ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է կենդանիների կողմից մարդկանց տուժելու 12 հազար 258 դեպք։ Սա զգալի թիվ է, ինչը զգոնության բարձրացման և պատվաստումային գործընթացի անխափանության կարևորության ահազանգ է։ Միևնույն ժամանակ, պետությունը փորձում է վերահսկել իրավիճակը՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը։ Եթե 2024 թվականին ձեռք էր բերվել շուրջ 36 հազար դեղաչափ, ապա 2025-ին այդ թիվը հասել է 60 հազարի։ 2026 թվականի համար ևս նախատեսվում է պահպանել նույն մակարդակը։
Դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Մկրտչյանը, որի պրակտիկայում կենդանիների կծածի հետևանքով շատ են եղել երեխաների դեմքի վնասման դեպքերը, նշում է, որ կենդանու կծելու պարագայում ամենակարևոր քայլը ժամանակին բժշկական օգնության դիմելն է:
«Կապ չունի՝ կենդանին ընտանի է, թե թափառող, պատվաստված է, թե ոչ․ ցանկացած դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի։ Կատարվում է վերքի մշակում, այնուհետև նշանակվում է հակակատաղության պատվաստում»,- նշում է բժիշկը։
Մասնագետի խոսքով՝ վտանգը կայանում է նրանում, որ կատաղությունը կարող է փոխանցվել ոչ միայն շներից, այլ՝ ցանկացած կենդանուց։ Ավելին՝ որոշ դեպքերում հիվանդությունը կարող է ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների, սակայն փոխանցվել մարդու։ Իսկ երբ արդեն ի հայտ են գալիս կլինիկական նշաններ, օրինակ՝ լուսավախություն կամ ջրավախություն, փրկվելու հավանականությունը կտրուկ նվազում է։
Վնասվածքների բնույթը ևս տարբեր է՝ սկսած մակերեսային քերծվածքներից մինչև լուրջ վնասվածքներ, կոտրվածքներ։ «Թափառական կենդանիները միշտ չէ, որ վտանգավոր են, սակայն անզգուշությունը կարող է ճակատագրական լինել։ Միգուցե խնդիրը միայն կենդանիների մեջ չէ, այլ նաև մեր վերաբերմունքում նրանց նկատմամբ»,-նկատում է մասնագետը:
Հայաստանում հակակատաղության պատվաստանյութը տրամադրվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակում։ Աշխատանքային ժամերին քաղաքացիները կարող են դիմել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, իսկ ոչ աշխատանքային ժամերին՝ հիվանդանոցներ կամ շտապօգնության կետեր։ Պատվաստանյութերի բաշխումն իրականացվում է «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս վերահսկել դրանց հասանելիությունը ամբողջ երկրում։