Ժամանակակից մեդիադաշտում, որտեղ դիտումների քանակն ու հանրային հետաքրքրությունը հաճախ ստորադասում են մասնագիտական էթիկան, լրագրողը կանգնում է շատ մեծ խնդրի առջև. օգտագործե՞լ հերոսի խոցելիությունը սենսացիա ստեղծելու համար, թե՞ պահպանել մարդկային արժանապատվությունը։
Այս հարցը հատկապես սկսեց քննարկվել վերջերս՝ լրագրող Մհեր Բաղդասարյանի և դերասանուհի Դիանա Տոռեսի հարցազրույցից հետո, որտեղ Դիանան գտնվում էր բավականին բարդ հուզական վիճակում։
Ինչպե՞ս պահել հավասարակշռությունը հանրային հետաքրքրության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության միջև։ Արդյո՞ք հուզական բարձր զգայունությունը խոչընդոտ է հարցազրույցին համաձայնություն տալու համար։ Այս և այլ էթիկական նրբությունների մասին զրուցել ենք լրագրող Մհեր Բաղդասարյանի հետ։Նա գրեթե 6 տարի է ստեղծել և վարում է հեղինակային «Տետ-ա-տետ» նախագիծը՝ հյուրընկալելով տարբեր ճակատագրեր ու բնավորություններ ունեցող հանրային դեմքերի։ Մեր զրույցի ընթացքում փորձել ենք բացահայտել լրագրության այն կողմը, որը սովորաբար մնում է կադրից դուրս, սակայն կարևոր նշանակություն ունի որակյալ մեդիաարտադրանք ստեղծելու համար։
-Մհեր, գիտեմ, որ մինչև հարցազրույցը հանդիպել եք Դիանային։ Երբ հասկացաք նրա հուզական ու հոգեբանական վիճակի բարդությունը, արդյո՞ք տատանվեցիք հարցազրույցն անցկացնելու հարցում։
-Երբեմն նախնական զրույցը պարտադիր է հյուրերի հետ, հատկապես, երբ գործ ունես բարդ հոգեվիճակում գտնվող մարդու պատմության հետ։ Այդ բոլոր հարցերին բավականին նուրբ է պետք մոտենալ, որպեսզի չվնասես մարդուն և միաժամանակ ունենաս իրականությանը մոտ կամ իրական պատմություն կադրում: Այդ ժամանակ հանրային ատելության մեծ ալիք կար նրա նկատմամբ, որովհետև նա ոչ կայուն վիճակում լայվեր էր անում սոցիալական հարթակներում, դրա համար ցանկացա սկզբից հանդիպել, և հասկացա, որ գործ ունեմ խիստ հուզական մարդու հետ, բայց ով կայուն է իր մտածողության մեջ և սթափ է: Այդ իսկ պատճառով չեմ տատանվել: Ըստ այդմ փորձեցի իմ ուզած ճանապարհով տանել հարցազրույցը:
-Ինչո՞ւ որոշեցիք անպայման անել այս հարցազրույցը։
-Նման թեմաները ինձ շատ են հետաքրքրում, «Տետ-ա-տետ»-ի հետևողներին ևս դուր են գալիս։ Զրույցները կարծես ինքնաբացահայտում և ինքնախոստովանություն լինեն, հյուրն էլ կիսվելով իր պատմությունը՝ փորձում է նախ ձերբազատվել այդ բեռից, հետո այլ դիտակետից նայել պատմությանը:
-Լրագրության մեջ կա նուրբ սահմանագիծ «հանրային հետաքրքրության» և «անձնական ողբերգության շահարկման» միջև։ Ինչպե՞ս եք Ձեզ համար սահմանում այդ գիծը նման զգայուն թեմաներ արծարծելիս։
-Հանրային հետաքրքրությունը որքան էլ մեծ լինի, ես հյուրերիս մասին գիտեմ ավելին, քան իմանում են իմ յութուբյան ալիքի դիտողները: Գուցե երիտասարդ տարիքում ես պատրաստ էի սկանդալների համար անթույլատրելի հնարքների դիմել, բայց հիմա, երբ արդեն ավելի հասուն եմ և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ, երբեք ինձ թույլ չեմ տա, որպեսզի էքսկլյուզիվը կամ հանրային հետաքրքրությունը անցնեն իմ մարդկային և մասնագիտական էթիկական նորմերը: Դա շատ բարդ աշխատանք է և գալիս է միայն տարիների ընթացքում:
-Ձեր գործունեության ընթացքում եղե՞լ են արդյոք դրվագներ, որոնք նկարահանվել են, բայց Դուք որոշել եք հեռացնել՝ զրուցակցին ավելորդ խոցելիությունից պաշտպանելու համար։
-«Տետ-ա-տետ»-ի հենց առաջին թողարկումը. այն եղել է Անժելա Սարգսյանի հետ՝ հայտնի սկանդալից հետո, որը մենք մոնտաժել ենք երկու ամիս: Հենց այդ թողարկման մեջ կային ավելի սկանդալային հատվածներ, որոնք ես ուղղակի հանել եմ՝ իմ ոտքը դնելով հյուրի կոշիկի մեջ և հասկանալով, որ դա կարող է նրան վնասել: Եղել են անգամ հաղորդումներ, որոնք ես նկարահանել եմ և եթեր չեմ տվել:
-Որոշ քննադատներ կարող են ասել, որ անձը, ով ունի հոգեբանական խնդիրներ, չի կարող տալ լիարժեք «գիտակցված համաձայնություն» հարցազրույցի համար։ Ի՞նչ կպատասխանեք այս իրավական և էթիկական մտահոգությանը։
-Որոշ քննադատներ, եթե ունեն համապատասխան փաստաթուղթ, որով ապացուցվում է, որ մարդը խնդիր ունի, ապա կարող են դա ցույց տալ: Ես իմ նախնական զրույցներում, իր վարքագծում տեսա ադեկվատ մարդու, ով պարզապես հուզական է և ստեղծագործական բնավորություն ունի, ինչպես և ես: Հետևաբար, չկար որևէ խանգարող երևույթ: Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ դու պետք է կանոններով առաջնորդվես. կանոնը մեկն է՝ լրագրողական հստակ սկզբունքներ և գիտելիքներ:
-Ի վերջո, ինչի՞ վրա է հիմնված լրագրողի և լսարանի կապը նմանատիպ էթիկական բարդ պայմաններում աշխատելիս:
-Եթե լսարանը քեզ վստահում է, ուրեմն ձեր միջև այդ քիմիան՝ մեդիայի հրաշքը, տեղի է ունենում: Ես կարծում եմ, որ իմ և իմ լսարանի մեջ այն կա: Լսարան-լրագրող կապը նման է սիրավեպի, երբ մի օր կարող են քեզ սիրել, հաջորդ օրը՝ ատել, մյուս օրը էլի կսիրեն, բայց հենց կորչում է վստահությունը քո խոսքի նկատմամբ, այդ ժամանակ ստիպված եք բաժանվել: