04.15.2026
Կատեգորիա
Հասարակություն
սոցիալական մանկավարժ

Ժամանակակից կրթական համակարգում սոցիալական մանկավարժի դերը գնալով ավելի կարևոր է դառնում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է տարբեր խնդիրներ ունեցող երեխաների սոցիալականացմանն ու հասարակության մեջ ինտեգրմանը։ Սոցիալական մանկավարժը ոչ միայն աշխատում է երեխայի հետ, այլ նաև կապող օղակ է հանդիսանում դպրոցի, ընտանիքի և հասարակության միջև։ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում աշխատող սոցիալական մանկավարժ Ալիսա Գասպարյանի հետ զրույցը բացահայտում է այս մասնագիտության առանձնահատկությունները, առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները։

-Ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալական մանկավարժի աշխատանքը։

-Սոցիալական մանկավարժը երեխայի սոցիալական աջակիցն է, որը օգնում է նրան զարգանալ, կառուցել առողջ հարաբերություններ և հաղթահարել դժվարությունները՝ առանց դասավանդմամբ զբաղվելու։

-Ի՞նչ խնդիրների հետ եք ամենից հաճախ առնչվում։

-Ամենատարածված խնդիրները կապված են ընտանեկան դժվարությունների, ֆինանսական վիճակի, ինչպես նաև դպրոցում բուլինգի և մերժման դեպքերի հետ։

-Ի՞նչպիսի երեխաների հետ եք հիմնականում աշխատում։

-Հիմնականում աշխատում է աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող, Դաունի համախտանիշով և մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ, սակայն հաճախ հանդիպում են նաև սոցիալական կամ հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաներ։ Նման երեխաները հասարակության մեջ ինտեգրվելիս հաճախ բախվում են ծաղրանքի, մեկուսացման և նույնիսկ ծնողների կողմից ձևավորված բացասական վերաբերմունքի հետևանքներին, ինչը ավելի է բարդացնում նրանց մասնակցությունը դպրոցական կյանքին։

-Ի՞նչ մեթոդներով եք օգնում նրանց զարգացնել սոցիալական հմտությունները։

-Մեթոդները շատ են՝ կախված խնդրից։ Օրինակ խմբային խաղեր ենք կազմակերպում, քանի որ դրանք օգնում են երեխաներին արտահայտվել, բացվել և սովորել շփվել։ Մեր խնդիրն է ոչ միայն լուծել երեխայի խնդիրը, այլ նաև սովորեցնել վստահել և առաջ գնալ։ Իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կիրառված մեթոդները նկատելի փոփոխություն են բերել երեխաների վարքագծում։ Օրինակ՝ աուտիզմ ունեցող մի աշակերտի հետ աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել ձևավորել պարզ, բայց կարևոր հաղորդակցման հմտություններ, որոնք դրական ազդեցություն են ունեցել թե՛ նրա, թե՛ շրջապատի վերաբերմունքի վրա։

-Ինչպե՞ս եք համագործակցում ծնողների և դպրոցի հետ։

-Աշխատանքը սկսվում է ծնողների հետ հանդիպումից, ապա շարունակվում է երեխայի դիտարկմամբ և համատեղ ծրագրերի իրականացմամբ։

Գասպարյանը նաև ընդգծում է, որ հասարակությունը պետք է ավելի տեղեկացված լինի նման երեխաների կարիքների մասին, քանի որ նրանք, ինչպես բոլոր մյուսները, ցանկանում են սովորել, ընկերներ ունենալ և ապրել լիարժեք կյանքով։
Վերջում նա հավելում է, որ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է բարձրացնել մասնագետների պատրաստվածությունը, կազմակերպել կրթական ծրագրեր և սեմինարներ, ինչպես նաև ձևավորել ավելի ընդունող հասարակություն։
 

Թամարա Մնացականյան