03.27.2026
Կատեգորիա
Մշակույթ
Երեվանի լքված ժառանգությունները

Հին Երևանի անբաժան մասը կազմող տասնյակ շենքեր, որոնք ժամանակին եղել են քաղաքի պատմամշակութային կենտրոնները, մեծամասշտաբ ժամանցի վայրերը, առաջատար գործարանները և համաժողովրդական հավաքների սիրված օբյեկտները, կիսաքանդ ավերակներ են դարձել, սակայն, մինչ օրս չեն դադարում քաղաքի մի մասը կազմել։

Երբեմնի աշխույժ և  ժամանակի շունչը մատնանշող այդ շենքերից որոշները, օրինակ՝ հին կինոթատրոնները, հյուրանոցները, ճոպանուղու կայանները, գործարանները, արդյունաբերական կենտրոնները, հայտնի ռեստորանները և վերջիններիցս մնացած ավերակները, խորհրդային շրջանի ժառանգություններն են։ Սրանք խորհրդանշում են ոչ միայն մի ամբողջ դարաշրջան, այլև ընդգծում են մեր վերաբերմունքը դեպի մշակութային ժառանգություն։  Մասնագետները նշում են, որ դրանց ոչնչացումը կամ անուշադրության մատնելը ոչ միայն ճարտարապետական կորուստ է, այլ նաև հասարակական հիշողության ջնջում։

Երեվանի լքված ժառանգությունները

«Իհարկե, այս շենքերի հետ մենք միայն շենք չենք կորցնում, այլ նաև մեր ինքնությունը, էությունը: Մինչև հիմա էլ Երևանը նկարելուց կամ պատկերացնելուց շատերը կուկուռուզնիկն են հիշում՝ որպես «երևանյան խճանկարի» մի կարևոր մաս:

Ամեն նման շենք, վայր կորցնելիս մենք կորցնում ենք մեր ինքնությունը, էությունը:

Մի ծիծաղելի դրվագ հիշեցի Միքայել Պողոսյանի, եթե չեմ սխալվում, «Երևան ջան» ֆիլմից, որտեղ ամերիկահայը երկար բացակայությունից հետո գալիս ա Հայաստան, ու Ազատության հրապարակում Թումանյանի արձանի պատվանդանի վրա գտնում ա իր կողմից ժամանակին գրված "Ֆելո 83"-ը: Այ տենց քանդելով ոչնչացնելով մի օր էլ հիշելու բան չի մնա»։

Հարց է առաջանում՝արդյոք Երևանի քաղաքային հիշողությունը քայքայվում է ոչ թե ժամանակի, այլ անտարբերության պատճառով։ Տարիներ շարունակ իրավական անորոշության և պետական անգործության մեջ մնացած այս շենքերի ոչնչացումը այժմ կարող է հասարակական դժգոհություն առաջացնել։  Այսպիսով՝ ժամանակին Երևանի անբաժան մասը կազմող այս «ուրվական» շենքերը մնում են «լքված», հիշողություններից դառնում աղբանոցներ, իսկ վերափոխելու ծրագրերը, եթե կան այդպիսինները, հաճախ մնում են միայն թղթի վրա։

Իրավական դաշտում «լքված շենք» եզրույթ չկա։ Եթե շենքը գրանցված է որևէ անձի, պետության, համայնքի կամ ընկերության անունով, ապա այն իրավական առումով սեփականատեր ունի։ Տեղական մակարդակում այս շինությունների տեխնիկական վիճակի, մոնիթորինգի և վթարային շենքերի հարցերով պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, սակայն այս դեպքում պետությունն առանց իրավական ընթացակարգի չի կարող միջամտել։ ՀՀ «Անշարժ գույքի պետական գրանցման մասին» օրենքը սահմանում է գույքի նկատմամբ բոլոր իրավունքները, (սեփականություն, վարձակալություն, գրավ և այլն) որոնք ուժի մեջ են մտնում միայն պետական գրանցումից հետո։ Եթե շենքը մասնավոր է, ապա առանց դատարանի որոշման կամ սեփականատիրոջ համաձայնության միջամտությունը սահմանափակ է։ Գործը բարդանում է, երբ շենքերի սեփականության իրավունքը հստակ չէ․ դրանցից մի քանիսը մնում են պետության հաշվեկշռում, որոշները՝ մասնավորեցվում են  ու դադարում գործել, իսկ երբ սեփականատերը չկա կամ չի հետաքրքրվում, շենքը մնում է «ոչ մեկի» կարգավիճակում։

Թեև Հայաստանի քաղաքաշինության մասին օրենքը հստակ պարտավորեցնում է նպաստել հին շենքերի վերաշահագործմանը, իրականում այդ դրույթները հաճախ անկատար են մնում։

Յուրաքանչյուր կողմ, հարգելով ժառանգության ճարտարապետական և պատմական բնույթը, պարտավորվում է նպաստել պահպանվող արժեքների օգտագործմանը` հաշվի առնելով ժամանակակից կյանքի պահանջները:

Հետևաբար՝ խնդիրն արդեն ոչ թե օրենքների բացակայությունն է, այլ դրանց կիրառման պատասխանատվությունը։

Երեվանի լքված ժառանգությունները

 

 

Հանրությանը հայտնի Երիտասարդական պալատն է՝ «Կուկուռուզնիկը»` սովետական մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը։ Չնայած ժամանակին գոյություն ունեցող  օրենքներին, որոնք հստակ սահմանում էին այս հսկա շինության անձեռնամխելիությունը, 2004թ․-ին կազմված մի փաստաթղթի համաձայն` Երիտասարդական պալատը, իբր վատթար վիճակում գտնվելու պատճառով, անպայման պետք է քանդվեր։

«Եթե ուզենք հասկանալ, թե ինչու՞ պալատը քանդվեց, դժվար թե պատասխանը գտնենք»,- «Հայպետնախագծի» ղեկավարԳրիգոր Ազիզյան:

 

 

 

 

 

 

Քաղաքապետարանը նույն թվականին վաճառեց Սարալանջի 1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող կառույցը՝ ավելի շքեղ և նորագույն բիզնեսկենտրոն կառուցելու նպատակով։ Սեփականատերը, սակայն, նոր կառույցի համար որևէ նախագիծ չներկայացրեց, և 2005 թ.-ին Երևանի քաղաքապետարանը շենքի քանդման որոշումն ընդունեց: Երկու տարվա ընթացքում ոչնչացվեց Երիտասարդական պալատի շենքը, հետագայում՝ նաև մոտակայքում  գտնվող 4 հա տարածությամբ բլուրը։ Չնայած այս անընդունելի ապամոնտաժման աշխատանքներից հետո հայտարարվեց միջազգային ճարտարապետական մրցույթ, այնուամենայնիվ մասնակից 60 երկրներից ժամանած շուրջ 1000 ճարտարապետներից և ոչ մեկի նախագիծը՝ Երիտասարդական պալատի վերականգնման վերաբերյալ, այդպես էլ կյանքի չկոչվեց։ Հանրության աչքի առաջ Երիտասարդական պալատի տարածքը մնաց շինհրապարակի` ավտոկայանատեղիի կամ այլ չկառուցված մակերեսի կարգավիճակում։ 2023թ․-ին ևս մի նախագիծ ներկայացվեց «Ապրելու երկիր» կուսակցության և «Արթուր Թարխանյան» կենտրոնի կողմից։ Նպատակն էր Երևանի խորհրդանիշ Երիտասարդության պալատի վերադարձը քաղաքին, որը, սակայն, նույնպես շարունակական բնույթ չկրեց։

Այսօր էլ Երիտասարդական պալատի «լռած» ավերակները քաղաքի մի մասն են կազմում՝ կարծես հանրությանը հիշեցնելու երբեմնի  մոդեռնիստական, շքեղ կառույցի գոյություն ունենալու մասին։ Այժմ տարածքը ծառայում է որպես ավտոկայանատեղի։

Երեվանի լքված ժառանգությունները
Երեվանի լքված ժառանգությունները

Հասարակական գործիչ, քաղաքաշինարար Վիկտոր Մնացականյանը փաստեց՝ Երևանում կան այնպիսի կարևորագույն կառույցներ, որոնք պետք է միանշանակ վերականգնվեն։ Մասնավորապես՝ Երևանի ճարտարապետական կարևորագույն էտալոնը՝ Կուկուռուզնիկը, պետք է վերականգնվի նույնությամբ՝ այն քաղաքային հիշողության մի մասն է։

Երեվանի լքված ժառանգությունները

 

 

 

«Եթե պետությունն օտարում է կառույցը մասնավորին, ապա պարտավոր է պահպանել իր ֆունկցիոնալությունը, իհարկե խոսքը մշակութային արժեք, ճարտարապետական կարևորագույն էտալոնների մասին է։ Ես կարծում եմ՝ այն անպայման պետք է նույնությամբ վերականգնվի՝ որպես մոդեռնիստական յուրահատուկ կառույց»։

 

 

 

 

Այս խնդիրը, սակայն, միայն մեկ շենքի ճակատագրի մասին չէ։

Երեվանի լքված ժառանգությունները

 

Երեվանի լքված ժառանգությունները

Նորք թաղամասը կենտրոնին կապող Երևանի միակ երբեմնի ճոպանուղու շենքն է։ 

Երեսունյոթ տարի օրական ավելի քան 500 ուղևոր տեղափոխող ճոպանուղին արդեն 21 տարի է չի շահագործվում։ Պատճառը մոտ 15 մետր բարձրությունից տեղի ունեցած վթարն էր, որը խլեց ուղևորներից մի քանիսի կյանքը։ Դժբախտ պատահարը վերջ դրեց նաև ճոպանուղու հետագա կյանքին։ Տարիներ շարունակ կայարաններն անօթևան շենքերի պես կանգնած են՝ կիսաքանդ, պատերը փլված, ապակիները փշրված։ Ներսում դեռ կարելի է գտնել հին գծագրերի հետքեր, ժանգոտած սարքավորումներ, խամրած պաստառներ, որոնք, կարծես, երբեմնի տրանսպորտային միջոցի մասին պատմող վկայություններն են։ Չարենցի փողոցում գտնվող «Հերացի» կայարանի շրջանաձև շենքը ժամանակի և անտարբերության արդյունքում այժմ աղբավայրի է վերածվել․ պատերին՝ գրություններ, սիրո խոստովանություններ, գրաֆիտիներ։ Աստիճանները կիսավեր են, բոլոր անկյուններում կուտակված աղբ կա, և միայն կիսաքանդ խցիկներնից կարելի է ենթադրել, որ ժամանակին այստեղ ճոպանուղի է գործարկվել։ 2007 թվականին քաղաքապետարանի կողմից գնահատվեց կայանների վիճակը, և վերակառուցումը ֆինանսական առումով չարդարացվեց։ Նույն տարում ճոպանուղին մասնավորեցվեց և օտարվեց ոմն Ռոբերտ Եղիազարյանին։ Վերակառուցմանը վերաբերող առաջին նախաձեռնությունները ներառվեցին քաղաքապետարանի 2016թ․-ի զարգացման ծրագրում։

Նոր ծրագիրը ներառում էր մի քանի նոր կայանների ստեղծում, իսկ հին կայանների՝ Հերացի-Նորք-Մարաշ երթուղուն, որևէ անդրադարձ չկար։ Ըստ մասնագետների՝ խոշոր մասնավոր ներդրումներ պահանջող այս ծրագիրն իրատեսական չէր, և մինչ օրս, որևէ ներդրում չկատարելու պատճառով, այն կյանքի չի կոչվել։ Հաջորդող փորձերը 2020 և 2023թթ․-ին նույնպես բավարար ուշադրության չարժանացան՝ չնայած, որ դրանք էլ չէին վերաբերում հին կայարանների վերագործարկմանը, այլ նոր երթուղու առաջարկներ էին։ Վերջին ամենաթարմ անդրադարձը Երևանում նոր ճոպանուղու կառուցմանը՝ քաղաքապետ Տ․ Ավինյանինն էր։ Այս տարվա կառավարության նիստերից մեկի ժամանակ նա նշեց, որ տևական ժամանակ քննարկել են Երիտասարդական մետրոյի կայարանից մինչև Նոր
Նորք ճոպանուղու կառուցման հարցը։
 

Այսպիսով, երբ քաղաքը խոսում է ճոպանուղու մասին, խոսվում է միայն նոր նախագծերից՝ ժամանակակից ճոպանուղիներ, նոր կայաններ, ապագա երթուղիներ, ներդրումներ, շինարարական մրցույթներ: Հին կայանների մասին միանշանակ լուր չկա․ դրանք ոչ ապամոնտաժվում ոն, ոչ էլ վերակառուցվում կամ վերաիմաստավորվում։

-Ճոպանուղին հասրակական տրանսպորտի մի մասն է։ Ընդամենը հին Նորքի բնակիչների համար էր նախատեսված, փոքր էր, քիչ էր տարողունակությունը և հին էր։ Ինչ վերաբերում է շրջանաձև կառույցին՝ դա պետք է մնա, պետք է իմաստավորվի։ Կարող է դառնալ ռեստորան, թանգարան և այլն, այսինքն՝ եթե դադարում է իր գործունեությունը, այն ավելին կարող է լինել։ Դրա լավագույն օրինակը Փարիզի Օրսեի թանգարանն է,- նշեց Վիկտոր Մնացականյանը։

Քաղաքապետարանի օրակարգում կա նաև քաղաքային միջավայրի գեղագիտական տեսքի վերականգնումը, ինչը ուղղակիորեն առնչվում է լքված հանրային կառույցներին, քանի որ դրանք «աղտոտում են» քաղաքի կերպարը։ Այսինքն՝ պաշտոնական մոտեցումները, թեև ավելի շատ խոսում են բնակելի ֆոնդի մասին, բայց նույն իրավական սկզբունքները և կառավարման խնդիրները վերաբերում են նաև հանրային լքված կառույցներին։


Անկախ առկա ֆինանսական, բյուրոկրատական և իրավական բարդություններից՝ կան այնպիսի ճարտարապետական կազմակեպություններ և/կամ անհատներ, որոնք սեփական նախաձեռնությամբ սկսում և ավարտում են խորհրդային ժառանգության վերակենդանացման գործընթացը։ Աշոտի ու կնոջ՝ Արմինեի հիմնադրած «Սնխչյան» ճարտարապետական ընկերությունը որոշակի փորձառություն ունի խորհրդային շրջանում կառուցված շինության տարածքում ճարտարապետական նոր լուծումներ ներկայացնող նախագիծ իրականացնելու հարցում. օրինակ՝ նախկին «ԵրԱԶ» ավտոմոբիլային գործարանի 180 քմ տարածքը, որը նա վերածել է համատեղ աշխատանքային տարածքի։ Բացի այդ, ճարտարապետական ​​ստուդիան աշխատում է նոր նախագծի վրա, որի նպատակն է նախկին հագուստի գործարանի շենքը վերածել գրասենյակի` պահպանելով շենքից մնացած հիմնական ռեսուրսները:

Երեվանի լքված ժառանգությունները

 

 

«Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում հիմա գլխավոր տենդենցը գնում է դեպի ադապտիվ վերաօգտագործումը։ Շատ պարզեցված կարելի է ասել, որ ինչը հնարավոր է չքանդել՝ պետք է չքանդել, ադապտացնել և վերագօրծարկել։ Խորհրդային տարիների շենքերի ադապտացման հետ կապված՝ մենք շատ տարբեր նախագծեր ունենք, օրինակ՝ տան վերակառուցման նախագիծը, որը դարձել է փոքրիկ հյուրանոց, շատ ավելի մեծ մասշտաբի գործարանի նախագիծ, որը բիզնես կենտրոնի է վերածվում և այլն։ Առաջին քայլով միշտ կատարվում է տեխնիկական վերազինում, քանի որ խորհրդային շենքերը ժամանակակից սեյսմիկ, կոնստրուկտիվ որևէ նորմի չեն համապատասխանում, և շատ ավելի բարդ ու ժամանակատար է ցանկացած գոյություն ունեցող շենքի հետ գործ ունենալը, քան զրոյից կառուցելը»։

 

Նման մոտեցումները վկայում են, որ քաղաքի հին արդյունաբերական ու հանրային շենքերը կարող են ստանալ նոր կյանք՝ առանց իրենց ինքնությունը կորցնելու։ Սակայն ոչ բոլոր կառույցներն են կարողանում անցնել այդ վերափոխման ճանապարհը։ Որոշ վայրեր մնում են միայն հիշողության մակարդակում՝ որպես երբեմնի Երևանի խորհրդանիշներ։

Երևանի երբեմնի ամենահարազատ վայրերից մեկը՝ «Արագիլ» ռեստորանը՝ ընդգրկված Քանաքեռ Զեյթունի պատմամշակութային հուշարձանների շարքում։

Երեվանի լքված ժառանգությունները

Ճարտարապետ Ռաֆայել Իսրաելյանի անդրդվելի ջանքերով միայն ռեստորանը ստանում է «Արագիլ» անվանումը՝ «Մոսկվա» անվան փոխարեն։

Այժմ այստեղ միայն քամին է անցնում կառույցի միջով։ Քաղաքային մշակույթի մի մասնիկ դարձած ռեստորանը նույնպես անուշադրության զոհ դարձավ։ 1990-ականների դժվարին տարիները, սեփականաշնորհման գործընթացները և անորոշ իրավական կարգավիճակը դանդաղորեն քայքայեցին ռեստորանի շենքը և այն փակվեց՝ առանց որևէ վերակառուցման ծրագրի շրջանառման։ Հիմնական պատճառը գրեթե նույնն էր՝ տարածքը անցել էր մասնավոր սեփականության՝ առանց հստակ պարտավորությունների պահպանելու կամ վերակառուցելու այն։ Պետության՝ այս խնդրին չմիջամտելու պատճառներից մեկը հենց դա է․ սեփականատերը կարող է վերանորոգում իրականացնել՝ համապատասխան լիազոր մարմինների հետ համաձայնեցնելով։ «Արագիլի» վերագործարկման եզակի անդրադարձերից մեկը եղել է 2020թ․-ի քաղաքապետարանի հերթական նստաշրջանի հարց ու պատասխանի ընթացքում։ Երևաննախագիծ ՊԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը նշել է, որ եղել են ներդրումային ծրագրերի կետային տարբերակներ՝ այդ թվում Արթուր Մեսչյանի գլխավորությամբ՝ «Արագիլ» ռեստորանի վերակառուցման էսքիզ-առաջարկը, որը նախատեսված էր առկա կառույցի ֆիզիկական չափերից ավելի մեծացում: Հաշվի առնելով համայնքի համար Հաղթանակի այգու կարևորությունը՝ ծրագիրը համարվել է ոչ նպատակահարմար։

Երեվանի լքված ժառանգությունները

Հին Երևանի խորհրդային ժառանգության անտարբերության նկատմամբ նոր հայացք ձևավորելու փորձերից մեկն էլ լուսանկարիչ Հայկ Բիանջյանի «Ciao CCCR» լուսանկարչական ցուցահանդեսն էր։ Բիանջյանի աշխատանքներում խորհրդային Երևանի հանրային վայրերը՝ երբեմնի կինոթատրոնները, սրճարանները, ու ռեստորանները, ժամանցի վայրերը, անգամ շուկաները հանդես են գալիս որպես հիշողության խորհրդանիշներ, որոնք միաժամանակ վկայում են կորստի և փոփոխության մասին։ Շուրջ տասնամյակ առաջ տեղի ունեցած ցուցահանդեսի վերաբերյալ լուսանկարիչը՝ դեռևս 2015 թվականին, զրուցել է mediamax-ի հետ և կիսվել իր հուշերով։

«Արագիլը նկարեցի վերջերս, որի հետ կապված հետաքրքիր պատմություն եղավ: Շենքի նկուղն ու սրահները շատ մութ ու առեղծվածային էին: Երբ առաջին անգամ ներս մտա ու հիացած բացահայտում էի այն, քաղաքացիական հագուստով երկու մարդ եկան ու պահանջեցին դուրս գալ այնտեղից: Նախ` մտածեցի ավազակներ են եւ միտք ունեն ֆոտոխցիկը վերցնել ինձանից, մի քիչ բանակցելուց հետո համոզեցի, որ նախ իրենք դուրս գան շենքից, ապա ես: Դրսում պարզվեց, որ ոստիկանության աշխատակիցներ են, որոնք էլ ինձ էին ավազակի տեղ դրել: Հետո շատ ծիծաղեցինք. ստացվեց ես իրենցից եմ վախեցել, իրենք՝ ինձանից»։

Միջազգային փորձ․ հինը նորի մեջ

Երևանի նմանատիպ շենքերի հարցը յուրահատուկ չէ․ աշխարհի բազմաթիվ քաղաքներում՝ Լոնդոնից մինչև Թբիլիսի, հանդիպում ենք նույն խնդրին՝ ինչպես վերաբերվել խորհրդային, արդյունաբերական կամ մոդեռնիստական ժառանգությանը։ Սակայն տարբերությունն այն է, որ շատ երկրներ վաղուց են հասկացել՝ հին շինությունների պահպանությունը ոչ միայն պատմական պարտք է, այլև տնտեսական և մշակութային ներդրում ապագայի համար։

 Փարիզի «Musée d’Orsay»-ն

Երեվանի լքված ժառանգությունները

Երբեմնի երկաթուղային կայարանը այսօր համարվում է 19-րդ դարի արվեստի լավագույն թանգարաններից մեկը։ Այն նույն սկզբունքն ունի՝ հինը չի ոչնչացվում, այլ ներգրավվում է նոր մշակութային միջավայրում։

Թբիլիսիի «Fabrika Tbilisi»

Երեվանի լքված ժառանգությունները

Թբիլիսիում, խորհրդային ժամանակների տպարաններն ու գործարանները վերածվել են գրասենյակային, ցուցահանդեսային և գաստրոնոմիական համալիրների, օրինակ՝ «Fabrika Tbilisi»-ն, որը նախկին կարի ֆաբրիկա էր։ Այս նախագիծը վերածվեց քաղաքային կյանքի կենտրոնի՝ առանց շենքի ճարտարապետական դիմագիծը փոխելու։

Լոնդոն «Tate Modern»

Երեվանի լքված ժառանգությունները

Նախ՝ շենքը եղել է հին էլեկտրակայան (Bankside Power Station) Լոնդոնում։

Վերակառուցման արդյունքում այն դարձավ ժամանակակից արվեստի թանգարան՝ պահպանելով իր բնիկ արդյունաբերական ֆասադը և զանգվածային կառուցվածքը։

Այս պիլոտային նախագիծը ցույց տվեց, թե ինչպես արդյունաբերական ժառանգությունը կարող է վերածվել հասարակության մշակութային հետաքրքրության կենտրոնի։

Այսպիսով՝ հին, լքված շենքերի պահպանման խնդիրը վաղուց դադարել է միայն ճարտարապետական լինել․ այն դարձել է հասարակական ինքնության և մշակութային հիշողության պահպանման հարց։ Թեև օրենսդրական դաշտում կան որոշակի հիմքեր՝ հին կառույցները վերաշահագործելու և պահպանելու համար, գործնականում այդ դրույթները հաճախ մնում են անիրագործելի։ Պետական անգործությունը, սեփականատիրական անորոշությունները և ներդրումային անարդյունավետ քաղաքականությունը միասին հանգեցրել են նրան, որ Երևանի խորհրդանիշ դարձած բազմաթիվ կառույցներ վերածվել են լռության ու մոռացության տարածքների։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին ի հայտ եկած անհատական և ստեղծագործ նախաձեռնությունները՝ ճարտարապետների, արվեստագետների, հասարակական գործիչների կողմից, վկայում են, որ Երևանի անցյալը դեռ հնարավոր է վերակենդանացնել։ Եվ եթե այս ուղղությամբ ձևավորվի հստակ քաղաքական կամք ու հանրային գիտակցություն, ապա հնարավոր կլինի ոչ միայն պահպանել, այլև նոր կյանք տալ այն քաղաքին, որը կա և որը, ցավոք, դեռ կորչում է։

Ալբինա Խանզրատյան