Այսօրվա մեր զրուցակիցն է լրագրող, իրավաբան Թագուհի Մելքոնյանը։ Քննարկում ենք սոցիալական խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները և լրագրության դերը դրանց լուծման գործընթացում։
-Բարև Ձեզ, Թագուհի, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեր կարծիքով՝ որո՞նք են այսօր Հայաստանի ամենաակտուալ սոցիալական խնդիրները։
-Այսօր սոցիալական խնդիրները փոխկապակցված շղթա են։ Դրանց հիմքում աղքատության խորացումն է, որը նպաստում է արտագաղթին։ Սակայն եթե նախկինում արտագաղթը պայմանավորված էր հիմնականում կենսապահովման խնդիրներով, այսօր ավելի շատ բախվում ենք «ուղեղների արտահոսքի» երևույթին։ Երկիրը լքում են բարձր որակավորում ունեցող մասնագետները, ինչը երկարաժամկետ հետևանքներ է ունենում։ Արդյունքում ձևավորվում է նաև ժողովրդագրական խնդիր՝ ծնելիության անկում և հասարակության ծերացում, որն արդեն կարելի է դիտարկել որպես ազգային անվտանգության սպառնալիք։
-Ինչպե՞ս եք որոշում, թե որ սոցիալական խնդիրը արժե լուսաբանել՝ տեղեկատվական արժեքի և հանրային ազդեցության տեսանկյունից։
-Այս հարցը բազմաշերտ է և սերտորեն կապված է լրագրողի մասնագիտական զգացողության ու էթիկայի հետ։ Հաճախ սոցիալական խնդիրները չեն սպասում լրագրողին․ դրանք ինքնուրույն են հայտնվում մեր ուշադրության կենտրոնում։ Երբ ինձ դիմում է քաղաքացի, նախ փորձում եմ հասկանալ՝ գործ ունենք մեկ դեպքի՞, թե՞ ավելի լայն՝ համակարգային խնդրի հետ։ Եթե այն ունի կրկնվելու ռիսկ և կարող է ազդել բազմաթիվ մարդկանց վրա, դրա կարևորությունն ակնհայտորեն մեծանում է։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև այն խնդիրները, որոնք վերաբերում են հասարակության քիչ տեսանելի կամ անտեսված խմբերին։ Ցավոք, քաղաքական օրակարգի ծանրաբեռնվածության պայմաններում սոցիալական թեմաները հաճախ մղվում են երկրորդ պլան։
-Ի՞նչ առանձնահատկություններ ունի սոցիալական թեմաների լուսաբանումը մեդիայում։
-Սոցիալական լրագրության հիմքում մարդակենտրոն մոտեցումն է։ Պարզ վիճակագրությունը հաճախ չի բավականացնում․ անհրաժեշտ է ներկայացնել իրական մարդկանց պատմությունները՝ խնդիրը կենդանի և հասկանալի դարձնելու համար։ Միաժամանակ, սա պահանջում է բարձր էթիկա և զգայունություն, որպեսզի հերոսների խոցելիությունը չդառնա շահարկման առարկա։ Լրագրողը այս դեպքում հանդես է գալիս ոչ միայն որպես տեղեկատվություն փոխանցող, այլև որպես միջնորդ՝ հասարակության տարբեր շերտերի և որոշում կայացնողների միջև։
-Ինչպե՞ս կարող է լրագրությունը նպաստել սոցիալական խնդիրների լուծմանը։
-Մեր իրականության մեջ շատ խնդիրներ լուծում են ստանում միայն այն ժամանակ, երբ ստանում են լայն հանրային հնչեղություն։ Հանրային ճնշումը հաճախ ստիպում է պետական մարմիններին արձագանքել։ Նույնիսկ եթե լուծվում է մեկ մարդու խնդիր, դա կարող է դառնալ կարևոր նախադեպ և ազդել հետագա համակարգային փոփոխությունների վրա։
-Ձեր կարծիքով՝ մեդիան այսօր միայն բարձրացնո՞ւմ է խնդիրները, թե՞ նաև լուծումներ է առաջարկում։
-Կարծում եմ՝ ներկայում մեդիան ավելի շատ կենտրոնացած է խնդիրների բարձրաձայնման վրա, քան դրանց լուծումների առաջարկման։
-Ինչպե՞ս եք ապահովում նյութերի օբյեկտիվությունն ու հավաստիությունը՝ հատկապես զգայուն թեմաների դեպքում։
-Զգայուն թեմաների դեպքում օբյեկտիվությունը պարտադիր պայման է։ Աշխատում եմ յուրաքանչյուր տեղեկություն ստուգել մի քանի աղբյուրից՝ անկախ դրա հուզական ազդեցությունից։ Մեծ լսարան ունեցող լրատվամիջոցում աշխատելը լրացուցիչ պատասխանատվություն է դնում՝ ապահովելու ներկայացվող տեղեկատվության ճշգրտությունը։
-Ի՞նչ էթիկական սահմաններ եք պահպանում անձնական պատմություններ ներկայացնելիս։ Եղե՞լ են դեպքեր, երբ հրաժարվել եք նյութ հրապարակելուց։
-Իհարկե։ Շատ հեշտ է սենսացիոն նյութով վնասել մարդու կյանքը, բայց հենց այստեղ է սկսվում լրագրողական էթիկան։ Եթե տեսնում եմ, որ տեղեկատվությունը կարող է վնասել մարդու անձնական կյանքին կամ խախտել նրա գաղտնիությունը, նախընտրում եմ չհրապարակել այն։ Ինձ համար առաջնային է «մի՛ վնասիր» սկզբունքը․ ոչ մի դիտում կամ վարկանիշ չի կարող արդարացնել մարդկային ճակատագրերի վնասումը։
-Ձեր ո՞ր նյութն է ունեցել ամենամեծ արձագանքը։
-Իմ առաջին մեծ արձագանք ստացած նյութերից մեկը հրապարակել եմ դեռ 17 տարեկանում։ Այն վերաբերում էր «Հայրենակիցներ» ծրագրին, որի միջոցով Ռուսաստանի կառավարությունը փորձում էր ներգրավել մասնագետներ Հայաստանից։ Գաղտնի նկարահանումների միջոցով բարձրաձայնեցի ծրագրի ռիսկերը և դրա հնարավոր հետևանքները Հայաստանի համար։ Հրապարակումից հետո հարցը բարձր մակարդակով քննարկվեց, և ծրագիրը ժամանակավորապես կասեցվեց, իսկ հետագայում դադարեց գործել։ Ընդհանուր առմամբ, իմ բազմաթիվ նյութեր արձագանք են ստացել և որոշ դեպքերում նպաստել խնդիրների լուծմանը։
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել սոցիալական թեմաներ լուսաբանելիս։
-Դժվարությունները բազմազան են՝ թե՛ հոգեբանական, թե՛ մասնագիտական։ Օրինակ՝ պատերազմից հետո զոհվածների ընտանիքների խնդիրների լուսաբանումը չափազանց ծանր էր՝ ինչպես էմոցիոնալ, այնպես էլ էթիկական տեսանկյունից։ Կան նաև դեպքեր, երբ հասկանում ես, որ խնդրի լուծումը քո ուժերից վեր է, սակայն մարդիկ իրենց վերջին հույսը կապում են լրագրողի հետ։ Այդ իրավիճակներում կարևոր է լինել ազնիվ և ներկայացնել իրականությունը՝ նույնիսկ եթե դա ցավոտ է։
-Ինչպե՞ս եք տեսնում սոցիալական լրագրության զարգացումը Հայաստանում։
-Սոցիալական լրագրությունը կշարունակի գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունեն սոցիալական խնդիրներ։ Իսկ դրանք մշտական են և չեն կարող ամբողջությամբ վերանալ։ Անկախ պետության զարգացման մակարդակից՝ միշտ կլինեն մարդու շուրջ կենտրոնացած խնդիրներ, որոնք պահանջում են ուշադրություն և լուսաբանում։