«Մարզային համալսարաններում, կարծում եմ, ավելի շատ կենտրոնանում են գիտելիքի և բովանդակության վրա։ Ես ինքս, լինելով մարզից, սովորել եմ և՛ Երևանում, և՛ մարզում, ու կրթական մակարդակի առումով կարծում եմ, որ մարզային համալսարանում կրթությունն ավելի հեշտ և հասկանալի է մատուցվում ուսանողին», - նշում է 3-րդ կուրսի ուսանող Հենրի Մեսրոպյանը։
Ըստ բուհերի ընդունելության տվյալների՝ մարզային համալսարաններում մի շարք ֆակուլտետներ տարիներ շարունակ չեն կարողանում ապահովել անհրաժեշտ ուսանողական հոսքը։ Որոշ ֆակուլտետներ, դիմորդներ չունենալու պատճառով, փակվում են, որոշները՝ միանում են իրար՝ համատեղելով երկու ֆակուլտետներում անցնող հնարավոր դասերը։
Հայաստանում գործում է 14 մարզային պետական համալսարան, որոնց բաշխվածությունը կարող ենք տեսնել քարտեզի վրա։ https://www.google.com/maps/d/u/0/edit?mid=15ua03-cyuwbDkcQfgP2cUcqdybniB1w&usp=sharing
Վերջին տարիներին Հայաստանի մարզային համալսարանները բախվում են լուրջ խնդրի՝ դիմորդների թվի կայուն նվազման։ Եթե նախկինում մարզային բուհերը ոչ միայն կրթական, այլև սոցիալ-տնտեսական կարևոր դեր ունեին համայնքների զարգացման մեջ, ապա այսօր շատ մասնագիտություններ բացվում են նվազագույն թվով ուսանողներով կամ ընդհանրապես չեն համալրվում։
Պաշտոնական վիճակագրությունը հաստատում է՝ մարզային բուհերում ընդունողների թիվը զգալիորեն ցածր է մայրաքաղաքի համեմատ։ 2023/24 ուստարում ուսանողների ընդհանուր թիվը, ըստ Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի տվյալների, կազմել է մոտ 59․586, որոնցից մոտ 51․998-ը Երևանում են ուսումնառում, իսկ մարզերում հաստատված ուսանողների թվերը շատ ավելի ցածր են․ օրինակ՝ Գեղարքունիքում՝ 591, Լոռիում՝ 1931, Շիրակում՝ 2790 ուսանողներ։ Այս տվյալները փաստում են կրթական ռեսուրսների մեծ աստիճանով կենտրոնացվածությանը հանգամանքը մայրաքաղաքում։
Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերից մեկից Երևան տեղափոխված 19-ամյա Ա․ Գրիգորյանի համար համալսարան ընդունվելը միայն կրթական ընտրություն չէր, այլ նաև ապագայի մասին գիտակցված որոշում։ Դպրոցն ավարտելուց հետո նա երկար չի կասկածել՝ դիմել է Երևանի համալսարաններից մեկը՝ վստահ լինելով, որ մայրաքաղաքում կրթության որակն ու հնարավորությունները անհամեմատ ավելի լայն են։
«Գյուղում բոլորը գիտեն՝ եթե ուզում ես լավ մասնագետ դառնալ, պետք է Երևան գնաս։ Այստեղ դասախոսներն ավելի պահանջկոտ են, նյութերը՝ արդիական, իսկ հնարավորությունները՝ շատ ավելի մեծ։ Միայն գրքերով չես սահմանափակվում, մասնակցում ես սեմինարների, հանդիպում ես տարբեր ոլորտների մարդկանց, սկսում ես պատկերացնել՝ ինչ կարող ես անել ավարտելուց հետո», - ասում է Արամը։
Նրա խոսքով՝ Երևան տեղափոխվելը հեշտ չի եղել․ ընտանիքից հեռու ապրելը և բարձր ծախսերը սկզբում լուրջ փորձություն են դարձել։ Սակայն, ինչպես ինքն է նշում, ստացած գիտելիքն ու ձևավորված կապերը արդարացնում են այդ դժվարությունները։ «Այստեղ համալսարանը քեզ ոչ միայն դաս է տալիս, այլ սովորեցնում է մտածել, մրցել, կողմնորոշվել իրական կյանքում։ Դա հենց այն էր, ինչ ես փնտրում էի», - ընդգծում է նա։
Արամի պատմությունը բնորոշ է հարյուրավոր գյուղական համայնքներից մայրաքաղաք եկող դիմորդներին, ովքեր Երևանի բուհերը դիտարկում են որպես ավելի կայուն կրթական և կարիերային հարթակ՝ նույնիսկ գիտակցելով մարզերի դատարկման վտանգը։
Դիմորդների մեծ մասը նախընտրում է մայրաքաղաքի բուհերը՝ դրանք համարելով ավելի մրցունակ, ճանաչելի և ապագա աշխատանքի տեսանկյունից արդյունավետ։ Օրինակ, 2023-24 ուստարում Գորիսի պետական համալսարանում ընդունելության 145 տեղերից ազատ են մնացել 100-ը, իսկ ընդունված 45 ուսանողները բաշխված են 8 ֆակուլտետներում, ինչը բավականին վատ ցուցանիշ է և՛ կրթական, և՛ տնտեսական տեսանկյունից։
Հեռակա ուսուցման համակարգում խնդիրն ավելի խորքային է․ 130 թափուր տեղերից լրացվել են ընդամենը 13-ը։ 2024-2025 ուստարում բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման դիմորդների քանակը եղել է 70, որից դրական գնահատականներով ընդունվել է 52 դիմորդ։
2014-2025 թվականների դիմորդների և ընդունված ուսանողները տվյալները տե՛ս գրաֆիկում։
https://public.flourish.studio/visualisation/26879081/
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ մարզային բուհերի նկատմամբ հետաքրքրության նվազումը միանգամայն կանխատեսելի էր։
«Այսօր մարզային բուհերի նկատմամբ հետաքրքրության նվազումը ամբողջապես կանխատեսելի էր․ դա միաժամանակ և՛ դեմոգրաֆիական, և՛ կառավարման, և՛ կրթության ոլորտում վարվող քաղաքականության հետևանք է։ Շատ պարզ ճշմարտություն ունենք՝ շրջանավարտների թիվը երկրում ամեն տարի նվազում է, և բնական է, որ մրցակցությունն ուժեղանում է, իսկ հետաքրքրությունը կենտրոնանում է հատկապես Երևանի բուհերի վրա», - նշում է նա։
Ա․ Մխիթարյանի խոսքով՝ վերջին տարիներին Երևանում տեղի ունեցած կրթական, տնտեսական, մշակութային հնարավորությունների գերկենտրոնացումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ երիտասարդը պարզապես չի տեսնում մարզում նույն մակարդակի կրթության և կարիերային հեռանկար։ «Եթե բուհը կտրված է աշխատաշուկայից, չունի ժամանակակից ենթակառուցվածքներ, չի առաջարկում արդիականացված ծրագրեր, բնական է, որ դիմորդը ընտրում է ավելի լավ այլընտրանք։
Ուսանողական փորձը
Փորձագետի կարծիքին հակադրվում են մարզերում և Երևանում սովորած ուսանողների կարծիքները։ Մանավանդ այն ուսանողները, ովքեր սովորել են և՛ մարզում, և՛ Երևանում, նշում են, որ մարզային բուհերում ուսանողների սակավությունը թույլ է տալիս ավելի կենտրոնանալու և զարգացնելու թվով քիչ ուսանողների մասնագիտական ունակությունները, ինչն էլ հետագայում աշխատաշուկայում դառնում է մրցակցային առավելություն։
«Ես մարզային բուհում երկու տարի սովորելուց հետո սկսել եմ աշխատել Երևանում՝ ուսման հետ զուգահեռ, քանի որ Երևանում գրեթե անհնար է առանց աշխատելու ապրել։ Երևան եմ տեղափոխվել ավելի որակյալ կրթության և կարիերային աճի հեռանկարներով։ Կարիերային աճի մասով սպասումներս արդարացվել են, կրթության մասով՝ ոչ այնքան», - նշում է 4-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Մարգարյանը, ով սովորել է նույն բուհի մարզային և երևանյան մասնաճյուղերում։
Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ մարզային բուհերի մեծ մասի կրթական ծրագրերը համահունչ չեն այն պահանջներին, որոնք ունի Հայաստանի ժամանակակից աշխատաշուկան։
«Մենք ապրում ենք շատ արագ փոփոխվող տնտեսական միջավայրում՝ տեխնոլոգիական, ինժեներական, կառավարման, ծառայությունների ոլորտներում պահանջվող հմտությունները փոխվում են տարեկան, իսկ բուհական ծրագրերի փոփոխությունը, ավելի ճիշտ՝ դրանց չփոփոխվելը, տեղի է ունենում տասնամյակի ընթացքում։ Բազմաթիվ ծրագրեր դեռ շարունակում են մնալ ավանդական, տեսական, առօրյա իրավիճակից կտրված», - նշում է փորձագետը։
Նրա խոսքով՝ աշխատաշուկայի հետ կապն անկանոն է, հաճախ՝ ձևական։ «Եթե բուհը չունի իրական գործընկերություն տեղական բիզնեսի, տնտեսության, ՏԻՄ-երի կամ համայնքային զարգացման նախաձեռնությունների հետ, ապա նրա առաջարկվող կրթական ծրագրերը գայթակղիչ չի կարող լինել նույնիսկ տվյալ համալսարանի անմիջական հարևանությամբ բնակվող երիտասարդի համար»։
Չնայած փորձագետի համոզմունքին, որ Երևանյան բուհերում վերանայվում են բոլոր կրթական ծրագրերը, դրանց դասավանդման մեթոդները և տրամադրվող գրականությունը, ուսանողները պնդում են, որ Երևանի մի շարք բուհերի որոշ ֆակուլտետներ դեռևս հավատարիմ են մնում ավանդական ուսուցման մեթոդներին և գրականությանը։
«Երևանում ուսանողների գերկենտրոնացումը, իմ համոզմամբ, այսօր հանդիսանում է ոչ միայն կրթական, այլև երկրի տարածքային զարգացման ամենամեծ խնդիրներից մեկը։ Երբ ուսանողների, ծրագրերի, լաբորատորիաների, դասախոսական ռեսուրսի և կարիերային հնարավորությունների ճնշող մեծամասնությունը կուտակվում է մեկ քաղաքում, ապա դա անխուսափելիորեն երկու հետևանք է ունենում․ մայրաքաղաքի գերծանրաբեռնվածություն և մարզերի դատարկում։ Չափազանց կենտրոնացված կրթական մոդելը, այո, ունի լուրջ ռիսկեր։ Այն խորացնում է անհավասարությունը, թուլացնում է համայնքների դիմադրողականությունը, նվազեցնում է մարզերի մրցունակությունը և նույնիսկ վտանգում է ազգային անվտանգությունը․ դատարկվող տարածքները միշտ էլ դառնում են ավելի խոցելի»։
Միջազգային փորձը
Մի շարք երկրներ մարզային ռեսուրսները դիտարկում են ոչ թե որպես երկրորդ պլան, այլ առաջին, և այդ կերպ իրագործում են մարզային համայնքները թե՛ կրթական, թե՛ տնտեսական տեսանկյուններից զարգացնելու գաղափարները։
Ֆինլանդիայում մարզային համալսարանները չեն դիտարկվում որպես «երկրորդական» հաստատություններ։ Պետությունը դրանք կապում է կոնկրետ տարածաշրջանի տնտեսական կարիքների հետ։ Օրինակ՝ Լապլանդիայի համալսարանը մասնագիտանում է հյուսիսային կառավարման, տուրիզմի և կլիմայական ուսումնասիրությունների ոլորտներում։ Ուսանողները վստահ են, որ կրթությունից հետո կունենան տեղական զբաղվածության հնարավորություն, ինչը բարձրացնում է դիմորդների վստահությունն ու հետաքրքրությունը։
Ֆինլանդիա՝ Ռովանիեմի համալսարանական քաղաքը
Ֆրանսիական կառավարությունը ներդրել է սոցիալական և ֆինանսական խրախուսման մեխանիզմներ մարզերում սովորելու համար՝ ավելի մատչելի ուսանողական հանրակացարաններ, տրանսպորտի սուբսիդավորում, կրթաթոշակներ մարզային բուհերի ուսանողների համար։ Արդյունքում երիտասարդների մի մասը գիտակցաբար ընտրում է մարզային համալսարանները՝ ֆինանսական բեռը նվազեցնելու նպատակով։
Ավինյոնի համալսարան (Université d’Avignon / Avignon University)
Ճապոնիայում, որտեղ մարզերը նույնպես բախվում են երիտասարդների արտահոսքի խնդրին, կառավարությունը իրականացնում է ուղղակի ֆինանսավորում մարզային բուհերին՝ պայմանով, որ դրանք մշակեն նորարարական կրթական ծրագրեր և ներգրավեն տեղացի ուսանողներին։
Ճապոնիա - Obihiro University of Agriculture and Veterinary Medicine
Այսպիսով մարզային բուհերի գոյության խնդիրը ավելի բազմաբևեռ է քան մենք պատկերացնում ենք ՝ դիտարկեելով այն միայն կրթական տեսնակյունից, և մարզային բուհերի գրավչության բարձրացումը պահանջում է ոչ թե կոսմետիկ, այլ համակարգային լուծումներ։ Անհրաժեշտ են հստակ պետական ռազմավարություն, ֆինանսական ու ծրագրային խթաններ, բուհերի և տեղական գործատուների իրական համագործակցություն, ինչպես նաև կառավարման մոդելի փոփոխություն։ Միայն քաղաքական հստակ կամքի և նպատակային ներդրումների դեպքում մարզային բուհերը կարող են դառնալ կենսունակ և մրցունակ, իսկ դիմորդների վստահությունը՝ վերականգնվել։