Այսօրվա մեր զրուցակիցն է իրավաբան, երեխաների և կանանց պաշտպան, կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Աննա Սաֆարյանը:
-Ինչպե՞ս եք գնահատում երեխաների իրավունքների պաշտպանության ներկա վիճակը Հայաստանում։
-Եթե հարցին նայենք օրենսդրական տեսանկյունից, ապա պետք է նշել, որ մեր օրենսդրությունը ընդհանուր առմամբ վատ չէ և համապատասխանում է միջազգային չափորոշումներին։ Այնուամենայնիվ, առկա են լուրջ խնդիրներ կիրառման մակարդակում։ Համակարգը կարելի է պայմանականորեն բաժանել երեք հիմնական օղակների․ առաջինը խնամակալության և հոգաբարձության մարմիններն են, երկրորդը՝ մարզպետարանների համապատասխան կառույցները, այսինքն՝ տարածքային մակարդակը, իսկ երրորդը՝ ազգային մակարդակն է՝ ի դեմս ազգային հանձնաժողովի, որը գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Գլխավոր խնդիրը հենց խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության մեջ է, քանի որ դրանք ամենամոտն են քաղաքացուն։ Դրանք լավագույնս տեղեկացված են առկա խնդիրներին և, անհրաժեշտության դեպքում, կարող են արագ արձագանքել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների խնդիրներին։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այս կառույցները հաճախ լիարժեք չեն գործում։ Պատճառներից մեկն այն է, որ մասնագետները հիմնականում աշխատում են հասարակական հիմունքներով, իսկ հանձնաժողովների անդամները միշտ չէ, որ համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեն։ Արդյունքում երբեմն կայացվում են որոշումներ, որոնք չեն բխում երեխայի լավագույն շահերից, և հաճախ նկատվում է նաև անգործություն։ Վերջին տարիներին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքի վերամշակված տարբերակը, որի հիմնական նպատակը համակարգի բարելավումն է։ Նախատեսվում է վերանայել խնամակալության և հոգաբարձության մարմինների կառուցվածքը, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև համայնքներին տրամադրել ավելի լայն իրավասություններ երեխաների վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացում։ Այս օրենքը կարելի է համարել առաջընթացային, և դրա լիարժեք կիրառման դեպքում հնարավոր է ակնկալել իրավիճակի էական բարելավում։
-Ո՞րն է այսօր ամենախոցելի ոլորտը երեխաների իրավունքների տեսանկյունից։
-Իրականում խնդիրներ կան բոլոր ոլորտներում՝ թե՛ պաշտպանության, թե՛ կրթության, թե՛ առողջապահության համակարգերում։ Չկա այնպիսի ոլորտ, որը լիովին զերծ լինի դժվարություններից։ Սակայն, հաշվի առնելով, որ տարիներ շարունակ երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը գրեթե չի փոփոխվում և պահպանվում է նույն տոկոսային շեմում, կարելի է ասել, որ առավել խոցելի ոլորտը հենց պաշտպանության ոլորտն է։
-Ձեր փորձից՝ երեխաների իրավունքների խախտումները առավել հաճախ ի՞նչ ձևերով են արտահայտվում։ Ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում երեխաները այսօր՝ ընտանիքում, դպրոցում կամ հասարակությունում։
-Երեխայի որևէ իրավունքի խախտում հաճախ ունենում է շղթայական բնույթ․ եթե խախտվում է մեկ իրավունքը, դրան հաջորդում են մյուսները։ Օրինակ՝ եթե երեխան ընտանիքում ենթարկվում է բռնության կամ անտեսման (ինչը նույնպես բռնության ձև է), դա անմիջապես ազդում է նրա կրթության, առողջության և այլ հիմնարար իրավունքների վրա։ Ընտանիքը այն առաջին միջավայրն է, որտեղ երեխան պետք է լինի պաշտպանված։ Սակայն եթե հենց ընտանիքում է տեղի ունենում բռնություն կամ անտեսում, սկսվում է այդ շղթայական գործընթացը։ Իրավական տեսանկյունից սա ամենախոցելի օղակն է, քանի որ ընտանիքում տեղի ունեցող խախտումների դեպքում արտաքին միջամտությունը հաճախ դժվարանում է։
-Ինչպե՞ս է սոցիալական միջավայրը ազդում երեխայի իրավունքների իրականացման վրա։
-Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեծապես պայմանավորված է այն միջավայրով, որտեղ նրանք ապրում են։ Շատ հաճախ, հատկապես տարիքային առանձնահատկություններով պայմանավորված, երեխան ինքնուրույն չի կարող պաշտպանել իր իրավունքները։ Եթե սոցիալական պայմաններն անբարենպաստ են և խոչընդոտում են երեխայի կյանքի, առողջության, զարգացման և կրթության իրավունքների իրացումը, դա անմիջական ազդեցություն է ունենում նրա պաշտպանության մակարդակի վրա։ Ի տարբերություն չափահասի, որը կարող է գիտակցաբար պաշտպանել իր իրավունքները, երեխան հաճախ զրկված է այդ հնարավորությունից։ Այդ պատճառով երեխայի համար սոցիալական միջավայրը ունի կենսական նշանակություն և վճռորոշ դեր նրա իրավունքների ապահովման գործում։
-Որո՞նք են հիմնական էթիկական սահմանները, որոնք չի կարելի անցնել։
Ի՞նչ սխալներ են ամենից հաճախ անում լրագրողները այս թեման լուսաբանելիս։ Կարո՞ղ եք օրինակ բերել:
-Ընդհանուր առմամբ, ոչ միայն երեխաների, այլ ցանկացած անձի դեպքում մեդիայում հրապարակումների ամենազգայուն կողմերից մեկը անձնական տվյալների պաշտպանությունն է։ Երեխաների դեպքում այս հարցը հատկապես կարևոր է։ Շատ հաճախ տարբեր իրավիճակներ ներկայացնելիս հրապարակվում են երեխայի դեմքը, տվյալները կամ այլ ճանաչելի տեղեկություններ, ինչը սխալ է, քանի որ երեխան հետագայում կրում է դրա բացասական հետևանքները և դառնում է ավելի խոցելի։ Այդ պատճառով առաջնահերթ պետք է ապահովել երեխայի անձնական կյանքի պաշտպանությունը։ Նույնիսկ այն դեպքերում, երբ անուն-ազգանունը ամբողջությամբ չի նշվում, այլ օգտագործվում են միայն սկզբնատառեր, նյութում հաճախ լինում են այնպիսի մանրամասներ (օրինակ՝ դպրոցը, բնակավայրը, տարիքը), որոնք հնարավորություն են տալիս պարզել երեխայի ինքնությունը։
-Ի՞նչ մեխանիզմներ կան Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համար։ Որքանո՞վ են դրանք արդյունավետ աշխատում։
-Երեխաների իրավունքների պաշտպանությունը իրականացվում է եռաստիճան համակարգով՝ համայնքային, ազգային և վերահսկող մակարդակներում։ Կարևոր դեր ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանը, որը լիազորված է և ունի առանձին պատասխանատվություն երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։
Բացի այդ, գրեթե բոլոր պետական կառույցները, որոնք առնչվում են երեխայի կյանքի, առողջության և զարգացման հետ, ունեն իրենց բաժին պատասխանատվությունը։ Օրինակ՝ դպրոցները և բժշկական կենտրոնները պարտավոր են ապահովել երեխայի պաշտպանությունը։ Մասնավորապես, եթե բժշկական հաստատությունում կասկած է առաջանում, որ երեխան ենթարկվել է բռնության, այն պարտավոր է այդ մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին։ Եթե դիտարկենք ամբողջ համակարգը եռաստիճան կառուցվածքով, ապա հիմնական օղակներն են մարդու իրավունքների պաշտպանը, իրավապահ մարմինները և դատարանները։
-Ինչպե՞ս են սոցիալական ցանցերը ազդում երեխաների իրավունքների վրա։
-Այսօր, երբ կիբերհանցագործությունները լայն տարածում ունեն, դրանք զգալի բացասական ազդեցություն են ունենում երեխաների պաշտպանության վրա։ Երեխան կարող է, օրինակ, նստած լինել դասարանում, բայց նույն պահին համացանցում ենթարկվել բռնության՝ իր նկարների ոչ պատշաճ տարածման կամ անձնական տվյալների հրապարակման միջոցով։ Այսպիսով, անգամ ֆիզիկապես անվտանգ միջավայրում գտնվելիս երեխան կարող է դառնալ խոցելի առցանց հանցագործությունների հետևանքով։
-Ձեր աշխատանքում ամենաբարդ դեպքը ո՞րն է եղել։
-Կդժվարանամ առանձնացնել որևէ կոնկրետ դեպք, քանի որ աշխատում եմ ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների հետ։ Սակայն իմ գործունեության ոլորտում ամենածանր և զգայուն դեպքերը կապված են երեխաների նկատմամբ սեռական բռնության հետ։
-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը մոտիվացնում այս ոլորտում։
-Երբ հաճախ հնարավորություն ես ունենում տեսնել քո աշխատանքի արդյունքը, հասկանում ես, որ կարողացել ես դրական փոփոխություն բերել ինչ-որ մեկի կյանքում։
-Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին և լրագրողներին երեխաների իրավունքները պաշտպանելու համար։
-Անհրաժեշտ է բարձրացնել ծնողների իրազեկվածությունը, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել ինչպես իրենց, այնպես էլ իրենց երեխաների իրավունքները։ Նույնքան կարևոր է նաև լրագրողների իրազեկվածությունը, որպեսզի նրանք կարողանան պահպանել մասնագիտական էթիկական նորմերը։ Եթե լրագրողը չի գիտակցում, որ տվյալը անձնական է և դրա հրապարակումը կարող է հանգեցնել երեխայի իրավունքի խախտման, ապա նա կարող է անգիտակցաբար վնաս հասցնել։ Այդ պատճառով կարևոր է, որ լրատվամիջոցները չառաջնորդվեն միայն վարկանիշի հետևից, այլ առաջնահերթ հաշվի առնեն երեխայի լավագույն շահը։