04.02.2026
Կատեգորիա
ՏՏ
Դիանա Գրիգորյան

Բլոգերները և ինֆլյուենսերները հայաստանյան մեդիադաշտում օրեցօր ավելի են շատանում և ստեղծում բովանդակություն՝ հավաքելով իրենց համապատասխան լսարան։ Սրանով պայմանավորված՝ անընդհատ կրկնվող, նույնանման կոնտենտը դառնում է գերակշռող, և միայն անկեղծ, տարբերվող, և գեղեցիկ հրապարակումներն են սկսում ավելի հետաքրքրություն առաջացնել և օգնում բլոգերներին

ունենալ դրական, հավատարիմ լսարան։ Այսպես է կարծում նաև բլոգեր, ինֆլյուենսեր Դիանա Գրիգորյանը, ով Instagram-ում ունի մոտ 24.000 հետևորդ։ Իր հրապարակումներում Դիանան ներկայացնում է իր առօրյան, իրեն շրջապատող երևույթները իր աչքերով՝ գեղեցիկ և «էսթետիկ»։

Դիանան իր բլոգը սկսել է վարել աստիճանաբար՝ սկզբում գեղեցիկ նկարներ հրապարակելով՝ առօրյայից, նաև մոդելինգով զբաղվելու ընթացքից, ինչն էլ սկսել է հետաքրքրել մարդկանց։ Նկատելով արդեն աստիճանաբար ավելացող հետևորդների հետաքրքրությունը կոնտենտի նկատմամբ՝ Դիանան մոտ երեք տարի առաջ է սկսել բլոգին ավելի լրջորեն վերաբերվել՝ կատարելով նաև ներդրումներ, որի արդյունքում էլ հիմա բլոգը իր աշխատանքի մի մասն է։ Դիանայի խոսքով՝ հետևորդների կարծիքներից պարզ է դառնում՝ այն հիմնական կետը, որի համար իրեն հետևում են, անկեղծությունն է։ 

«Իմ կյանքը, իմ ապրելակերպը՝ այն, որ կյանքում պետք է փոքր բաներում տեսնել գեղեցկություն, գնահատել դրանք, որ հասնես հաջողությունների, իմ կյանքի հիմնաքարերն են, և դա լսարանը վերցնում է։ Երբ ինձ հարցնում են նախանձի, ինքնագնահատականի և այլ երևույթների մասին, ես իմ փորձով կիսվում եմ՝ վիդեոներ նկարելով»,- ավելացնում է Դիանան։

Որևէ հրապարակում անելիս Դիանան հաշվի է առնում և իր, և լսարանի հետաքրքրությունները։ Հաճախ ընկերների հետ քննարկվող թեմաները վերածվում են առանձին հրապարակման, կամ էլ հայտնվում որևէ սթորիի, հոլովակի նկարագրության բաժնում։ Դիանան սոցիալական ցանցերից դուրս իր հետաքրքիր առօրյան ունի․ հիմնականում իր աշխատանքն է կապված սոցցանցերի հետ։

«Եթե մեկ օր պետք լիներ անջատվել սոցցանցերից, ես նույն բաները կանեի, պարզապես առանց նկարելու։ Եթե հեռախոսը լիներ ուղղակի զանգելու և պատասխանելու համար, երևի կգնայի պիլատեսի, նախաճաշ կանեի, Ալիկի (ամուսնու) հետ կգնայի օպերա, սովորական օր կանցկացնեի»,- հավելում է Դիանան։ 

Մոդելինգը եղել է Դիանայի կյանքի մի մասը։ Հիշում է՝ իր առաջին առաջարկը ստացել է շատ պատահական․ առաջին կուրսում դասերից հետո ընկերուհու հետ առևտրի կենտրոն են գնացել, որտեղ էլ իր գեղեցկությունը նկատել է մի դիզայներ և տվյալները վերցրել է։ 

«Այդ դիզայների ըներոջ հետ է եղել առաջին նկարահանումս, քանի որ ինքն էր ինձ հրավիրել։ Շատ ցուրտ նկարահանում էր, փետրվարին էր, ու մենք շատ բարակ շորերով էինք, Կենտրոնում էին նկարահանումները։»- հիշում է Դիանան։

Սկսնակ մոդելներին էլ խորհուրդ է տալիս մոդելինգից վերցնել լավագույնը և աշխատել գործակալությունների հետ, չհամեմատվել այլ մոդելների հետ. այս երևույթը շատ է հանդիպում, ինչի միջով ինքը ևս անցել է։

Ամենակարևորը, հավելում է Դիանան, մոդելինգից և բլոգինգից բացի, այլ մասնագիտություն ևս ունենալն է։ Քանի որ երկու ոլորտներն էլ անկանխատեսելի են․ մեկ ամիս հնարավոր է լինեն բազմաթիվ առաջարկներ, այլ ամիս ընդհանրապես չլինեն։ Պետք է ունենալ ավելի հիմնային, վստահություն տվող մասնագիտություն։

Անի Հասրաթյան