03.24.2026
Կատեգորիա
Տնտեսություն
սնանկ

Ըստ ՀՀ Դատական իշխանության պաշտոնական վիճակագրության՝ վերջին տարիներին ֆիզիկական անձանց սնանկության գործերով վարույթների թիվը նկատելիորեն աճ է գրանցել։ Սակայն այս միտումն իր հետ բերել է վտանգավոր երևույթ. քաղաքացիները, չտիրապետելով օրենքի նրբություններին, հաճախ դիմում են ինքնավնասող քայլերի՝ կարծելով, թե դա է պարտքերից ազատվելու միակ ճանապարհը։

Չնայած բաց աղբյուրներում նման դեպքերը գրեթե չեն հրապարակվում, սակայն ինչպես իրավաբանական, այնպես էլ բանկային ոլորտի մասնագետները փաստում են, որ մասնագիտական պրակտիկայում արձանագրվում են իրավիճակներ, երբ քաղաքացիները, սնանկ ճանաչվելու ակնկալիքով, կամովին դուրս են գալիս աշխատանքից կամ նվազեցնում իրենց եկամուտները, այնինչ օրենքը նման պահանջ չի ցուցաբերում։

ՀՀ փաստաբանների պալատի անդամ հանդիսացող փաստաբանը, անդրադառնալով այս խնդրին, նշում է․

«Սա իրավական անգրագիտության հետևանք է, քանի որ «Սնանկության մասին» օրենքը չի պահանջում լինել գործազուրկ կամ անեկամուտ։ Ավելին, կայուն եկամտի առկայությունը թույլ է տալիս անցնել ֆինանսական բարելավման փուլով, ինչը հաճախ ավելի օգտակար է և անվտանգ, քան ամբողջությամբ սնանկ ճանաչվելը։ Աշխատանքից հրաժարվելով՝ քաղաքացին ոչ թե հեշտացնում է գործընթացը, այլ զրկում է իրեն պարտքերի վերակառուցման և իրավիճակը մեղմելու հնարավորությունից»։

Կարևոր է հաշվի առնել նաև այն իրավական սահմանափակումները, որոնք անխուսափելի են սնանկ ճանաչվելու դեպքում․

  1. Սնանկ ճանաչվելուց հետո անձի գույքը կարող է բռնագանձվել և վաճառվել աճուրդով, պարտքերը մասնակի կամ ամբողջությամբ մարվելու նպատակով։ Նույնիսկ եթե որոշ գույք պահպանվում է օրենքով սահմանված նվազագույնի համար, կառավարչի վերահսկողության տակ մնացած գույքը ենթակա է տնօրինման։
  2. Բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները հաշվի են առնում սնանկության փաստը, ուստի անձը մինչև որոշակի ժամկետ (սովորաբար մինչև 5 տարի), չի կարող նոր վարկեր ստանալ։
  3. Սնանկ ճանաչվելուց հետո որոշ տեղեկություններ, ինչպես գույքի աճուրդների և պաշտոնական ծանուցումների մասին, հրապարակվում են հատուկ կայքերում, օրինակ՝ datalex.am և azdarar.am, որտեղ դրանք հասանելի են հանրությանը։

Այսպիսով, թեև սնանկության գործիքակազմն առավել հասանելի է դարձել, դրա սխալ կիրառումը կարող է հանգեցնել ավելի ծանր սոցիալական և իրավական հետևանքների, քան բուն վարկային պարտավորությունները։

Լիլիթ Մովսեսյան