03.23.2026
Կատեգորիա
Սպորտ
Դիմանկար
Լևոն Աղասյան

Մարզադաշտում ձեռք բերած կարգապահությունը, համբերությունն ու նպատակասլացությունը եռացատկորդ, Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն, Բալկանյան երկրների առաջնության յոթակի հաղթող, 2016 և 2020 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանին մեծապես օգնում են ձեռագործ կաշվե իրերի պատրաստման ոլորտում, որտեղ նույն նվիրվածությամբ աշխատում է ամեն մանրուքի վրա։ 

Աղասյանն այդ հատկանիշների շնորհիվ կարողանում է միավորել երկու տարբեր աշխարհներ՝ բարձր սպորտն ու ձեռագործ արհեստը՝ յուրաքանչյուրում գտնելով իր ստեղծագործությունն ու շարունակական զարգացումը։

Աղասյանի մարզական ճանապարհը սկիզբ է առել դեռ մանկության տարիներին։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է 2005 թվականի ապրիլի 7-ին, երբ քեռին նրան տարել է Կապանի մարզադաշտ։ 

«Այդ ժամանակ ես 10 տարեկան էի, և ինձ համար տարբերություն չկար, թե ինչ մարզաձևով կզբաղվեի, որովհետև բոլորն էլ ուզում էի։ Բայց հենց առաջին պարապմունքից հետո որոշեցի, որ աթլետիկայով եմ զբաղվելու»,- ասում է նա։ Արդեն շուրջ 21 տարի է, ինչ նա մարզիկ է։ Սպորտից դուրս Աղասյանը ևս ունի տարբեր հետաքրքրություններ, բազմաթիվ հոբբիներ, որոնցից մեկը կաշեգործությունն է։

Ժամանակի ընթացքում այդ զբաղմունքը պարզապես հետաքրքրությունից վերածվել է փոքր բիզնեսի, որով նա զբաղվում է ազատ ժամանակ։ Մարզիկը նշում է, որ այդ գործընթացից մեծ հաճույք է ստանում, քանի որ մշտապես սովորում է նոր բաներ և փորձում է ստեղծել արժեքավոր ու յուրօրինակ աշխատանքներ։ 

«Մեծ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից՝ անընդհատ կատարելագործվելով, նոր բաներ սովորելով և փորձելով ստեղծել իրական հայկական արժեք»,- նշում է նա։ 

Թեև սպորտը ֆիզիկական առումով անմիջականորեն չի օգնում ձեռագործ աշխատանք կատարելիս, սակայն այն մեծ դեր է խաղացել մարզիկի  մտածելակերպի ձևավորման մեջ։ Տարիների ընթացքում մարզական կյանքը սովորեցրել է աշխատասիրություն, համբերատարություն և դժվար պահերին չհանձնվելու կարողություն։ 

«Երկար տարիների անդադար աշխատանքը, դժվար պահերին չհանձնվելը և եղած պայմաններից առավելագույնը քաղելն են օգնում։ Ընդհանրապես այդ որակները մարդուն ավելի մրցունակ և ուժեղ են դարձնում մարզական կյանքից զատ։ Ուստի կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ սպորտից հետո մնացած այլ բնագավառները ավելի հեշտ են ստացվում»,– ասում է նա։

Չնայած Լևոն Աղասյանն արդեն զբաղվում է կաշվե իրերի պատրաստմամբ, սպորտային թեմայով հատուկ հավաքածու ստեղծելու մասին դեռ չի մտածել։ Այնուամենայնիվ, այդ գաղափարն ամբողջությամբ չի բացառում և կարծում է, որ ապագայում կարող է հետաքրքիր նախաձեռնություն ստացվել։

«Անկեղծ ասած՝ այդ մասին չեմ մտածել։ Բայց նաև չեմ բացառի։ Կարծում եմ՝ հետաքրքիր ինչ-որ բան կարող ենք ստանալ»,-նշեց նա։ 

Լևոն Աղասյանի օրինակը ցույց է տալիս, որ սպորտը կարող է ձևավորել ոչ միայն ուժեղ մարզիկներ, այլ նաև բազմակողմանի անհատներ։ 

Ինեսա Հակոբյան