04.14.2026
Կատեգորիա
Քաղաքականություն
Հասմիկ Հակոբյան

Հայաստանում երիտասարդների քաղաքական ներգրավվածությունը տարբեր բևեռներ ունի. մի մասը ակտիվորեն հետևում է ընթացիկ իրադարձություններին և մասնակցում քաղաքական գործընթացներին, մյուս մասը՝ մնում է հեռու կամ անտարբեր։

Երիտասարդների վերաբերմունքը քաղաքականությանը ձևավորվում է մի շարք գործոններով՝ զբաղվածությամբ, մեդիագրագիտության մակարդակով, ինչպես նաև այն ընկալումով, թե որքանով է իրենց ձայնն իրականում լսելի ու ազդեցիկ հասարակական կյանքում։

Թեմայի շուրջ զրուցել ենք Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ, ով մեզ հետ կիսվել է իր դիտարկումներով ու գնահատականներով։

-Շատերը կարծում են, որ երիտասարդները քիչ են ներգրավված քաղաքականության մեջ և իրենց դա չի հետաքրքրում։ Ի՞նչ եք կարծում, սա չափազանցված գնահատակա՞ն է։

-Սա ամբողջ աշխարհի համար օրինաչափություն է։ Միջազգային գործընկերների հետ շփումներից ևս պարզ է դառնում, որ երիտասարդությունը համարվում է ամենապասիվ խավը քաղաքականության մեջ։ Այդ պատճառով այս գնահատականը չափազանցված չէ։ Երիտասարդներն ունեն բազմազան հետաքրքրություններ․ յուրաքանչյուրը ապրում է իր կյանքով, ավելի ազատ է, նաև, միաժամանակ՝ ավելի զբաղված օրվա ընթացքում։ Այդ պատճառով հաճախ քիչ ժամանակ է մնում քաղաքական գործիչներին հետևելու կամ տարբեր նորություններից տեղեկանալու համար։ Շատերը սովորում են, աշխատում, կամ համատեղում են երկուսն էլ, և դրանից հետո վարում են նաև ակտիվ ժամանցային կյանք։

Ի տարբերություն նրանց՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչները հաճախ ավելի շատ ժամանակ ունեն տեղեկատվություն սպառելու՝ կարդալու, դիտելու, լսելու, ինչի արդյունքում քաղաքականությանը ավելի մոտ են գտնվում։ Այս ամենի հետևանքով երիտասարդների մոտ քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը համեմատաբար ավելի ցածր է։

Այնուամենայնիվ, նկատելի է միտում, որ երիտասարդները աստիճանաբար ավելի շատ են սկսում հետաքրքրվել քաղաքականությամբ։ Այդ մասին են վկայում նաև նրանց հետ հաճախակի հանդիպումները՝ թե՛ խորհրդարանում, թե՛ դրանից դուրս։ Հանդիպումներ են տեղի ունենում տարբեր խմբերի հետ՝ համալսարանականներ, համայնքների ակտիվ երիտասարդներ, դպրոցականներ, ինչը հույս է տալիս, որ առաջիկայում նրանց ներգրավվածությունը կավելանա։

Բայց սա մյուս կողմից չի նշանակում, որ վատ է, երբ երիտասարդները հետաքրքրված չեն կամ չեն տիրապետում շատ բաների։ Ինձ թվում է` երջանիկ հասարակությունը այն հասարակությունն է, որտեղ ամեն մարդ իր զբաղվածությունն ու օրակարգն ունի, և ոչ թե բոլորը քաղաքականության մեջ են։ Մի մասը ընդդիմադիր են, մի մասը իշխանական, և այդ բանավեճն անգամ, ինչու ոչ կռիվը, տեղափոխվում է նաև միջանձնային մակարդակ, դրա համար ես չեմ կարծում, որ դա աղետ է, եթե շատերը հետաքրքրված չեն քաղաքականությամբ։ 

-Վերջին տարիներին հայ երիտասարդների հետաքրքրությունը ավելի շատ նվազե՞լ, թե՞ աճել է քաղաքականության հանդեպ։

-Կարծում եմ՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո հետաքրքրությունը զգալիորեն աճեց։ Այդ ժամանակ հենց երիտասարդներն էին փոփոխությունների շարժիչ ուժը, և դրանից հետո Հայաստանի խորհրդարանը ամենաերիտասարդներից մեկն է  աշխարհում։ Կոտրվեց նաև այն կարծրատիպը, թե քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն «փորով ձյաձյաները»։ Այսօր տեսնում ենք, որ երիտասարդ տղամարդիկ և կանայք իրենց վրա պատասխանատվություն են վերցնում և նույնիսկ գերազանցում նախկին պատկերացումները։ Հատկապես նկատելի է, որ երիտասարդ կանանց շրջանում հետաքրքրությունն աճել է։

-Իսկ ի՞նչը կարող է խթանել, որպեսզի երիտասարդները ավելի հետաքրքրվեն քաղաքականությամբ։

-Տարբեր պետական կառույցներում ստեղծվել են երիտասարդական խորհուրդներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի, Ներքին գործերի, Կրթության և գիտության։

Սա երիտասարդներին հնարավորություն է տալիս ներգրավվել և մասնակցել որոշումների ձևավորմանը, ինչը լավագույն խթաններից մեկն է։ Երիտասարդը տեսնում է, որ իր ձայնը լսելի է, իր խորհուրդները կարող են ընդունվել որոշում կայացնողի կողմից, կարող է ազդել որոշումների կայացման վրա։ Սա լավագույն գործոնն է, որը կարող է երիտասարդին մղել, որ ինքը հետաքրքրված լինի և փորձի իր կյանքը փոխել իր իսկ կողմից, իր խորհուրդների, իր առաջարկությունների և իր բողոքների շնորհիվ։

Բացի այդ, արդեն 4 տարի է, ինչ խորհրդարանում իմ գործընկերների հետ իրականացվում է «ԱԺ ամառային դպրոց ծրագիրը», որը տվել է շատ ակտիվ և լուսավոր երիտասարդներ։ Ամեն տարի մոտ 50 ավագ դպրոցի աշակերտ մասնակցում է, ստանում հիմնավոր գիտելիքներ, և հետագայում մենք շարունակում ենք համագործակցել նրանց հետ։ Սա կարևոր և արդյունավետ նախաձեռնություն է, որը պետք է շարունակական լինի՝ անկախ քաղաքական փոփոխություններից։

-Իսկ առաջիկայում, բացի ամառային դպրոցից, ուրիշ երիտասարդական ծրագրեր նախատեսու՞մ եք իրականացնել։

-Շատ ծրագրեր կան․ արդեն նշեցի այն ինստիտուցիոնալները, որոնք գործում են և իրականացվում են ամեն տարի։ Սակայն դրանցից բացի, բազմաթիվ նախաձեռնություններում ևս ակտիվորեն ներգրավում ենք երիտասարդներին։

Օրինակ՝ երբ Հայաստանը հյուրընկալում է տարբեր միջազգային գործընկերների, այդ գործընթացներում ևս ներգրավվում են երիտասարդներ՝ կամավորության սկզբունքով։ Նրանք ձեռք են բերում կարևոր փորձ՝ թե՛ կազմակերպչական, թե՛ բովանդակային առումով, լսում են քննարկումները, շփվում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ և համագործակցում իրենց հասակակիցների հետ, որոնք ժամանել են Հայաստան։

Նման ծրագրերը բավականին շատ են։ Մենք երիտասարդներին ներգրավում ենք նաև տարբեր միջոցառումների կազմակերպման մեջ՝ լինի ԱԺ-ում անցկացվող Նոր տարվա միջոցառում, թե երեխաների միջազգային օրվան նվիրված նախաձեռնություններ։ Տարբեր կազմակերպչական գործընթացներում ևս նրանց ակտիվ մասնակցությունն ապահովվում է։

-Սոցիալական ցանցերում քաղաքական ապատեղեկատվության տարածումը այսօր ակնհայտ խնդիր է։ Արդյոք երիտասարդները ավելի հակված են քննադատաբար ընդունելու տեղեկատվությունը, թե՞ երբեմն հեշտությամբ ենթարկվում են մանիպուլյացիաների։

-Իհարկե, ապատեղեկատվության խնդիրը կա, և առավելապես այն տարածված է սոցիալական ցանցերում։ Սա մեր ժամանակների, այսպես ասած, «հիվանդություններից» է և լուրջ խնդիր, որի հետ բախվում են բոլորը։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ սոցիալական ցանցերը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը։ Հետևաբար, պետք է ոչ թե փորձել բացառել դրանք, այլ օգտագործել նույն հարթակները՝ ճիշտ տեղեկատվությունը ժամանակին և ճիշտ չափաբաժնով հասցնելու համար։

Նկատել եք, որ քաղաքական ուժերը շատ ակտիվորեն օգտվում են սոցիալական ցանցերից․ ամեն օր արձագանքում են, մեկնաբանում են իրենց վերաբերյալ տեղեկատվությունը, հերքում ապատեղեկատվությունը, պարզաբանումներ տալիս և ներկայացնում սեփական նախաձեռնությունները։ Այսպիսով ապահովվում է ուղիղ կապը հատկապես երիտասարդների հետ, քանի որ սոցիալական ցանցերի օգտատերերի մեծ մասը հենց երիտասարդներն են։

Այսօր մենք ավելի մոտ ենք մարդկանց, այդ թվում՝ երիտասարդներին, և մեծացել է նաև ապատեղեկատվությունն ու կեղծ բովանդակությունը ժամանակին բացահայտելու և հերքելու հնարավորությունը։ Թեպետ ապատեղեկատվությունը շարունակում է իր «սև գործը» կատարել, կարծում եմ՝ դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը արագ արձագանքելն ու ժամանակին հերքելն է։

Երիտասարդներն ավելի քիչ են ենթարկվում մանիպուլյացիաների, քանի որ ավելի լավ են տիրապետում մեդիագրագիտությանը, քան ավագ սերնդի ներկայացուցիչները։

Այսօր երիտասարդները դեռ դպրոցից սկսած, ինչպես նաև երիտասարդական կենտրոններում ու բուհերում, անցնում են մեդիագրագիտության բաղադրիչը։ Նրանք կարողանում են տարբերակել՝ տվյալ տեղեկատվությունը կարող է կեղծ լինել, թե ոչ։ Մինչդեռ ավագ սերունդը, քանի որ նախկինում չի առնչվել սոցիալական ցանցերին, հաճախ միանգամից բախվում է մանիպուլյացիաների և չի կարողանում արդյունավետորեն դիմակայել դրանց։

Ինչ վերաբերում է քննադատական մտածողությանը, ապա Հայաստանում ընդհանուր առմամբ, բոլորը հակված են քննադատաբար մոտենալ տարբեր հարցերի։ Լինում է նաև շրջան, երբ որ համաճարակ է՝ բոլորը համաճարակաբան են, շատ տեղումներ են՝ բոլորը օդերևութաբան են, ինչ խնդիր էլ լինի, բոլորը դառնում են «մասնագետ», բոլորը քննադատաբար մոտենում են հարցին, ինչը չգիտեմ՝ լավ է, թե վատ։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են ավելի լավ հասկանալ քաղաքական գործընթացները։ 

-Քաղաքական գործընթացները հասկանալու համար պետք է քաղաքական տարբեր կողմերին ևս ուսումնասիրել։ Մի կողմին միայն ուսումնասիրելով, լսելով կամ համակրելով, միայն մի կողմի մասին տեղեկանալով և նրանց դիրքորոշումներին միայն ծանոթանալով, չես կարող ընդհանուր հասկանալ։ Պետք է ամեն դեպքում մյուս կողմի մեջ ևս մտնել, եթե դու ընդդիմադիր հայացքներ ունես, անպայման նայել, թե նույն հարցի շուրջ ինչ է ասում իշխանությունը, ինչ է ասում համակարգը, և, ընդհակառակը, եթե դու իշխանական կողմնորոշում ունես, պետք է նաև ընդդիմադիր հայացքներին տեղեկանալ։ Իմ ամենօրյա գրաֆիկի մեջ մտնում է երեկոյան ժամերին մոնիտորինգ անել ընդդիմադիր դաշտը, տեսնել, թե ընդդիմադիր գործիչները ինչ են ասում, սա շատ կարևոր է։ Իսկ եթե ուզում են զբաղվեն քաղաքականությամբ, ապա լավագույն միջոցը գտնելն է ավելի հոգեհարազատ կուսակցություն և փորձել ներգրավվել նրանց տարբեր միջոցառումներին։ Համոզվելու դեպքում, որ կուսակցությունը ավելի մոտ է քո գաղափարներին, նաև կուսակցական դառնալ, որովհետև անհատապես դժվար է քաղաքական գործունեություն սկսել, խողովակը կուսակցական գործունեություն է։ 

Կիմա Սարգսյան