04.01.2026
Կատեգորիա
ՏՏ
ԱԲ

Թեև ծնողները հաճախ խնդրի լուծումը տեսնում են երեխաներին հեռախոսներից և էլեկտրոնային խաղերից ամբողջությամբ հեռու պահելու մեջ,  մասնագետները այլընտրանքային լուծումներ են առաջարկում՝ ոչ թե արգելել, այլ վերահսկել և ճիշտ ուղղորդել դրանց օգտագործումը։ Բայց ինչպիսի՞ ազդեցություն է ունենում այն երեխաների վարքի, հոգեբանական և սոցիալական զարգացման վրա։ Հոգեբաններն ու մանկավարժները միաձայն նշում են՝ խաղերը կարող են զարգացնել մտածողությունը և թիմային աշխատանքը, բայց միաժամանակ նպաստել ագրեսիայի, մեկուսացման և իրականության խեղաթյուրված ընկալման։

Խնդիրը խորապես ուսումնասիրելու համար անցկացվել է հարցում՝ պարզելու ծնողների դիտարկումները և երեխաների վարքագծային փոփոխությունները։ Հարցմանը մասնակցած 50 ծնողներից 46-ը նշում են, որ երեխաները էլեկտրոնային խաղեր խաղում են ամեն օր։ Երեխաների մոտ նկատվում է ագրեսիա, լարվածություն, մեկուսացում, նեգատիվիզմ։ Ըստ հարցման՝ երեխաներին առավել շատ հետաքրքրող խաղերի շարքում առաջնային տեղ են զբաղեցնում PUBG և Free Fire էլեկտրոնային խաղերը, որոնցում առկա են սպանություններ, մենամարտեր, արյուն, կռիվ, պատերազմ և այն էլ այնպիսի գունագեղությամբ ու ձայնային ուղեկցությամբ, որ խաղացողին հաճախ թվում է՝ իրականում հենց այդտեղ է գտնվում։

Ծնողների դիտարկումները

33-ամյա Աննա Հայրապետյանը, ով ունի 7-ամյա որդի, նշում է, որ խաղերի ազդեցությամբ երեխան ավելի ագրեսիվ է դառնում, սկսում է չենթարկվել, մեկուսանալ և չի կարողանում ազատ հաղորդակցվել։ Նրա կարծիքով՝ տարիքային սահմանափակման հարցը պետք է շատ լուրջ դրվի, և մինչև 13 տարեկան երեխաներին ընդհանրապես չպետք է թույլատրվի օգտվել հեռախոսներից։ Աննա Հայրապետյանը նաև նշում է, որ երեխաների առողջ զարգացմանը կարող են նպաստել սպորտդպրոցները, զարգացման կենտրոնները և երաժշտական դպրոցները։

38-ամյա Արմեն Մկրտչյանը, ով երկու երեխայի հայր է, նույնպես նկատում է խաղերի ազդեցությունը երեխաների վրա, սակայն խնդրի լուծումը տեսնում է ոչ թե լիարժեք արգելքի, այլ վերահսկման մեջ։ Նրա խոսքով՝ երեխաները խաղերից շատ են տպավորվում․ երբեմն սկսում են միմյանց հետ խոսել խաղային բառապաշարով, օգտագործում են ագրեսիվ արտահայտություններ և ընդօրինակում տեսածը։ Նա հիմնականում փորձում է սահմանափակել խաղերի օգտագործման ժամանակը, սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է։ Արմեն Մկրտչյանը կարծում է, որ եթե խաղերը լինեն վերահսկվող և թեմատիկ, հնարավոր է մեղմել դրանց ազդեցությունը։

Մանկավարժի դիտարկումը

Ծնողների դիտարկումներին զուգահեռ կարևոր է նաև մանկավարժների տեսակետը, ովքեր ամենօրյա շփման ընթացքում դիտարկում են երեխաների վարքի և փոխազդեցության փոփոխությունները։

Ուսուցչուհի Անահիտ Ղազարյանը նշում է, որ խաղերն ունենում են թե՛ հոգեբանական, թե՛ վարքային մեծ ազդեցություն։

«Իրենց սիրելի խաղերում, բացի բռնությունից, այլ բան չեք գտնի։ Դրա համար էլ այժմ դպրոցներում բուլինգի են ենթարկվում թե՛ աշակերտները աշակերտների կողմից, թե՛ ուսուցիչները աշակերտների կողմից։ Հաճախ եմ հարցնում աշակերտներիս, թե որքան ժամանակ են տրամադրում հեռախոսին, դեռ չի եղել մեկը, ով օրական 2 ժամից քիչ նշի։ Միջին դպրոցի սովորողների մոտ շատ հաճախ դրսևորվում են տարօրինակ շարժումներ, բանավոր խոսքի փոխարեն ժեստերի կիրառում, իշխելու ցանկություն, ինչը մտահոգիչ է։ Ցանկացած երեխա՝ լինի 3 թե 13 տարեկան, ձեռք է բերում կախվածություն, եթե հետևողական չեն լինում մեծահասակները»,-նշում է ուսուցչուհին։

Սակայն նա փաստում է նաև հակառակ կողմը․ ճիշտ օգտագործման դեպքում խաղերը կարող են ունենալ նաև դրական ազդեցություն և նպաստել երեխաների զարգացմանը, եթե դրանք կրեն ուսուցողական բնույթ։ Նրա խոսքով՝ նման խաղեր շատ կան, օրինակ՝ «Կորիզ» կրթական ծրագրի խաղերը։ Նա նաև նշում է, որ դպրոցում հաճախ կազմակերպվում են սեմինարներ և դասղեկական ժամեր՝ նվիրված մեդիագրագիտությանը։ Թեև սեմինարների ավարտին երեխաները հաճախ քննադատական կարծիք են արտահայտում, ծնող–աշակերտ–ուսուցիչ համագործակցությունը սովորաբար տալիս է դրական արդյունք։

Հոգեբանի գնահատականը 

Ուսուցչի դիտարկումներին զուգահեռ հոգեբան Էլեն Հովհաննիսյանը խնդրին մոտենում է մասնագիտական տեսանկյունից՝ վերլուծելով դրա հոգեբանական հետևանքները։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային խաղերի բացասական ազդեցությունը երեխաների վարքագծի ձևավորման վրա կարող է դրսևորվել ագրեսիայի ավելացմամբ, կարեկցանքի նվազմամբ և իրականության ու խաղային աշխարհի միջև սահմանների խախտմամբ։ Երեխաները կարող են ընդունելի ընկալել ագրեսիվ վարքի ձևերը, ինչը թուլացնում է իրական կյանքում կառուցողական փոխհարաբերվելու իրենց կարողությունը։

Միաժամանակ հոգեբանը նշում է, որ էլեկտրոնային խաղերը կարող են զարգացնել նաև որոշ բնավորության գծեր՝ հաղթելու ցանկություն, առաջնորդի որակներ, իմպուլսիվություն, մրցակցության աճ, երբեմն նաև համբերության պակաս կամ կորուստների նկատմամբ անհանդուրժողականություն։

Սակայն, ըստ հոգեբանի, խաղերը կարող են ունենալ ոչ միայն բացասական, այլ նաև դրական ազդեցություն։ Նրա դիտարկմամբ՝ որոշ խաղեր զարգացնում են ճանաչողական ունակությունները, ռազմավարական մտածողությունը, ուշադրությունը և այլ կոգնիտիվ հմտություններ։ Որոշ խաղեր կարող են նաև օգնել բարելավել թիմային աշխատանքը և խնդիրների լուծումը սթրեսային պայմաններում։ Կարևոր է, որ խաղերի բովանդակությունը և դրանց տևողությունը հավասարակշռված լինեն։ Անգամ եթե նման խաղերը կարող են դրական ազդեցություն ունենալ, միևնույն է անհրաժեշտ է սահմանափակել դրանցից օգտվելու տևողությունը։

Հոգեբանի խոսքով՝ խաղերի հերոսների հետ նույնականացումը կարող է հանգեցնել վիրտուալ և իրական կյանքի սահմանները չհասկանալու, կարծրատիպերի և խեղաթյուրված վարքի օրինաչափությունների զարգացմանը։ Նման ազդեցության կանխարգելումը հնարավոր է երեխայի հետ խաղերի քննարկման, իրական արժեքների և վարքի ձևերի շեշտադրման, ինչպես նաև քննադատական մտածողության զարգացման միջոցով։

Նա նաև ընդգծում է, որ կարևոր է, որպեսզի երեխաները հաճախեն խմբակների, զբաղվեն երաժշտությամբ և սպորտով, քանի որ հոգեֆիզիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել դրանց դրական ազդեցությունը ուղեղի զարգացման վրա։

«Եկեք չմոռանանք՝ մենք ինքներս ենք օրինակ ծառայում մեր երեխաներին։ Այն ժամանակը, որը մենք ենք անցկացնում սմարթֆոններում, կարող ենք փոխարինել մեր երեխաների հետ ժամանակ անցկացնելով։ Կարևոր է սեփական օրինակով երեխային սովորեցնել ճիշտ օգտվել մեդիայից։ Չէ՞ որ հիմա համացանցը, խաղերը և լրատվամիջոցները մեր կյանքի անբաժան մասն են, և ամբողջությամբ հրաժարվել դրանցից մենք չենք կարող»,-ընդգծեց մասնագետը։ 

Երեխաների` մեդիայից կախվածությունը նվազեցնելու նպատակով հոգեբանը առաջարկում է մի քանի մեխանիզմներ՝ խաղերի ժամանակի հստակ սահմանների սահմանում, այլընտրանքային հետաքրքրությունների և հմտությունների զարգացում, ընտանեկան կապերի ամրապնդում, ինչպես նաև ինքնակարգավորման և արտացոլման հմտությունների ուսուցում։ Ի վերջո, երեխայի մեդիավարքը մեծապես ձևավորվում է հենց մեծահասակների օրինակով, և խաղերի ազդեցությունը նույնպես կախված է այն միջավայրից, որտեղ նա մեծանում է։

Հասմիկ Գևորգյան