Արհեստական բանականությունը վերջին տարիների ընթացքում զգալիորեն զարգացել է և դարձել հասարակության մեջ կիրառվող ամենակարևոր ու ամենապահանջված գործիքներից մեկը։ Այն այլևս սահմանափակված չէ միայն տեխնոլոգիական ոլորտով․ ԱԲ-ի գործիքները կիրառվում են գրեթե բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև կրթություն, մեդիա և նույնիսկ առօրյա կյանքի տարբեր ոլորտներ։
Այսօր արհեստական բանականությունը սկսել է ներթափանցել նաև քաղաքական դաշտ՝ աստիճանաբար դառնալով ազդեցիկ գործիք քաղաքական գործընթացների կազմակերպման և կառավարման համար։ Այն կիրառվում է ընտրական արշավներում ընտրողների վարքագծի վերլուծության, հանրային կարծիքի ձևավորման համար։ Քաղաքական դաշտում արհեստական բանականության գործիքների կիրռաման վերաբերյալ խոսել ենք քաղաքագետ, հաղորդավար Ռուբեն Մեհրաբյանի հետ։
-Պարո՛ն Մեհրաբյան, ինչպե՞ս արհեստական բանականությունը մտավ քաղաքական դաշտ, և ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք դրա ազդեցությունը ժամանակակից քաղաքական գործընթացների վրա։
-Արհեստական բանականությունը արդեն դարձել է մեր կյանքի կարևոր բաղկացուցիչը, այդ թվում՝ քաղաքական դաշտում։ Այն կիրառվում է տեսանելիորեն. մարդիկ կան, ովքեր արհեստական բանականությամբ ստեղծված ուղերձներով են հանդես գալիս կամ հայտնվում են արհեստական բանականությամբ ստեղծված ֆոնի վրա։
Արհեստական բանականությունն օգտագործում են նաև տարբեր գովազդային հոլովակներում։ Բացի այս, ԱԲ-ն ինքնին լուրջ գործիք է քաղաքական վերլուծությունների համար։ Ես ինքս կիրառում են տարբեր հարցերի վերլուծության ժամանակ։ Այս իմաստով արհեստական բանականությունն իր կիրառումը գտել է քաղաքականության մեջ։
Բայց ԱԲ-ն, ի վերջո, գործիք է, որը պետք է օգնի մարդուն, բայց չի կարող լինել մարդու փոխարեն։ Այսինքն՝ եթե մարդը խնդիր ունի բնական բանականության հետ, արհեստականն իրեն ոչնչով չի կարող օգնել։ Դա երբեմն օգտագործում են կացնային ձևով՝ չհասկանալով, թե ինչի համար է այն։
-Եթե խնդիրը բազմակողմանի դիտարկենք՝ ԱԲ-ն կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ։ Քաղաքական դաշտում կիրառման դեպքում, Ձեր կարծիքով, որքանո՞վ են այն էթիկայի նորմերի սահմաններում եւ առանց չարաշահումների կիրառում։
-Ես արհեստական բանականության մեջ բացասական չեմ պատկերացնում։ Մարդն է իր մտադրությունների մեջ դրական և բացասական և դա գործածում է դրական կամ բացասական նպատակների համար։ Օրինակ՝ դանակը․ այն կա բոլորի տանը և ծառայում է օգտակար գործերի համար՝ հաց կտրելու, ուտելիք պատրաստելու։ Բայց նույն դանակով մարդիկ, ովքեր հանցավորհակումներ ունեն, կարող են կատարել սպանություն։ Հիմա դանակն ինքնին դրական բա՞ն է, թե՞ բացասական։ Ամեն ինչ կախված է կիրառողի նպատակից և մտադրությունից։
-Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ ազդեցություն ունի ԱԲ-ն հանրային կարծիքի ձևավորման և տեղեկատվության տարածման գործընթացների վրա։ Կարո՞ղ ենք խոսել ուղղորդվող հանրային կարծիքի մասին։
-Արհեստական բանականությունը կիրառվում է սոցցանցերում տեսանելիության առաջնահերթությունների ալգորիթմները աշխատեցնելու համար։ Այդ իմաստով այս գործիքը կարող է ուղղորդել, սակայն դա կարող է նաև աղավաղել իրականությունը։ Ի վերջո, գործ ունենք փաստերի հետ, և մարդը պետք է կարողանա ինքն իր փաստահավաքությունը անխոչընդոտ իրականացնել։ Այստեղ կրթությունը մնում է առաջնահերթ։ Ես վստահ եմ, որ հենց հիմա մենք պետք է սկսենք մտածել արհեստական բանականությունից օգտվելու էթիկայի կանոններ մշակելու և նաև կիրառելու մասին։ Եվ կիրառման ունակությունները պետք է սովորեցնել հենց դպրոցական տարիքից։ Այդ դեպքում ԱԲ-ն կարող է ծառայել որպես օգտակար գործիք՝ զգալիորեն հեշտացնելով մեր կյանքը և բարձրացնելով գործունեության արդյունավետությունը տարբեր ոլորտներում։
-Վերջին շրջանում ԱԲ գործիքների կիրառումը ընտրական քարոզարշավներում զգալիորեն աճել է․ տեսնում ենք ԱԲ-ով ստեղծված տեսանյութեր, պատկերներ, նույնիսկ ելույթներ։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի խուսափենք հասարակական կարծիքի խեղաթյուրումից։
-Միանշանակ բարձրացնել մեդիագրագիտությունը։ Այն մարդիկ, ովքեր չարաշահում են արհեստական բանականության կիրառելիությունը, պետք է բացահայտվեն, որ հանրությունը կարողանա տարբերակել։ Թե՛ սոցիալական մեդիա միջավայրը, թե՛ արհեստական բանականության միջավայրը պետք է լինեն և՛ օգտակար, և՛ անվտանգ։
-Deepfake տեխնոլոգիաների զարգացումը որքանո՞վ է սպառնում ընտրական գործընթացների վստահելիությանը, որովհետև ԱԲ-ի միջոցով պատրաստված նկարներ, վիդեոներ կան, որոնք հիմնված են անիրական պատմությունների վրա։ Ինչպե՞ս կանխենք դա և ի՞նչ անենք այս փուլում։
-Ըստ էության, Deepfake-երը հաշվարկված են այն լսարանի համար, ովքեր ունեն մեդիագրագիտության պակաս և դյուրահավատ են։ Այդպիսի օգտատերը, որպես կանոն, նախ տեղեկատվությունը ընկալում է առանց քննադատական մոտեցման՝ «հալած յուղի տեղ ընդունելով», և միայն հետո է փորձում հասկանալ՝ արդյոք դա ճշմարիտ է, թե ոչ։ Արդյունքում հաճախ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ապացուցելու, որ տվյալ բովանդակությունը կեղծ է։
Սա որոշ չափով պայմանավորված է մարդկային բնույթով։ Չերչիլն ասում էր, որ ճմարտությունը դեռ «շալվարը հագնել չի հասցնում», երբ կեղծիքն արդեն շրջել է աշխարհով մեկ։ Հետևաբար, deepfake տեխնոլոգիաները կարող են ունենալ լուրջ և նույնիսկ ավերիչ ազդեցություն ընտրական գործընթացների վրա։
-Դուք նշեցիք, որ նաև ինքներդ եք օգտվում արհեստական բանականության գործիքներից։ Ի՞նչ եք օգտագործում և ինչի՞ համար։
-Այո, հիմնականում օգտագործում եմ վերլուծությունների համար։ Արհեստական բանականությունը կարող է օգնել՝ արագ հավաքելով և համադրելով մեծ ծավալի տեղեկատվություն տարբեր աղբյուրներից։ Օրինակ՝ օգտագործում եմ «Grok»-ը, որը բավական արդյունավետ գործիք է։
Շատ կարևոր է հարցը ճիշտ ձևակերպելը, որպեսզի համակարգը կարողանա ճիշտ հասկանալ խնդիրը։ Այդ դեպքում այն կարող է միանգամից մշակել տասնյակ աղբյուրներ և ներկայացնել համակցված արդյունք։
Սակայն պետք է նշել, որ այդ աղբյուրները միշտ չէ, որ լինում են լիովին հավաստի։ Այդ պատճառով անհրաժեշտ է ստուգել դրանք, անհրաժեշտության դեպքում առանձնացնել և հեռացնել ոչ վստահելի աղբյուրները։
Ի վերջո, ամեն ինչ կախված է օգտագործողից։ Արհեստական բանականությունը գործիք է։ Ինչպես քանդակագործի ձեռքում մուրճը կարող էստեղծել արվեստի գործ, այնպես էլ անփորձ մարդու ձեռքում կարող է տալ բացասական արդյունք։