Հայաստանը, ինչպես բոլոր երկրները, ունի իր սոցիալական, տնտեսական ու քաղաքական բարդությունները, որոնք նաև ազդում են հանցագործությունների մակարդակի վրա։ Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է հանցագործությունների աճ, ինչը մտահոգություն է առաջացրել ինչպես իրավապահ մարմիններում, այնպես էլ հասարակության շրջանում:
Հայաստանում հանցագործությունների աճը պայմանավորված է մի շարք սոցիալական, տնտեսական և մշակութային գործոններով, որոնք փոխկապակցված ազդեցություն ունեն հասարակության վրա։ Գործազրկությունն ու աղքատությունը մնում են հիմնական պատճառներից․ ֆինանսական դժվարությունների պայմաններում որոշ մարդիկ դիմում են ծայրահեղ քայլերի, իսկ սոցիալական աջակցության ոչ բավարար համակարգը խորացնում է իրավիճակը։
Կարևոր են նաև կրթական ու մշակութային գործոնները․ բռնության հանդեպ որոշակի հանդուրժողականությունն ու իրավագիտակցության ցածր մակարդակը նպաստում են նման երևույթների տարածմանը։
Բացի այդ, պատերազմից հետո աճել է ապօրինի զենքի շրջանառությունը, ինչը, սոցիալական լարվածության հետ միասին, մեծացնում է հանցագործությունների ռիսկը։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է․
«Հայաստանում հանդիպող ամենատարածված հանցագործությունները ներառում են գողություն, ապօրինի զենքի շրջանառություն, հարկային հանցագործություններ, ինչպես նաև ընտանեկան բռնություն։ Սակայն վերջին տարիներին նկատվում է, որ հատկապես ընտանեկան բռնության դեպքերը ավելի հաճախակի են դարձել, ինչը մտահոգիչ է հասարակության համար։ Սա նաև կապված է հետպատերազմական դժվարությունների հետ, որոնք ազդում են մարդկանց հոգեկան առողջության վրա և կարող են դրդել ավելի ծայրահեղ գործողությունների։
Բացի այդ, շատ դեպքերում հանցագործությունները կատարվում են հանկարծակի, սովորաբար՝ կենցաղային վեճերի հետևանքով։ Ծեծկռտուքներից սկսված վիճաբանությունները երբեմն ավարտվում են սպանություններով կամ ծանր վնասվածքներով»:
Հանցագործությունների թիվը Երևանում, համեմատած մարզերի, արագորեն աճում է
Վարդան Հարությունյանը հավելում է կանխարգելման միջոցները․ «Հանցագործությունների կանխարգելման հարցում իրավապահ մարմինները իրականացնում են մի շարք միջոցառումներ, սակայն դրանց արդյունավետությունը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են անձի նախորդ հանցագործությունները և իրավապահների կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքները։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել բարձր ռիսկային խմբերի՝ ինչպես աշխատաշուկայի մեջ չգտնվող, այնպես էլ նախկինում իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց վրա։
Կանխարգելման մեթոդները պետք է լինեն բազմակողմանի՝ սկսած հասարակության իրավագիտակցության բարձրացումից մինչև ավելի խիստ վերահսկողություն իրավապահ մարմինների կողմից։ Խիստ պատիժները ևս կարող են նվազեցնել հանցագործությունների թվաքանակը, բայց անհրաժեշտ է, որ դրանք ուղեկցվեն վերականգնողական ծրագրերով, որոնք կօգնեն մեղավորներին փոփոխություն կատարել իրենց վարքագծում»:
Հասարակության մեջ իրավագիտության զարգացմանը մեծապես նպաստում է նաև կրթական համակարգը։ Դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է մեծ ուշադրություն դարձվի իրավաբանական կրթությանը՝ բոլոր մակարդակներում։ Սա կօգնի քաղաքացիներին ավելի լավ հասկանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կխթանի իրավապահ մարմինների հետ համագործակցությունը։