2025 թվականին Արին Բերդ փողոցի բնակիչներին քաղաքապետարանից հուսադրել էին՝ փողոցը կնորոգվի։ Արդեն 2026-ն է, սակայն փողոցի պատկերը նույնն է՝ անանցանելի փոսեր ու քանդված ծածկույթ, որն ամեն անձրևից հետո վերածվում է իսկական ծուղակի թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։
Ըստ քաղաքապետարանի պաշտոնական պարզաբանման՝ փետրվար ամսվա անբարենպաստ եղանակը թույլ չի տվել սկսել լայնամասշտաբ աշխատանքներ։ Այս պահին մայրաքաղաքում իրականացվել է ընդամենը 10,000 քառակուսի մետր փոսալցում, մինչդեռ բյուջեով նախատեսված է շուրջ 200,000 քառակուսի մետր։ Թեև աշխատանքները պետք է ավարտվեն մինչև դեկտեմբեր, հստակ ժամանակացույց դեռևս չկա։
Թաղապետարանի պատասխանը
Մենք փորձեցինք պարզել, թե վերջին անգամ երբ է փողոցը նորոգվել, սակայն Էրեբունու թաղապետարանից մեր բանավոր հարցմանը պատասխանեցին, որ նման տվյալներ չունեն։ Ավելի ուշ մենք գրավոր հարցում ուղարկեցինք թաղապետարան, որի պատասխանից պարզ դարձավ, որ երկու շաբաթ առաջ արդեն իրականացվել են ժամանակավոր բարեկարգման աշխատանքներ։ Ըստ պաշտոնական գրության՝ 2026-ի բյուջեով նախատեսվում են միջին մակարդակի բարենորոգման աշխատանքներ, սակայն հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում։
Մինչ պաշտոնյաները քննարկում են նախագծերը, բնակիչները շարունակում են բախվել խնդրին։
«Երկար տարիներ է, որ վատ են ճանապարհները։ Խնդիրն այն է, որ անձրևների ժամանակ, երբ ցեխ է լինում, չենք կարողանում տեղաշարժվել։ Տրանսպորտ չի աշխատում, տաքսիները հրաժարվում են գալ, վարորդներն էլ բողոքում են, որովհետև փողոցները քարուքանդ են, անձրևների ժամանակ ջուրը ողողում է ամբողջ տարածքը»։— բողոքում է Վարդուհի Մխիթարյանը:
Պաշտոնյաների հակասող հայտարարությունները
Դեռ 2025-ին քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի, սակայն հայտ չի ներկայացվել։
Սակայն 2026 թվականի ասուլիսի ժամանակ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ այս փողոցը չի եղել ո՛չ 2025-ի, ո՛չ 2026-ի բյուջեի ծրագրում։ Հաշվի առնելով նշված իրավիճակը՝ փոխքաղաքապետը պնդում է, որ հիմնանորոգումը կիրականացվի՝ հաշվի առնելով քաղաքացիներին տրված հանրային խոստումը։ Ըստ նրա՝ թեև Արին Բերդ փողոցի հիմնանորոգումն այս պահին բյուջեում ներառված չէ, առկա է պատրաստի նախագիծ։
Հարց է առաջանում. եթե կա նախագիծ և խոստում, ապա ինչո՞ւ է թաղապետարանը խոսում միայն «միջին մակարդակի» աշխատանքների մասին։ Մինչ տարբեր օղակներ կփորձեն համաձայնեցնել իրենց տերմինաբանությունն ու անելիքները, Արին Բերդ փողոցը շարունակում է մնալ փորձություն թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Մեզ մնում է հետևողական լինել՝ արդյո՞ք տրված խոստումները կրկին կմնան թղթի վրա, թե՞ խնդիրը վերջապես կլուծվի։