Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի հարևանությամբ գտնվող Կարմիր սարը մի քանի տարի է՝ հայտնվել է հանքարդյունահանման ընկերությունների ուշադրության կենտրոնում։ Տարբեր ժամանակահատվածներում հանքի շահագործման հայտեր են ներկայացրել «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ-ն, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ-ն, «ՕՐԴ» ՍՊԸ-ն, իսկ վերջինս հետագայում վերակազմավորվել է՝ դառնալով «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Գործընթացը մինչ օրս ուղեկցվում է հակասություններով, հանրային բողոքներով և չլուծված հարցերով։
Մենք իրականացրել ենք հետազոտություն և ուսումնասիրել շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննությունները, հանրային լսումները և ընկերությունների պահանջները։
«ՕՐԴ» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարությունից արդեն ստացել է բացասական եզրակացություն հանքի շահագործման վերաբերյալ։ Սակայն 2023 թվականին ընկերությունը վերակազմավորվել է և նոր անունով կրկին ներկայացրել հայտ՝ փորձելով վերսկսել գործընթացը։ Տեղի բնակիչների համար սա ընկալվում է ոչ թե որպես նոր նախագիծ, այլ նույն ծրագրի շարունակություն՝ այլ անվանումով։
Հանքարդյունահանման վերաբերյալ հիմնական վեճը այն է, թե որքան է այդ գործունեությունը վնասում շրջակա միջավայրին և ինչպես է դա գնահատվում։
Համայնքի բնակիչ Վարդուհի Բարսեղյանը պատմում է, թե որպես բնակիչ ինչ խնդիրների կբախվեն հանքի շահագործման դեպքում։
«Ջրի խնդիրն է անհանգստացնում, բոլորս էլ գիտենք, որ ոռոգման ջուրը սեզոնին կռվախնձոր է դառնում, իսկ մենք չենք ուզում դա կիսել հանքարդյունահանման աշխատանքների հետ, էկոլոգիապես մաքուր բերքն ավելի ենք գերադասում։ Բացի դա, օրինակ, եթե փոշի բարձրանա, մեղուներն էլ չկարողանան թռչել, ո՞նց կանեն փոշոտում»։
Ընկերության ներկայացրած փաստաթղթերում նշվում է, թե Կարմիր սարի տարածքում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ և կենդանատեսակներ չկան։ Սակայն այս պնդումը, ըստ բնապահպան կազմակերպությունների ու տեղացիների, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) Կարմիր սարի տարածքում արձանագրել է վտանգված 14 բուսատեսակ և 16 ողնաշարավոր կենդանատեսակ, որոնք ընդգրկված են Կարմիր գրքում։
Կարմիր սարի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Արփինե Խաչատրյանի խոսքով՝ կենսաբազմազանության վերաբերյալ ընկերության ներկայացրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Արփինե Խաչատրյանը և նախաձեռնող խմբի մյուս անդամները անձամբ արձանագրել և լուսանկարել են կարմիրգրքային տեսակներ՝ ֆիքսելով դրանց գտնվելու կոորդինատները։
«Փաստացի մենք ունենք ապացույցներ, որ այդ սարը հարուստ կենսաբազմազանություն ունի, և այդտեղ հանքարդյունաբերությունն անթույլատրելի է»,- ասում է Արփինե Խաչատրյանը։
Հանքի շահագործման վերաբերյալ անցկացվել է վեց հանրային լսում, սակայն դրանցից որևէ մեկի ընթացքում կողմերը համաձայնության չեն եկել։ Արփինե Խաչատրյանը հիշեցնում է, որ 2024 թվականի հուլիսին տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ իրեն և իր համախոհներին ոստիկանները ներս չեն թողել՝ պատճառաբանությամբ, թե տեղ չկա։ Նրա համոզմամբ՝ սա խոսում է այն մասին, որ գործընթացներից համայնքին հաճախ փորձում են հեռու պահել։
Կարմիր սարի շահագործման հնարավոր հետևանքները դուրս են գալիս միայն բնապահպանական դաշտից։ Տարածքը հարակից է գյուղատնտեսական հողերին, իսկ Գինեվետում բնակչության հիմնական զբաղվածությունը հողի մշակումն է։
«Ռիսկերը հիմնականում կապված են գյուղատնտեսությանը սպառնացող վնասի հետ, որովհետև սա տիպիկ գյուղատնտեսական շրջան է»,- ասում է Արփինե Խաչատրյանը՝ հավելելով, որ վտանգված է նաև բնակչության առողջությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում այլ արդյունաբերական հանքերի շահագործումը։
2025 թվականի հոկտեմբերին նախաձեռնվել են նոր հանրային քննարկումներ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նպատակով։ Հոկտեմբերի 13-ին կայացած լսումները ևս ապարդյուն են եղել։
Իսկ նոյեմբերի 20-ին Վեդի համայնքի ավագանին որոշում է կայացրել «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին թույլ տալ անցկացնել շահագործման համար անհրաժեշտ փորձաքննություններ։ Օրենքով՝ նրանք ունեն մեկից վեց ամիս շրջակա միջավայրի նախարարությանը համապատասխան փորձաքննությունները ներկայացնելու համար, սակայն մինչ օրս դրանք չեն ներկայացվել։
Տեղացիների մտահոգությունը խորացել է նաև ավագանու նիստի ընթացքում Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հայտարարությունից հետո, ըստ որի՝ հանքի շահագործման դեպքում «զրո վնաս» է լինելու։ Այնինչ ընկերության նախորդ տարվա ՇՄԱԳ-ում նշված է մեծ դրամական վնասների մասին։
Արփինե Խաչատրյանի կարծիքով՝ սա վկայում է վնասների մասշտաբների կամ փոքրացման, կամ ամբողջական անտեսման փորձի մասին։
Եթե առաջիկա ՇՄԱԳ-ը կրկին անտեսի կարմիրգրքային տեսակների առկայությունը, Կարմիր սարի պաշտպանության նախաձեռնող խումբը պատրաստվում է դիմել դատարան։ Արփինե Խաչատրյանի խոսքով՝ նման եզրակացությունն անօրինական կլինի՝ հաշվի առնելով արդեն առկա ապացույցներն ու նախորդ դատական որոշումները, որոնցով հաստատվել է նախարարության բացասական եզրակացությունը։
Կարմիր սարի շուրջ պայքարը, ըստ տեղացիների, վաղուց դադարել է լինել միայն հանքի շահագործման հարց։ Այն վերածվել է համայնքի պաշտպանության պայքարի՝ բնության, առողջության և ապրելու իրավունքի համար։
«Մենք հասկացել ենք, որ պայքարը կարող է նաև չհաջողել, բայց որոշել ենք պայքարել, որպեսզի հետո գոնե իմանանք, որ փորձել ենք ամեն ինչ»,- ասում է Արփինե Խաչատրյանը՝ ընդգծելով, որ իրենց հիմնական ցանկությունը սեփական գյուղում առողջ և անվտանգ միջավայրում ապրելն է։
Ուսումնասիրության արդյունքում նաև պարզ է դարձել, որ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր Օրդուխանյանների ընտանիքին է պատկանում նաև «Օրդ դեվելոփմենթ» ընկերությունը։ Այն կառուցապատող ընկերություն է, որը վերջերս ֆինանսական ծանր խնդիրների առաջ է կանգնել՝ շահառուների բնակարանները ժամկետից ուշ շահագործման հանձնելով։