Զույգերս ծնվել են անհաս՝ 26 շաբաթականում, Հանրապետական հիվանդանոցում։ Ծննդաբերությունը սարսափելի սթրեսային էր ինձ համար։ Ծննդաբերության ընթացքում ասել են, որ ապրելու շանս չունեն երեխաները։
Իսկ ծննդաբերությունից հետո էլ անհրաժեշտ պրոցեդուրան չեն կատարվել, բժիշկը եկել է, սկսել գոռալ իմ վրա։
Մարիամը Սայադյանի խոսքով, երբ երեխաներից մեկի ջերմությունը իջել է մինչև 34 աստիճան, այս անգամ արդեն մարզում, երեխայի մեզի անալիզի փոխարեն առաջարկել են հանձնել իր մեզը՝ չգիտակցելով, թե ինչ հետևանքների կարող է բերել առաջարկը։ Հետո նույն բժիշկը, երբ շտապ օգնություն են կանչել, առաջարկել է «գլիցերին անել» և պառկեցնել քնելու, երբ հրաժարվել են անել, երեխային անվանել է «ռախիտ»։ Բժշկի հետ կոնֆլիկտ է առաջացել, ինչի արդյունքում բժիշկը դուրս է եկել աշխատանքից։
Հարցին, ինչու չեն դիմել այդ հարցով զբաղվող համապատասխան մարմիններին, մեր զրուցակիցը պատասխանեց․
-Ոչ մի բան չենք արել, որովհետև ինքն էնպիսի մարդ ա, որ հնարավոր չի իր դեմ մենք կարողանայինք ինչ-որ բան անել։
Ծննդկանների մի մասի հարազատները համոզված են, որ իրենց հարազատները մահացել են բժշկական սխալի կամ բժիշկների կողմից մասնագիտական էթիկայի խախտումների պատճառով։
Ըստ վիճակագրական կոմիտեի և Առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում վերջին տարիներին տարեկան մայրական մահացության դեպքերի թիվը տատանվում է։ Այս թիվը տատանվում է կախված տարիներից և տարածաշրջանային առանձնահատկություններից, սակայն ընդհանուր առմամբ վկայում է այդ ցուցանիշի կայուն նվազման մասին՝ շնորհիվ առողջապահական համակարգի բարելավման և մատչելիության աճի։
Վերջին 10 տարիների ընթացքում (2013-2023) Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է մայրական մահացության 92 դեպք։
Չնայած ներկայացված տվյալներին 2025 թվականին գրանցվել է մայրական մահացության 1 պեպք։
ՀՀ Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն առավել հաճախ ծննդկանների մահվան պատճառ են հանդիսանում մանկաբարձական արյունահոսությունները և հղիության, ծննդաբերության, հետծննդյան շրջանում առաջացած բարդությունները։
Նվարդ Ավետիսյանի դեպքում Էրեբունի ԲԿ-ում բժիշկների մասնագիտական պարտականությունները ճիշտ կատարելու արդյունքում է, որ փրկել են իր և նորածին որդու կյանքը։
-Ընկերքի ամբողջական շերտազատման դեպքում մաքսիմումը 30 րոպե է, որ կարելի է մի բան անել փրկելու համար 2 կյանք, և ես ու տղաս ծնվեցինք,- նշում է Նվարդը։
Նրա խոսքով շատ բան կախված է նաև ծննդկանից, նշում է՝ իրենից առաջ 3 հղի հրաժարվել են անցնել բժշկի նշանակած հետազոտությունը, և ավելացնում, եթե ինքն էլ հրաժարվեր, հնարավոր է իր պատմությունն ամենալավ ելքը չունենար։
Our World in Data պորտալի համաձայն, որը օգտագործում է ԱՀԿ, UNICEF-ի տվյալները վերլուծություններ կատարելու համար Հայաստանում և հարևան երկրներում մայրական մահացության (100,000 կենդանածնության հաշվով)
ցուցանիշները հետևյալն են։
Հայաստանում Մայրական մահացության ցուցանիշը մոտ 19 է, ինչը ցածր է գլոբալ միջինից՝ առողջապահական ծառայությունների հասանելիության շնորհիվ։ Ադրբեջանում ցուցանիշը կազմում է մոտ 41, Թուրքիայում՝ 17, Վրաստանում՝ մոտ 25, Իրանում՝ 24։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՄԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների 2023 թվականի տվյալների, աշխարհում յուրաքանչյուր երկու րոպեն մեկ մեկ կին մահանում է հղիության կամ ծննդաբերության հետևանքով: Սա համարժեք է օրական մոտ 810 մայրական մահացության դեպքի։ Մահերի մեծ մասը տեղի է ունենում կանխարգելելի կամ բուժելի բարդությունների հետևանքով, օրինակ՝ ծանր արյունահոսություն, վարակներ, բարձր արյան ճնշում կամ չապահովված վիժումների հետևանքներ։
Հայաստանում շատերը չգիտեն՝ ու՞մ դիմել, երբ վստահ են, որ իրենց առողջությանը վնաս է հասցվել մասնագիտական էթիկայի խախտումների բախվելիս։
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողովից հարցմանն ի պատասխան մեզ տեղեկացրին, որ հանձնաժողովը դիմումներ սկսել է ստանալ 2024 թվականից։ Հանձնաժողովը քննում է էթիկայի խախտման այն դեպքերը, որոնք օրենքով սահմանված կերպով քրեական կամ վարչական պատասխանատվություն չեն առաջացնում։
2024 թվականին հանձնաժողովի կողմից հարուցվել է 9 վարույթ, որից 7-և քաղաքացիների դիմումների հիման վրա, 2-ը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ։
Հարուցված 9 վարույթներից 2-ը կարճվել են դիմումում սխալներ լինելու և դրանք սահմանված ժամկետում չշտկելու հիմքով։ Սույն դեպքերով դիմումատուին հնարավորություն է տրվում նորից դիմում ներկայացնելու։ Դիմումներից 4-ի դեպքում հանձնաժողովը հաստատել է մասնագիտական էթիկայի խախտման դեպքերը և առաջարկել է տարբեր ԲԿ-ների 5 բուժաշխատողների ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Վարույթներից մեկի դեպքում քննվել է 2 բուժաշխատողների մասնագիտական էթիկայի խախտման դեպք։
Եվս 2 գործով 3 աշխատողի արարքներում էթիկայի կանոնների խախտումների փաստերը չեն հաստատվել։ Մեկ վարույթ ընթացքի մեջ է։
Բուժաշխատողները խիստ նկատողության կամ բժշկական օգնության և սպասարկում իրականացնողի լիցենզիան կասեցնելու կարգապահական պատասխանատվության տեսակները կիրառվում են, եթե բուժաշխատողը կատարում է թվով 2-րդ և 3-րդ խախտումները և դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լինելու որոշումներն ուժի մեջ են մտել։
Հանձնաժողովը պացիենտների հղի լինելու վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրեց՝ նման անձնական տվյալների հավաքագրում կատարելու իրավասություն չունենալու պատճառով։
Հայաստանում բժշկական վեճերի լուծմամբ զբաղվում է «Վահան Խեչյան» փաստաբանական ընկերությունը, ըստ որի՝ բժշկական իրավունքը ամենակարևոր ճյուղերից է: Բժշկական իրավունքը կարգավորում է բժշկական գործունեության հետ կապված իրավահարաբերությունները:
Ըստ փաստաբան Վահան Խեչյանի՝ բժշկական իրավահարաբերությունների ոլորտում հաճախ խնդիրներ են առաջանում բժշկական սխալների հետևանքով, որոնք իրենց հերթին վտանգ են ներկայացնում մարդու կյանքի և առողջության համար:
Փաստաբանական գրասենյակն առաջարկում է խորհրդատվություն բժշկական իրավունքի ոլորտում, քաղաքացիների շահերի պաշտպանություն բժշկի մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ իրագործման հետևանքով նրանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում, բժշկական փաստաթղթեր ստանալու նպատակով դեղագործական և այլ բժշկական հաստատություններին հարցումների ներկայացում, բժշկական փաստաթղթերի իրավական վերլուծություն, բժշկական հաստատության իրավական շահերի պաշտպանություն։
Այլ մանրամասներ իմանալու համար փորձեցինք կապվել գրասենյակի տեղեկատվական բաժնի հետ, սակայն պատասխան այդպես էլ չստացանք։