04.15.2026
Կատեգորիա
Առողջապահություն
սննդաբան

Այսօր, երբ տեղեկատվական դաշտը ողողված է սննդակարգի վերաբերյալ հակասական խորհուրդներով ու «հրաշագործ» դիետաներով, սննդաբանությունը դադարում է լինել պարզապես առողջ ապրելակերպի տարր։ Այն հանրային առողջության հիմնասյունն է և գիտություն, որը պահանջում է մասնագիտական խորը մոտեցում։ 

Ինչպե՞ս տարբերել գիտականորեն հիմնավորված սննդակարգը անհատական պատկերացումներից, և ո՞րն է առողջ հասարակություն ունենալու բանաձևը։ Այս և այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք ոլորտի առաջատար մասնագետ Վարդանուշ Պետրոսյանի հետ։ 

-Տիկի՛ն Պետրոսյան, որո՞նք են այսօր Հայաստանում հանրային առողջությանն առնչվող ամենամեծ սննդային սխալները, որոնք հանգեցնում են քրոնիկ հիվանդությունների տարածմանը:

-Եթե հիմնվենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՀՀ Առողջապահության նախարարության համատեղ «Investment Case»  (ներդրումային հիմնավորում, 2018թ.) հետազոտության վրա, ապա պատկերը հստակ է։ Հայաստանում ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների, հաշմանդամության և մահացության հիմնական ռիսկի գործոնները մի քանիսն են՝ ֆիզիկական թերակտիվությունը, ծխախոտի օգտագործումը և, իհարկե, սննդային սխալ վարքագիծը։ 
Ամենալուրջ խնդիրներից մեկը աղի չարաշահումն է։ Վիճակագրությունը փաստում է, որ մենք օգտագործում ենք նորմայից կրկնակի շատ աղ, ընդ որում՝ դրա 60-70%-ը մարդիկ ստանում են հացի և պանրի միջոցով։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի զարկերակային գերճնշում և սիրտ-անոթային հիվանդություններ։ Մյուս կողմից՝ ունենք մրգի և բանջարեղենի խիստ պակաս օգտագործում, ինչը նույնպես խախտում է օրգանիզմի հաշվեկշիռը:

-Ի՞նչ է նշանակում սննդակարգի «գիտահեն հիմք» և ինչո՞ւ է վտանգավոր առաջնորդվել սոցցանցերում տարածված «ֆիթնես-մարզիչների» խորհուրդներով։

-Ցավոք, հայկական իրականության մեջ շատերը, ովքեր զբաղվում են քաշի իջեցմամբ, չեն առաջնորդվում ապացուցողական բժշկությամբ։ Նրանք կիրառում են այսպես կոչված «դետոքս» կամ հիպոկալորիական (խիստ ցածր կալորիականությամբ) դիետաներ, որոնք մարդուն պահում են սոված վիճակում։ Սա կարող է տալ կարճատև արդյունք, բայց ճարպակալումը քրոնիկ, բազմապատճառային հիվանդություն է, որտեղ հիմնական խնդիրը ոչ թե քաշ իջեցնելն է, այլ արդյունքը պահպանելը։ Նման «ինքնագործ» մեթոդները բերում են նյութափոխանակության դանդաղեցման, սպիտակուցի, երկաթի և վիտամին B12-ի դեֆիցիտի։
Ավելին, անհայտ ծագման «նիհարեցնող» թեյերն ու հաբերը կարող են առաջացնել սիրտ-անոթային ռիսկեր և հոգեկան տրամադրության անկառավարելի անկումներ։ Ճարպակալմամբ պետք է զբաղվի բժիշկը, ով կընտրի բուժման ճիշտ տարբերակը՝ դիետոթերապիա, դեղորայքային կամ նույնիսկ վիրաբուժական միջամտություն։ 

-Որքանո՞վ է գիտականորեն հիմնավորված սննդի միջոցով իմունիտետի բարձրացումը, և որո՞նք են հիմնական միկրոէլեմենտների դեֆիցիտները մեզանում։

-Մեր ազգաբնակչության մեծ մասն իր էներգիայի 70%-ը ստանում է սպիտակ հացից, մակարոնից և կարտոֆիլից, ինչն արդեն իսկ ենթադրում է միկրոնուտրիենտների պակաս։ Իմունիտետի կարգավորման համար սնունդը նախևառաջ պետք է հարուստ լինի որակյալ սպիտակուցներով։ Կարևոր են նաև վիտամին C-ն, սելենը և այլ հակաօքսիդանտներ։ Սակայն չպետք է մոռանալ աղիքային միկրոֆլորայի մասին. մեր իմունային համակարգի աշխատանքը ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչով ենք մենք «կերակրում» մեր օրգանիզմի բարենպաստ բակտերիաներին։ 

սննդաբան

-Ինչպե՞ս է սննդի արդյունաբերական մշակումն ազդում հանրային առողջության վրա երկարաժամկետ կտրվածքով։

-Սա լուրջ մարտահրավեր է։ Մենք տարբերում ենք բնական սնունդը (միրգ, բանջարեղեն, հատիկեղեն), վերամշակվածը (օրինակ՝ մածունը) և ուլտրավերամշակվածը (չիպսեր, կրեկերներ, գազավորված ըմպելիքներ)։ Վերջիններիս մեջ բնական սննդից գրեթե հետք չի մնում. դրանք հագեցած են կոնսերվանտներով, էմուլգատորներով և տրանս-ճարպերով։ Դրանք ոչ միայն ավելացնում են դիաբետի ու ճարպակալման ռիսկը, այլև միջազգային գիտական հարթակներում արդեն քննարկվում է դրանց կապը բորբոքային պրոցեսների և նույնիսկ աուտիզմի դեպքերի աճի հետ։ 

-Արդյոք ժամանակը չէ, որ կրթական համակարգում ներդրվի «սննդային կրթություն» առարկան։ 

-Միանշանակ ժամանակն է, և ավելին՝ այդ ուղղությամբ քայլեր արվում են։ 2020-21թթ. նոր չափորոշիչների ներդրմամբ «Առողջ ապրելակերպ» ծրագրի շրջանակներում ներառվել են սննդային կրթության ժամեր։ Սակայն դրանք դեռևս շատ քիչ են՝ տարեկան մոտ 2 ժամ, ինչը բավարար չէ երեխաների մոտ կայուն սովորույթներ ձևավորելու համար։ Սննդային գրագիտությունը պետք է լինի առողջության պահպանման հիմքը հենց դպրոցական տարիքից։

-Տիկի՛ն Պետրոսյան, որո՞նք են այն «կարմիր դրոշակները», երբ մարդը պետք է դիմի սննդաբանի, նույնիսկ եթե իրեն թվացյալ լավ է զգում։

-Տեղեկատվական այս քաոսի մեջ ճիշտ կլինի գոնե մեկ անգամ դիմել մասնագետի՝ հասկանալու համար, թե կոնկրետ Ձեր օրգանիզմին, տարիքին և ապրելակերպին համապատասխան որն է առողջ սնունդը։ Հատկապես կարևոր է մասնագիտական խորհրդատվությունը նրանց համար, ովքեր պատրաստվում են հղիության կամ ցանկանում են զբաղվել ակտիվ սպորտով։ Սննդաբանի դերը ոչ միայն բուժելն է, այլև կանխարգելելը, որպեսզի «թվացյալ լավ» զգացողությունը դառնա երկարատև առողջության հիմք:

Բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ մեր զրույցը ևս մեկ անգամ փաստեց, որ սննդաբանությունը ոչ թե ժամանակավոր դիետաների, այլ գիտականորեն հիմնավորված կենսակերպի մասին է։ Հանրային առողջության պահպանումը սկսվում է հենց մեր ամենօրյա ընտրությունից՝ ափսեի պարունակությունից մինչև մասնագիտական գրագետ խորհրդատվություն։
 

Աստղիկ Պողոսյան