04.01.2026
Կատեգորիա
Տնտեսություն
Gatto

Երևանում կան բազմաթիվ սրճարաններ` բացօթյա, գրքասերների համար նախատեսված, երաժշտական թեմատիկայով, ժամանակակից ու մինիմալիստական, կամ փոքրիկ ու գողտրիկ անկյուններում թաքնված։ Սակայն կա մի սրճարան, որը առանձնանում է բոլորից։ Առանձնանում է իր յուրահատուկ բնակիչներով՝ կատուներով։ Երևանի առաջին և դեռևս միակ կատուների սրճարան` Gatto, մարդիկ այցելում են ոչ թե համեղ խմորեղեններ կամ թարմ սուրճ փորձելու, այլ կատուների հետ խաղալու և ժամանակ անց կացնելու համար։ Սրճարանի աշխատակիցներից Սաթե Սարգսյանը պատմում է, որ սրճարանը բացելու միտքը առաջացել է Երևանի կատուներին օգնելու ցանկությունից։

«Gatto-ի գաղափարը ծնվեց կենդանիների նկատմամբ սիրուց և Երևանում նրանց համար ավելի ապահով ու ջերմ միջավայր ստեղծելու ցանկությունից։ Միաժամանակ ուսումնասիրել ենք միջազգային փորձը՝ հատկապես կատուների սրճարանների մոդելը տարբեր երկրներում։ Փորձել ենք վերցնել լավագույնը՝ կենդանիների բարեկեցությունը առաջնային դարձնելով, բայց նաև հարմարեցնել այն տեղական պայմաններին և մշակույթին», - նշեց Սաթեն։

«Կատուների սրճարան» հասկացությունը առաջացել է Թայվանում 1998 թվականին, երբ բացվեց Cat Flower Garden կոչվող սրճարանը։ Այդ գաղափարը Թայվանից տեղափոխվեց Ճապոնիա, որտեղ շատ սիրվեց բնակչության կողմից։ Ճապոնիայի օրինակով կատուների սրճարաններ սկսեցին բացվել տարբեր երկրներում, և հիմա դրանք կարելի է գտնել ավելի քան 50 երկրներում։ «Cat cafe» բառակապակցությունը 2015 թվականին տեղ գտավ Օքսֆորդի բառարանում։ Իսկ Հայաստանում Gatto-ն հայտնվեց 2023 թվականին։ Ստեղծման հենց առաջին օրերից սրճարանը իր առջև դրեց հստակ նպատակ` փրկել, բուժել և խնամել դրա կարիքը ամենաշատը ունեցող կատուներին` դառնալով նրանց մշտական կամ ժամանակավոր տունը։

«Կատուներին հիմնականում փրկում ենք փողոցից կամ համագործակցում ենք կամավորների հետ։ Առաջնահերթություն տալիս ենք այն կենդանիներին, որոնք առավել խոցելի վիճակում են՝ հիվանդ, վնասված կամ վտանգված միջավայրում գտնվող։ Ամեն կատու անցնում է բուժզննում, անհրաժեշտ բուժում, ստերջացում և սոցիալականացում։ Այս տարվա ընթացքում արդեն տասնյակ կատուների ենք օգնել՝ նրանցից մի մասը գտել է մշտական տուն», - պատմեց սրճարանի աշխատակից Սաթենը։

Կատուները ապրում են մաքուր, անվտանգ և հարմարավետ միջավայրում։ Տարածքը հարմարեցված է նրանց կարիքներին, կան խաղային գոտիներ, հանգստի անկյուններ, բարձր հարթակներ։ Նրանց մասին հոգ են տանում աշխատակիցները և կամավորները՝ ապահովելով սնունդ, հիգիենա, առողջության վերահսկում և, իհարկե, ուշադրություն և սեր։ Այս պահին սրճարանում ապրում է 12 կատու։ Յուրաքանչյուրը ունի իր բնավորությունը՝ կան շատ ակտիվ, խաղասեր կատուներ, ինչպես նաև ավելի հանգիստ ու խնամք սիրողներ։ 

Չնայած Gatto-ի և այլ կատուների սրճարանների լավ օրինակին` կենդանիների պաշտպանության որոշ կազմակերպություններ ասում են, որ կատուների սրճարանը այդքան էլ լավ տեղ չէ կատուների համար, քանի որ թվով շատ կատուներ ապրում են փոքր տարածքում` անընդհատ փոփոխվող մարդկանց մթնոլորտում։ Սաթե Սարգսյանը նշեց, որ Gatto-ի աշխատակազմը անում է ամեն ինչ, որ սրճարանի բնակիչ-կատուները իրենց լավ զգան։

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կատուների բարեկեցությանը՝ սահմանափակելով այցելուների քանակը, ապահովելով հանգստի փակ գոտիներ, և հետևելով նրանց վարքագծին։ Եթե կատուն չի ցանկանում շփվել, դա լիովին հարգվում է։ Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կատուները իրենց ապահով և հանգիստ են զգում: Այդ նպատակին հասնելու համար սրճարանում կան պարզ, բայց կարևոր կանոններ՝

չխանգարել քնած կամ հանգստացող կատուներին, չվերցնել նրանց ձեռքերին առանց աշխատակիցների թույլտվության, պահպանել հիգիենայի կանոնները և այլն», - պատմեց աշխատակցուհին։

Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին` սրճարանի գործունեությունը հիմնված է մի քանի աղբյուրների վրա՝ սրճարանի վաճառքներ, բրենդավորված մերչ, ինչպես նաև տարբեր դասընթացներ և միջոցառումներ, ինչպես օրինակ` կատուների հետ յոգա, կավագործություն, հելյունագործություն, անգլերենի խմբակ, կինոդիտումներ։ Այս ամենը օգնում է ապահովել կատուների խնամքի, բուժման և տարածքի պահպանման ծախսերը։

Իր բազմաթիվ լավ կողմերի հետ Gatto-ն նաև որոշ խնդիրների է բախվում, օրինակ տարածքի սահմանափակ լինելու հանգամանքը։ Սաթեն նշում է, որ սրճարանի գործունեությունը լավացնելու համար որոշ բարելավումներ չէին խանգարի։

«Կցանկանայինք ընդլայնել տարածքը, որպեսզի կատուները ունենան ավելի շատ անձնական գոտիներ և հնարավորություններ։ Նաև զարգացնել կրթական ծրագրերը՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը տարածելու համար», - ասաց նա։

Չնայած այս դժվարություններին` Gatto-ն շարունակում է գործել և մնալ Երևանի հետաքրքիր ժամանցի վայրերից մեկը` դրա հետ մեկտեղ լինելով իր բնակիչ-կատուների հարմարավետ տունը։

Աննա Հանյան