04.09.2026
Կատեգորիա
Մշակույթ
Դիմանկար
Ծովինար Մարտիրոսյան

Կան մասնագիտություններ, որոնք մարդիկ ընտրում են, և կան այնպիսիները, որոնք կարծես ընտրում են մարդուն։ Մեր զրուցակից դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի համար հենց այդպես էլ սկսվել է իր ճանապարհը։ «Ես երբեք չեմ նախատեսել դերասանուհի դառնալ, այդպես ստացվեց՝ կարծես նախախնամության կողմից»,-անկեղծանում է Մարտիրոսյանը: 

Նա անմիջապես ընդունվել է թատերական ինստիտուտ և արդեն առաջին կուրսից ներգրավվել Սունդուկյան թատրոնի ներկայացումներում։ Այդ պահից էլ սկսվել է նրա մասնագիտական ուղին։ Դերասանուհին ջերմությամբ է հիշում իր առաջին դերերը։ Առաջինը եղել է Մալվինայի կերպարը «Բուռատինոյի արկածները» ներկայացման մեջ, որն այն ժամանակ իրեն թվում էր շատ մեծ և կարևոր դեր։ 

Իսկ արդեն երկրորդ դերը՝ Ռուզանը, հերոսական դրամայում, դարձել է այն կետը, երբ նա լիովին հասկացել է՝ իր ճանապարհը հենց դերասանությունն է։ 

Խոսելով թատրոնի և կինոյի տարբերությունների մասին՝ նա նշում է, որ բեմը պահանջում է միանգամյա լիարժեք ներկայություն․ «Թատրոնում ունես մեկ հնարավորություն․ վարագույրը բացվեց՝ կամ խաղում ես, կամ ոչ, իսկ ֆիլմերում կա հնարավորություններ՝ «դուբլներ» որտեղ կարող ես մի քանի կադրից ստանալ այն, ինչ ուզում ես»։ 

Չնայած տարբերություններին՝ դերասանուհին չի առանձնացնում դրանցից որևէ մեկը։ Նրա համար թե՛ բեմը, թե՛ տեսախցիկը հավասարապես սիրելի են՝ ինչպես «երկու երեխաներ», որոնց միջև չի կարելի ընտրություն կատարել։ Յուրաքանչյուրն էլ ունի իր բարդություններն ու առավելությունները։ Իսկ բարդությունները դերասանական մասնագիտության անբաժանելի մասն են։ Նա ընդգծում է, որ այս աշխատանքը դժվար է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, ինչպես նաև պահանջում է լուրջ մտավոր ներգրավվածություն։ 

Դերասանուհին անկեղծորեն խոստովանում է․ «Իմ կյանքում եղել են պահեր, երբ մտածել եմ թողնել մասնագիտությունը՝ շատ դեպքերում հիասթափությունից ելնելով, բայց հետո քեզ կարողանում ես կառավարել, կանգնել ոտքի և նորից շարունակել քո սկսածը»։ Առօրյայի և աշխատանքի համատեղումն էլ հեշտ չէ։ Ներկայացումներ, փորձեր, նկարահանումներ՝ հաճախ տարբեր ժամերի, երբեմն նույնիսկ գիշերը։ Այնուամենայնիվ, նա փորձում է հավասարակշռել ամեն ինչ։ 

Հարցին՝ դերասանությունը ավելի շատ տաղա՞նդ է, թե՞ աշխատանք, նա պատասխանեց, որ երկուսն էլ կարևոր են․ «Տաղանդավոր մարդիկ չպետք է ծուլանան, իսկ աշխատասեր մարդիկ պետք է ավելի աշխատասեր դառնան, որպեսզի հասնեն կատարելության։ Ես կարծում եմ՝ միշտ էլ սովորելու բան կա»: 

Ի վերջո, երիտասարդներին նա տալիս է պարզ, բայց կարևոր խորհուրդ՝ հավատալ իրենց երազանքներին։ 
«Եթե ուզում եք դառնալ դերասան, դարձեք․ երազանքները կատարվում են, եթե հավատում եք դրանց»,- նշեց դերասանուհին։
 

Սյուզաննա Մանուկյան