Հայաստանում առողջ ապրելակերպի և սննդաբանական ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Մինչ բնակչության մի մասը հետևում է տարբեր սննդային մոտեցումների, մյուսները փորձում են ապահովել իրենց սննդակարգը մասնագետների հետ խորհրդակցությամբ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ առողջապահության և սոցիալական սպասարկման ոլորտում ինքնազբաղված մասնագետների միջին տարեկան թվաքանակը 2020-2024 թվականներին աճել է 0.9 հազարից մինչև 1.6 հազար։ Միևնույն ժամանակ, 2024 թվականին բնակչության 1.7 տոկոսը հետազոտությանը նախորդող 30 օրվա ընթացքում չի դիմել բժշկական օգնության ֆինանսական պատճառներով, հատկապես 36-64 տարեկանների խմբում՝ 2.5 տոկոս, իսկ 65 և բարձր տարիքի խմբում՝ 3.6 տոկոս։
Այս տվյալները ցույց են տալիս, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը որոշակիորեն սահմանափակ է որոշ սոցիալական խմբերի համար, ինչն ընդգծում է անհատական հսկողությամբ իրականացվող սննդաբանական միջամտությունների կարևորությունը։ Սակայն, մասնագետների կարծիքով, ոչ բոլոր սննդաբանական միջամտություններն են իրականացվում համապատասխան մասնագիտական վերահսկողությամբ։
Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Անուշ Միրզոյանը նշում է, որ Հայաստանում սննդաբանական սխալ պատկերացումները լայն տարածում ունեն, հատկապես սոցիալական ցանցերում տարածվող չստուգված տեղեկատվության ազդեցությամբ։ Ամենահաճախ հանդիպող սխալ մոտեցումներից են կալորիաների կտրուկ սահմանափակումը և ածխաջրերի ամբողջական բացառումը, որոնք կարող են հանգեցնել նյութափոխանակային և հորմոնալ խանգարումների։ Մասնագետը զգուշացնում է, որ ինքնուրույն ընտրված խիստ սահմանափակող սննդակարգերը կարող են առաջացնել դաշտանային ցիկլի խանգարումներ, պտղաբերության նվազում, քրոնիկ հոգնածություն և քնի խանգարումներ։
«Արդյունավետ սննդաբանական խորհրդատվությունը պահանջում է խորացված գիտելիքներ էնդոկրին համակարգի ֆիզիոլոգիայի, նյութափոխանակության մեխանիզմների և հորմոնալ խանգարումների սննդային կառավարման ոլորտում։ Սննդաբանի ընտրությունը պետք է հիմնված լինի մասնագիտական կրթության և փորձի վրա, այլ ոչ հանրային ճանաչման կամ արագ արդյունքի խոստումների»։
Իսկ սննդաբանության ոլորտում մասնագետների կրթության, իրավական կարգավորման և հասարակության նկատմամբ պատասխանատվության հարցերը մեկնաբանում է ՀՀ ԳԱԱ սննդի անվտանգության և ռիսկերի կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, նշելով, որ սննդաբանության ոլորտում չորակավորված խորհրդատվությունների խնդիրը հատկապես սրվել է սոցիալական ցանցերի և թվային հարթակների զարգացման պայմաններում։ Նրա խոսքով՝ այսօր բլոգերների և ինֆլուենսերների ազդեցությամբ ցանկացած մարդ կարող է մի քանի օրում ներկայանալ որպես սննդաբան՝ չունենալով համապատասխան կրթություն կամ մասնագիտական պատրաստվածություն։
«Հաճախ տեսնում ենք էջեր, որոնք ինքնակոչում են իրենց սննդաբան, սակայն այդ մարդիկ չունեն համապատասխան կրթություն։ Նրանք նկարահանում են հոլովակներ, հրապարակում խորհուրդներ, սակայն շատ դեպքերում դրանք ավելի շատ տպավորություն են թողնում, քան մասնագիտական բովանդակություն։ Երբեմն արհեստական բանականության միջոցով պատրաստված տեքստերը նրանք անգամ չեն կարողանում կարդալ կամ հասկանալ, ինչը նշանակում է, որ չեն կարող նաև ճիշտ մեկնաբանել տեղեկատվությունը»։
Մանրամասնում է, որ նման երևույթները կարող են ունենալ երեք հիմնական հետևանք՝ առողջական, իրավական և սոցիալական։ Առողջական ռիսկերը, ըստ նրա, առաջնային են, քանի որ համապատասխան կրթություն չունեցող մարդիկ հաճախ նշանակել են սննդակարգեր, որոնք կարող են հակացուցված լինել տվյալ անձի համար։ «Օրինակ՝ այսօր շատ տարածված է կետոսննդակարգը, սակայն որոշ հիվանդությունների դեպքում այն կարող է հակացուցված լինել։ Եթե մարդը ունի շաքարային դիաբետ կամ այլ քրոնիկական հիվանդություն և ստանում է ոչ մասնագիտական խորհուրդներ, կարող է լուրջ վնաս հասցնել իր առողջությանը»։
Բացի այդ, սխալ սննդակարգերը կարող են հանգեցնել վիտամինների, միկրո և մակրոէլեմենտների անբավարարության, ինչը երկարաժամկետ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա։
Իրավական տեսանկյունից Դավիթ Պիպոյանը կարևորում է կարգավորման բացակայության խնդիրը։ «Եթե չկա իրավակարգավորում, որը սահմանում է, թե ով իրավունք ունի իրականացնել նման գործունեություն, ապա դժվար է մեղադրել նրանց, ովքեր ներկայանում են որպես մասնագետներ։ Մինչդեռ դեղերի գովազդի դեպքում պարտադիր նշվում է լիցենզիան, իսկ սննդաբանական խորհրդատվությունների դեպքում նման վերահսկողություն չկա։ Արդյունքում սոցիալական ցանցերում սնկի նման աճում են տարբեր մասնագիտություններով ներկայացող էջերը։ Հայաստանում սննդագիտության և սննդաբանության ոլորտում երկար ժամանակ մասնագետներ չեն պատրաստվել, իսկ առաջին շրջանավարտները դեռևս նոր են հայտնվում ոլորտում»։
Դավիթ Պիպոյանի խոսքով՝ կարևոր է տարբերակել մասնագետներին և ոչ մասնագետներին, քանի որ հանրային առողջապահական թեմաները պահանջում են գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն։ «Մենք տարբերություն չենք դնում մասնագետների միջև, այլ տարբերություն ենք դնում մասնագետների և ոչ մասնագետների միջև։ Հանրությունը պետք է ստանա գիտական պատշաճ տեղեկատվություն, քանի որ գործ ունենք հանրային առողջապահական խնդիրների հետ»։
Իրավական մեխանիզմների բացակայության պայմաններում կարևոր է, որ քաղաքացիները կարողանան տարբերակել վստահելի տեղեկատվությունը և պարզել, արդյոք տվյալ փորձագետը ունի գիտական և կրթական հիմք։ «Այսօր հնարավոր է մի քանի վայրկյանում ճշտել՝ տվյալ փորձագետը ունի կրթություն, թե ոչ։ Շատ կարևոր է լսել այն մասնագետներին, որոնք ճանապարհ են անցել այս ոլորտում և ունեն համապատասխան կրթություն ու փորձ»։