04.09.2026
Կատեգորիա
Հասարակություն
բռնություն

2024 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում հավակնում էին դառնալ հեղափոխական։ Զոհերի պաշտպանությանն ուղղված քայլերից զատ, պետությունն առաջին անգամ թիրախավորեց բռնության պատճառը՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի (տեքստում այսուհետ՝ բռնարար) վարքագիծը։ Եթե նախկինում պետական միջամտությունը սահմանափակվում էր՝ բռնարարին արդեն իսկ տեղի ունեցած բռնության համար պատժի ենթարկելով, ապա նոր մոտեցմամբ ներդրվեցին կանխարգելիչ գործիքներ։ Մասնավորապես՝ անհապաղ միջամտության և պաշտպանական որոշումների մեխանիզմը հնարավորություն տվեց սահմանափակել բռնարարի տեղաշարժը և շփումը զոհի հետ, իսկ վերականգնողական ծրագրերի միջոցով նախատեսվում է շտկել բռնարարի վարքագծային մոդելները՝ բացառելով հետագա կրկնությունները։ 

2025 թվականի ընթացքում մեկնարկեցին ռեաբիլիտացիոն ծրագրերի նախապատրաստական աշխատանքները, և արդեն 2026 թվականի սկզբին դրանք պաշտոնապես մտան գործնական փուլ։ Սակայն ի հայտ եկան առաջին համակարգային խնդիրները։ Հիմնական հարցականը հետևյալն է. արդյո՞ք հնարավոր է կոտրել բռնության շղթան մի համակարգով, որտեղ բռնարարին «առաջարկվում» է փոխվել, բայց չի պարտադրվում, թե՞ ստեղծվում է մի համակարգ, որն աշխատելու է միայն թղթի վրա։   

Ինստիտուցիոնալ բացեր

2026 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր պաշտոնական կայքում հայտարարեց ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի հայտադիմումների փուլի մեկնարկի մասին։ Դրամաշնորհային մրցույթի արդյունքում պետությունը ծրագրի իրականացումը պատվիրակեց երկու հասարակական կազմակերպությունների՝ «Արդարության նոր մշակույթ» և «Սոցիալական արդարություն»։ Հենց այս կառույցներին պետք է դիմեն բռնություն գործադրած անձինք, ովքեր «կամավորության» սկզբունքով ցանկանում են անցնել վերականգնողական փուլ։

Իրավապաշտպան, լրագրող, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի համահիմնադիր Զարուհի Հովհաննիսյանը, ում հետ զրուցել ենք ծրագրի մեկնարկին ընդառաջ, մատնանշում է մի կարևոր բաց. Հայաստանում մասնագիտացված կենտրոններ՝ որպես փորձառու կառույցներ, որոնք աշխատում են անմիջապես բռնարարի  հետ՝  նրա վարքագծի շտկման նպատակով, պարզապես գոյություն չունեին։ Կան կազմակերպություններ, որոնք հաղթել են մրցույթում, բայց չկան տարիների փորձառություն ունեցող մասնագիտացված կառույցներ։

«Ի տարբերություն կանանց աջակցության ծրագրերի, որոնք Հայաստանում արդեն իսկ իրականացվում են, բռնարարի ռեաբիլիտացիայի ծրագիր նախկինում չի եղել։ Մասնագիտացված կառույցներ չկան փորձառության տեսանկյունից։ Կան միայն առանձին մասնագետներ, որոնք վերապատրաստվել են արտերկրում»,- պարզաբանում է Հովհաննիսյանը։

Սա նշանակում է, որ պետությունը գործը պատվիրակել է ՀԿ սեկտորին, որը պետք է «զրոյից» ստեղծի մեթոդաբանություն և փորձառություն՝ այն դեպքում, երբ միջազգային պրակտիկայում սա տարիների աշխատանք պահանջող բարդ գործընթաց է։

Ռեաբիլիտացիան հիմնականում կամավոր է, եթե չկա դատարանի հատուկ որոշում։ Սակայն բռնարարը հազվադեպ է սեփական կամքով ներկայանում թերապիայի։ Փորձագետների պնդմամբ՝ այս ծրագրերի արդյունավետությունը հաճախ ցածր է հենց վարքային փոփոխության նկատմամբ անձի դիմադրության պատճառով։

Հայաստանում այսօր բացակայում է «անուղղակի պարտադրանքի» մեխանիզմը։ Եթե եվրոպական երկրներում (օրինակ՝ Գերմանիայում և Նիդեռլանդներում) ռեաբիլիտացիայից հրաժարվելը կարող է հանգեցնել երեխաների հետ տեսակցության իրավունքի զրկմանը, ապա Հայաստանի խնամակալության և հոգաբարձության մարմինները դեռևս չունեն նմանատիպ ազդեցիկ դերակատարում և իրավական հստակ լիազորություններ՝ նման պահանջ դնելու համար։

Ոստիկանությունը՝ որպես առաջին օղակ. պաշտպանությունից մինչև ուղղորդում

Ռեաբիլիտացիան սկսվում է դեպքի վայրից։ Ոստիկանն այն սուբյեկտն է, որը կիրառում է նախազգուշացում կամ անհետաձգելի միջամտության որոշում։ Սակայն այստեղ է թաքնված գործնական բարդությունը.

Նախազգուշացման փուլ. Եթե ոստիկանը տալիս է միայն նախազգուշացում, բռնարարին «առաջարկվում է» դիմել ռեաբիլիտացիայի (ՀՀ օրենքը «ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»․ Հոդված 8, մաս 4)։ Սակայն, քանի դեռ չկա դատարանի պարտադիր որոշում, ոստիկանը չունի լծակ ստիպելու անձին անցնել այդ ծրագիրը։

Անհետաձգելի միջամտություն. Սա այն դեպքն է, երբ բռնարարին հեռացնում են տնից։ Բայց նույնիսկ այս դեպքում, եթե չկա հոգեբանական աշխատանք, պատժի ժամկետը լրանալուն պես նա վերադառնում է նույն վարքագծով։

Զարուհի Հովհաննիսյանը շեշտում է, որ միայն ոստիկանությունն ունի այն ուժը, որը կարող է մտնել ընտանիք և դուրս հանել զոհին վտանգավոր միջավայրից, սակայն ոստիկանության գործառույթը չպետք է սահմանափակվի միայն մեկուսացմամբ.

«Հիմնական կարևորագույն սեգմենտներից մեկը հենց պաշտպանությունն է Ոստիկանության կողմից... բայց եթե Ոստիկանությունը նկատում է վարքային խնդիրներ, նրանք պետք է կարողանան դիմել, որ անձը պարտադիր բուժման կամ ուղղման ճանապարհով գնա»,- նշում է փորձագետը։

Երեխան՝ զոհ, թե՞ գործիք բռնարարի ձեռքում

Նոր օրենսդրությամբ երեխան ճանաչվում է որպես բռնության զոհ, նույնիսկ եթե միայն ականատես է եղել։ Բայց արդյո՞ք սա փոխում է իրականությունը տանը։ Զարուհի Հովհաննիսյանը շեշտում է մի ցավոտ իրողություն. բռնարարները հաճախ երեխային դարձնում են գործիք․

«Բռնություն գործադրած անձինք հիմնականում երեխային են դարձնում գործիք՝ շատ հաճախ չթողնելով շփվել ծնողի հետ, որպեսզի մայրը, ծնողական զգացումներից ելնելով, վերադառնա ընտանիք»։

Առանց բռնարարի հետ հոգեբանական վերականգնողական աշխատանքների իրականացման, երեխայի «զոհ» ճանաչվելը մնում է միայն իրավական կարգավիճակ, որը չի երաշխավորում նրա ֆիզիկական և հոգեկան անվտանգությունը երկարաժամկետ կտրվածքով։

Պետության դերը

Չնայած ծրագրի մեկնարկին՝ օդում կախված են մնում մի շարք հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն գերատեսչությունների կողմից։ Օրինակ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ պետք է հստակեցնի՝ արդյոք կա՞ն մշակված չափորոշիչներ, թե ինչպես է գնահատվելու ռեաբիլիտացիայի արդյունավետությունը, որպեսզի այն չդառնա ձևական։

Մյուս կողմից՝ Արդարադատության նախարարության և Պրոբացիայի ծառայության դերը պետք է լինի առանցքային՝ հասկանալու համար՝ արդյոք կա՞ բավարար մասնագիտական ներուժ (հոգեբաններ, սոցիալական աշխատողներ) պետական վերահսկողությունն ապահովելու համար, թե՞ ամբողջ բեռը մնալու է միայն ՀԿ-ների ուսերին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կորոշեն ծրագրի ապագան։

 

Էլեն Բեջանյան