03.25.2026
Կատեգորիա
Հասարակություն
ստրուկ

Ամեն տարի մարտի 25-ին աշխարհը հիշում է ստրկության զոհերին: ՄԱԿ-ը խոսում է ազատության, մարդու իրավունքների պաշտպանության և հավասարության մասին: Բայց նույն աշխարհում միլիոնավոր մարդիկ շարունակում են ապրել շահագործման պայմաններում, խաղաղ բնակիչները մահանում են պատերազմների ժամանակ, և շատ պետություններ խախտում են միջազգային իրավունքի նորմերը: 

Մարտի 25-ը սահմանվել է որպես տրանսատլանտյան ստրկության զոհերի հիշատակի օր՝ հիշեցնելու պատմության ամենախոշոր ողբերգություններից մեկը: Դարեր շարունակ միլիոնավոր աֆրիկացիներ բռնի կերպով տեղափոխվել են իրենց բնակավայրից և տարբեր երկրներում  դարձել աշխատուժ: 

Պատմաբան Նաիրա Ղարիբյանի խոսքով, սակայն, խնդիրն անցյալում չի մնացել․ «Մարդու իրավունքներն այսօր էլ շատ հաճախ չեն հարգվում: Մարդուն օգտագործում են որպես միջոց, աշխատեցնում, շահագործում։ Թեև շատերի մոտ տպավորություն է, որ ստրկություն բառը և երևույթը միայն միջնադարին է բնորոշ, այս օրը վաղուց դադարել է լինել միայն անցյալի մասին հիշեցում»: 

Պատմաբանի գնահատմամբ՝ տրանսատլանտյան ստրկությունը պետք է դիտարկել որպես զանգվածային բռնության ձև․ «Աֆրիկայի բնակչությունը 100 տարի շարունակ չի աճել․ ոչ թե այն պատճառով, որ երեխաներ չէին ծնվում, այլ այն պատճառով, որ մարդկանց ճանապարհներին պարբերաբար սպանում էին և ինչքան էլ երեխա ծնվեր, միևնույն է մահացածների թվին չէր գերազանցի․ սա միանշանակ ցեղասպանության դրսևորում է»,- նշեց պատմաբանը:

Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության (International Labour Organization) և Walk Free Foundation-ի 2022 թվականի համատեղ զեկույցի՝ աշխարհում շուրջ 50 միլիոն մարդ ապրում է ժամանակակից ստրկության պայմաններում։ Այս թիվը 3 անգամ մեծ  է տրանսատլանտյան ստրկության ժամանակ տեղահանվող ստրուկների քանակից։

Այս տվյալները ցույց են տալիս, որ ստրկությունը ոչ միայն չի վերացել, այլ փոխել է իր դրսևորումները՝ հարմարվելով ժամանակակից աշխարհին։ Մեր օրերում ստրկությունը հաճախ դրսևորվում է թրաֆիքինգի՝ մարդկանց շահագործման ձևով։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ աշխարհում շուրջ 27 միլիոն մարդ գտնվում է թրաֆիքինգի և հարկադիր շահագործման պայմաններում, որոնցից մեծ մասը կանայք և երեխաներ են։

Մարտի 25-ը ՄԱԿ-ը ներկայացնում է որպես հնարավորություն՝ աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնելու, որ նման հանցագործությունները չպետք է կրկնվեն: Սակայն այստեղ առաջանում է հակասություն․ նույն կազմակերպությունը, որը հորդորում է պաշտպանել մարդու իրավունքները, հաճախ չի կարողանում ապահովել այդ սկզբունքների լիարժեք իրականացումը: 

Վերջին տարիների իրադարձությունները և պատերազմները դրա վառ օրինակն են: Միջազգային կառույցների տվյալներով Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով 2023-2025 թվականներին զոհվել է ավելի քան 30 հազար խաղաղ բնակիչ: Չնայած բազմաթիվ հայտարարություններին և կոչերին՝ իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ ազդեցիկ քայլերը՝ սահմանափակ:

Պատմաբանը նշում է՝ թեև կան միջազգային օրենքներ՝ իրավիճակը կանխելու համար, հարցին լուծում չի տրվում․ «1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ընդունեց Ցեղասպանության մասին կոնվենցիա, որով մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Կան մի շարք միջազգային օրենքներ, սակայն դրանց իրականացումը չի վերահսկվում կառույցների կողմից: Այդպես եղավ Արցախում՝ 2023 թվականին, Ուկրաինայում, հիմա նմանատիպ դրություն է Արևմուտքում: Տնտեսական պատժամիջոցները բավական չեն ագրեսոր պետություններին զսպելու համար»,- նշեց Նաիրա Ղարիբյանը:

Այսպիսով, թեև մարտի 25-ը պաշտոնապես նշվում է որպես ստրկության զոհերի հիշատակի օր, դրա իմաստը շատ ավելի լայն է: Այն հիշեցնում է ոչ միայն անցյալի ստրկական համակարգի մասին, այլ նաև այն մասին, որ մարդու իրավունքների խախտումները կարող են դրսևորվել տարբեր ձևերով՝ տարբեր ժամանակներում: Այդ պատճառով մարտի 25-ը միայն անցյալը հիշելու օր չէ: Այն հիշեցնում է, որ ազատությունը, հավասարությունը և մարդու իրավունքները արժեքներ են, որոնք պետք է պաշտպանվեն ոչ միայն խոսքով, այլ իրական գործողություններով: 

Լիլիթ Հունանյան