Եթե անձը սեփական նախաձեռնությամբ իր բանկային տվյալները տրամադրել է երրորդ անձին կամ մուտքագրել դրանք կասկածելի հարթակներում, ապա բանկը, որպես կանոն, պատասխանատվություն չի կրում առաջացած վնասի համար։ Սակայն ինչպե՞ս զերծ մնալ կեղծարարներից տեխնոլոգիական դարաշրջանում, եթե գործող մեխանիզմները ամենուր են: Նախ` պետք է ծանոթ լինել ֆինանսական խարդախությունների ժամանակակից ձևերին:
Անին, որ սեփական անուշադրության հետևանքով դարձել է ֆինանսական խաբեության զոհ, պատմում է, որ իր էլեկտրոնային ստորագրությունն օգտագործելով՝ զեղծարարը իրենից կորզել է 17 միլիոն դրամ։ «Երկու տարի առաջ իմ բնակարանը ուզում էի վարձակալության տալ, և առցանց հարթակում առաջարկ ստացա: Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ էր իմ էլեկտրոնային ստորագրությունը։ Պայմանագիրը ստորագրելիս մանրակրկիտ չկարդացի և չնկատեցի, որ իրականում այլ փաստաթղթերի տակ եմ դնում իմ էլեկտրոնային ստորագրությունը։ Անմիջապես դիմեցի իրավապահ մարմիններին, բայց քանի որ ստորագրությունս դրել էի ինքնակամ, և խնդիրն իմ անուշադրության պատճառով էր առաջացել, ոչինչ չկարողացանք անել։ Եվ մինչ օրս հիփոթեքային վարկով վճարում եմ մի բնակարանի համար, որը երբեք իմը չի լինելու»,-պատմում է նա:
Բանկերը պարտավոր են ապահովել իրենց համակարգերի պաշտպանվածությունը, մշտապես վերահսկել կասկածելի գործարքները և իրազեկել հաճախորդներին հնարավոր ռիսկերի մասին։ Սակայն այն դեպքերում, երբ խաբեությունը տեղի է ունեցել օգտատիրոջ անուշադրության հետևանքով, ինչպես Անիի դեպքում, իրավական տեսանկյունից պատասխանատվության սահմանները հաճախ սահմանափակվում են։
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը նշում է, որ վերջերս մարդկանցից գումար սկսել են կորզել նաև կեղծ էլեկտրոնային խանութներ ստեղծելով:
«Այսօր կան շատ հայելային կայքեր․ հնարավոր է՝ Ամազոնից ցանկանաք գնումներ կատարել և տեսնեք, որ ինչ-որ բան այն չէ։ Կարող է Amazon-ը գրված լինել երկու o-ով, ինչը կնշանակի, որ կայքը հայելային է, և զեղծարարները նպատակ ունեն կորզել ձեր գումարը։ Առևտուրը կատարում եք, փոխանցում քարտի տվյալները, իսկ մեկ շաբաթ անց պարզում եք, որ քարտում այլևս գումար չկա: Շատ կարևոր է զգոն լինել, քանի որ ձեր կատարած սխալի համար բանկը պատասխանատու չէ»,-մանրամասնում է մասնագետը:
Հայաստանում վերջին տարիներին խարդախությունների դեպքերը զգալիորեն աճել են, հատկապես օնլայն միջավայրում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ առավել տարածված են ֆիշինգային հարձակումները․ այս ձևով քաղաքացիներին ուղարկվում են կեղծ հղումներ՝անձնական կամ բանկային տվյալներ կորզելու նպատակով։ Լայն տարածում ունեն նաև կեղծ զանգերը, երբ խաբեություն իրականացնողները ներկայանում են տարբեր կազմակերպությունների աշխատակիցների անունից, և նույնիսկ օգտագործում են արհեստական բանականության գործիքակազմ՝ տվյալ անձի հարազատի ձայնը նմանակելու և գումար կորզելու համար։ Թեման աստիճանաբար դառնում է հանրային քննարկման առարկա։
Հանրային դեմքերը ևս բարձրաձայնում են խնդրի մասին՝ ներկայացնելով իրենց կամ իրենց մտերիմների փորձը և այդ կերպ փորձելով կանխել նոր դեպքերը։
Օրեր առաջ բլոգեր Ագնես Խերանյանն «Ինստագրամ»-ի սթորի բաժնում պատմում էր, որ իր մայրիկը նամակ է ստացել, որտեղ նշվում էր իրեն ուղարկված ծանրոցի մասին։ Նամակում առկա հղումով անցնելիս պահանջվել են անձնական տվյալներ։ Մայրիկը կասկածել է և այդ մասին տեղեկացրել դստերը։
Ի պատասխան՝ Ագնեսը բացատրել է, որ նման դեպքերում որևէ ծառայություն անձնական տվյալներ չի պահանջում, և ամենայն հավանականությամբ գործ ունեն ֆինանսական զեղծարարների հետ։ «Զգույշ մնա, որովհետև զեղծարարությունը տարբեր ձևերով կարող է դրսևորվել՝ կեղծ զանգեր, կասկածելի հղումներ և այլն․ եղիր զգոն և իրազեկ»,- իր հետևորդներին դիմել է բլոգերը։
Թվային միջավայրում ֆինանսական անվտանգությունը մեծապես կախված է օգտատիրոջ վարքագծից և տեղեկացվածության մակարդակից։ Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել կասկածելի հղումներից, չմուտքագրել անձնական և բանկային տվյալներ անհայտ կայքերում, ինչպես նաև զգուշությամբ մոտենալ անծանոթ զանգերին ու առաջարկներին։