04.02.2026
Կատեգորիա
Հասարակություն
Fun Zone

Կամավորությունը ժամանակակից աշխարհում դարձել է ոչ միայն հասարակական ակտիվության ձև, այլև անձի զարգացման կարևորագույն գործիքներից մեկը։ Այն միջավայր է, որտեղ մարդիկ սովորում են համագործակցել, ստանձնել պատասխանատվություն, հաղթահարել վախերը և ամենակարևորը՝ բացահայտել իրենց ներուժը։ Հայաստանում այս մշակույթը դեռ զարգանում է, սակայն արդեն կան հարթակներ, որոնք ապացուցում են դրա իրական ազդեցությունը երիտասարդների կյանքի վրա։ Այդպիսի նախաձեռնություններից է Fun Zone կազմակերպությունը, որի ստեղծման հիմքում եղել է երիտասարդների համար զարգացման և ինքնադրսևորման հարթակ ստեղծելու գաղափարը։ 

Հայկ Խուդավերդյանը, ով Fun Zone-ի հիմնադիր տնօրենն է, այդ գաղափարը կերտել է  ընդամենը 14 տարեկանում և առանց վախի ձեռնամուխ է եղել այն իրագործելուն՝ հավատալով, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ունենա հարթակ սեփական ուժերը փորձելու համար։

«Fun Zone-ի գաղափարը ծնվել է շատ պարզ, բայց կարևոր խնդրից։ Երիտասարդները չունեին հարթակ, որտեղ կարող էին զարգանալ, փորձ ձեռք բերել և միևնույն ժամանակ հաճելի ժամանակ անցկացնել։ Ես, տեսնելով այդ խնդիրը, որոշեցի ստեղծել նման հարթակ, այստեղ էլ հենց առաջացավ Fun Zone գաղափարը և ստեղծվեց մեր կազմակերպությունը»,–պատմում է Հայկ Խուդավերդյանը։

Յուրաքանչյուր մեծ նախաձեռնություն սկսվում է փոքր գաղափարից, սակայն ժամանակի ընթացքում այն կարող է վերածվել ամբողջական շարժման։ Fun Zone-ի դեպքում ևս այդպես եղավ. սկզբում սահմանափակ շրջանակում գործող հարթակը աստիճանաբար ընդլայնվեց՝ ներառելով ավելի լայն նպատակներ և ծրագրեր, որոնք ուղղված են ոչ միայն ժամանցին, այլ նաև կրթությանը և զարգացմանը։

«Սկզբնական փուլում նպատակները ավելի փոքր էին։ Ստեղծել հարթակ 16–18 տարեկանների համար, որտեղ նրանք կարող էին զբաղվել տարբեր ակտիվություններով։ Այս պահին նպատակները ավելի զարգացել և ընդլայնվել են։ Մենք ցանկանում ենք նախ բացել մասնաճյուղեր ամբողջ Հայաստանում և ինչու ոչ դուրս գալ նաև միջազգային շուկա։ Երկրորդ զարգացնել և խթանել ոչ ֆորմալ կրթությունը Հայաստանում։ Եվ երրորդ ստեղծել հատուկ ծրագիր դպրոցական տարիքի պատանիների համար։ Կարելի է ասել նպատակները ոչ թե փոփոխվել են, այլ պարզապես դարձել են ավելի մեծ ու ավելի մասշտաբային»,–ավելացրեց նա։ 

Սակայն ցանկացած նախաձեռնության ճանապարհը չի կարող լինել հարթ և հեշտ։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է երիտասարդ նախաձեռնողներին, ովքեր դեռ նոր են ձևավորում իրենց փորձը և պետք է հաղթահարեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կասկածները։ Վստահության պակասը, փորձի բացակայությունը և միջավայրի թերահավատ վերաբերմունքը դառնում են առաջին խոչընդոտները։

«Ամենասկզբում ամեն ինչ բավականին դժվար էր։ Մարդիկ դեռ չէին վստահում, թիմը դեռ նոր էր ձևավորվում, փորձ գրեթե չկար։ Այդ ժամանակ ես ընդամենը 14 տարեկան էի և հաճախ պետք էր ապացուցել, որ ես լուրջ եմ մոտենում իմ գործին։ Սա կարելի է ասել՝ ամենաբարդ փուլերից մեկն էր»,–նշեց Խուդավերդյանը։

Կամավորական կառույցներում կարևոր դեր ունի ոչ միայն գաղափարը, այլ նաև թիմի ձևավորումն ու ճիշտ կառավարումը, ինչը հաճախ դառնում է ամենամեծ մարտահրավերը։ 

«Ամենադժվարը կարծում եմ՝ մարդկային ռեսուրսների կառավարումն է, երբ աշխատում ես երիտասարդների հետ կարևոր է, որ ոչ միայն կազմակերպես տվյալ աշխատանքը, այլև մոտիվացնես նրանց, պահես թիմում և օգնես նրանց զարգացմանը։ Իսկ ֆինանսական հարցեր էլ միշտ էլ մարտահրավերներ են, բայց ճիշտ թիմի դեպքում դրանք ավելի հեշտ են հաղթահարվում»,–ընդգծեց Խուդավերդյանը։

Չնայած դժվարություններին՝ կամավորության ամենամեծ արժեքը մարդկանց մեջ տեղի ունեցող փոփոխությունն է, որը հաճախ ավելի կարևոր է, քան ցանկացած իրականացված նախագիծ։

«Ես շատ հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ փոխվում։ Սկզբում գալիս են փակ, անվստահ, բայց ժամանակի ընթացքում սկսում են ազատ շփվել, պատասխանատվություն վերցնել նույնիսկ ղեկավարել թիմ։ Դա ամենամեծ արդյունքն է․ տեսնել, որ սկսում են հավատալ իրենք իրենց»,–բացատրեց նա։

Խուդավերդյանը նշում է՝ կամավորությունը պետք է սկսվի դեռ վաղ տարիքից և դառնա կրթական գործընթացի մաս։ Այս համատեքստում կամավորությունը պետք է դիտարկել ոչ թե որպես հավելյալ զբաղմունք, այլ որպես կրթության կարևոր բաղադրիչ։ Այն կարող է դառնալ այն գործիքը, որը կօգնի երիտասարդներին դեռ վաղ տարիքից ձևավորել արժեքներ, հմտություններ և աշխարհայացք։

«Կամավորությունը պետք է ավելի ինտեգրված լինի կրթական համակարգում, որպիսի երիտասարդները դեռ վաղ տարիքից հասկանան դրա կարևորությունը»,–հավելեց հիմնադիրը։ 

Fun Zone-ը չի սահմանափակվում արդեն ունեցած արդյունքներով և շարունակում է զարգանալ՝ ընդլայնելով իր գործունեությունը, ստեղծելով նոր ծրագրեր և համագործակցություններ՝ ավելի մեծ ազդեցություն ունենալու համար։

«Մենք նախատեսնում ենք ընդլայնել մեր գործունեությունը․ զարգացնել կրթական ծրագրերը և համագործակցել ավելի մեծ կազմակերպությունների հետ։ Նաև ակտիվորեն աշխատում ենք մեր թվային հարթակների զարգացման վրա, որպեսզի ավելի շատ երիտասարդների կարողանանք ներկայացնել մեր ծրագիրը»,–ընդգծեց Խուդավերդյանը։ 

Իսկ նրանց համար, ովքեր դեռ կասկածում են կամ վախենում սկսել, խորհուրդը պարզ է՝ չվախենալ առաջին քայլից։

«Կասեմ մի պարզ բան․․․փորձեք։ Շատ հաճախ մարդիկ վախենում են առաջին քայլերից, բայց հենց սկսում են, հասկանում են, թե որքան հնարավորություններ է դա տալիս, նույնիսկ եթե ինչ-որ բան չստացվի դա փորձ է, որը միշտ օգտակար է։ Կարևորը այն է, որ չհանձնվեք ձեր առաջ նպատակ դրեք և շարունակեք առաջ շարժվել»,– եզրափակեց Խուդավերդյանը։

Կամավորության իրական ազդեցությունը լավագույնս երևում է հենց այն մարդկանց պատմություններում, ովքեր անցել են այդ ճանապարհը։

«Իմ կարծիքով կամավորների մեծամասնությունը գալիս է կամավորությունների իրենց գտնելու համար՝ փորձելով բացահայտել իրենց հմտությունները, փորձել հասկանալ ինչ են կարողանում անել, ինչն է լավ ստացվում, իսկ մենք փորձում ենք աջակցել»,–պատմում է կամավոր Նատալին։

Կամավորությունը հաճախ դառնում է մարդու ներքին փոփոխության սկիզբը՝ ձևավորելով ավելի դրական մտածելակերպ և կյանքի նկատմամբ նոր վերաբերմունք։

«Սկսելով զբաղվել կամավորական աշխատանքով, իմ մեջ մի կարևոր փոփոխություն տեղի ունեցավ։ Իմ մտածելակերպը դարձավ ավելի դրական և լուսավոր։ Ես հասկացա, որ երբ անկեղծորեն օգնում ես մարդկանց, առանց որևէ փոխհատուցման ակնկալելու այդ բարությունը երբեք չի կորչում, գուցե ոչ անմիջապես, գուցե անսպասելի պահին, բայց կյանքը միշտ գտնում է ձև վերադարձնելու այդ օգնությունը, որը դու տվել ես ուրիշներին»,– պատմում է կամավոր Ռուբենը։ 

Բացի անձնական աճից, կամավորությունը կարևոր դեր ունի նաև մարդկանց միջև վստահության ձևավորման հարցում։ Այն ստեղծում է իրավիճակներ, որտեղ մարդիկ ճանաչում են միմյանց իրականում՝ տարբեր պայմաններում և փորձությունների մեջ։

«Կամավորությունը մարդկանց նկատմամբ վստահությունը հաճախ խորացնում է, ոչ թե պարզապես ավելացնում։ Կամավորությունը օգնում է մարդկանց ճանաչել տարբեր իրավիճակներում ու դրա արդյունքում դու ավելի հստակ հասկանում ես՝ ում կարելի է վստահել, ում ոչ։ Միաժամանակ որոշ մարդկանց հանդեպ վստահությունը կարող է ավելանալ, երբ տեսնում ես նրանց անկեղծությունը ու նվիրվածությունը»,–եզրափակեց կամավոր Թամարան։ 

Կամավորությունը պարզապես ժամանակ նվիրելը չէ․ դա ընտրություն է՝ լինել օգտակար, զարգանալ և փոխել ոչ միայն շրջապատը, այլև սեփական կյանքը։ Այն ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր փոքր քայլ վերածվում է մեծ փորձի, իսկ յուրաքանչյուր փորձ՝ նոր հնարավորության։ Fun Zone-ի օրինակն ապացուցում է, որ երբ կա գաղափար, հավատ և նվիրվածություն, նույնիսկ փոքր նախաձեռնությունը կարող է դառնալ մեծ փոփոխությունների սկիզբ։ Իսկ ամենակարևորը՝ կամավորությունը սովորեցնում է մի բան, որը չի տրվում ոչ մի դասագրքում՝ լինել մարդ։

Շուշան Ղազարյան