04.10.2026
Կատեգորիա
Գիտություն
գիտակերտ

Մի քանի վիդեո, մի քանի հարյուր հազար դիտում, ու արդեն շատերը սկսեցին խոսել մի նախագծի մասին, որը մարդկանց սովորեցնում է մտածել։ «Գիտակերտը» ծնվեց երկար տարիների ուսումնասիրության արդյունքում՝ հասկանալով, թե ինչի կարիք ունի հայկական լսարանը։ Յուրաքանչյուր հոլովակ մեկ կարևոր ուղերձ ունի` բացահայտելով Հայաստանի պատմության հետաքրքիր դրվագներ, առանձնահատուկ շենքերի, իրադարձությունների կամ հայտնի հայ անձանց մասին նշանակալի փաստեր:

Նախագծի հեղինակը` Արթուրը, պատմում է շուրջ 10 տարի մեդիայի ոլորտում լինելու մասին: Այդ տարիներից մոտ հինգը՝ տեսախցիկի առաջ, մյուս հինգը՝ կադրից դուրս։ Ինչպես ինքն է նշում, այս ամբողջ ընթացքում նա ուսումնասիրել է շուկան` փորձելով հասկանալ, թե ինչ բովանդակություն է պակասում հայկական սոցիալական տիրույթում:

«Բոլորիս համար էլ պարզ էր, որ կրթական կոնտենտի կարիք կա։ Մեզ մոտ գերակշռում են հումորային,  խոհարարական բլոգները, բայց կրթական բովանդակությունը քիչ է»,– ասում է նա։

Այդուհանդերձ, գաղափարը միայն թեմայի ընտրությունը չէր։ Կարևորը ձևաչափն էր՝ ինչպես ներկայացնել այդ բովանդակությունը, որ այն հասկանալի ու հետաքրքիր լինի բոլորի համար։ Տարիների ընթացքում ձևավորվեց ոչ միայն կոնտենտի ուղղությունը, այլև ամբողջական կոնցեպտը, որը ստացավ «Գիտակերտ» անունը։

«Գիտակերտը մի բառ է, բայց իր մեջ ամբողջական նախադասություն կա՝ գիտակցության կերտում գիտելիքի միջոցով։ Եթե ուզում ես լինել գիտակից, պետք է ունենաս գիտելիք, եթե ունենաս գիտելիք, կլինես գիտակից»,– բացատրում է Արթուրը:

Սոցիալական ցանցերում մոտ 150 հազար հետևորդ ունեցող նախագծի առանձնահատկություններից մեկը դրա հիմքում ընկած հետազոտական աշխատանքն է։ Հեղինակները հաճախ համագործակցում են տարբեր հաստատությունների, մասնագետների հետ, ուսումնասիրում փաստաթղթեր: Լինում են դեպքեր, երբ թեմայի շուրջ հավաքվում են տասնյակ էջերով նյութեր, որոնք հետո վերածվում են մի քանի րոպեանոց, բայց խտացված ու ստուգված հոլովակի:

«Օրինակ` գնում եմ Կարեն Դեմիրճյանի թանգարան, խնդրում եմ, որ աշխատակիցները ինձ տան փաստեր, թե նա ինչ կաներ, եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, այսինքն` ինչ ծրագրեր ուներ Հայաստանի հետ կապված: Ու ինձ տվել են մոտավորապես 40-50 էջանոց թղթեր, որի վրա գրված էր, թե այդ մարդը ինչ պետք է աներ»,- պատմում է Արթուրը:

Նրա խոսքով՝ նախագիծը սկզբում ստեղծվել է պարզապես անձնական հետաքրքրությունից ելնելով։ Նա նշում է, որ այդ ընթացքում ինքն էլ էր սովորում և ձեռք բերած գիտելիքը ցանկանում էր կիսել ուրիշների հետ։ Լայն լսարան կամ մեծ դիտումներ ունենալը երբեք նրա առաջնային նպատակը չի եղել։

«Եթե նույնիսկ մեկ մարդ ավել իմանա, դա արդեն իմ հաղթանակն է»,- ընդգծում է նա։

Սակայն ժամանակի ընթացքում նախագիծը սկսեց արագ տարածվել։ Այն մեկնարկել է զրոյից, և արդեն առաջին հոլովակը հավաքել է շուրջ 400 հազար դիտում։ Նույնպիսի արձագանք են ստացել նաև հաջորդ հրապարակումները, և ընդամենը չորս հոլովակից հետո ծրագիրն սկսել է ճանաչելի լինել Հայաստանում:

Լսարանի աճին զուգահեռ աճեց նաև պատասխանատվությունը։ Հեղինակը նշում է, որ յուրաքանչյուր նոր հոլովակ ստեղծելիս հաշվի են առնում տարբեր տարիքային խմբերի ընկալումները, բառապաշարը, նույնիսկ մեդիա-հոգեբանական նրբությունները, որպեսզի բովանդակությունը հասկանալի լինի բոլորի համար՝ անկախ տարիքից, սեռից կամ բնակության վայրից։

Ինչ վերաբերում է իր գործունեության ընթացքում կատարած ամենահետաքրքիր բացահայտումներին, հեղինակը չի առանձնացնում որևէ մեկը։

«Քանի որ ես չեմ խոսում այն թեմաների մասին, որոնք արդեն գիտեմ, ինձ համար ցանկացած նոր թեմա մեծ բացահայտում է։ Մենք ապրում ենք մի երկրում, որին ասում են թանգարան` բաց երկնքի տակ։ Ամեն քարի տակ, գրքի ամեն էջում կարող ես գտնել մի նոր պատմություն»,- նշում է նա։

«Գիտակերտը» փորձ է՝ ձևավորելու գիտակցություն՝ գիտելիքի միջոցով։ Եվ գուցե հենց այդ պատճառով է, որ յուրաքանչյուր նոր հոլովակ դառնում է ոչ միայն պատմություն անցյալի մասին, այլ նաև նոր սկիզբ՝ այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են բացահայտել իրենց հայրենիքը։

Մարիամ Հարությունյան