Երևանի գրեթե բոլոր համայնքներում ընթացող ակտիվ շինարարությունը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում քաղաքի բնակիչներին։ Թույլատրելի սահմանները գերազանցելով՝ շինարարական փոշին երևանցիների առօրյայի անբաժանելի մասն է դարձել։ Ուշագրավ է այն, որ միաժամանակ չի նկատվում կանաչ տարածքների ծավալների մեծացում, ընդհակառակը՝ դրանք օրեցօր կորցնում են իրենց դերակատարությունն ու կտրուկ նվազում։ Հատկապես վերջին երեք տասնամյակների ընթացքում մայրաքաղաքի կանաչ տարածքները ենթարկվել են զգալի քանակական և որակական կորուստների։
2017թ-ին Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակված «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում նշված էր, որ դեռ 2015-ին Երևանի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը կազմում էր մոտ 6760 հեկտար՝ թվով տպավորիչ, բայց իրականում լուրջ մարտահրավերների առջև կանգնած ցուցանիշ։ Չնայած 2015թ․-ի համեմատ մայրաքաղաքում մի քանի անգամ ակտիվացել է քաղաքաշինությունը, որի մեծ մասը իրականացվում է կանաչ գոտիների հաշվին, հանրայնացված բոլոր պաշտոնական փաստաթղթերում կանաչ տարածքների ընդհանուր մակերեսի մասին տվյալները մնացել են անփոփոխ՝ ներառյալ քաղաքի զարգացման պլանում, տարեկան հաշվետվություններում և զեկույցներում։
Քաղաքաբնակ մեկ անձին հասնող մոտ 7.6 քառակուսի մետրը չի բավարարում անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նվազագույն չափանիշը՝ 9 քմ, իսկ ժամանակակից քաղաքների համար ընդունված 20 քմ ցուցանիշի հետ համեմատությունն առավել մտահոգիչ է դառնում։ Այս թվերից կարելի է ենթադրել, որ Երևանի քարտեզի վրա նշված կանաչ գոտիներից շատերը պարզապես ֆորմալ են՝ անանցանելի, չմշակված կամ մասնավորեցված տարածքներ, որոնցով բնությունը քաղաքին չի ծառայում այնպես, ինչպես պետք է ծառայի ժամանակակից քաղաքային էկոհամակարգում։
Փաստացի ստացվում է, որ այսօր քաղաքը չունի բնական կանաչ «պատնեշներ»՝ դիմակայելու քաղաքաշինության և բուսականության բացակայության պատճառով առաջացող փոշուն և քամուն։
«30-40 տարիների ընթացքում մեր հիմնական «տրավման» կապված է կանաչ գոտիների հետ։ Եթե որևէ կանաչ տարածք կտրվում և փոխարինվում է, իրապես, մենք շատ հիմնավոր պետք է լինենք»,-ասել է քաղաքապետ Տ․ Ավինյան։
Մաասնագետները փաստում են՝ Ֆունկցիոնալ կանապաչատումն առաջին հերթին պահանջում է ունենալ պաշտպանություն օդի աղտոտվածությունից՝ փոշուց, վնասակար նյութերից։ Հարց է առաջանում՝ արդյոք հենց սակուռա ծառատեսակն է այդ ֆունկցիան ավելի լավ կատարում, քան ծառերի տեղական տեսակները։
«Մայրաքաղաքի կենսաբազմազանության ապահովման համար ծայրահեղ կարևոր է խոշոր կանաչ տարածքների ավելացումը: Այսօր շատ ծառեր հատվում են՝ ըստ պաշտոնական պատճառաբանության՝ «հիվանդ լինելու» կամ «նորմերին չհամապատասխանելու» պատճառաբանութ, բայց շատ դեպքերում չկա անկախ փորձաքննություն, իսկ նոր տնկվող ծառերը դեկորատիվ են և չեն փոխարինում նախկին բնական բազմազանությունը և ստվերապաշտպանությունը։ Փոքր երեխաների, տարեցների, ողջ ընտանիքների համար կանաչ տարածքները կարևոր են, բայց դրանք քիչ են, կամ՝ խիստ վատ վիճակում։ Բոլորովին վերջերս Չինաստանում կատարվել է մի լայնածավալ հետազոտություն, որի արդյունքների համաձայն՝ օդային ավազանի աղտոտվածության պայմաններում գտնվող երկրներում երեխաների մոտ ավելի շատ են գրանցվում աուտիզմի և աուտիզմի սպեկտորի խանգարման հիվանդությունները»,- նշեց բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., միջազգային փորձագետ Քրիստինա Վարդանյանը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը հայտնել էր, որ Երևանի մի քանի փողոցներում կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով և սակուռաներով։
Ներկայիս իրավիճակը, սակայն, ձևավորվել է ոչ թե մեկ որոշման կամ մեկ ժամանակահատվածի արդյունքում, այլ տարիների ընթացքում փոխված քաղաքաշինական մոտեցումների հետևանքով։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ է կորցրել Երևանը և ինչու են այսօր կանաչ տարածքները ընկալվում որպես պակասող ռեսուրս, անհրաժեշտ է հետ գնալ մինչև 1990-ականները՝ այն ժամանակաշրջանը, երբ մայրաքաղաքը դեռ ուներ համակարգված, պլանավորված և տարածականորեն հավասարակշռված կանաչապատում, որը չէր դիտվում որպես երկրորդական հավելում, այլ հանդիսանում էր քաղաքաշինական պարտադիր բաղադրիչ։
Մինչ 90-ականների զանգվածային հատումները Երևանն ուներ պլանավորված կանաչապատում, որը տարածվում էր բոլոր գլխավոր թաղամասերում և փողոցներում։ Քաղաքի բոլոր նորակառույց թաղամասերում միանգամից իրականացվում էր բակերի և փողոցների կանաչապատում և նախատեսված էին հանգստի կանաչ գոտիներ։ Կանաչապատ տարածքների զգալի կորստի ժամանակաշրջաններից էր 1990-ականների էներգետիկ ճգնաժամը։ Այս տարիներին Երևանի հազարավոր ընտանիքներ ծառեր էին կտրում՝ ջեռուցվելու համար։ Սակայն, եթե գործընթացը սահմանափակվեր միայն այդ փուլով, ապա հետագա տարիներին պետք է տեղի ունենար կանաչապատման վերականգնում։ Բայց դա տեղի չունեցավ։ Ընդհակառակը՝ ճգնաժամից հետո ծառահատումները ոչ միայն չդադարեցին, այլ ստացան նոր, առավել վտանգավոր բնույթ։ Եթե 90-ականների սկզբին ծառը կտրվում էր գոյատևելու համար, ապա արդեն տասնամյակի կեսից այն սկսեց կտրվել շահույթի համար։ Կանաչ տարածքները վերաիմաստավորվեցին՝ ոչ թե որպես հանրային բարիք, այլ որպես քաղաքաշինական ռեսուրս։ Քաղաքի քարտեզի վրա այգին սկսեց ընկալվել որպես «ազատ տարածք», որի նշանակությունը հնարավոր է փոխել, հանձնել վարձակալության, մասնավորեցնել կամ կառուցապատել։
Նորքի այգիները կամ Երևանի «թոքերը»
1940-1950-ական թվականներին Նորքի բարձունքում ձևավորված շուրջ 478 հեկտար կազմող կանաչ զանգվածներից մեկը կամ Երևանի «թոքերը» նույն ճակատագրին արժանացավ․ 90-ականներին այն սկզբում ամայացավ՝ վառելիքի կարիքների պատճառով, իսկ հետագայում այդ նույն ամայացումը դարձավ հիմնավորում առանձնատնային կառուցապատման համար։ Նորք-Մարաշ թաղային համայնքի գոտիավորման նախագիծը հաստատվեց 2007-ի դեկտեմբերի 12-ին։ Անտառներից մնաց 56,7 հեկտարը։ Այստեղից էլ սկսվեց Նորքի անտառների նախկին լայնամասշտաբ տարածքի վաճառքը տարբեր անձանց ու ընկերությունների։ Այն փաստը, որ այգիները ոչ միայն էկոլոգիական, այլև պաշտպանիչ նշանակություն ունեին, գործընտացի իրականացմանը չխոչտնդոտեց։
«Սենց, որ նայես՝ երբեք չես կարա պատկերացնես, որ ըտեղ էդքան ծառ ա եղել։ Ճգնաժամի տարիներին, իհարկե, ծառերը փրկեցին մարդկանց։ Տարիներ անց, երբ արդեն էներգետիկ ճգնաժամ չկար, ծառերը էլ հո չվերականգնվեցին։ Փոխարենը սկսեցին կառուցել։ Տեսանք, թե ինչպես անտառի տեղում հայտնվեցին առանձնատներ, հետո՝ ավելի մեծ շենքեր։ Այսօր այստեղ ծառ համարյա չկա, օդը՝ ծանր, իսկ երեխաներին տանելու տեղ չկա՝ նստեն, խաղան, քայլեն։ Երբ ասում են՝ ծառերը հիվանդ էին կամ նորմերին չէին համապատասխանում, ես միշտ մտածում եմ՝ իսկ ո՞վ ա որոշել դա։ Ո՞վ է որոշել, որ այն անտառը, որի մեջ մենք մեծացել ենք, պետք է վերանա»,- պատմեց Նորքի բնակիչը։
Հաղթանակ զբոսայգին
Նույն ճակատագրին արժանացան Հաղթանակ զբոսայգու մի շարք հատվածներ։ Զբոսայգին, որը պետք է լիներ անխախտ հանրային տարածք, տարիների ընթացքում մասնատվեց՝ փոքր հողակտորների վերածվելով, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր սեփական պատմությունը՝ վարձակալություն, օտարում, կառուցապատում կամ կիսակառույց վիճակ։
Դալմայի այգիներ
Մինչեվ վերջերս Երևանի Դալմայի այգիների տարածքը 750հա էր։ 2004 թ. ՀՀ կառավարությունը քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք որոշում կայացրեց օտարել այգիների մի մասը։ Որոշվեց այգիների տարածքից կանաչապատ թողնել միայն 256 հեկտարը։
Օտարման արդյունքում այգիների միջով կառուցվեց մայրուղի։ Օտարված մնացած մասը հատկացվեց կառուցապատողներին։ Այժմ Դալմայի այգիների տարածքը 238 հա է, որոնցից 35 հա-ի վրա իրականացվում են գյուղատնտեսական աշխատանքներ: Կանաչապատ տարածքներ են համարվում 63 հա, իսկ 115 հեկտարը չոր հողեր են։ Այսինքն, այգու 48%-ը չոր և անմշակ հողեր են։ Նույնիսկ այստեղով հոսող Հրազդանի ջրանցքը հարմարեցված չէ ջրօգտագործման համար։ Այս տարածքում ստեղծված Երևան պարկ ատրակցիոնների կենտրոնը կազմում է 27,66 հա: Ըստ ՀԵՏՔ-ի տարածքի ընդհանուր մակերեսի 7%-ը նախատեսված է կառուցապատման՝ շենքերի, շինությունների և ատրակցիոն սարքավորումների, ջրային մակերեսների համար, 23%-ը՝ ճանապարհների, արահետների և ավտոկայանատեղիների համար, մնացած 70%-ը՝ կանաչ գոտիների համար:
Անմխիթար ու անխնամ Դալմայի այգիները և Երևանյան լճի տարածքը մեծ ներուժ ունեն։ Այդ երկու վայրերի վերարժևորման նպատակով «Տարբերակ» ճարտարապետական արվեստանոցը առաջ է քաշել Դալմայի այգիների և Երևանյան լճի տարածքի միավորման միտքը։
«Գաղափարը ծնվեց պատերազմից հետո, երբ բազմաթիվ պուրակներ, ցայտաղբյուրներ էին կառուցվում՝ ի հիշատակ զոհված զինծառայողների։ Դալմայի այգիների այս հատվածը սկզբնական շրջանում պետք է դառնար «Կյանքի պուրակ»։ Տարածքը ճարտարապետորեն ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ սա ամենամեծ հողակտորն է, որ կարող է որպես ռեգրացիոն գոտի ծառայել Երևանին։ Կար մոտեցման խնդիր՝ այն բարեկարգ չէր, հողերը վարձակալված էին․ նույն խնդիրը նաև Երևանյան լճի դեպքում։ Հասկացանք, որ Երևանյան լիճը չունի հող իսկ Դալմայի այգիները՝ ջուր, և այս երկուսի միացումը միանշանակ նպատակահարմար է։ Քաղաքապետարանը նույնպես աջակցեց ծրագրի իրականացմանը իսկ «Կյանքի պուրակ» ծրագիրը տեղափոխվեց Երևանի Բուսաբանական այգի»,-նշում է «Տարբերակ» արվեստանոցի համահիմնադիր Արմեն Հակոբյանը։
90-ականների զանգվածային հատումներից և կանաչ տարածքների վերաիմաստավորումից հետո Երևանը մտավ մի փուլ, երբ այգիները այլևս չվերականգնվեցին որպես ամբողջական համակարգ, այլ պահպանվեցին միայն հատվածաբար՝ որպես առանձին, հաճախ մեկուսացված տարածքներ։
Պաշտոնապես Երևանի այգիների և կանաչ տարածքների խնամքն ու վերահսկողությունը իրականացվում է քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից։ Սակայն համակարգը բարդանում է այն հանգամանքով, որ մի շարք այգիներ տարիներ շարունակ հանձնված են եղել մասնավոր կազմակերպություններին՝ վարձակալության կամ կառավարման պայմանագրերով։ Այս մոդելը հաճախ ներկայացվել է որպես արդյունավետ լուծում, բայց գործնականում հանգեցրել է պատասխանատվության լղոզման։ Երբ այգին խնամված չէ կամ այնտեղ կատարվում են վիճահարույց միջամտություններ, պարզ չէ՝ պատասխանատուն քաղաքապետարանն է, ՀՈԱԿ-ը, թե մասնավոր վարձակալը։
Հատկապես խնդրահարույց են այն այգիները, որտեղ վարձակալական պայմանագրերը թույլ են տվել կառուցապատման կամ ատրակցիոնների տեղադրման լայն հնարավորություններ։ Այսպիսի օրինակներ կան Օղակաձև զբոսայգու տարբեր հատվածներում, Դալմայի այգիների հարակից տարածքներում, ինչպես նաև որոշ թաղամասային այգիներում, որտեղ ժամանակավոր շինությունները տարիների ընթացքում դարձել են մշտական։ Արդյունքում այգին աստիճանաբար կորցրել է իր առաջնային գործառույթը՝ որպես կանաչ, հանգստի և էկոլոգիական հավասարակշռության տարածք։
Կենտրոն վարչական շրջանում կենտրոնացած են ամենահայտնի և համեմատաբար խնամված այգիները՝ Օղակաձև զբոսայգին, Անգլիական այգին, Մաշտոցի պուրակը, Սիրահարների այգին, Երևանի 2800 ամյակին նվիրված այգին և այլն, որոնք մշտապես գտնվում են հանրային ուշադրության ներքո և հաճախ դառնում են քաղաքային միջոցառումների հարթակներ։ Սակայն հենց այս կենտրոնացվածությունը խորացնում է անհավասարությունը՝ քաղաքի մյուս հատվածները թողնելով կանաչի պակասի մեջ։
Մինչդեռ ծայրամասերում գտնվող այգիները հաճախ նույն ուշադրությանը չեն արժանանում։ Աջափնյակ, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում գտնվող այգիների զգալի մասը տարիներ շարունակ վերանորոգվում է, նոր ծառերով հագենում, սակայն սրանք միշտ չեն որպես թթվածնի աղբյուր հանդիսանում․ դրանք դեկորատիվ ծառեր են։ Հիմնակնում խորհրդային տարիներին կառուցված այգիներն են, որոնք չեն վերանորոգվել, չունեն ոռոգման կայուն համակարգ, նստարաններ կամ լուսավորություն։ Այս այգիները փաստացի դուրս են եկել քաղաքային կյանքի ակտիվ հոսքից, թեև հենց այդ թաղամասերում է ապրում Երևանի բնակչության զգալի մասը։
Այգիներում ծառահատումներին բազմիցս անդրադառնում են նաև անհատները, էկոակտիվիստներն ու բնապահպանները։ Էկոակտիվիստ Էդուրդ Հայրումյանն արդեն տարիներ շարունակ ակտիվ բնապահպանակ գործունեություն է ծավալում և իր սոցկայքերում կիսվում մի շարք բնապահպանական և քաղաքային այլ խնդիրներով։ Անդրադառնալով բուսաբանական այգում մի քանի տասնյակ ծառերի ոչնչացմանը՝ Էդուարդը գրառում էր կատարել՝ հորդորելով պատասխանատուներին անդրադառնալ խնդրին։
«Վերջերս մի քանի տեղից լսեցի, որ այգում կանաչ ծառեր են հատվում, ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որ բուսաբանական այգում նման բան հնարավոր է ու սկզբից ուշադրություն չէի դարձնում։
Բայց այսօր որոշեցի անձամբ գնալ ու իմ աչքով տեսնել ու ցավոք, տեսա այն ամենը՝ ինչ դուք հիմա տեսնում եք այս լուսանկարներում։
Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ըստ ականատեսների պատմածի վերջին մի քանի ամիսներին)։
Եթե ինչ որ մեկը կասի, որ այդ ծառերը չորացած էին, կասեք որ «ՍՏՈՒՄ Է», քանի որ՝
բոլոր հատված ծառերի կողքերում կար թափված մեծ քանակի թարմ կաղին և կաղնու տերևներ՝ ինչը փաստում է, որ ծառերը չորացած չէին, բոլոր հատված ծառերի բների կողքից կան նոր ծլած կանաչ շիվեր, Տարածքում կային իրոք չորացած այլ ծառեր (ոչ կաղնի) որոնք հատված չէին, փոխարենը հատված էին միայն կաղնու ծառեր, կաղնու ծառի փայտանյութն այսօր շուկայում ամենաարժեքավորն է (դուբից պառկետը վկա) ու հատված մեկ ծառի փայտանյութի շուկայական արժեքը կարող հասնել մի քանի միլիոն դրամի, Google-ի արբանյակային լուսանկարներում պարզ երևում է, որ այդ հատվածում բոլոր ծառերը կանաչ էին։
Սա ոճրագործություն է բուսաբանական այգու, բնության և Երևանի հանդեպ»։
Չուշացավ նաև Բուսաբանակն այգու պատասխանը․ պատասխանատուները վստահեցրին՝ մոտ 20 հատ ծառ հատվել է 2024 թ-ի աշնանը։ Մեկ տասնյակից ավելի կոճղերն ունեն մի քանի տարվա հատման վաղեմություն։
«Ներկայիս տնօրեն Ժաննա Հովակիմյանը որևէ կապ չունի ծառահատումների հետ, և նրա օրոք ոչ մի կաղնի և ոչ մի ծառ չի կտրվել։ Համաձայն ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի հրամանի` մասնագիտական հանձնախումբը 2025թ-ի մարտի 17-ին Երևանի բուսաբանական այգու դենդրոհավաքածուների հողամասում իրականացրել է կաղնու ծառուղու դիտարկում, ուսումնասիրություն։ Արդյունքում պարզվել է, որ ծառուղու երկարությամբ շուրջ 30 հատ կոճղ կա»,– ասված է հաղորդագրությունում։
Այսպիսով՝ քաղաքացիական և հասարակական սեկտորները պնդում են, որ որոշ այգիներ, խնամքի, պաշտպանության ու վերահսկողության բացթողումների արդյունքում, դարձել են կոմերցիոն կառուցապատման դաշտ։
Երբ այգիների վարձակալները պարտքերի տակ են, երբ որևէ վերահսկողություն, կանոնակարգ, պատասխանատվության համակարգ չկա՝ կանաչ տարածքները կամ քանդվում են, կամ դեգրադացվում կամ լավագույն դեպքում վերադարձվում քաղաքապետարանին։
Ավելի վաղ քաղաքապետը նշել էր, որ Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում՝ անմխիթար վիճակում հայտնված վարձակալությամբ տրամադրված այգիները համայնքին վերադարձնելու համար: Ակնհայտ օրինակներից է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգին, որը մի քանի տարի տևողությամբ դատական գործընթացներից հետո վերադարձվեց Երևանի քաղաքապետարանին և այժմ նորոգման և վերակառուցման փուլում է։
Երևանյան այգիների կրճատման և հանրային կանաչ տարածքների դեգրադացիայի քննարկումը անխուսափելիորեն բերում է մեկ կարևոր հարցի՝ արդյոք քաղաքային բնությունը դատապարտված է նահանջի, թե՞ այն կարող է վերածնվել քաղաքական կամքի մասնագիտական մոտեցման և երկարաժամկետ պլանավորման արդյունքում։
Մինչ Երևանում նախկին այգիները հաճախ ընկալվել են որպես «ազատ տարածք»՝ կառուցապատման կամ վարձակալության ենթակա, աշխարհի մի շարք քաղաքներ հակառակ ճանապարհն են անցել՝ անմշակ, անպիտան կամ լքված հողատարածքները վերածելով հանրային կյանքի առանցքային կանաչ միջավայրերի։ Այդ քաղաքներում կանաչ տարածքը դիտարկվել է ոչ թե որպես երկրորդական դեկոր, այլ որպես առողջապահական, սոցիալական և տնտեսական ներդրում։
Landschaftspark Duisburg-Nord — Դույսբուրգ, Գերմանիա
Նախկին ծանր արդյունաբերական կենտրոնը՝ Գերմանիայում։ Այսօր այն ծառայում է որպես այգի, հանգստի գոտի բնակիչների համար։
Parc de la Villette — Փարիզ
Նախկին մսի արդյունաբերական համալիր Փարիզում։ Այժմ՝ կանաչապատ գրավիչ տարածք և մշակութային կենտրոն։
Madrid Río — Մադրիդ
Մադրիդի նախկին M30 մայրուղին, որն այժմ ծառայում է որպես գետային լայն, կանաչ հանգստի գոտի, այգիներով և ծառատեսակներով հագեցած։
Այսպիսով՝ Երևանի կանաչ տարածքների վիճակը վկայում է ոչ թե առանձին բացթողումների, այլ երկար տարիների ընթացքում ձևավորված համակարգային ճգնաժամի մասին։ Քաղաքային բնությունը աստիճանաբար դուրս է մղվել հանրային արժեքների շարանից և վերափոխվել քաղաքաշինական ռեսուրսի, որի հաշվին իրականացվել են կառուցապատումներ, մասնավորեցումներ և վարձակալություններ։ Թեև պաշտոնական փաստաթղթերում պահպանվում են բարձր թվեր կանաչ տարածքների վերաբերյալ, իրականում դրանց զգալի մասը ֆորմալ է և չի կատարում իր էկոլոգիական ու սոցիալական գործառույթը։ Անկախ բարեփոխումներից՝ 1990-ականներից հետո ծառահատումները շարունակվեցին արդեն տնտեսական շահի տրամաբանությամբ, իսկ այգիները սկսեցին ընկալվել որպես «ազատ տարածքներ»՝ կառուցապատման համար։ Այսօր ծառերի հատումը հաճախ հիմնավորվում է «հիվանդ» լինելու պատճառաբանությամբ, սակայն անկախ փորձաքննության բացակայությունն ու դեկորատիվ ծառատեսակների ընտրությունը չեն փոխհատուցում կենսաբազմազանության և ստվերապաշտպանության կորուստը։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քաղաքական կամքի, իրավական պաշտպանության և մասնագիտական մոտեցման դեպքում հնարավոր է նախկին անմշակ տարածքները վերածել կենսունակ այգիների։ Երևանի դեպքում խնդիրը տարածքների պակասը չէ, այլ դրանց պահպանման և զարգացման տեսլականի բացակայությունը։ Առանց խոշոր կանաչ գոտիների իրական պաշտպանության և հանրային շահը առաջնահերթ դարձնելու, մայրաքաղաքը կշարունակի կորցնել ոչ միայն իր այգիները, այլ նաև առողջ և կայուն քաղաք լինելու հնարավորությունը։