Ժամանակակից արագ ու հաճախ սթրեսային կյանքի պայմաններում ավելի ու ավելի շատ մարդիկ են բախվում խուճապային գրոհների հետ։ Սթրեսը, արագ կենսակերպը և հոգեբանական լարվածությունը կարող են նպաստել նման վիճակների առաջացմանը։ Շատերը, առաջին անգամ զգալով խուճապային գրոհ, կարծում են, թե ունեն սրտի խնդիր կամ լուրջ հիվանդություն, սակայն իրականում դա հոգեբանական բնույթի վիճակ է, որը կարելի է վերահսկել և բուժել։
«Խուճապային գրոհը տագնապային բնույթի հակազդում է, որը սովորաբար լինում է խուճապային խանգարման շրջանակներում, բայց ոչ միայն։ Շատ ժամանակ մարդիկ ովքեր անտեղյակ են՝ ինչ է խուճապային գրոհը, մտածում են, որ ունեն ֆիզիկական խնդիր։ Կարող են լինել մասնավորապես՝ գլխապտույտներ, գլխացավեր, սրտխփոցից մինչև որովայնի ցավեր»,-ախտանշանները մանրամասնեց հոգեբան Արման Բեգոյանը:
Թեև այս ախտանշանները շատ վախեցնող են, հոգեբանը վստահեցնում է, որ դրանք վտանգավոր չեն կյանքի համար։
Խուճապային գրոհները հաճախ կապված են երկարատև սթրեսի, հոգնածության կամ հուզական լարվածության հետ։ Երբեմն դրանք կարող են առաջանալ նաև քնի պակասից, գերհոգնածությունից կամ հորմոնալ փոփոխություններից։
Խուճապային գրոհի պահին մարդիկ հաճախ փորձում են արագ ինչ-որ քայլեր անել՝ դուրս գալ տարածքից, զանգահարել որևէ մեկին կամ ամեն կերպ կանգնեցնել առաջացած զգացողությունը։ Սակայն հոգեբանը նշում է, որ նման պահերին երբեմն ամենաճիշտ քայլը հենց ոչինչ չանելն է։
«Խուճապային գրոհի ժամանակ ցանկալի է ոչինչ չանել, եթե դա հնարավոր է։ Այդպես հնարավորություն կտանք արագացնել տագնապայնության արդյունքում արտազատված հորմոնների կլանումը ներքին օրգանների կողմից։ Եթե փորձում ենք ինչ-որ քայլեր անել՝ որովայնային շնչառությունից բացի, կարող ենք երկարացնել գրոհը, որը կարող է մի քանի ժամ տևել»,-նկատում է մասնագետը:
Խուճապային գրոհները հնարավոր է վերահսկել և հաղթահարել, եթե մարդը դիմում է համապատասխան մասնագետի և ստանում անհրաժեշտ աջակցություն։ Հոգեբանը հավելեց, որ դրա համար կիրառվում են ինչպես բժշկական, այնպես էլ հոգեբանական մեթոդներ։
«Կա խուճապային գրոհի հաղթահարման մի քանի լուծում՝ մեկը դեղորայքային լուծումն է, որի համար պետք է դիմել հոգեբույժի, որը մասնագիտացած է հոգեկան առողջության խնդիրներում և կնշանակի համապատասխան դեղորայք։ Մյուս լուծումը հոգեթերապիան է, որն ավելի լայն հասկացություն է, քան միայն մասնագետի հետ անցկացվող սեանսները»,-նշեց Բեգոյանը:
Խուճապային գրոհը կարող է հանկարծակի հայտնվել և վախեցնել մարդուն, սակայն կարևոր է հասկանալ, որ այդ զգացողությունը ժամանակավոր է։ Երբ մարդը սկսում է ավելի լավ ճանաչել իր վիճակը և սովորում է ճիշտ արձագանքել նման պահերին, անհանգստությունը դառնում է ավելի վերահսկելի։ Ամենակարևորը՝ չմնալ միայնակ այդ խնդրի հետ, ուշադրություն դարձնել սեփական հոգեկան առողջությանը և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան օգնության։ Հոգեկան առողջության մասին բաց խոսելը կարևոր է՝ որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, գիտակցեն հնարավոր լուծումները և կարողանան ավելի լավ հոգ տանել իրենց առողջության մասին։