Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում նկատվող մտահոգիչ միտումը՝ բուհեր դիմողների թվի նվազումը փորձագետները կապում են կրթության դերի թերագնահատման, իսկ ուսանողները պրակտիկայի պակասի և թանկ վարձավճարների հետ։ Վերջին տարիներին որոշ մասնագիտություններում անգամ դիմորդներ չեն լինում, իսկ բուհերի հայտարարած տեղերի զգալի մասը մնում է թափուր։
Ըստ հանրապետության բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքների՝ 2025 թ. բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 10,970 դիմորդ, ինչը կազմում է հայտագրվածների 68.5 տոկոսը։ Մինչդեռ 2021 թ. Հայաստանի բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ ընդունվել է 17,208 ուսանող։ Այս ցուցանիշը վերջին հինգ տարիների ընթացքում ամենաբարձրն է եղել։
Վերջին երկու տարում բուհերում զգալի թվով թափուր տեղեր են մնացել։ Օրինակ՝ 2024 թվականի ընդունելության արդյունքներով թափուր էր մնացել շուրջ 6174 տեղ։ Սակայն 2025 թվականին այդ թիվը հինգ անգամ նվազել է՝ ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլերի ավարտից հետո հասնելով 1174-ի, որոնցից 219-ը՝ անվճար (պետպատվերով), իսկ 955-ը՝ վճարովի։ Թափուր տեղերի նվազումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կապում է ընդունելության տեղերի ավելի իրատեսական պլանավորման հետ։
Չնայած նրան, որ ագրարային մասնագիտությունների զարգացման նպատակով սահմանված են ուսանողական կրթաթոշակներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) 2025 թվականի տվյալներով՝ ամենաշատ թափուր տեղերը գրանցվել են հենց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ 85 անվճար և 226 վճարովի տեղ։ ԵՊՀ-ում թափուր են մնացել հատկապես ֆիզիկա և ֆարմացիա մասնագիտությունները։ Պոլիտեխնիկական համալսարանում ամենաշատ թափուր տեղերը եղել են տնտեսագիտություն և լոգիստիկա, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում՝ տեղեկատվական համակարգեր մասնագիտություններով։ Մանկավարժական համալսարանում թափուր տեղերի զգալի մասը եղել է պատմություն մասնագիտությամբ։
Փորձագիտական կարծիք
Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ դիմորդների թվի նվազումը բազմաշերտ երևույթ է, որը չի կարող բացատրվել միայն մեկ գործոնով. «Նախ՝ ժողովրդագրական անկումն արդեն տասնամյակներ շարունակ ազդեցություն է թողնում կրթության բոլոր մակարդակների վրա։ Երկրորդ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակը, հատկապես՝ եկամուտների ցածր մակարդակը։ Միաժամանակ կան համակարգային խնդիրներ՝ մասնագիտական կողմնորոշման բացակայություն, դպրոց-բուհ կապի թուլացում, միջին մասնագիտական կրթության դերի թերագնահատում և կրթության նկատմամբ վստահության անկում։ Արդյունքում շատ երիտասարդներ կամ ընտրում են ուսումն արտասահմանում, կամ ընդհանրապես չեն շարունակում կրթությունը համալսարանական մակարդակում»։
Աշխատաշուկան փոխում է կրթության ընտրությունը
Ըստ փորձագետի՝ երիտասարդների շրջանում բարձրագույն կրթության արժեքի ընկալումն աստիճանաբար փոխվում է նաև աշխատաշուկայի ու կրթության անհամապատասխանությունից։
«Դիմորդները հիմա նախընտրում են այն ոլորտները, որոնք խոստանում են բարձր եկամուտ և արագ կարիերայի աճ՝ իրավագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տնտեսագիտություն, բժշկություն: Մինչդեռ դասական հումանիտար և բնական գիտությունների ֆակուլտետները հաճախ չեն ապահովում աշխատանքային երաշխիքներ կամ համապատասխան վարձատրություն», - նշում է փորձագետ Մխիթարյանը։
Այսօր երիտասարդների մի մասը կարծում է, որ համալսարանական կրթությունը միշտ չէ, որ ապահովում է բարձր աշխատավարձ կամ կարիերայի աճ։ Որոշ ոլորտներում նույնիսկ առանց բարձրագույն կրթության հնարավոր է աշխատանք գտնել և եկամուտ ունենալ, ինչը նվազեցնում է բուհ ընդունվելու մոտիվացիան։
Արփինե Մանուկյանը պատմում է, որ գրաֆիկ դիզայների մասնագիտությունը ձեռք է բերել առանց բուհական կրթության՝ սկզբում վեցամսյա դասընթացով, ապա նաև այլ կուրսերով ու աշխատանքով:
«Այս մասնագիտության մեջ բարձրագույն կրթությունը, կարծում եմ, անհրաժեշտություն չէ. աշխատանքի ընդունվելիս պորտֆոլիոյիս ու փորձիս են նայում։ Նման դասընթացներն այսօր ակտուալ են, որովհետև կարճաժամկետ ու ֆինանսապես ավելի մատչելի են։ Բացի այդ՝ ավելի շատ պրակտիկ գիտելիքներ են տալիս, ավելի անհատականացված են. խմբերը փոքր են, և դասավանդողը կարողանում է յուրաքանչյուրին անհատապես մոտենալ, ինչը բուհերում՝ հատկապես մեծ կուրսերում, երբեմն անհնար է»,-նշում է նա։
Պրակտիկ գիտելիքի պակասը բուհերում
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ևս մեկ պատճառ է մատնանշում. ըստ նրա՝ ծրագրերի բովանդակությունն ու ուսուցման մեթոդները բավարար չափով պրակտիկ և արդիական չեն։ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող Սաթեն Թորոսյանը ևս առանձնացնում է այն, որ շատ բուհերում խնդիրը պրակտիկ գիտելիքի պակասն է.
«Պրակտիկ փորձ ձեռք բերելու կամ համալսարանի վարձը մուծելու համար շատերս հիմնականում աշխատում ենք, ինչն էլ այլ խնդիր է. դժվար է համատեղելը։ Համալսարանում ներկայության միավորներն են սահմանափակում, իսկ գործատուները ոչ միշտ են ուսանողների ընդունում աշխատանքի՝ դասերի գրաֆիկի պատճառով»։
Ուսման վարձերը և արտերկրում սովորելու կրթաթոշակները
Հայաստանի բուհերում ուսման վարձերը բավական տարբեր են․ պետական բուհերում դրանք սովորաբար տատանվում են 300 հազարից մինչև 1.2 մլն դրամ, մինչդեռ միջազգային և մասնավոր բուհերում կարող են հասնել 2–3 մլն դրամի։ Ամենաբարձր վարձավճարներն ունեն բժշկական, իրավաբանական և բիզնես ուղղվածության մասնագիտությունները։
Մեր բուհերի վարձավճարը համադրելի է տարածաշրջանի մի շարք երկրների ուսման վարձերի հետ, ինչն էլ պատճառ է, որ երիտասարդները սկսում են արտերկրում կրթություն ստանալը դիտարկել որպես առավել հեռանկարային տարբերակ՝ հատկապես այն երկրներում, որտեղ ուսման ֆինանսավորումը կամ կրթաթոշակները ավելի խրախուսող են։
«Ինքս կես տարի սովորել եմ Լեհաստանում՝ օգտվելով կրթաթոշակից։ Համալսարանիս վարձը և կեցությանս ամբողջ ծախսերը հոգացել եմ կրթաթոշակով։ Կրթաթոշակային նման ծրագրերն այսօր մեծ հնարավորություններ են ստեղծում. բնականաբար, շատերն էլ նախընտրում են փորձ ու կրթություն ձեռք բերել արտերկրում»,- արտերկրում սովորելու փորձով կիսվում է Սաթեն Թորոսյանը:
Մասնագետի առաջարկած լուծումները
Որպեսզի բարձրագույն կրթությունը կրկին գրավիչ դառնա երիտասարդների համար, ըստ փորձագետ Ատոմ Մխիթարյանի, պետք է փոխվի պետական մոտեցումը կրթության արժեքի և բովանդակության նկատմամբ:
«Առաջին հերթին անհրաժեշտ է իրական անցում կատարել կատարողականության վրա հիմնված ֆինանսավորման մոդելի՝ երբ բուհերը խրախուսվում են որակյալ կրթություն, գիտահետազոտական գործունեություն և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ծրագրեր առաջարկելու համար։ Երկրորդ՝ պետք է վերանայվի ընդունելության և գնահատման համակարգը, զարգացվի մասնագիտական կողմնորոշումը դպրոցական փուլից։ Երրորդ՝ բուհական կրթությունը պետք է դառնա առավել կիրառական՝ ներառելով պրակտիկաներ, ձեռնարկատիրական և նորարարական բաղադրիչներ։ Եվ վերջապես՝ անհրաժեշտ է բարձրացնել ուսանողի հանդեպ պետական վստահությունը՝ կրթությունը դիտարկելով ոչ թե որպես բեռ, այլ որպես երկրի զարգացման ռազմավարական ներդրում»,-պարզաբանում է նա։
Բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող փոփոխություններ
Բարձրագույն կրթության ոլորտում առաջիկա տարիներին նախատեսվում են համակարգային փոփոխություններ։ Մասնավորապես, 2025թ. նոյեմբերին ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը նպատակ ունի վերափոխել բուհական համակարգի կառավարման, ֆինանսավորման և որակի ապահովման մեխանիզմները։ Օրենքով նախատեսվում է բուհերի ինքնավարության ընդլայնում, գիտահետազոտական գործունեության խրախուսում, ինչպես նաև կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին։ Բացի այդ, քննարկվում են բուհերի խոշորացման և համագործակցության նոր մոդելներ, ինչպես նաև ակադեմիական քաղաք ստեղծելու նախագիծը, որի նպատակն է մեկ տարածքում համախմբել մի շարք համալսարաններ, գիտական կենտրոններ և հետազոտական ինստիտուտներ, ինչը կարող է նպաստել կրթության և գիտության որակի բարձրացմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։