Վերջին տարիների ընթացքում սոցիալական մեդիան դարձել է ոչ միայն հաղորդակցության, այլև ինքնընկալման հզոր հարթակ։ Instagram-ի, TikTok-ի և այլ հարթակների անընդհատ երևացող գովազդները ձևավորում են գեղեցկության նոր չափանիշներ՝ հաճախ հեռու բնականից։ Այս ֆոնին էսթետիկ միջամտությունները՝ ընդհուպ մինչև վիրաբուժական փոփոխություններ, այլևս չեն ընկալվում որպես բացառիկ երևույթ, այլ աստիճանաբար դառնում են առօրյայի մաս։
Բժիշկները և ոլորտի մասնագետներն արձանագրում են, որ բուժառուների մեծ մասը դիմում է ոչ այնքան բժշկական անհրաժեշտությունից ելնելով, այլ սոցիալական մեդիայում տարածված իդեալականացված արտաքինին համապատասխանելու ցանկությամբ։ Ֆիլտրերով մշակված լուսանկարները՝ ինֆլյուենսերների «կատարյալ» դեմքերն ու մարմինները ստեղծում են այլ իրականություն, որին հատկապես երիտասարդները ուզում են նմանվել։ Առաջանում է կարևոր հարց․ արդյոք սոցիալական մեդիան պարզապես արտացոլում է արդեն գոյություն ունեցող գեղեցկության չափանիշները, թե՞ ինքն է ձևավորում դրանք՝ ուղղակիորեն ազդելով մարդկանց որոշումների վրա և դրդելով դիմել էսթետիկ միջամտությունների։
“The Wall Street Journal” տվյալնեորով՝ 2022 թվականին ԱՄՆ-ում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեռահասների 62%-ն իրենց արտաքինի ընկալումներում ուղղակիորեն ազդվել են սոցիալական մեդիայից։ Մասնավորապես՝ Instagram հարթակը զգալի ազդեցություն է ունենում աղջիկների շրջանում՝ ձևավորելով մարմնի և գեղեցկության չափանիշների վերաբերյալ պատկերացումները։
Թեմայի շուրջ զրուցել ենք դիմածնոտային վիրաբույժ Արամայիս Եդիգարյանի հետ, ով փաստում է, որ շրջապատի ազդեցությունը, անշուշտ, շատ մեծ է։ Երբեմն մարդիկ տեսնում են, որ իրենց շրջապատում գրեթե բոլորը, օրինակ, վիրահատել են քիթը, և իրենք էլ են որոշում վիրահատվել՝ նույնիսկ այն դեպքում, երբ դրա իրական անհրաժեշտությունը չկա։
Սոցիալական ցանցերում տարածվում են պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ գովազդներ՝ ուղղված հատուկ թիրախային լսարանին, և առհասարակ նկարահանվում ու տարածվում են նման բովանդակություններ։ Բժշկի կարծիքով՝ գովազդն ինքնին պլաստիկ վիրահատության դիմելու հիմնական դրդապատճառը չէ։ Այդ որոշման վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունի սոցիալական միջավայրը, հատկապես՝ շրջապատում այն մարդկանց առկայությունը, ովքեր արդեն ունեն նման միջամտությունների փորձ։
Ներկայումս Առողջապահության նախարարությունն է իրականացնում լիցենզավորման և թույլտվությունների գործընթացը՝ վերահսկելով նաև բժշկական գովազդների տարածումը։ Ցանկացած գովազդ, որն առնչվում է մարդու առողջությանը, պարտադիր պետք է համաձայնեցվի նախարարության հետ։ Թեև այս պահին պարոն Էդիգարյանը գովազդ չի միացնում, սակայն ապագայում չի բացառում դա։
Ներկայումս ամենապահանջված պլաստիկ միջամտությունը քթի վիրահատությունն է (ռինոպլաստիկա)։ Վիճակագրությունը փաստում է, որ դրա պահանջարկը զգալիորեն աճել է, ընդ որում՝ վերջին տարիներին նկատելի աճ է գրանցվել նաև տղամարդկանց շրջանում։ Եթե նախկինում տղամարդիկ հազվադեպ էին դիմում նման միջամտությունների, ապա այսօր նրանց հետաքրքրվածությունը պլաստիկ վիրաբուժության հանդեպ շարունակաբար մեծանում է։
Այս պահին լայն տարածում ունի նաև երկրորդային վիրահատությունը։ Շատ հաճախ մարդիկ դիմում են վիրահատության, սակայն արդյունքը կարող է գոհացնող չլինել կամ առաջանալ խնդիրներ, և այդ դեպքում անհրաժեշտ է կատարել լրացուցիչ միջամտություն։
Երկրորդային վիրահատությունների խնդիրը, իրոք, առկա է։ 21-ամյա Աննա Վարդերեսյանը, օրինակ, մոտ երկու տարի առաջ է կատարել ռինոպլաստիկա, սակայն վերջնական արդյունքն իրեն չէր գոհացրել․ «Այս պահին շնչառական խնդիրներ չունեմ, բայց քթիս տեսքն ինձ չի գոհացնում։ Դիմացի հատվածը բավական կախված է, և թվում է, որ խնդիրն աստիճանաբար խորանում է։ Վիրահատությունից հետո հարցրել էի բժիշկիս, թե արդյոք այդպես կմնա, ասել էր, որ ընթացքում կուղղվի, սակայն, ցավոք, իրավիճակն ավելի է վատացել։
Ավելի ուշ նորից գնացի՝ հասկանալու համար, թե ինչու չենք ստացել սպասված արդյունքը։ Բժիշկս ինձ վստահեցրել էր, որ վերջնական արդյունքը կստանանք շուտով, բայց խորհրդատվությունից հետո ասաց, որ լուրջ խնդիր չկա, և «այսպես էլ մնա, լավ է»։ Դա իմ վերջին այցն էր նրա մոտ։
Այս պահին պատրաստվում եմ ևս մեկ վիրահատություն կատարել, բայց դեռ չեմ որոշել՝ որ մասնագետի մոտ, քանի որ այլևս չեմ կարողանում լիարժեք վստահել մասնագետներին»։
Այսպիսով սոցիալական մեդիան բացասաբար է ազդում մարդու մարմնի ընկալման վրա՝ ձևավորելով ոչ իրատեսական չափանիշներ, որոնք հաճախ հանգեցնում են ինքնագնահատականի անկման։
Այդ պատճառով կարևոր է պահպանել քննադատական մոտեցում մեդիա բովանդակության նկատմամբ և չհամեմատել իդեալականացված «դեմքերի» հետ։