04.02.2026
Կատեգորիա
Հասարակություն
օվերտոն

Երբևէ զգացե՞լ եք՝ ինչպես է Ձեր կարծիքը որևէ երևույթի նկատմամբ փոխվում՝ առանց անգամ հստակ գիտակցելու։ Օվերտոնի պատուհանը հասարակության մեջ ընդունելի գաղափարների սահման է։ «Պատուհան» կոչվում է այն պատճառով, որ դրանից ներս գտնվող գաղափարներն ընդունելի և լսելի են, իսկ այն, ինչ դրանից դուրս է՝ անհեթեթ և անընդունելի։ Ըստ Օվերտոնի պատուհանի գաղափարի՝ պատուհանից դուրս գտնվող գաղափարները ժամանակի ընթացքում դառնում են սովորական և ընդունելի, և «փակ» թեմաները, հաճախ քննարկվելով, դառնում են ընկալելի և ընդունվում հասարակության կողմից։ 

Հոգեբան Գայանե Ա. Սերոբյանի խոսքով՝ այս երևույթի հոգեբանական հիմքը նորմալիզացիան է, գաղափարի կրկնությունը և ներկայացման ձևը։ Աստիճանական փոփոխությունները ևս կարևոր դեր են խաղում․ սրանք սկզբում փոքր քայլեր են, հետո ազդեցությունն աստիճանաբար ավելանում է։                     

«Մենք ապրում ենք սոցիումում, ու երբ մարդկանց որևէ խումբ անընդհատ մի գաղափար է քննարկում, նորմալիզացնում, ապա մյուս մարդիկ աստիճանաբար սկսում են նույն գաղափարը նորմալ համարել՝ նույնիսկ եթե դա սկզբում թվում էր անհեթեթ»,-նշում է Սերոբյանը։ 

Առհասարակ, հանրային գիտակցության վրա ազդեցություն ունենալը բավականին բարդ է՝ հատկապես արդեն ձևավորված կարծրատիպերը կոտրելու տեսանկյունից։ Օվերտոնի պատուհանի ազդեցությունն ուժեղ է, քանի որ այն գործում է աննկատ և մարդիկ չեն էլ գիտակցում՝ ինչպես կարծիք ձևավորեցին որևէ հարցի շուրջ։ Վախը, շոկը և տեղեկատվական ճնշումների ազդեցությունը մարդկանց գիտակցության վրա ևս մեծ է։ Տեղեկատվական ճնշման ժամանակ ինֆորմացիայի շատ լինելու պատճառով հրամցվող նյութը մարդիկ ունակ չեն լինում վերլուծելու և սկսում են ընդունել ամենաշատ կրկնվող գաղափարները։ 

Մեդիան և սոցցանցերը ձևավորում են հանրային կարծիք, և երբ որևէ գաղափար սկսում է հաճախ հայտնվել սոցիալական ցանցերում, մարդիկ այդ գաղափարը սկսում են դիտարկել որպես կարևոր, քննարկման արժանի թեմա։

«Ալգորիթմների ազդեցությունն ուղիղ համեմատական է ընկալումների ձևավորմանը։ Դրանք ցույց են տալիս այն բովանդակությունը, որի հետ մենք փոխազդում ենք։ Արդյունքում մենք հայտնվում ենք մի միջավայրում, որտեղ տպավորություն է ստեղծվում՝ բոլորը նույնակարծիք են: Ինչպե՞ս կարող ենք հասկանալ, որ մեր կարծիքը ձևավորվել է արտաքին ազդեցությամբ․ կարևոր է ուշադրություն դարձնել սեփական մտածողության ընթացքին։ Եթե նկատում ենք, որ կարծիքը փոխվել է առանց հստակ պատճառաբանության, սա կարող ենք համարել ազդեցության նշան»,- հավելում է հոգեբանը։

Գաղափարային մանիպուլյացիաներին չտրվելու համար անհրաժեշտ է լինել մեդիագրագետ։ Մեր ռեակցիան ստուգելու համար նախևառաջ պետք է հասկանալ՝ ինչ ենք զգում գաղափարն ընդունելիս՝ վախենում ենք, զայրանում, թե խուճապի ենք մատնվում։ Պետք է մշտապես ստուգել փոխանցվող տեղեկատվությունը և եզրակացություններ անելիս չշտապել։

Օվերտոնի պատուհանն իր անունը ստացել է ի պատիվ ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ Օվերտոնի. 1990-ականներին նա շրջանառության մեջ է դրել այդ գաղափարը՝ նկարագրելով մի տեխնոլոգիա, որը գործել է մարդկության գոյության ամբողջ ընթացքում, սակայն հին ժամանակներում մեխանիզմն առավելապես բնազդաբար և ենթագիտակցորեն է գործել, իսկ տեխնոլոգիաների դարաշրջանում ձեռք է բերել կոնկրետ տեսք և մաթեմատիկական ճշգրտություն։

Անի Հասրաթյան