանիշներ՝ վերնագրերի, լեզվական ընտրությունների, պատկերների և ներկայացման տոնի վերաբերյալ։

3. Խրախուսել խաղաղ լեզվի և ոչ բևեռացնող ձևակերպումների կիրառումը մեդիայում

Լեզուն հանդիսանում է մեդիայի հիմնական գործիքը և ունի ուղղակի ազդեցություն հանրային երկխոսության որակի վրա։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բևեռացնող, մեղադրական կամ ագրեսիվ ձևակերպումները խորացնում են հասարակական բաժանումները և խաթարում կառուցողական քննարկման հնարավորությունը։

4. Զարգացնել մեդիագրագիտության ծրագրեր, որոնք միավորում են փաստերի քննադատական վերլուծությունն ու հուզական ինքնակարգավորումը

Ժամանակակից մեդիա միջավայրում մեդիագրագիտությունը պետք է դիտարկվի որպես համապարփակ հմտություն, որը ներառում է ոչ միայն փաստերի ստուգումը և աղբյուրների վերլուծությունը, այլև սեփական հուզական արձագանքների ճանաչումը և կառավարումը։ Ուսումնասիրության տվյալները վկայում են, որ մեդիա մանիպուլյացիաները հաճախ ազդում են հենց հուզական մակարդակում։

Ուսումնասիրության ընթացքում ձևավորվեցին մի շարք հնարավոր ուղղություններ, որոնք կարող են զարգացնել թեման թե՛ տեսական, թե՛ կիրառական մակարդակներում․

  1. Խաղաղ հաղորդակցության մոդելների ներդրում լրագրողական կրթության մեջ ուսումնասիրել, թե ինչպես կարելի է ՈԲՀ մոտեցումները ներառել լրագրության ուսուցման ծրագրերում։
  2. Լսարանի հուզական արձագանքների համեմատական վերլուծություն տարբեր հարթակներում. համադրել սոցիալական մեդիայի, հեռուստատեսության և տպագիր մամուլի ազդեցությունները՝ նույն թեմաների դեպքում։
  3. Լրագրողների հոգեբանական բարեկեցության ուսումնասիրություն. դիտարկել հոգնածության, այրման (burnout) և տեղեկատվական սթրեսի կապը բովանդակության որակի և լեզվական ընտրության հետ։
  4. Մեդիագրագիտության և խաղաղ հաղորդակցության խաչմերուկային կրթական մոդելների մշակում. ստեղծել մեթոդական ձեռնարկ կամ առցանց գործիք, որը կմիավորի մեդիա վերլուծությունը և NVC պրակտիկաները։
  5. Մեդիա լեզվի ազդեցությունը հասարակական խաղաղության ընկալման վրա. ուսումնասիրել, թե ինչպես են բառերի ընտրությունը, վերնագրերի տոնը և պատկերների օգտագործումը ազդում սոցիալական վստահության մակարդակի վրա։

Սահմանափակումներ

Սույն ուսումնասիրթյունը, ինչպես ցանկացած սոցիալական և միջգիտակարգային ուսումնասիրություն, իրականացվել է որոշակի մեթոդաբանական և համատեքստային սահմանափակումների պայմաններում։ Ուսումնասիրությունը հիմնված է հիմնականում ինքնահաշվետվության մեթոդի վրա (առցանց հարցաշար), ինչը ենթադրում է, որ մասնակիցների պատասխանները կարող են ազդված լինել սուբյեկտիվ ընկալումներից, հուզական վիճակից կամ սոցիալապես ընդունելի պատասխաններ տալու ձգտումից։

Բացի այդ, հարցման առցանց ձևաչափը սահմանափակել է այն անձանց մասնակցությունը, ովքեր չունեն կայուն ինտերնետ հասանելիություն կամ ակտիվ ներգրավվածություն թվային հարթակներում, ինչի հետևանքով նմուշը կարող է առավել ներկայացուցչական լինել մեդիա ակտիվ լսարանի համար։ Տարածքային ընդգրկումը չի սահմանափակվել, սակայն տվյալների հավաքագրման ձևաչափը չի թույլ տվել իրականացնել համեմատական վերլուծություն տարբեր տարածաշրջանների միջև, ինչը կարող էր հավելյալ խորություն հաղորդել արդյունքներին։

Հարկ է նաև նշել, որ ուսումնասիրությունը կենտրոնացած է մեդիա սպառողների և լրագրողների հուզական արձագանքների ինքնագիտակցված շերտի վրա և չի ներառում խորքային հոգեբանական չափումներ կամ երկարաժամկետ դիտարկումներ։ Այս հանգամանքը սահմանափակում է արդյունքների ընդհանրացման հնարավորությունը, սակայն միևնույն ժամանակ ապահովում է ուսումնասիրության համապատասխանությունը իր հիմնական նպատակին՝ բացահայտել մեդիայի հուզական ազդեցության ընկալումը և ոչ բռնի հաղորդակցության կիրառելիության հնարավորությունները։

Վերջապես, ուսումնասիրությունը իրականացվել է կոնկրետ սոցիալ-քաղաքական և տեղեկատվական միջավայրում, ինչը կարող է ազդել մասնակիցների արձագանքների վրա։ Հետևաբար, արդյունքները պետք է դիտարկվեն տվյալ ժամանակահատվածի և համատեքստի շրջանակում՝ որպես մեկնակետ հետագա, ավելի խորքային ուսումնասիրությունների համար։