03.18.2026
Կատեգորիա
Հասարակություն
ընթերցանություն

Ժամանակակից տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն մարդկանց առօրյան, այլև ընթերցանության մշակույթը։ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, երիտասարդները աստիճանաբար փոխում են ընթերցանության ձևերը՝ թղթային գրքերից անցնելով թվային և լսողական տարբերակների։

Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի (International Publishers Association) 2021-2022թթ.տվյալների համաձայն՝ էլեկտրոնային գրքերը կազմում են գրքերի ընդհանուր վաճառքի ավելի քան 20%-ը, մինչդեռ թղթային գրքերը շարունակում են պահպանել շուկայի հիմնական բաժինը՝ մոտ 70-75%։

Թվային գրքերի տարածմանը մեծապես նպաստում է սմարթֆոնների և այլ սարքերի հասանելիությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդ ընթերցողները հաճախ ընտրում են էլեկտրոնային գրքերը, քանի որ դրանք հասանելի են ցանկացած վայրում և թույլ են տալիս միաժամանակ պահել մեծ թվով գրքեր։

«Եթե նախկինում գրքերը վերցնում էի գրադարանից, հիմա հիմնականում հեռախոսով եմ կարդում։ Երբեմն նույնիսկ մի քանի գիրք ունեմ բացված միաժամանակ։ Բայց հետաքրքիրն այն է, որ քննություններին պատրաստվելիս նորից վերադառնում եմ թղթային գրքին․ կարծես ավելի հեշտ եմ հիշում և ավելի արագ եմ կենտրոնանում», — պատմում է ուսանողուհի Անահիտը։ 

Աճում է նաև աուդիոգրքերի պահանջարկը։ Միջազգային վերլուծական ընկերության (Mordor Intelligence reports) տվյալներով՝ համաշխարհային աուդիոգրքերի շուկան աճում է տարեկան միջինը ավելի քան 10%-ով և առաջիկա տարիներին կանխատեսվում է շուկայի շարունակական ընդլայնում։

«Վերջին տարիներին հաճախ ենք տեսնում, որ երիտասարդները գալիս են, նայում գրքերը, լուսանկարում կազմը և ստուգում՝ կա՞ արդյոք օնլայն տարբերակ։ Բայց մի հետաքրքիր միտում էլ կա․ շատերը գրքերը գնում են որպես նվեր կամ հավաքածուի մաս», - պատմում է Արմինե Ավետիսյանը՝ գրախանութի աշխատակցուհին։

Թվային ընթերցանության աճը անդրադառնում է նաև գրադարանների գործունեության վրա։ Միջազգային գրադարանային հետազոտությունները (IFLA) ցույց են տալիս, որ որոշ երկրներում նվազում է ֆիզիկական գրադարանների այցելությունների թիվը, սակայն աճում է էլեկտրոնային գրադարաններից օգտվելու ցուցանիշը։

Հայաստանում ևս գրադարանները աստիճանաբար ներդնում են թվային ծառայություններ և ընթերցողներին առաջարկում առցանց նյութերի հասանելիություն։

Հայաստանի ազգային գրադարանի 2026թ.-ի տվյալներով՝ գրադարանի ֆոնդում առկա է մոտ 470 հազար էլեկտրոնային նյութ, մինչդեռ տպագիր նյութերի թիվը գերազանցում է մեկ միլիոնը։ Այս տվյալները վկայում են ընթերցանության թվայնացման միտման մասին։

Սակայն ընթերցանության ձևերի փոփոխությունը չի նշանակում ընթերցանության անկում։ Ընթերցանությունը շարունակում է մնալ արդիական՝ պարզապես հարմարվելով ժամանակի պահանջներին։

Մարիամ Հակոբյան