04.01.2026
Կատեգորիա
Տնտեսություն
գույն

Բիզնեսում գույնը միայն տեսողական ընտրություն չէ, այլ հզոր հաղորդակցման գործիք, որը ձևավորում է առաջին տպավորությունը և ազդում սպառողի վարքագծի վրա։ Ճիշտ ընտրված գունային համակարգը կարող է բարձրացնել բրենդի ճանաչելիությունը, ստեղծել վստահություն և նույնիսկ ուղղակիորեն ազդել գնման որոշման վրա։ Գույնի դերի, հոգեբանական ազդեցության և բիզնեսում դրա կիրառման մասին զրուցել ենք Լուսինե Բադալյանի հետ։

-Ձեր կարծիքով ինչո՞ւ է գույնը այդքան կարևոր բիզնեսում։

-Գույնը կարևոր է բիզնեսում, որովհետև այն ստեղծում է առաջին տպավորություն և փոխանցում է բրենդի տրամադրությունը։ Այն ազդում է մարդկանց զգացմունքների, վստահության և գնման որոշման վրա, ինչպես նաև օգնում է բրենդին ճանաչելի դառնալ։ Գոյություն ունի նաև գույնի հոգեբանություն, որը ցույց է տալիս, թե ինչպես տարբեր գույներ տարբեր կերպ են ազդում մարդկանց վրա։

-Կարո՞ղ է գույնը իրականում ազդել մարդկանց գնման որոշման վրա։

-Այո՛, գույնը իրականում մեծ ազդեցություն ունի մարդկանց գնման որոշման վրա։ Տարբեր գույներ տարբեր զգացումներ և ասոցիացիաներ են առաջացնում մարդու մոտ, ինչը կարող է ուղղակիորեն ազդել նրա ընտրության վրա։ Օրինակ՝ կարմիրը հաճախ կապվում է էներգիայի, ակտիվության և ախորժակի հետ, այդ պատճառով այն լայնորեն օգտագործվում է սննդի ոլորտում։ Կապույտը փոխանցում է վստահություն և անվտանգություն, ինչի շնորհիվ այն հաճախ կիրառվում է բանկերի և տեխնոլոգիական ընկերությունների կողմից։ Կանաչը ասոցացվում է բնականության, առողջության և թարմության հետ, իսկ դեղինը՝ ուշադրության և ուրախության։ Նարնջագույնը ստեղծում է ակտիվ և ընկերական տրամադրություն, սևը՝ շքեղության և ուժի զգացում, իսկ սպիտակը՝ մաքրության և պարզության։

-Ինչպե՞ս եք որոշում, թե որ գույնն է ճիշտ տվյալ բիզնեսի համար։

-Ճիշտ գույնը ընտրելու համար առաջին հերթին հաշվի է առնվում բիզնեսի բնույթը և արժեքները։ Պետք է հասկանալ՝ ինչ է փոխանցում բրենդը՝ վստահություն, էներգիա, բնականություն, թե շքեղություն։ Բացի այդ, կարևոր է թիրախային լսարանը․ տարբեր տարիքային կամ մշակութային խմբեր գույները տարբեր կերպ են ընկալում։ Օրինակ՝ երիտասարդների համար կարելի է ընտրել ավելի վառ և ակտիվ գույներ, իսկ ավելի լուրջ ոլորտներում՝ զուսպ ու վստահություն ներշնչող գունային լուծումներ։

-Կա՞ն գույներ, որոնք հատկապես արդյունավետ են բիզնեսում։

-Այո՛, կան գույներ, որոնք հաճախ համարվում են ավելի արդյունավետ բիզնեսում, քանի որ ունեն ուժեղ հոգեբանական ազդեցություն մարդկանց վրա։ Օրինակ՝ կապույտը շատ արդյունավետ է, որովհետև ստեղծում է վստահություն և հուսալիություն, դրա համար այն լայնորեն օգտագործվում է բանկերի և տեխնոլոգիական ընկերությունների կողմից։ Կարմիրը խթանում է ակտիվություն և արագ որոշումներ, հատկապես արդյունավետ է վաճառքների և սննդի ոլորտում։ Կանաչը կապված է բնականության և առողջության հետ, այդ պատճառով լավ է օգտագործվում օրգանական և էկո բրենդների համար։

-Ի՞նչ սխալներ են ամենից հաճախ անում բիզնեսները գույների ընտրության ժամանակ։

-Բիզնեսները հաճախ մի քանի տարածված սխալներ են անում գույների ընտրության ժամանակ․ առաջինը՝ գույն ընտրել միայն “սիրելու” հիմքով, առանց հաշվի առնելու բրենդի իմաստը և նպատակները։ Գույնը պետք է փոխանցի արժեք, ոչ թե պարզապես դուր գա։ Երկրորդը՝ անտեսել թիրախային լսարանը։ Նույն գույնը կարող է տարբեր ազդեցություն ունենալ տարբեր մարդկանց վրա, և սա հաճախ հաշվի չի առնվում։ Երրորդը՝ շատ գույների օգտագործումը։ Երբ գունային պալիտրան չափազանց խառն է, բրենդը դառնում է անհասկանալի և ոչ հիշվող։ Չորրորդը՝ գույնի հոգեբանությունը չհաշվարկելը։ Օրինակ՝ վստահություն պահանջող ոլորտում չափազանց վառ կամ “աղմկոտ” գույներ ընտրելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Վերջապես՝ մրցակիցներին չուսումնասիրելը․ երբ բրենդը օգտագործում է նույն գույները, ինչ բոլորը, այն կորցնում է իր առանձնահատկությունը։

-Ձեր կարծիքով լավ գունային համակարգը ինչպե՞ս է ազդում բրենդի հաջողության վրա։

-Լավ մտածված գունային համակարգը մեծ ազդեցություն ունի բրենդի հաջողության վրա, որովհետև այն ձևավորում է ամբողջական և հիշվող պատկեր։ Երբ գույները ճիշտ են ընտրված և իրար հետ համահունչ, բրենդը ավելի հեշտ է ճանաչվում և առանձնանում մրցակիցներից։ Այն նաև ստեղծում է վստահություն․ նույն գունային լեզվի հետևողական օգտագործումը (փաթեթավորում, կայք, գովազդ) տալիս է պրոֆեսիոնալ և կայուն բրենդի տպավորություն։ Բացի այդ, ճիշտ գույները փոխանցում են բրենդի բնավորությունը և զգացմունք են առաջացնում, ինչը օգնում է մարդկանց կապ հաստատել բրենդի հետ։ Արդյունքում, մարդիկ ոչ միայն հիշում են բրենդը, այլև ավելի հավանական է, որ ընտրեն հենց այն։

Արփի Մանուկյան