Վերջին տարիներին գեղեցկության ընկալումը կտրուկ փոխվել է։ Եթե նախկինում պլաստիկ վիրահատությամբ արտաքինի փոփոխություն հազվադեպ էր կատարվում, ապա այսօր այն դարձել է գրեթե սովորական միջամտություն, հատկապես երիտասարդների շրջանում։ Սոցցանցերում տարածվող իդեալական դեմքերը և համաշխարհային շոու-բիզնեսի ազդեցությունը ձևավորել են նոր գեղեցկության ստանդարտներ՝ նուրբ և փոքր քիթ, արտահայտված այտոսկրեր, հաստ և ընդգծված շուրթեր, մեծ կրծքեր և կոնքեր, հարթ որովայն։
International Society of Aesthetic Plastic Surgery-ի 2024թ.-ի տվյալներով ամբողջ աշխարհում ամենատարածված պլաստիկ միջամտություններն են կոպերի վիրահատությունը (2,115,360), լիպոսակցիան (2,087,189), կրծքերի մեծացումը
(1,658,615), սպիների շտկումը (1,156,446) և ռինոպլաստիկան՝ քթի վիրահատությունը (1,083,631)։
Հայաստանում պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ վիճակագրություն չկա, սակայն ոլորտի մասնագետները նշում են, որ քթի պլաստիկան տարիներ շարունակ առաջին տեղում է։ Ըստ պլաստիկ վիրաբույժ Ա. Թորոսյանի՝ վերջին տարիներին ամենապահանջված էսթետիկ միջամտություններն են քթի պլաստիկան (ռինոպլաստիկա) և լիպոսակցիան, ներարկումային միջամտություններից՝ շուրթերի ֆիլլերները, այտոսկրերի ընդգծումը և բոտեքսը։
Քթի պլաստիկայի դիմելու պատճառները բազմազան են՝ էսթետիկ, ֆունկցիոնալ (շնչառական խնդիրներ) և սոցիալ-հոգեբանական (շրջապատի ճնշումներ, սոց․ ցանցերի ազդեցություն)։ Վերջին տասնամյակում ռինոպլաստիկայի պահանջարկը Հայաստանում աճել է ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց շրջանում։ Եթե նախկինում բնական, «հայկական» քիթը ընդունված էր որպես անհատականություն, այսօր սոցիալական մեդիան, հանրային դեմքերն ու ինֆլուենսերները ձևավորել են փոքր, նուրբ քթի «իդեալը»։
Բժիշկ Գասպարյանը պատմում է, որ հաճախ բուժառուները գալիս են իր մոտ որևէ մեկի լուսանկարով ու խնդրում ստանալ նման արդյունք.
«Շատ հաճախ խնդրում են «Բելլա Հադիդի աչքերից», «Քենդալ Ջեների քթից» կամ այլ հայտնի աստղի են ուզում նմանվել։ Գեղեցկության այս մրցավազքի մեջ մարդիկ կորցնում են իրենց անհատականությունը։ Ես շատ հաճախ ասում եմ իմ բուժառուներին, որ ամեն մարդ ունի իր անհատականությունը, իր դիմագծերը ու արդյունքը հարյուր տոկոսանոց չի կարող լինել, քանի դեռ նրանք գալիս են որևէ մեկին նմանվելու սպասելիքով։ Կարևոր է ինքդ քեզ գեղեցիկ զգալ ներսից, որպեսզի ցանկացած այլ փոփոխություն ու միջամտություն տեղին և մտածված լինի»։
Մեր երկրում քթի վիրահատությունը դարձել է ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալ-հոգեբանական երևույթ։ Այն հաճախ արվում է ոչ այնքան ֆունկցիոնալ խնդիրների, որքան արտաքինի «նորմալացման» նպատակով։ Այն վերածվել է հանրային առողջության, հոգեբանական բարեկեցության և բժշկական վերահսկողության խնդրի, քանի որ պահանջարկի աճը հաճախ գերազանցում է համակարգային վերահսկողության հնարավորությունները։ Վիրահատությունից հետո կարծիքներն էլ միանշանակ տարբեր են լինում։
21ամյա Անին գոհ է իր որոշումից ու արդյունքից, ասում է` վիրահատությունից հետո կյանքում շատ բան է փոխվել.
«Մանկուց քիթս իմ ամենամեծ կոմպլեքսն էր։ Միշտ կարծում էի, որ դա է խանգարում ինձ գեղեցիկ զգալուն։ Ինստագրամում տեսնում էի՝ ինչքան կատարյալ դեմքեր կան՝ գեղեցիկ, փոքրիկ քթերով։ Վիրահատությունից հետո ես ինձ ուրիշ մարդ եմ զգում։ Թեև վախենում էի ընթացքից, ու վերականգման փուլն էլ դժվար էր, բայց արդյունքը ինձ գոհացնում է, արժեր։ Հոգեբանական առումով ավելի լավ ու ինքնավստահ եմ ինձ զգում»։
Անին նշում է, որ վիրահատությունից առաջ երկար ուսումնասիրել է վիրաբույժին, տեսել արդյունքները և գիտակցված է գնացել այդ քայլին։
Աննան էլ պատմում է սկզբնական փուլի անհարմարության, բայց հաջողված վերջնարդյունքի մասին.
«Առաջին տարում չէի հավանում, անսովոր էր, քնելիս էլ վախենում էի վնասել, այտուցված էր շատ, բայց քթանցքերս հավասար էին, երկու տարի է անցել արդեն, դեռ այտուցները իջնում են։ Հիմա շատ գոհ եմ, շատ բնական է ստացվել։ Լավ մասնագետից է կախված արդյունքը»։
Դրական և գոհացնող արդյունքների կողքին կան նաև հակառակ պատմություններ, որոնցից մեկն էլ Մարիամինն է, ով երկու անգամ կատարել է վիրահատություն ու դեռ հնարավոր է էլի ստիպված կրկնի։
«Առաջին վիրահատությունից հետո շնչառական խնդիրներ ունեցա։ Ասացին՝ կանցնի․ չանցավ։ Երկրորդ անգամ գնացի շտկման համար։ Հիմա մտածում եմ երրորդի մասին, թեև արդեն վախենում եմ։ Ամեն անգամ ասում եմ սա վերջնականն է, բայց հիմա ոչ տեսքն է դուր գալիս, ոչ էլ շնչառությունս է նորմալ։ Ոչ բոլոր բժիշկներն են կատարում երրորդային ռինոպլաստիկա։ Այն ոչ միայն ավելի թանկ է, այլ նաև ավելի ռիսկային»։
Երկրորդային և երրորդային ռինոպլաստիկան համարվում է պլաստիկ վիրաբուժության ամենաբարդ ուղղություններից մեկը։ Եթե առաջնային վիրահատության ժամանակ բժիշկը աշխատում է «ամբողջական» հյուսվածքի հետ, ապա կրկնակի միջամտությունների դեպքում բախվում է արդեն վնասված աճառների, սպիական հյուսվածքի հետ։ Այդ պատճառով յուրաքանչյուր հաջորդ վիրահատություն ոչ միայն նվազեցնում է կանխատեսելի արդյունքի հավանականությունը, այլև մեծացնում է բարդությունների ռիսկը՝ շնչառական խնդիրներից մինչև արտաքին տեսքի ավելի մեծ աղավաղում։ Երկրորդային ռինոպլաստիկայի հիմնական պատճառներն են անբավարար էսթետիկ արդյունքը, ֆունկցիոնալ խնդիրները (շնչառության խանգարում) և բուժառույի սպասումների ու իրականության անհամապատասխանությունը։
Միջազգային պրակտիկայում՝ հատկապես Եվրոպայում և ԱՄՆ-ում, երկրորդային ռինոպլաստիկան իրականացվում է խիստ սահմանափակումներով։ Շատ կլինիկաներ պահանջում են սպասել առնվազն մեկ տարի առաջին վիրահատությունից հետո, քանի որ քիթը վերջնական տեսք է ստանում միայն այդ ժամանակահատվածում։ Բացի այդ, զարգացած երկրներում բժիշկները հաճախ մերժում են վիրահատությունը, եթե տեսնում են, որ բուժառույի սպասելիքները իրատեսական չեն կամ ունի հոգեբանական բնույթի խնդիրներ։ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ոլորտում չկա միասնական վերահսկող մարմին կամ հրապարակային վիճակագրություն, ինչը դժվարացնում է թե՛ ռիսկերի գնահատումը, թե՛ հանրային վերահսկողությունը, իսկ գեղեցկության ոլորտը հաճախ գործում է շուկայական տրամաբանությամբ։ Սա հանգեցնում է նրան, որ որոշ բուժառուներ մեկ վիրահատությունից մյուսն անցնում են՝ հույս ունենալով «վերջապես ճիշտ արդյունքի» հասնել, սակայն արդյունքում հայտնվում են անվերջ շտկումների շրջանում։
Այս համատեքստում ռինոպլաստիկան դադարում է լինել պարզապես բժշկական միջամտություն և վերածվում է սոցիալ-հոգեբանական երևույթի, որտեղ խաչվում են գեղեցկության իդեալները, սոցիալական ճնշումները, ինքնագնահատականը և բժշկական պատասխանատվությունը։
Հոգեբան Ն․ Կարապետյանի խոսքով՝ ռինոպլաստիկայի պահանջարկի աճը հաճախ կապված է հենց ինքնագնահատականի խոցելիության հետ․
«Սոցիալական ցանցերում իդեալական դեմքերի շարունակական ցուցադրումը ձևավորում է այն համոզմունքը, որ արտաքին «թերրությունները» հաջողության հիմնական խոչընդոտն են։ Երբ մարդը չի ընդունում իրեն, վիրահատությունը դառնում է ոչ թե լուծում, այլ ժամանակավոր փախուստ խնդիրներից։ Գեղեցկության ձգտումը բնական է, սակայն այն պահին, երբ մարդը սկսում է վիրահատել ոչ թե իր քիթը, այլ սեփական ինքնընդունման բացակայությունը, խնդիրը դադարում է լինել էսթետիկ և դառնում է հոգեբանական, ու միայն քիթ վիրահատելով ոչինչ չի ավարտվում. մի վիրահատությանը հաջորդում է մյուսը՝ հույսով, որ ամեն հաջորդ փոփոխության հետ ինքնագնահատականի խնդիրը կլուծվի»։
Միևնույն ժամանակ, վերջին տարիներին սոցիալական ցանցերում նկատվում է նաև հակառակ միտում՝ փորձ դուրս գալու խիստ ու միանման գեղեցկության ստանդարտներից։ Նորաձևության ոլորտում սկսել են ավելի շատ ընտրել մեծ չափսերի, բնական դիմագծերով, ոչ դասական արտաքին ունեցող մոդելներին, որոնց ընտրությունը պայմանավորված է ոչ թե «կատարյալ» արտաքինով, այլ կերպարով և կաղապարներից դուրս գալով։ Սոցիալական մեդիան, որը տարիներ շարունակ նպաստել է էսթետիկ միջամտությունների նորմալացմանը, այսօր միաժամանակ դարձել է նաև հակաթրենդների հարթակ։ Միջազգային և հայկական շատ ինֆլուենսերներ բացահայտորեն խոսում են վիրահատություններից հրաժարվելու մասին, ցույց են տալիս իրենց բնական տեսքը՝ առանց ֆիլտրների, և մասնակցում են թրենդների, որտեղ սեփական քիթը կամ դիմագծերը համեմատում են հին հունական քանդակների, դասական արվեստի կտավների հերոսների կամ պատմական կերպարների հետ։ Այս ձևաչափով փորձ է արվում վերաիմաստավորել արտաքին առանձնահատկությունները։
Այս փոփոխությունները դեռևս չեն չեղարկում պլաստիկ վիրաբուժության պահանջարկը, սակայն ցույց են տալիս, որ գեղեցկության մասին հանրային դիսկուրսը աստիճանաբար բազմազանվում է։ Քթի պլաստիկան շարունակում է մնալ ընտրություն, սակայն զուգահեռաբար ձևավորվում է այլ խոսույթ, որտեղ ընդունելի է նաև չփոխվելը։ Իսկ այդ ընտրության առկայությունը կարող է դառնալ առանցքային գործոն՝ նվազեցնելու պլաստիկ վիրահատությունների թիվը։