Ժամանակակից աշխարհում, որտեղ մարդկանց վարքն ու որոշումները հաճախ որոշիչ դեր ունեն թե՛ անձնական, թե՛ մասնագիտական հաջողության մեջ, ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում մարդու վարքի վերլուծությանը։ Սակայն Հայաստանում «վարքաբանություն» և «պրոֆայլինգ» հասկացությունները դեռևս շատերի համար մնում են քիչ հայտնի կամ նույնիսկ ամբողջովին անծանոթ։ Ի՞նչ է իրականում պրոֆայլինգը, ինչպե՞ս է այն օգնում հասկանալ և կանխատեսել մարդու վարքը, և ինչու՞ է այն կարևոր ոչ միայն քրեագիտության, այլև առօրյա կյանքի տարբեր ոլորտներում։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք հոգեբան, վարքաբան, «Behavioural» ակադեմիայի հիմնադիր Գրիգոր Բադալյանի հետ՝ փորձելով բացահայտել այս հետաքրքիր ու դեռևս զարգացող ոլորտի հնարավորությունները Հայաստանում։
-Հայաստանում վարքաբանություն կամ պրոֆայլինգ հասկացությունը շատերին դեռ անհայտ է։ Ինչպե՞ս կբացատրեք՝ ինչ է դա։
-Վարքաբանությունը տարբեր գիտությունների՝ հոգեբանության, կենսաբանության, էթոլոգիայի և էվոլյուցիոն տեսության համադրությամբ ձևավորված մեթոդ է, որը թույլ է տալիս վերլուծել և կանխատեսել մարդու վարքը։ Այն մարդու թողած «հետքերի» հիման վրա նրա հոգեբանական նկարագրի կազմումն է։ Այդ հետքերը կարող են լինել խոսքում, արտաքինում, վարքում կամ թվային միջավայրում։ Դրանց միջոցով հնարավոր է հասկանալ, թե մարդը տարբեր իրավիճակներում ինչպես կգործի։
Վարքաբանությունը հատկապես զարգացել է ԱՄՆ-ում, որտեղ հատուկ ծառայություններն օգտագործել են այն՝ հանցագործների, հատկապես սերիական մարդասպանների պրոֆիլներ կազմելու համար։
-Ո՞ր ոլորտներում կարող է կիրառվել վարքաբանությունը։
-Թեև պրոֆայլինգն իսկզբանե կիրառվել է կրիմինալոգիայի մեջ, այսօր այն օգտագործվում է նաև քաղաքացիական ոլորտներում՝ բիզնեսում, բանակցություններում, քոուչինգում, ցանկացած տեղ, որտեղ անհրաժեշտ կամ հնարավոր է կանխատեսել մարդու վարքը այս կամ այն իրավիճակում։ Այն օգնում է հասկանալ՝ ինչ սպասել տվյալ մարդուց, ինչ դիրքի համար է նա համապատասխան, ինչպես կառուցել հաղորդակցությունը կամ բանակցությունը նրա հետ և այլն։
-Հայաստանում վարքաբանությունը քիչ զարգացած է։ Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը։
-Հոգեբանությունը, մոտավորապես 150 տարվա գիտություն լինելով, ունենալով երկար տարիների փիլիսոփայական պատմություն, Հայաստանում վերջին 25-30 տարիներին է զարգացում ապրել։ Իսկ պրոֆայլինգը մոտավորապես 70-ականներին է ակտիվություն ստացել և բնականաբար այն ավելի ուշ կներթափանցի Հայաստան։ Ինչպես նաև մենք որոշակի ավանդապաշտություն ունենք ու նոր հասկացություններին դիմադրությամբ ենք մոտենում։ Վարքաբանությունը երիտասարդ է, մասնագետները, որպես էդպիսին, քիչ են, դրա մասին զրույցը քիչ է, բայց այն պոտենցիալ ունի զարգանալու։
-Իսկ Դուք ինչպե՞ս անձամբ հասաք վարքաբանությանը։
-Ես վարքաբան դարձա բնականաբար հոգեբան լինելուց հետո, նմանատիպ ֆիլմերի ու սերիալների ոգևորությունից։ Համալսարան ընդունվելիս ընտրեցի հոգեբանությունը, որովհետև այն լավագույն բազան է տալիս, որի արդյունքում վերապատրաստումներ ես անցնում և դառնում վարքաբան։ Այդտեղից հենց վարքի վերլուծության ճանապարհը սկսվեց։
-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել «Behavioural» ակադեմիան։
-«Behavioural» ակադեմիան հոգեբանական առցանց դպրոց է։ Այն թույլ է տալիս օրվա տարբեր ժամերին մեծ քանակությամբ մարդկանց ուսուցանել, խորհրդատվություն տալ՝ համադրելով նաև հանդիպումների հետ։ Այժմ առանձնահատուկ մեծ էֆեկտիվություն տալիս է հատկապես առցանց ոլորտում ունենալ նմանատիպ դպրոց, որովհետև շատերի կողմից թերագնահատվում են նման ծառայությունները։ Եվ այդպես, 3 թե 4 տարի առաջ ստեղծեցի «Behavioural» ակադեմիա կազմակերպությունը, որը ենթադրում է պրոֆայլինգային և հոգեբանական տարբեր տեսակի ծառայություններ։
-Ի՞նչ հնարավորություններ է տալիս ակադեմիան այն մարդկանց, ովքեր ուզում են զարգացնել վարքաբանության հմտությունները։
-Դասընթացները ներառում են վարքաբանության, հոգեբանության, էթոլոգիայի և մարդու վարքի այլ կողմերի խորքային ուսումնասիրություն։ Մոտ 70 ակադեմիական ժամվա ընթացքում փոխանցում ենք այնպիսի գիտելիքներ, որոնք հավաքելու համար ինձանից պահանջվել է 15 տարի։ Նախատեսվում է նաև երկարաժամկետ մասնագիտական կուրս՝ շուրջ 500-600 ակադեմիական ժամ տևողությամբ, որը հնարավորություն կտա պատրաստել պրոֆեսիոնալ պրոֆայլերներ։
-Հայաստանում կա՞ հետաքրքրություն այս ոլորտի և ակադեմիայի հանդեպ։
-Չնայած ոլորտի սահմանափակ ճանաչելիությանը՝ հետաքրքրությունը աստիճանաբար աճում է։ Ունենք դասընթացների մասնակիցներ, որոնք շարունակական մասնակցություն են ցուցաբերում, որը ենթադրում է, որ պրոֆայլինգի հանդեպ հետաքրքրվածությունը բարձր է՝ նույնիսկ եթե չգիտեն՝ ինչ է դա։
-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ոլորտի զարգացման համար։
-Ոլորտի զարգացման համար կարևոր է այն ինտեգրել պետական և անվտանգության կառույցներում՝ ինչպես դա արվում է արտերկրում։ Պրոֆայլերները կարող են օգնել հասկանալ հանցագործների շարժառիթները, ավելի արդյունավետ իրականացնել հարցաքննություններ, բարելավել որոշումների ընդունման գործընթացը։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ կառույցները լինեն ավելի ճկուն, բաց նոր գիտելիքների նկատմամբ։