03.23.2026
Կատեգորիա
Առողջապահություն
բժիշկ

«Երբեմն ծանոթներս ասում են, որ սա իմ տեղը չէ, հարցնում են՝ ինչու՞ չեմ աշխատում Երևանում»,-ասում է անոթային վիրաբույժ Մարինե Աղաջանյանը, ով, լինելով Երևանաբնակ, որոշել է աշխատել մարզում։ Նրա խոսքերով՝ շատ քչերն են ընտրում մարզային հիվանդանոցները, քանի որ Երևանում հնարավորությունները և պայմանները անհամեմատ ավելի բարենպաստ են։

Սա վկայում է Հայաստանի առողջապահական համակարգի խորքային խնդրի մասին՝  բժիշկների և բուժանձնակազմի անհավասար բաշխվածություն մայրաքաղաքի և մարզերի միջև։ Թեև ընդհանուր թվով մասնագետների պակաս չկա, մարզաբնակ քաղաքացիների համար որակյալ բժշկական օգնության հասանելիությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր։

Ըստ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանի՝ Հայաստանում բժիշկների ընդհանուր թիվը համապատասխանում է միջազգային ստանդարտներին՝ միջինում 10 հազար բնակչին 35 բժիշկ։ Բայց եթե Երևանում այդ թիվը 88 է, ապա Լոռիում՝ 25, Արմավիրում՝ 14, Գեղարքունիքում՝ 15,9։

«Այսինքն՝ մարզերում բժշկական օգնության հասանելիության լուրջ խնդիր ունենք»։-նշել է Զեյնալյանը ասուլիսում։

Նարեկ Զեյնալյան
 Նարեկ Զեյնալյան

Բժիշկ Մարիետա Ղազարյանը, ով աշխատում է Երևանում, կարծում է, որ խնդիրը ոչ միայն մասնագետների պակասն է, այլև՝ համակարգային թերությունը։

«Ցավալին այն է, որ հենց մարզերից եկած ապագա բժիշկներն են, որ չեն վերադառնում իրենց մարզ։ Մյուս խնդիրը՝ բուժառուների գործոնն է․ իրենք էլ միանգամից շտապում են Երևան։ Իսկ հիմնական պատճառը բժշկության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների անարդյունավետությունն է։ Շատ դեպքեր կարելի է վերահսկել հենց այնտեղ, բայց մարդիկ ուղղակի շրջանցում են այդ օղակը և հայտնվում հիվանդանոցում»,- նշում է բժիշկը։

Նպատակային կլինիկական օրդինատուրա

Առողջապահության նախարարությունը 2012թ.-ից իրականացնում է նպատակային կլինիկական օրդինատուրա ծրագիրը։ Ծրագրով ընդունված օրդինատորները ամեն ամիս ստանում են կրթաթոշակ։ Եթե նախորդ տարիներին ուսանողները պետք է ավարտելուց հետո 5 տարի աշխատեին մարզային բժշկական կենտրոններում, ապա 2020թ.-ից 3 տարի պայմանագրով։

2022թ.-ին Ազգային ժողովում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ ընդունվեց, որը վերաբերում էր կադրային պակասի կարգավորմանը։ Նախագծով նախատեսվում է, որ այն ուսանողները, ովքեր ընդունվում են բժշկական համալսարան պետպատվերով, ավարտելուց հետո պարտավոր են աշխատել այն հիվանդանոցներում, որտեղ կա տվյալ մասնագետի պակաս։ Մեծ պահանջարկ ունեցող մասնագետներն են մանկաբույժները, թերապևտները, ընտանեկան բժիշկները։ Այդ բժիշկների համար սահմանվում են նաև սոցիալական երաշխիքներ՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, բնակարանային վարձավճարի և կոմունալ վճարների որոշակի փոխհատուցում։

Լավ օրինակ է բժիշկ Մարիամ Մարկոսյանը, ով Երևանից մշտական աշխատանքի է տեղափոխվել Դիլիջանի ԲԿ, ինչը հույս է առաջացնում, որ ճիշտ մոտիվացիոն ծրագրերի դեպքում մասնագետները պատրաստ կլինեն աշխատել նաև մարզերում։

ՈւՁՀ մասնագետ Գեորգի Մանուկյանը նշում է, որ որոշ բժիշկներ շաբաթական մեկ-երկու օր համատեղում են մարզային աշխատանքը։

«Բայց այստեղ խնդիրը շատ ավելի խորքային է։ Պատկերացրեք՝ սրտամկանի ինֆարկտով մարդը պետք է տասնյակ կամ հարյուրավոր կիլոմետրեր անցնի՝ հասնելու ԲԿ, որտեղ իրեն կօգնեն։ Տեղեր կան, որտեղ նույնիսկ ռենտգենի ապարատները չեն աշխատում։ Սա պետական մակարդակի հարց է։ Եթե մի օր գիտակցվի, որ ԲԿ-ների և սարքավորումների համալրումը կենսական անհրաժեշտություն է, գուցե այս խնդիրը լուծվի»։

Սիսիան քաղաքի բնակչուհի Մարիամ Գ.-ն պատմում է, որ իր հղիության ամբողջ ընթացքում բուժզննում է անցել տեղի հիվանդանոցում, որտեղ միայն տարրական սարքավորումներով էին աշխատում։

«Ամեն անալիզի անգամ փոքր շեղման համար վախեցնում էին, թե երեխայի մոտ կարող է խնդիր լինել։ Համապատասխան սարքավորումներ չկային խնդիրը հաստատելու կամ մերժելու համար։ Արդյունքում ամեն անգամ ուղարկում էին Երևան՝ դոպլեր և սքրինինգ հետազոտությունների։ Ֆինանսապես էլ հեշտ չէր, էլ չասեմ որքան անհարմար էր՝ երեք ժամ ճանապարհ գնալը հղիության ընթացքում», - պատմում է Մարիամը։

Հայաստանի շատ մարզերում մարդիկ ստիպված են լինում ճանապարհ անցնել նույնիսկ ամենապարզ հետազոտության կամ խորհրդատվության համար։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ մարզային բժշկական կենտրոնների՝ նախարարության ենթակայության տակ անցնելու միջոցով հնարավոր կլինի լուծել այդ հաստատությունները որակյալ մասնագետներով հագեցնելու խնդիրը։ Այս գործընթացին զուգահեռ պետք է մարզային բժշկական կենտրոնները հագեցվեն ժամանակակից սարքավորումներով։

«2026թ․ առաջին 6 ամիսներին կբացվի Սիսիանի ԲԿ-ն, այս պահին էլ նորացվող ծառայությունների շրջանակը հաշվի առնելով՝ անընդհատ փոփոխում, ընդլայնում ենք սարքավորումների շրջանակը։ Մարտունի բժշկական կենտրոնը չուներ, օրինակ, համակարգչային շերտագրում, և նոր հիվանդանոցի տրամաբանության մեջ այն արդեն հագեցվել է»,- նշեց նախարարը և հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է մարզերում ընդլայնել նաև մամոգրաֆիկ ծառայությունները։
 

Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան

Միջազգային փորձը
 

Հարևան Վրաստանն ու Թուրքիան արդեն տարիներ շարունակ փորձում են լուծել նույն խնդիրը՝ մարզերում բժշկական կադրերի պակասը։ Բոլոր դեպքերում պետական քաղաքականությունը հիմնված է ֆինանսական խրախուսման, բնակարանային ապահովման և պարտադիր մարզային աշխատանքի սկզբունքների վրա։

Վրաստանում ևս բժիշկների մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաք Թբիլիսիում, իսկ լեռնային շրջանները մասնագետների պակաս ունեն։ Կառավարությունը վերջին տարիներին սկսել է ծրագրեր՝ ուղղված գյուղական վայրերում բժիշկների պակասը նվազեցնելուն։

Գործարկվել է «Rural Doctors Program», որի միջոցով երիտասարդ մասնագետներին առաջարկվում են բնակարանի վարձի կամ կոմունալների փոխհատուցում, ավելի բարձր աշխատավարձ, քան Թբիլիսիում և հեռավար վերապատրաստումներ որակի բարձրացման համար։

Վրաստանը նաև ներդրել է հեռաբժշկության համակարգ, որով Թբիլիսիի մասնագետները խորհրդատվություն են տալիս գյուղական հիվանդանոցներին։

Թուրքիայում գյուղական շրջաններում բժիշկների պակասը լուծելու համար գործում է պետական ծառայության պարտավորության ծրագիր։

Յուրաքանչյուր ավարտած բժիշկ պարտադիր է մեկ տարի ծառայել այն շրջաններում, որտեղ մասնագետների կարիք կա։ Կառավարությունը նաև տրամադրում է բնակարանային պայմաններ, ավելի բարձր աշխատավարձեր և գործուղումների փոխհատուցում։

Այս համակարգը թույլ է տվել, որ Թուրքիայի գրեթե բոլոր գավառական հիվանդանոցները ապահովված լինեն մասնագետներով։

Բացի տեղափոխման, բնակարանային և ճանապարհածախսի փոխհատուցումից, Կանադայի առողջապահական ծրագիրը ներառում է loan forgiveness (ուսանողական վարկերի չեղարկում) նրանց համար, ովքեր աշխատում են գյուղական շրջաններում առնվազն 3–5 տարի։

Ֆրանսիայում պետությունը սահմանել է «մեդիկալ անապատներ» հասկացությունը՝ այն տարածքների համար, որտեղ բժիշկների թիվը նվազագույն սահմանից ցածր է։ Այդ շրջաններում աշխատող բժիշկները ստանում են հարկային արտոնություններ և պետական սուբսիդիաներ, իսկ երիտասարդ բժիշկների համար՝ սոցիալական աջակցություն և բնակարանային ֆինանսավորում։

Հայաստանում բժշկական կադրերի պակաս թվային առումով չկա, բայց անհավասար բաշխվածությունն ու համակարգային թերությունները մարզերում շարունակում են խոչընդոտել որակյալ բուժօգնությանը հասանելիությունը։
Օրենքի փոփոխությունը կարող է լինել դրական քայլ, եթե այն կարողանա երկարաժամկետ պահել բժիշկներին մարզերում՝ ստեղծելով աշխատանքային, սոցիալական և մասնագիտական կայունություն։

Մինչ այդ, մարզերի հիվանդները դեռ շարունակում են իրենց ճանապարհը դեպի մայրաքաղաք՝ հույսով, որ հաջորդ անգամ բուժումն իրենց կողքին կլինի, ոչ թե երեք ժամ հեռավորության վրա։
 

Մելանյա Գրիգորյան