03.24.2026
Կատեգորիա
Հասարակություն
Երևան

Հայաստանում մարդկանց անտեսանելի հոսքը պաշտոնական ամբողջական վիճակագրություն գրեթե չունի, բայց դրա հետևանքները տեսանելի են ամենուր՝ թե՛ մարզային լռության, թե՛ մայրաքաղաքային գերհագեցած եռուզեռի մեջ: Մինչ Երևանը դառնում է ներքին միգրացիայի հիմնական ձգողական կենտրոնը, երկրի տնտեսական զարկերակը՝ ՀՆԱ-ի մոտ 60%-ը, բաբախում է բացառապես մայրաքաղաքում, իսկ մարզերին մնում է տնտեսության ընդամենը 40%-ը։ 

Երևանը ձգում է և կենտրոնացնում մարդկանց տարբեր մարզերից տարբեր նպատակներով՝ սովորելու, աշխատելու և այլն:

«Ես Երևան եկել եմ սովորելու նպատակով, քանի որ Գյումրիում լրագրություն մասնագիտությունը այդքան էլ զարգացած չէ. ֆակուլտետ կա միայն Շիրակի պետական համալսարանում, իսկ աշխատատեղերի բազմազանությունը այնքան չէ, որքան Երեանում. հնարավորություններն են քիչ մեզ մոտ». 19-ամյա Կիմայի պատմությունը՝ մարզից Երևան տեղափոխվելու մասին, եզակի չէ: 

Երիտասարդները գալիս են կրթության ու աշխատանքի հետևից, քանի որ բնակչությանը մատուցվող ծառայությունների 50%-ից ավելին կենտրոնացած է Երևանում։ «ՀՀ տարածքային անհամաչափության գնահատում» վերլուծությունը փաստել է, որ այս ցուցանիշը փոխվել է 2020 թվականին, երբ Սյունիքում հանքարդյունաբերության ծավալները մեծացել են: 

«Ակադեմիական քաղաքի» գաղափարը, որը կարող էր դառնալ ապակենտրոնացման միջոցներից մեկը, ի վերջո «հանգրվանեց» Երևանի արվարձանում` 17-րդ թաղամասում: Արդյունքում, մարզերը ոչ միայն ծերանում են, այլև կորցնում իրենց քաղաքային դիմագիծը. մինչ Երևանում վեր են խոյանում նորանոր բարձրահարկեր, օրինակ Գյումրիում դեռևս ծվարած են մնում վագոն-տնակներ։

«Մեր դասարանում 28 հոգի էինք, 19-ս սովորում ենք Երևանում: Այլ դպրոցներում դասարաններ են դատարկվում, բուհի կուրսերում 2-3 հոգի են սովորում: Տեղափոխվելով մարզի խնդիրներից` Երևանում հանդիպում ես նորերին` թանկ վարձով տներ, տրանսպորտ և այլն»,-պատմում է Կիման:

Բնակչության ներհոսքը դեպի մայրաքաղաք, որը հաճախ կրում է մշտական բնույթ, նպաստում է Երևանի գերբեռնվածությանը՝ առաջացնելով ոչ միայն ենթակառուցվածքային, այլև քաղաքաշինական լուրջ մարտահրավերներ։ Խիտ կառուցապատումը կարող է ազդել քաղաքի սեյսմիկ դիմակայունության վրա, իսկ զուգահեռաբար տեղի ունեցող ապակենտրոնացումը՝ այլ բնակավայրերի նոսրացումը, անդրադառնում է երկրի ընդհանուր տարածքային դիմադրողականության վրա։ Այս համատեքստում մարզերի համաչափ զարգացումը դառնում է առաջնահերթություն՝ ինչպես քաղաքային միջավայրի բեռնաթափման, այնպես էլ պետական ռազմավարական շահերի տեսանկյունից։

Մարզերում բարձրագույն կրթության և մասնագիտական աշխատանքի սահմանափակ հնարավորությունները երիտասարդներին կանգնեցնում են ընտրության առաջ՝ կամ մնալ ու հարմարվել սահմանափակ շուկային, կամ տեղափոխվել Երևան՝ ավելի լայն հնարավորությունների հույսով։ Արդյունքում բազմաթիվ համայնքներ աստիճանաբար կորցնում են իրենց երիտասարդ բնակչությունը․ դպրոցներում դասարանները փոքրանում են, տեղական բիզնեսները դժվարանում են աշխատակից գտնել, իսկ գյուղերն ու փոքր քաղաքները ավելի են ծերանում։

Լրագրողական հարցումները փաստել են՝ հարցվածների մեծամասնությունը (100 հարցվածից գրեթե 80%) 18-24 տարեկաններ են, որոնք կամ տեղափոխվել են Երևան կամ էլ իրենց օրն անցկացնում են Երևան-մարզ մայրուղուն։ Գրեթե 65%-ը Երևանում է կրթության համար: Հարցման մասնակիցներից միայն 18.2%-ն է պատրաստ վերադառնալ մարզ բավարար փորձ ձեռքբերելուց հետո: Այս թվերը համադրվում են իրական մարդկանց պատմությունների հետ։

Հարց. «Ուսումն ավարտելուց կամ բավարար փորձ ձեռք բերելուց հետո դիտարկո՞ւմ եք բնակությունը Ձեր մարզում»

գրաֆիկ

Չնայած այս փոփոխությունների տեսանելիությանը՝ Հայաստանի ներսում մարդկանց տեղաշարժի ամբողջական հաշվառում չի իրականացվում։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս միայն բնակչության ընդհանուր թիվը քաղաքներում և գյուղերում, բայց չեն արձանագրում, թե տարվա ընթացքում քանի մարդ է փաստացի տեղափոխվում մարզից մայրաքաղաք կամ հակառակը, չեն փոխում հաշվառումը և մնում են գրանցված ծննդավայր մարզում:

Հարց. «Արդյոք ունեք մշտական հաշվառում (գրանցում) Երևանում»

գրաֆիկ

Շատերի համար մարզ վերադառնալը նշանակում է հրաժարվել ավելի բարձր աշխատավարձից, մասնագիտական աճից և այն ծառայություններից, որոնք կենտրոնացած են մայրաքաղաքում։ Այդ պատճառով «ժամանակավոր» տեղափոխությունը հաճախ վերածվում է մշտականի։

«Պետք է ապահովել լավ կրթական պայմաններ, ստեղծել ժամանակակից ժամանցի կենտրոններ և նոր աշխատատեղեր, որպեսզի մարդիկ իրենց ապագան տեսնեն հենց իրենց մարզում։ Սակայն ծրագրերը բավարար չեն․ անհրաժեշտ է նաև բարձրացնել բնակիչների կրթվածության մակարդակը և փոխել մտածողությունը, որպեսզի նրանք դուրս գան սահմանափակ «քառակուսիներից» ու պատրաստ լինեն զարգացմանը»,-նշում է հարցվածներից մեկը:

Հայաստանի ներքին միգրացիան շարունակաբար փոխում է երկրի սոցիալ-տնտեսական պատկերը՝ առաջ բերելով նոր մարտահրավերներ և մարդկանց կանգնեցնելով ընտրության առաջ՝ ժամանակավոր տեղափոխությունից դեպի մշտական կյանքի կենտրոնացում Երևանում։

Ալբինա Մանուկյան