Հայաստանի տարբեր մարզերում 2023 թվականից աստիճանաբար ձևավորվում է երիտասարդական նոր միջավայր: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ համայնքներում բացվում են երիտասարդական կենտրոններ, որոնք նպատակ ունեն ոչ միայն կազմակերպել երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը, այլև ստեղծել կրթական, մշակութային և քաղաքացիական ակտիվության հարթակներ:
Վերջին 3 տարիներին երիտասարդական կենտրոններ են ստեղծվել Հայաստանի տարբեր մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Արարատում, Շիրակում և Կոտայքում: Այս պահին Հայաստանում արդեն գործում են մեկ տասնյակից ավելի երիտասարդական կենտրոններ: Պետական ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականի ավարտը դրանց թիվը հասցնել 25-ի, ինչը թույլ կտա երիտասարդական միջավայր ստեղծել երկրի գրեթե բոլոր մարզերում:
Երիտասարդական կենտրոնների ձևավորման գործընթացը սկսվեց Արագածոտնի մարզով: 2023 թվականին Ապարան քաղաքում բացվեց AlteraLab երիտասարդական կենտրոնը: Այն ստեղծվել է որպես ոչ ֆորմալ կրթության հարթակ, որտեղ անցկացվում են համայնքային նախագծերի քննարկումներ, կրթական ծրագրեր: Կենտրոնի գործունեությանը արդեն մասնակցում են շուրջ մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնք ներգրավված են տարբեր ծրագրերում:
Նույն ծրագրի շրջանակում 2024 թվականին երիտասարդական կենտրոններ ստեղծվեցին նաև Տավուշի մարզում՝ Իջևանում և Դիլիջանում: Այս կենտրոններում իրականացվում են առաջնորդության զարգացման ծրագրեր և քննարկումներ: Այդ տարվա ընթացքում կազմակերպվել է 392 միջոցառում, որոնց մասնակցել է ավելի քան 8600 երիտասարդ:
Ծրագրի ընդլայնմամբ 2025 թվականին երիտասարդական միջավայրեր սկսեցին ձևավորվել նաև մի շարք այլ համայնքներում՝ Շիրակի մարզի Ախուրյանում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղում, Արարատի մարզի Արարատ քաղաքում և Սյունիքի մարզի Կապանում:
Այս նախաձեռնության շրջանակում այս տարվա փետրվարի 7-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդանը ևս միացավ համայնքներում բացված երիտասարդական կենտրոնների շարքին: Այն առանձնանում է իր բազմաֆունկցիոնալ մոդելով: Մեկ վայրում համադրվել են երիտասարդական կենտրոնը, մշակութային տունը և գրադարանը: Այս ձևաչափը հնարավորություն է տալիս կազմակերպել ավելի լայն գործունեություն և ներգրավել ավելի մեծ թվով երիտասարդների:
Հրազդանի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գարիկ Աղասյանի խոսքով՝ նրանց գլխավոր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կարող են կրթվել, զարգացնել իրենց հմտությունները և մասնակցել քաղաքի բարեկարգմանն ուղղված միջոցառումներին:
«Ունենք տարբեր ծրագրեր տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար: Դրանց կարող են մասնակցել 13-34 տարեկան երիտասարդները: Մեզ համար կարևոր է լսել աշխատասեր և նախաձեռնող երիտասարդներին և հաշվի առնել նրանց առաջարկները քաղաքի զարգացման գործում», -մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրենը:
Այս պահին Հրազդանի երիտասարդական կենտրոնի ակումբները 5-ն են՝ «Գրքասերներ», «Նախաձեռնող երիտասարդներ», «Կամավորական ակադեմիա», «Մտագրոհների շաբաթ» և «Պատանի առաջնորդ»: Վերջինիս համահիմնադիր Էլեն Գալստյանն ասում է, որ ակումբների և մասնակիցների թիվն օրեցօր աճում է: Շատ երիտասարդներ արդեն փորձ ձեռք են բերել տնօրեն Գարիկ Աղասյանի կողմից նախկինում ստեղծված մեկ այլ՝ «Հայի բռունցք» ծրագրում:
«40 օր է դեռ, ինչ երիտասարդական կենտրոնը բացվել է, բայց արդեն 120 երիտասարդներ ներգրավված են ծրագրին, շատերը մեր նախորդող ծրագրից են միացել: Այս պահին «Պատանի առաջնորդ» ակումբում 27 հոգի կա․ երիտասարդների հետ անցկացնում ենք սեմինարներ, դասախոսություններ, նրանք մտածում են՝ ինչ բարեկարգումներ կատարել քաղաքի համար, միասին կազմում ենք ծրագրեր, որոնք պետք է ներկայացվեն Հրազդանի քաղաքապետին»,-նշեց Էլեն Գալստյանը:
16-ամյա Միլենան դեռ մանկուց շատ է սիրել գրքեր կարդալ: Մեկ ամիս առաջ, երբ Հրազդան քաղաքում սկսեց գործել երիտասարդական կենտրոնը, Միլենան առաջինը միացավ իր սիրելի գրքասերների ակումբին, ապա նաև այլ ակումբներին․ «Մեր գրքասերների ակումբը ամենահետաքրքիր ակումբներից մեկն է, որում կա մոտ 40 անդամ: Ես շատ եմ սիրում այս ակումբը: Վերջին անգամ մենք քննարկել ենք Պարույր Սևակին, նրա կենսագրությունը, նրա ստեղծագործական կյանքը, նրա մասին կարծրատիպերը, հայտնել ենք մեր կարծիքը: Իսկ դրանից առաջ խոսել ենք Չարենցից, որը նույնպես շատ հետաքրքիր էր»,-նշեց Միլենան:
Հայաստանում վերջին տարիներին բացված երիտասարդական կենտրոնները դարձել են մարզերի երիտասարդների համար կարևոր հարթակներ՝ տրամադրելով կրթական, ստեղծագործական և մշակութային ծրագրեր: Դրանք նպաստում են ոչ ֆորմալ կրթությանը, հմտությունների զարգացմանը և համայնքային նախաձեռնություններում երիտասարդների ներգրավմանը: Դրանք ուժեղացնում են համայնքային կապերը և հնարավորություն տալիս երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ իրենց համայնքների կյանքին: