04.14.2026
Կատեգորիա
Տնտեսություն
ԵՊՀ
տնտեսագետ

Journalist.am-ի զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Կարինե Ասրյանը:

-Տիկի՛ն Ասրյան, եթե հետ նայենք Ձեր ուսանողական տարիներին, ո՞րն է այն ամենավառ հիշողությունը, կամ դասը, որը մինչ օրս ուղեկցում է Ձեզ որպես մասնագետ և այսօր արդեն օգնում է Ձեր դասախոսական աշխատանքում:

-Ես 2003 թ․-ին միջազգային փորձի փոխանակման ծրագրով մեկնել էի Ֆրեզնոյի պետական համալսարան։ Ինձ համար դա անփոխարինելի փորձ էր, որից հետո հասկացա, որ դասախոսը ուսանողների հետ կարող է միայն ֆորմալ հարաբերությունների և ստանդարտ դասական ոճի մեջ չաշխատել։ Այն ժամանակ մեզ մոտ դեռ չկային ինտերակտիվ քննարկումներ ու case-երի վերլուծություններ. դասախոսը մտնում էր, նյութը մատուցում, ուսանողն էլ սեմինարին վերարտադրում էր, ու վերջ։ Թեև ես արդեն ունեի թրեյնինգների փորձ բիզնես ոլորտում և կիրառում էի արևմտյան ձևաչափեր, բայց այն, ինչ տեսա իմ ֆրեզնոյի կոլեգայի մոտ, պարզապես հեղափոխություն էր իմ ուղեղում։ Դա հետագայում ավելի ուժեղացրեց իմ դասավանդման ոճը և սերտացրեց կապը ուսանողներիս հետ։ Ի՞նչ էր անում պրոֆեսոր Ռայսը։ Նա շատ լավ հասկանում էր, որ ուսանողները 5-8 ժամ դասի են նստած և սոված են։ Ինքը իր մեքենայով ուտելիք էր բերում՝ պիցցա, զովացուցիչ ըմպելիքներ՝ երբեմն ուսանողների գումարով, երբեմն էլ իր սեփական միջոցներով։ Ուսանողները գիտեին, որ Ռայսի մեքենան արդեն մոտակայքում է, ուրախ գնում, օգնում, բերում էին լսարան, ամեն մեկը իր դիմաց դնում էր ուտելիքը, ու Ռայսը սկսում էր դասավանդել։ Եվ ասեմ՝ այդ առարկայից ամենաբարձր ցուցանիշներն ու ընկալման մակարդակն էր լինում։ Նա համալսարանի ամենասիրված դասախոսն էր ուսանողների մոտ, բայց ամենաչսիրվածը՝ ղեկավարության համար։
Ես, իհարկե, այդ ամենը նույնությամբ չընդգրկեցի իմ դասավանդման ոճի մեջ, բայց իմ փիլիսոփայությունը, մտածելակերպն ու հոգեբանությունը շատ փոխվեց։ Ես հասկացա, որ ուսանողն ու դասախոսը նախևառաջ մարդ են։ Դու պետք է մտնես այդ ուսանողների դրության մեջ և այնպիսի պայմաններ ստեղծես, որ իրենք անկաշկանդ լինեն։
Օրինակ, Ռայսի դասերին կարող էին հանգիստ վեր կենալ, ման գալ, եթե չէին կարողանում 90 րոպե նստել։ Ես էլ իմ ինտերակտիվ քննարկումների ժամանակ ասում եմ՝ «Էրեխե՛ք ջան, եթե չեք կարողանում նստել, կարող եք վեր կենալ, մի քիչ քայլել, եթե ուզում եք, կարող ենք շնչառական վարժություններ անել»։ Մինչ օրս, թեև կարգապահությունն ավելի է խստացվել, իմ էրեխեքը գիտեն՝ եթե պետք է, կարող են առանց թույլտվության դուրս գալ կամ ավելի ազատ դիրքով նստել, կարևորը՝ դասին չխանգարելով։ Ուսանողների այդ ազատությունն ինձ համար շատ կարևոր է։

-Դուք պատմեցիք Ֆրեզնոյում Ձեր դասախոսի՝ ուսանողների հետ շփման տարբերվող մեթոդի մասին: Ինչպե՞ս է սկսվում Ձեր ուսումնական օրը համալսարանում. ո՞րն է այն հիմնական նպատակը կամ «մարտահրավերը», որը Դուք Ձեր առջև դնում եք ամեն անգամ լսարան մտնելիս: 

-Մարտահրավերներ ես չունեմ: Ես սիրում եմ իմ գործը։ Եթե չսիրեի, ոչ մի օր այլևս չէի զբաղվի այս աշխատանքով, որովհետև կյանքը մեկ անգամ է տրված, և դու պետք է զբաղվես այն ամենով, ինչը քեզ դուր է գալիս։ Բայց աշխատանքս արդեն այնքան էլ ոգեշնչող չէ, որովհետև մեր թվային դարաշրջանում մեզ շատ են պարտադրում անցնել էլեկտրոնային հարթակների հետ կապված լրացուցիչ ադմինիստրատիվ աշխատանքների։ Այդ ձևակերպումները, գնահատումները, լրացումները շատ ժամանակ են խլում և հոգնեցնում են։ Գրեթե բոլոր դասախոսներս ունենք հոգնածության բավականին բարձր աստիճան՝ վերջնաժամկետների և այդ ադմինիստրատիվ գործերի պատճառով, որոնք փոխել են ձևաչափը։ Լսարան մտնելը դարձել է մեզ ոգեշնչող միակ մասը։ Կարելի է ասել, որ մեզ այսօր համալսարանին կապում են դասավանդելու սերը ու էրեխեքի հետաքրքրությունը։ Կոնկրետ իմ առարկայի՝ բիզնեսի շուրջ այդ հետաքրքրությունը կա, քանի որ այն բոլորին է պետք. ցանկացած մարդ կարող է իր սեփական գործն ունենալ, և այս առարկան շատ կօգնի։ 

-Տիկի՛ն Ասրյան, տնտեսագիտությունը շատ դինամիկ գիտություն է: Ինչպե՞ս են ֆակուլտետում փորձում հավասարակշռել դասական ակադեմիական գիտելիքը և շուկայի այսօրվա «թելադրանքը»: Դուք, որպես ֆակուլտետի դասախոս, ի՞նչ մեթոդներ եք կիրառում այդ ուղղությամբ:

-Ես հպարտանում եմ մեր անձնակազմով։ Բազմիցս ունեցել եմ տարբեր առաջարկներ այլ բուհերից՝ ոչ միայն շարքային դասախոսի, այլև ամբիոնի վարիչի ու դեկանի պաշտոններ զբաղեցնելու համար, բայց չեմ հեռացել իմ ֆակուլտետից ու մեր անձնակազմից, որովհետև մեզ մոտ իսկապես շատ բարձր որակի մասնագետներ են և բարձր մարդկային որակներով անձնակազմ. այս «երկուսը մեկում» տարբերակն ինձ համար շատ կարևոր է։ Մենք անընդհատ մեր դասընթացները թարմացնում ենք շուկայի պահանջներին համապատասխան, ծրագրերը անընդհատ փոխվում ու ուժեղացվում են։ Դա արվում է, որպեսզի մեր ուսանողներին հետաքրքիր լինի, և որ իրենք աշխատանք փնտրելիս՝ թե՛ ուսանողական տարիներին, թե՛ ավարտելուց հետո, աշխատանքի անցնելու համար հարցազրույցներն անցնելիս դրական պատասխան ստանան։

-Հաճախ նշվում է, որ կրթական ծրագրերը պետք է համահունչ լինեն գործատուների սպասելիքներին։ Ինչպե՞ս եք փորձում դասապրոցեսի շրջանակներում կապ ստեղծել տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, որպեսզի պրակտիկայի ընթացքում ուսանողի ստացած փորձը լինի առավելագույնս կիրառելի:

-Այստեղ մենք դեռ մի փոքր բաց ունենք։ Շատ կուզենայի, որ մոտակա ժամանակաշրջանում գործարարները հյուրընկալվեն մեր ֆակուլտետ հենց այդ բացը լրացնելու համար։ Այսինքն՝ մենք իրենցից հարցնենք, թե կոնկրետ ի՞նչ մասնագիտական հմտություններով ու գիտելիքներով շրջանավարտների կուզենան աշխատանքի ընդունել, որպեսզի մեր ֆակուլտետի ուսանողներն առանց խնդրի առավելություն ունենան։ Այդ առումով պետք է ավելի ուժեղացնենք կապը գործարարների հետ և դա պարբերական դարձնենք, օրինակ՝ տարին երկու անգամ հյուրընկալենք խոշոր ու տարբեր ոլորտների ընկերությունների ներկայացուցիչների, անենք փոքրիկ կոնֆերանսներ կամ հանդիպումներ, որտեղ տարբեր ֆակուլտետների դասախոսները կտան իրենց հարցերը։ Ըստ այդմ՝ մենք կուժեղացնենք ծրագրերը, իսկ գործարարներն էլ ավելի մեծ նախապատվություն կտան հենց մեր շրջանավարտներին, քանի որ կիմանան, որ իրենց սպասումները շրջանավարտներից արդարացված են։ 

-Այսօր ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտը կարծես «կլանում է» երիտասարդների ուշադրությունը։ Ըստ Ձեզ՝ Ինչու՞ է այդպես, և արդյոք այն նվազցրել է տնտեսագիտական կրթության հանդեպ հետաքրքրությունը: 

-Թվային աշխարհը, եթե խոսքը զվարճանքների մասին է, իհարկե խնդիր է ոչ միայն ուսանողների, այլև մեծահասակների համար։ Դա վատ է անդրադառնում առողջության վրա՝ աչքերի, ուղեղի, էներգիա է խլում, ճնշման ու սրտի խնդիրներ առաջացնում։ Սա մի մեծ արհավիրք է ու կախվածություն, որն անխուսափելիորեն շատանալու է։
Բայց մյուս կողմից՝ նույն AI-ի (արհեստական բանականության) վրա հիմնված գործիքակազմը, եթե ճիշտ օգտագործվի ուսումնական պրոցեսում, հոյակապ է։ Ես չեմ ասում պատրաստի պատասխաններ արտագրելու մասին․ դա, միանշանակ, վատ է, եթե չես վերլուծում։ Բայց երբ կա մեծ գրականություն, որը AI-ը կարող է քո փոխարեն վերլուծել, դու կարճ ժամանակում տնտեսում ես քո ժամանակն ու առողջությունը և ստանում լուրջ հիմք՝ անալիտիկ աշխատանքի համար։ Ամեն ինչը չափի մեջ է ճիշտ. եթե առաջ ուսանողները ժամերով գրադարանում մեկ-երկու գիրք էին հազիվ հասցնում ուսումնասիրել, հիմա տեխնոլոգիան կարող է տալ մի քանի գրքի «ծաղկաքաղ» նյութերը, որի վրա ուսանողն արդեն կաշխատի։ Ինչ վերաբերում է տնտեսագիտական կրթության հանդեպ հետաքրքրությանը, ապա տեխնոլոգիաները այն չեն նվազեցրել։ Ով ընտրել է այս մասնագիտությունը, որպեսզի դառնա մասնագետ ու վայել վաստակ ունենա, նրա համար բուն էությունը չի փոխվում, փոխվում է միայն ձևաչափը։ Տնտեսագիտությունը հսկայական դաշտ է՝ կանխատեսման տարբեր մեթոդներով, և թվային տեխնոլոգիաները մեզ միայն օգնում են։ Ուսանողներն ավելի շահագրգռված են դառնում. անգամ այլ ֆակուլտետներից են գալիս մեզ մոտ։ Ես հիմա 70 այդպիսի ուսանող ունեմ տարբեր ֆակուլտետներից, ովքեր իրենց հիմնական մասնագիտությանը զուգահեռ ուսումնասիրում են մարկեթինգ և այլ տնտեսագիտական առարկաներ։

-Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները՝ Ձեր դիտարկամամբ, ո՞ր նեղ մասնագիտացումներն են այսօր այստեղ՝ ՀՀ-ում ամենապահանջվածը, և արդյոք մեր ուսանողները պատրաստ են այդ մարտահրավերներին:

-Առաջին տեղում թվային տվյալների և տնտեսագիտության մեջ տարբեր անալիտիկ մեթոդների տիրապետող մասնագետներն են։ Եթե կարողանում են մեծ տվյալների բազաների հետ աշխատել ու դառնալ տվյալագետ, դա հրաշալի է։ Մենք մագիստրատուրայում ունենք այդ մասնագիտացումը։ Իհարկե, դրա համար լավ մաթեմատիկական բազա է պետք, և մեր ֆակուլտետի ամբիոնը հենց առաջին կուրսից շատ լավ դնում է այդ հիմքերը։ 
Երկրորդ տեղում, իհարկե, մարկետոլոգներն են։ Ամբողջ աշխարհում մարկեթինգի տարբեր ուղղությունները խիստ պահանջված են։ Բացի այդ, մենք պատրաստում ենք մասնագետներ պետական կառավարման համակարգի համար՝ մակրոտնտեսագիտության գծով, ինչպես նաև միկրոյի գծով կառավարիչներ՝ բոլոր տիպի ձեռնարկությունների համար, նախագծերի կառավարիչներ և այլն։ 
Ունենք տնտեսագիտության, կառավարման, մարկեթինգի մասնագիտացումներ, նաև գործարար վարչարարություն՝ մագիստրատուրայում։ Ուսանողները նայում են առարկաներին, դասընթացների պլաններին ու ընտրություն կատարում թե՛ բակալավրում, թե՛ մագիստրատուրայում։

-Ըստ Ձեզ, որո՞նք են այն «թոփ 3» հմտությունները, որոնց տիրապետելը կարևոր է ժամանակակից տնտեսագետի համար:

-Առաջինը պետք է ունենալ անալիտիկ մտածելակերպ։ Առանց դրա ո՛չ AI-ը կօգնի, ո՛չ դասախոսը։ Դու պետք է անընդհատ վերլուծական հմտություններ զարգացնես, համադրես տարբեր տվյալներ ու վերջում ստանաս միասնական պատկեր՝ հասկանալով պատճառահետևանքային կապերը։ Այդպես դու կարող ես նաև կանխատեսել ապագա երևույթները։
Երկրորդը համակարգային մոտեցումն է։ Առանց սրա տնտեսագիտության մեջ հաջողության հասնել հնարավոր չէ։ Տնտեսության մեջ ամեն ինչ փոխկապակցված է. քաղաքականությունը, բիզնեսի զարգացումը, նույնիսկ բնակլիմայական պայմաններն ու աշխարհաքաղաքական իրավիճակը ուղղակիորեն ազդում են տնտեսության վրա։ ։
Երրորդը անձնական հմտություններն են։ Նաև որպես հոգեբանության մագիստրոս կարող եմ ասել, որ չափազանց կարևոր է էմոցիոնալ ինտելեկտը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն ավելի կարևոր է հաջողության համար, քան IQ։ Դու կարող ես ունենալ միջին մասնագիտական գիտելիքներ, բայց եթե տիրապետում ես քեզ, կարողանում ես ճիշտ շփվել մարդկանց հետ, կառուցել հարաբերություններ ու թիմային աշխատել, դու ավելի մեծ հաջողության կհասնես, քան այն «հանճարը», որը ինքնամփոփ է, նյարդային և չի կարողանում ներկայանալ կամ հաղորդակցվել։

-Շատ երիտասարդներ այսօր բուհական 4-ամյա կրթության փոխարեն նախընտրում են կարճաժամկետ դասընթացները: Ո՞րն  է ավելի գերադասելի այսօր՝ ակադեմիական կրթությու՞նը, թե՞ կարճաժամկետ դասընթացները (խոսքը վերաբերում է այս ոլորտին առընչվող մասնագիտություններին):

-Համալսարանի առավելությունն այն է, որ տարբեր առարկաներ ես անցնում ու ավելի մեծ խորությամբ։ Բայց մեր կրթական համակարգը շատ հին է. ըստ իս՝ այն վաղուց պետք է փոխվի։ Ես կողմ եմ շատ արագ վերափոխումների՝ ավելի պրակտիկ, կարճ դասընթացներին թրեյնինգային մոդուլների տեսքով, բայց եթե ապահովվի առարկաների ուսումնասիրության լայն սպեկտրը։ Կարճաժամկետ դասընթացները շատ ավելի մեծ ու արագ արդյունք են տալիս, բայց դրանք ավելի փոքր բազա են ապահովում։ Այսինքն՝ եթե մասնագետը հայտնվի մի նոր կամ բարդ իրավիճակի մեջ ու չունենա անալիտիկ հմտություններ, նա խնդիր կունենա։ Այսօրվա առաջադրանքը նա գուցե կատարի, բայց նոր իրավիճակում կարող է և չհաղթահարել պրոբլեմը։ Պետք է կարողանալ համադրել այս երկուսը։

-Եվ ամփոփելով մեր զրույցը՝ ո՞րն է այն կարևոր պատգամը կամ «ոսկե կանոնը», որը կցանկանայիք փոխանցել այն երիտասարդներին, ովքեր դեռ վարանում են անել իրենց առաջին քայլերը տնտեսագիտության ոլորտում:

-Տնտեսագիտությունը կամ բիզնես առարկաները բոլորին են պետք։ Մենք ամեն օր ենք տնտեսագետ լինում մեր առօրյայում, երբ հաշվում ենք մեր հնարավոր ծախսերը, օգուտներն ու եկամուտները և փնտրում դրանց լավագույն համադրությունը։ Լինի բանվոր, թե բժիշկ՝ ամեն մարդ իր ներսում տնտեսագետ է։ Պարզապես, երբ սովորում ես այս ամենը, դու բոլոր պրոցեսները վերևից ես տեսնում և կարողանում ես ճիշտ օգտագործել քո ֆինանսական ռեսուրսներն ու ժամանակը։ Սա օպտիմալ կառավարման լավագույն միջոցն է։ Անկախ հիմնական մասնագիտությունից՝ տնտեսագիտական առարկաներ ուսումնասիրելը շատ ճիշտ է ցանկացած մարդու համար. նախ՝ որպեսզի ապագայում սեփական գործը ստեղծելու հնարավորություն ունենա, և երկրորդ՝ որպեսզի իր ամբողջ կյանքի ֆինանսներն ու գործառույթները գրագետ իրականացնի։
Դրա համար, եթե անգամ չեն կարողանում դիմել համալսարան կամ մագիստրատուրա, թող գոնե կարդան և ուսումնասիրեն տնտեսագիտության ու բիզնես վարելու հիմնարար սկզբունքները։
 

Հասմիկ Շահինյան