Մասնագիտական ուղին մեզ սովորաբար տանում է հստակ կանխորոշված հետագծով, սակայն երբեմն տարիների փորձառությունն ու ձեռքբերումներն անգամ ունակ չեն փոխարինելու մեր ամենանվիրական երազանքները։
Մեր զրուցակիցը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդուհի Պետրոսյանն է, ով տարիներ անց վերադարձավ ուսանողական նստարանին և այժմ սովորում է իրավագիտության ֆակուլտետում։
-Ո՞րն էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու Ձեր հիմնական շարժառիթը։
-Պետք է նշեմ, որ շարժառիթը իմ երազանքն էր։ Երբ մասնագիտության ընտրության ճանապարհին էի, իրավագիտության ֆակուլտետում ուսանելու նպատակով Գյումրիից Երևան տեղափոխվելը ինձ համար երազանք էր։ Սակայն դժվար, հետերկրաշարժյան շրջանը, և ընտանիքից հեռու մենակ ապրելուս ծնողների անհամաձայնությունը խանգարեցին, որ ես ընտրեմ իրավագետի մասնագիտությունը։ Որպես այլընտրանք չցանկացա սովորել մասնավոր բուհում, ուստի ընտրեցի իմ առաջին մասնագիտությունը՝ ժուռնալիստիկան և սովորեցի հենց Գյումրիում։
-Իսկ ո՞րն էր այն բեկումնային պահը, երբ հասկացաք, որ հենց հիմա է երազանքի հետևից գնալու ճիշտ ժամանակը։
-Ամերիկայի SUSI ծրագրում, տասնմեկ երկրների շարքում ես հայաստանյան ներկայացուցիչն էի։ Ավարտելիս մեր ծրագրի ղեկավարը, իմանալով իմ երազանքի մասին, հետաքրքիր բացիկ նվիրեց ինձ, որում բազմաթիվ բարեմաղթանքների, գովեստի խոսքերից հետո, անհամեստ չհնչի, մակագրված էր «For future judge»` ապագա դատավորին։ Դա ավելի քան պարտավորեցրեց, և որոշեցի, որ կամ հենց այս տարի պետք է իրականացնեմ երազանքս, կամ՝ երբեք։
-Ինչպիսի՞ զգացողություն է կրկին ուսանող լինելը՝ արդեն դասախոսի փորձառությամբ։
-Զգացողություններս շատ հետաքրքիր են։ Չեմ մոռանա առաջին օրը, երբ լսարան մտա։ Ուսանողները մի պահ մտածեցին՝ դասախոսն է, բայց հետաքրքիր, գյումրեցուն բնորոշ հումորովս ասացի․ «Երեխեք ջան, այսօր այդ օրը չէ։ Ես ձեզանից մեկն եմ, ով պատրաստ է սովորելու ու ձեզ հետ կիսելու այս նստարանը»։
-Դասերի ընթացքում մտովի սրբագրու՞մ կամ գնահատու՞մ եք նյութի մատուցման ձևը։
-Հետաքրքիր հարցադրում է․ ոչ թե մտովի սրբագրում կամ գնահատում եմ նյութի մատուցման ձևը, այլ փորձս, մասնագիտութան առանձին ոլորտների մեջ խորանցած լինելս, օգնում են շատ ավելի առարկայական հասկանալ ամեն բան։
-Ձեր ներկայությունը ուսանողի դերում արդյոք ստեղծում է «մասնագիտական պատնեշ» Ձեր գործընկերների համար։ Ինքներդ ինչպե՞ս եք հաղթահարում դա՝ նախընտրո՞ւմ եք մնալ պասիվ ուսանողի դերում, թե՞ ակտիվորեն մասնակցում եք քննարկումներին։
-Համենայն դեպս այս ընթացքում չեմ զգացել, որ իմ ներկայությունը կարող է կաշկանդել նրանց, ընդհակառակը՝ ունենում ենք ինտերակտիվ քննարկումներ։ Հետաքրքիր զգացողություն սկզբնական փուլում ունեի նաև ես, երբ զուգահեռ լսարանում հերթական դասախոսություն էի անցկացնում մագիստրատուրայում և դրանից հետո պիտի շարունակեի իմ դասը՝ որպես ուսանող։ Իմ ուսանողները ինձանից շատ էին ոգևորված, փորձում էին ցույց տալ, թե որտեղ է իմ լսարանը։ Հետաքրքիր փորձառություն է։
-Արդյոք ուսանողի այս փորձառությունը փոխել է Ձեր վերաբերմունքը սեփական ուսանողների նկատմամբ, գուցե՞ ավելի ներողամիտ եք դարձել, կամ առավել պահանջկոտ։
-Ես իմ ուսանողներին միշտ վերաբերվել եմ որպես իմ ապագա գործընկերների, հետևաբար միշտ փորձել եմ նաև հասկանալ իրենց։ Կարելի է ասել՝ երբեք ուսանողի կարգավիճակից չեմ փորձել այլ հարթություն տեղափոխվել՝ զուտ հենց իրենց հոգեբանությունը հասկանալու, իրենց ահրաժեշտ հմտություններն ու գիտելիքների պաշարը փոխանցելու և ստանալու նպատակով։ Ուստի այդ առումով, կարծում եմ, որ նման փոփոխության անհրաժեշտություն չեմ ունեցել։
-Իրավագիտության ֆակուլտետում սովորելը ազդե՞լ է Ձեր դասավանդման մեթոդների վրա ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Եթե այո՝ ինչպե՞ս։
-Ցանկացած մասնագիտություն ունի իր առանձնահատկությունները։ Իրավագիտությունը բավականին բարդ և պատասխանատու մասնագիտություն է, ինպես և լրագրությունը, որովհետև երկու մասնագիտությունների օբյեկտը հասարակությունն է, և երկու մասնագիտությունների համար հիմնական սուբյեկտը մարդն է, մարդկային ճակատագրերը։ Մի դեպքում մարդու կողմից թույլ տրվող իրավախախտումների հետևանքներով առաջացած այլ մարդու իրավունքների պաշտպանությունն է ընդհանուր առումով, մյուս կողմից այդ խախտված իրավունքների և դրանց պաշտպանության լավագույն իրացման գործիքների կիրառման մասին մեդիալուսաբանումները։
-Տեսնելով կրթական գործընթացը երկու տարբեր ֆակուլտետներում՝ ի՞նչ եք կարծում, ո՞ր կարևորագույն բաղադրիչը կարող է ժուռնալիստիկայի ֆակուլտետը «փոխառել» իրավագիտությունից, և հակառակը։
-Երևի այն դասախոսներից եմ, ով արդեն գրեթե հինգ տարի ունի այդ հնարավորությունը՝ դասախոսելու միջգիտակարգային, միջֆակուլտետային ծրագրի շրջանակում, և ասեմ, որ իրավագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետի միջև մենք ուենենք արդեն իսկ հաջողված համագործակցություն՝ ի դեմս «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի։ Կարծում եմ, նման ծրագրերի առկայությունը միայն կարող է խթանել լավագույն կրթական փորձ, լավագույն մասնագիտացումներ ձեռք բերելու հնարավորությունը։
-Ո՞րն է ուսանողի դերում այն անփոխարնելի զգացողությունը, որ երբեք լիովին չի կարող զգալ դասախոսը, և հակառակը։
-Ուղղակի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը լայն հնարավորություններ է տալիս այսօրվա ուսանողներին թե՛ անհարժեշտ գրականության հեղինակավոր շտեմարաններից օգտվելու, թե՛ միջազգային կրթական ծրագրերով տարբեր բուհերում սովորելու, փորձի փոխանակման առումով, ինչը իմ ուսանողական տարիներին այդքան էլ հասանելի չէր։