Աշխարհում խստացվում են երեխաների մուտքը սոցիալական ցանցեր: Վերջին տարիներին մի շարք երկրներ արդեն քայլեր են ձեռնարկել այս ուղղությամբ: Միջազգային փորձագետներն ու տեխնոլոգիական ընկերությունները փորձում են գտնել լուծումներ, որոնք կօգնեն նվազեցնել երեխաների համար օնլայն միջավայրի վտանգները՝ սկսած կիբերբուլինգից մինչև կախվածություն և վնասակար բովանդակություն։
Ավստրալիան այս հարցում առաջիններից էր, որը գնաց առավել խիստ քայլի։ Երկրում ընդունվեց օրենք, որը սահմանափակում է մինչև 16 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր: Այն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերից։ Օրենքի համաձայն՝ սոցիալական հարթակները պարտավոր են կիրառել մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա անչափահասներին գրանցվել կամ օգտագործել ծառայությունները։
Ավստրալիայի փորձին հետևելով՝ մի շարք այլ երկրներ ևս հայտարարել են նմանատիպ կարգավորումներ ներդնելու մտադրության մասին։ Մասնավորապես, Իսպանիան, Ֆրանսիան, Սլովենիան և Գերմանիան քննարկում են անչափահասների համար սոցիալական ցանցերի օգտագործումը սահմանափակելու տարբեր մեխանիզմներ՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների օնլայն անվտանգությունը և նվազեցնել հնարավոր ռիսկերը։
Հայաստանում նույնպես աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հարցը քննարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, և առաջիկայում կլինի համապատասխան օրենսդրական փաթեթը:
Մինչ հարցը դեռ քննարկումների փուլում է, մասնագետները արդեն բարձրաձայնում են խնդրի խորության մասին։ Մանկական հոգեբան Լուսինե Աղաբեկյանի խոսքով՝ այսօր սոցիալական ցանցերը դարձել են երեխաների առօրյայի անբաժան մասը․
«Ժամանակակից աշխարհում ծնողներին աﬔնաշատը հուզող հարցերից ﬔկը երեխաների անվերջ հետաքրքրությունն է դրանց հանդեպ։ Էկրանների բովանդակությունը գրավիչ է, արագ փոփոխվող, հետաքրքիր»:
Միևնույն ժամանակ, մասնագետը նշում է, որ ամբողջական արգելքը միանշանակ լուծում չէ: «Իրատեսական չէ երեխաներից, ովքեր դեռևս չունեն ինքնակարգավորման բավարար հմտություններ, սպասել, որ նրանք հեշտությամբ կանջատեն սարքերն ու կօգտվեն ﬕայն տարիքին համապատասխան բովանդակությունից։ Շատ դժվար է դառնում գտնել ոսկե ﬕջինը, որը թույլ կտա երեխային օգտվել էլեկտրոնային սարքերից օգտակար և անվտանգ կերպով»,- նշում է հոգեբանը:
Էլեկտրոնային սարքերից երկար օգտվելը սահմանափակում է երեխաների ֆիզիկական ակտիվությունը, կարող է առաջացնել առողջական խնդիրներ, օրինակ՝ տեսողության խանգարում, կեցվածքի հետ կապված խնդիրներ, քաշի ավելացում և այլն: Համացանցի բաց հասանելիության պայմաններում երեխաները կարող են տեսնել վախեցնող, շոկային, տարիքին չհամապատասխանող նյութեր կամ դառնալ խաբեության զոհ։ Տուժում են նաև երեխաների հաղորդակցման հմտությունները, առաջանում են կենտրոնացման և ժամանակի ընկալման խնդիրներ:
Մասնագետը ընդգծում է ծնողների ունեցած դերի կարևորությունը` ակտիվ ներգրավվածության և բաց հաղորդակցության միջոցով: «Ծնողները պետք է հստակ պայմանավորվածություններ ստեղծեն դեռահասների հետ սոցիալական կայքերում նրանց վարքագծի վերաբերյալ, տեղեկացնեն անվտանգության կանոնների մասին, ժամանակ առ ժամանակ ստուգեն դեռահասների էլեկտրոնային սարքերի պատմությունը»,- ասաց հոգեբանը:
Ակնհայտ է, որ երեխաների օնլայն անվտանգությունը դարձել է համաշխարհային առաջնահերթություն։ Սակայն միայն սահմանափակումները բավարար չեն։ Խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է համատեղ մոտեցում՝ պետական կարգավորումներից մինչև ծնողական վերահսկողություն և մեդիագրագիտության բարձրացում: