04.02.2026
Կատեգորիա
Դիմանկար
մատնահարդար

«Ես պետք է ամեն առավոտ գնայի մանկապարտեզ կամ էլ դպրոց, երեխաների հետ անցկացնեի իմ առօրյան, նրանց կրթեի, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց»,- ժպիտը դեմքին անկեղծանում է Մելինեն՝ բացելով իր փոքրիկ գեղեցկության սրահի դուռը։

Մելինեն արդեն 35 տարեկան է, բազմազավակ մայր է, մեծացնում է իր երեք որդիներին, բայց իր համար կարծես երեկ լիներ համալսարան ընդունվելը։

«2007 թվականն էր, պետք է կողմնորոշվեի մասնագիտությանս ընտրության հարցում, այսպիսով ընդունվեցի համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բաժինը՝ և՛ բակալավրի, և՛ մագիստրոսական ծրագրերը սովորելով բարձր առաջադիմությամբ»։

Ուսման անհագուրդ ցանկությունն ու ապագայում «պատվաբեր» և «բարձր վարձատրվող» աշխատանքը ստիպում էին երիտասարդ Մելինեին գիշեր-ցերեկ սովորել։ Նա արդեն պատկերացնում էր իրեն որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի և մի արտասովոր բերկրանք էր զգում։ Սակայն կյանքը նրա համար այլ բան էր պատրաստել։

Համալսարանն ավարտելուց հետո երիտասարդ աղջիկը որոշ ժամանակ աշխատեց մանկապարտեզում, սակայն, ինչպես ասում է նա, աշխատավարձն այնքան չնչին էր, որ ստիպված դուրս է եկել։

մատնահարդար

«2013 թիվն էր, արդեն ունեի առաջին անհաջող փորձը, հիասթափված էի ու կոտրված։ Այս էմոցիոնալ խառը շրջանում էլ ամուսնացա, հետո երեխաներ ունեցա, բայց անգործ նստել նույնպես չէի կարող։ Դժվար է, երբ մեծ ընտանիք ես ունենում՝ սկեսրայր, սկեսուր… Ամուսնուս օգնելու նպատակով սկսվեցին աշխատանքի փնտրտուքները»,- հիշում է Մելինեն։

Ամիսներ տևած որոնումներից հետո Մելինեն հիշել է, որ փոքր տարիքում շատ է սիրել նկարել, և դա բավականին լավ է ստացվել իր մոտ։

«Տարբերակ չունեի․ կամ աշխատանք պետք է գտնեի, կամ չաշխատեի։ Ես ընտրեցի գտնել աշխատանք, բայց այնպիսի, որը ավելի բարձր կվարձատրվի, և ես կկարողանամ գործս անել լավագույն ձևով։ Մատնահարդարման դասերի գրանցվեցի, որն ավարտելուց հետո գեղեցկության սրահում աշխատանք ստացա»։

մատնահարդար

Ժամանակի ընթացքում Մելինեի ստեղծագործական մոտեցումը և մանրակրկիտ աշխատանքի արդյունքը նկատելի դարձան։ Հաճախորդները հաճախ էին վերադառնում՝ հիացած նրա կատարած աշխատանքով։ «Ամեն փոքր հաջողություն ինձ ուժ էր տալիս շարունակելու»,- ասում է նա։

Ի վերջո, համբերությունն ու հավատը նրան հասցրին այն կետին, որ կարողացավ բացել իր սեփական փոքրիկ գեղեցկության սրահը։ Բայց ամենակարևորը, ինչպես ասում է Մելինեն, «ոչ թե սրահն է, այլ հաճախորդների ժպիտը, ինչի շնորհիվ հասկանում եմ, որ ընտրությունս ճիշտ էր։ Հաջողությունը ոչ միայն մասնագիտության մեջ է, այլ նաև սիրո ու ջանքերի մեջ, որ ներդնում ես ամեն օրվա մեջ»։

Այս ամենը չի կանգնեցնում նրան շարունակել կրթվել և հմտանալ իր նոր մասնագիտության մեջ։ Մելինեն նպատակ ունի ընդլայնել իր սրահը և առաջատար դիրք զբաղեցնել ոլորտում։

Մեր երկրում շատ ու շատ կանայք հարկադրված նոր մասնագիտություն են սովորել՝ իրենց ապրուստն ապահովելու համար։ Այդ ճանապարհը հեշտ չէ․ այն լի է վախերով, անորոշությամբ և երբեմն նաև հիասթափություններով։ Բայց հենց այդ փորձությունների մեջ է ծնվում նոր ուժը։

Կարևոր է, որ այս փոփոխությունների ընթացքում կինը չկորցնի հույսը, հավատը իր հնարավորությունների հանդեպ և շարունակի շարժվել առաջ՝ նույնիսկ փոքր քայլերով։ Յուրաքանչյուր նոր հմտություն, յուրաքանչյուր փորձ, նույնիսկ սխալները դառնում են ապագայի ամուր հիմք։
 

Վարդուհի Մազմանյան